ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Կաղամբաթիթեռի թևերի V-աձև դիրքը
Թիթեռները արևի ջերմության կարիքն ունեն, որպեսզի տաքացնեն թռիչքի համար անհրաժեշտ մկանները և կարողանան ճախրել։ Սակայն ամպամած օրերին կաղամբաթիթեռը, կամ՝ կաղամբի ճերմակաթիթեռը մյուս թիթեռներից ավելի շուտ է կարողանում թռչել։ Ո՞րն է նրա գաղտնիքը։
Նկատի առնենք հետևյալը։ Նախքան թռչելը թիթեռների բազմաթիվ տեսակներ տաքանում են արևի տակ փակ կամ հորիզոնական տարածած թևերով։ Սակայն կաղամբի ճերմակաթիթեռը իր թևերը բացում է V-աձև դիրքով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջերմությունը առավելագույնս կլանելու համար թիթեռը իր թևերից յուրաքանչյուրը պետք է բացի փակ դիրքի համեմատությամբ մոտ 17 աստիճան թեքությամբ։ Այդ դիրքի շնորհիվ արևային էներգիան անմիջականորեն ուղղվում է դեպի թռիչքի համար պատասխանատու մկանները, որոնք գտնվում են նրա կրծքավանդակում, և այդպես դրանք տաքանում են ու պատրաստ լինում թռիչքի։
Էքսետերի համալսարանի (Անգլիա) հետազոտողները փորձել են մեծացնել արևային վահանակների արդյունավետությունը՝ կրկնօրինակելով թիթեռի թևերի V-աձև դիրքը։ Փորձարկումները ցույց են տվել, որ այդ վահանակների արտադրած էներգիայի քանակը գրեթե 50 տոկոսով ավելացել է։
Հետազոտողները նաև նշել են, որ այս թիթեռի թևն օժտված է անդրադարձնող ունակությամբ։ Կրկնօրինակելով նրա թևերի V-աձև դիրքը և անդրադարձնող կառուցվածքը՝ նրանք կարողացել են ստեղծել ավելի թեթև և ավելի արդյունավետ արևային վահանակներ։ Տեսնելով այս արդյունքները՝ հետոզոտողների թիմի անդամ պրոֆեսոր Ռիչարդ Ֆրենչ-Կոնստանտը կաղամբի ճերմակաթիթեռին կոչել է «վարպետ արևային էներգիան կլանելու հարցում»։
Ի՞նչ եք կարծում։ Կաղամբաթիթեռի թևերի V-աձև դիրքը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։