ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Հեռավորարևելյան կռռանի ձայնարկումը
Հեռավորարևելյան կռռան կոչվող գորտերի արուները հայտնի են կրկնվող և առաջին հայացքից անկանոն ձայնարկումներով։ Սակայն նույնիսկ արու գորտերի աղմկոտ խմբում կարելի է տարբերել յուրաքանչյուրի ձայնը։ Ճապոնիայում այս գորտերին ուսումնասիրող գիտնականները բացահայտել են, որ միևնույն տեղանքում գտնվող արուները կազմակերպված կերպով են ձայն տալիս էգերին։
Նկատի առնենք հետևյալը։ Հեռավորարևելյան կռռանների արուները էգերին գրավելու համար ձայներ են արձակում։ Ձայնը առաջանում է այս երկկենցաղի ձայնալարերում, ապա ուժգնանում՝ արձագանքելով ձայնային պարկում, որը կոկորդի վրա գտնվող փքուն հատված է։
Ինչպե՞ս կարող է մի արուի ձայնը տարբերակվել մյուսների ձայներից։ Գիտնականները պարզել են, որ իրար կողք գտնվող հեռավորարևելյան կռռանները ոչ թե անկանոն են ձայնարկում, այլ կազմակերպված ձևով՝ կոնկրետ հերթականությամբ։ Այս արդյունավետ մեթոդի շնորհիվ ձայների խառնաշփոթ չի առաջանում, փոխարենը ձևավորվում է հստակ տարբերակվող ձայների «երգչախումբ»՝ խնայելով գորտերի էներգիան։ Բացի այդ, կոորդինացնելով ձայնարկությունները, գորտերը կարողանում են իրենց «կատարումների» միջև դադարներ տալ։
Ոգեշնչվելով հեռավորարևելյան կռռանների ձայնարկումների կազմակերպվածությունից՝ անլար հաղորդակցության ոլորտի հետազոտողները բարդ մաթեմատիկական բանաձևեր են կիրառում, որպեսզի բարելավեն տարբեր տվյալների փոխանցման հերթականությունը և այդպիսով խուսափեն դրանց միախառնումից։ Այս մեթոդը բարձրացնում է տվյալների փոխանցման հուսալիությունը և նվազեցնում էներգիայի ծախսը։
Ի՞նչ եք կարծում։ Հեռավորարևելյան կռռանների՝ կազմակերպված ձևով ձայնարկելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։