Անցնել բովանդակությանը

Heather Broccard-Bell/iStock via Getty Images

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Հյուսիսամերիկյան բզեզի զրահը

Հյուսիսամերիկյան բզեզի զրահը

 Հյուսիսային Ամերիկայի արևմտյան շրջաններում բնակվում է բզեզի մի տեսակ (Phloeodes diabolicus), որը համաձայն գիտնականների՝ կարող է դիմադրել իր քաշից շուրջ 39 000 անգամ մեծ ծանրության։ Այն անգամ կարող է ողջ մնալ, երբ վրայով մեքենա է անցնում։ Ինչպե՞ս է այս բզեզը ողջ մնում նման ուժգին ճնշման ներքո։

 Հյուսիսամերիկյան այս բզեզի զրահի վերին և ստորին մասերը ամեն կողմից միանում են կատարային հատվածներում։ Կատարներից մեկը ճնշման ներքո դիմակայում է դեֆորմացիային՝ պաշտպանելով կենսական օրգանները։ Մյուս տեսակի կատարը պակաս կարծր է և ավելի հեշտ է դեֆորմացվում։ Իսկ երրորդը հնարավոր է դարձնում բզեզի զրահի մակերեսի շարժը։ Այս կատարի ճկունության շնորհիվ միջատը կարողանում է կուչ գալ ծառի կեղևի տակ կամ թաքնվել քարերի նեղ ճեղքերի մեջ։

 Բացի դրանից՝ բզեզի զրահի կենտրոնով անցնող կարանը ունի մի քանի ելուստներ, որոնք փազլի կտորների պես միակցվում են իրար՝ բաշխելով ճնշման ուժը։ Ելուստները կազմված են շերտերից, որոնք իրար են սոսնձված սպիտակուցներով։ Ճնշման ժամանակ սպիտակուցները ինքնավերականգնվող փոքր ճեղքեր են առաջացնում, որոնք թույլ են տալիս, որ ելուստը չմասնատվի և դիմադրի ճնշմանը։

Ելուստները փազլի կտորների պես միակցվում են իրար

Կարմիր սլաքներով նշված են բզեզի զրահի վերին և ստորին մասերը իրար միացնող հենակետային կատարները։ Մոխրագույն սլաքով նշված են կարանի կենտրոնում գտնվող միակցված ելուստները

 Գիտնականները կարծում են, որ այս բզեզի զրահից ոգեշնչված՝ գուցե հնարավոր լինի ստեղծել ավելի ապահով ու դիմակայուն փոխադրամիջոցներ, կամուրջներ, շենքեր և այլ կառույցներ։

 Ի՞նչ եք կարծում։ Հյուսիսամերիկյան այս բզեզի զրահը էվոլուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։