Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Փիլիպպեցիներ 4։6, 7. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք»

Փիլիպպեցիներ 4։6, 7. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք»

 «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն: Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիներ 4։6, 7, «Արարատ» թարգմանություն)։

Փիլիպպեցիներ 4։6, 7 համարների նշանակությունը

 Աստծուն պաշտող մարդիկ կարող են իրենց անհանգստությունների և մտահոգությունների մասին աղոթել և թեթևություն զգալ։ Աստված խոստանում է, որ նրանց կտա ներքին խաղաղություն, ինչն էլ կօգնի հաղթահարել անհանգստություններն ու կպաշտպանի նրանց սիրտն ու միտքը։ 6-րդ համարը ցույց է տալիս, թե աղոթքի որ ձևերը կարող են օգնել, որ այդպիսի խաղաղություն ունենանք։

 Աղաչանքը աղոթքի ձև է, որի ժամանակ անհատը Աստծուց ջերմեռանդորեն օգնություն է խնդրում։ Հիսուսի պես նա կարող է Աստծուն աղաչել, երբ սթրեսի կամ վտանգի մեջ է (Եբրայեցիներ 5։7)։ Այդպիսի աղոթքները հաճախ մեկ անգամով չեն սահմանափակվում։

 Խնդրանքները այն աղոթքներն են, որոնց ժամանակ Աստծուց որոշակի բաներ ենք խնդրում։ Աստծու ծառաները կարող են ամեն ինչի կամ ցանկացած իրավիճակի հետ կապված իրենց խնդրանքները հայտնել աղոթքի միջոցով։ Սակայն այսպիսի աղոթքները պետք է ներդաշնակ լինեն Աստծու կամքին, որն արձանագրված է Աստվածաշնչում (1 Հովհաննես 5։14

 Շնորհակալական աղոթքներ մատուցելով՝ մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ նա արել և անելու է մեզ համար։ Երբ խորհրդածում ենք, թե Աստծուն շնորհակալ լինելու ինչ պատճառներ ունենք, կարողանում ենք դրական տրամադրվածություն պահպանել (1 Թեսաղոնիկեցիներ 5։16–18

 Այդ աղոթքներին ի պատասխան՝ Աստված մեզ ներքին խաղաղություն է տալիս։ «Աստծու խաղաղությունը» արտահայտությունը մատնանշում է այն հանգիստ վիճակը, որը մարդն ունենում է Աստծու հետ ընկերություն անելու արդյունքում (Հռոմեացիներ 15։13; Փիլիպպեցիներ 4։9)։ Այս խաղաղությունը «գերազանցում է ամեն միտք», քանի որ այն Աստծուց է գալիս և կարող է օգնել մեզ՝ գերազանցելով մեր բոլոր ակնկալիքները։

 Աստվածաշնչի նույն համարում ասվում է, որ այդ խաղաղությունը կարող է պահպանել մեր սրտերը։ «Պահպանել» թարգմանված բնագրային բառը ռազմական տերմին է։ Այն օգտագործվել է զինվորական կայազորի առնչությամբ, որի պարտականությունն էր պաշտպանել բերդաքաղաքը։ Նույն ձևով էլ «Աստծու խաղաղությունն» է նպաստում, որ մեր սրտերն ու մտքերը հանգիստ լինեն։ Այս բանի գիտակցումը օգնում է, որ չափից շատ չանհանգստանանք և չհուսահատվենք։

 Աստծու տված խաղաղությունը պաշտպանում է մեզ «Քրիստոս Հիսուսի միջոցով», քանի որ Հիսուսի շնորհիվ է, որ մենք կարող ենք փոխհարաբերություններ զարգացնել Աստծու հետ։ Հիսուսը մեր մեղքերի ներման համար իր կյանքը որպես փրկանք տվեց։ Եթե հավատանք նրան, կվայելենք Աստծու օրհնությունները (Եբրայեցիներ 11։6)։ Հիսուսը նաև միջնորդ է մեր և Աստծու միջև։ Նա ասաց. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6; 16։23

Փիլիպպեցիներ 4։6, 7-ի համատեքստը

 «Փիլիպպեցիներ» նամակը գրել է Պողոս առաքյալը Փիլիպպե a քաղաքում ապրող քրիստոնյաներին։ Այս գրքի 4-րդ գլխում Պողոսը հորդորում է ժողովին ուրախ լինել և շնորհակալություն է հայտնում նրանց առատաձեռնության համար, ինչն իրեն ուրախություն էր պատճառել (Փիլիպպեցիներ 4։4, 10, 18)։ Նա ցույց է տալիս, թե ինչպես է աղոթքն օգնում, որ Աստծու խաղաղությունն ունենանք, նաև թե ինչի մասին մտածենք և ինչ անենք, որպեսզի «խաղաղության Աստվածը» մեզ հետ լինի (Փիլիպպեցիներ 4։8, 9

a Գտնվում է ներկայիս Հունաստանում։