Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ինչպե՞ս սեր արտահայտել ամուսնության մեջ

Ինչպե՞ս սեր արտահայտել ամուսնության մեջ

 Որոշ ամուսնական զույգեր տարիների ընթացքում գնալով ավելի ու ավելի քիչ են սեր արտահայտում միմյանց նկատմամբ։ Եթե ձեր ամուսնական կյանքում էլ է այդպես, պե՞տք է արդյոք դա ձեզ մտահոգի։

 Ինչ պետք է իմանաք

 Սերը կենսական դեր ունի ամուր ամուսնության մեջ։ Ինչպես որ մարդը չի կարող ամուր և առողջ օրգանիզմ ունենալ, եթե կանոնավորաբար չսնվի և ջուր չխմի, այնպես էլ ամուսնությունը չի կարող ամուր լինել, եթե կողակիցները շարունակաբար սեր չարտահայտեն իրար հանդեպ։ Նույնիսկ տասնյակ տարիների ամուսնական կյանքից հետո ամուսինները պետք է կանոնավորաբար հավաստիացնեն իրար, որ քնքշորեն սիրում և հոգ են տանում միմյանց մասին։

 Իսկական սերը անեսասեր է։ Սիրող անհատը հետաքրքրված է դիմացինի երջանկությամբ։ Հոգատար ամուսինները և կանայք չեն արտահայտում իրենց սերը միայն զգացմունքների ազդեցության տակ։ Նրանք գիտեն, թե իրենց կողակիցը ինչ էմոցիոնալ կարիքներ ունի, և ամեն ինչ անում են, որպեսզի սեր արտահայտելով՝ բավարարեն դրանք։

 Հիմնականում կանայք ավելի շատ կարիք ունեն, որ իրենց հանդեպ սեր արտահայտեն, քան ամուսինները։ Ամուսինը կարող է խոր սեր տածել կնոջ հանդեպ, բայց եթե նա այն արտահայտի միայն օրվա սկզբում կամ վերջում կամ էլ միայն սեռական հարաբերությունից առաջ, կինը գուցե վստահ չլինի, որ նա իսկապես սիրում է իրեն։ Ավելի լավ է հաճախակի սեր արտահայտել օրվա ընթացքում։

 Ինչ կարող եք անել

 Սեր արտահայտեք խոսքերով։ Ձեր կողակիցը սիրված կզգա իրեն, եթե ասեք այնպիսի պարզ խոսքեր, ինչպիսիք են՝ «ես քեզ սիրում եմ» կամ «դու շատ թանկ ես ինձ համար»։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթեոս 12։34

 Առաջարկ: Բացի խոսքով սեր արտահայտելուց՝ կարող եք դա անել նաև գրավոր կերպով, օրինակ՝ երկտող գրել, էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով հաղորդագրություն ուղարկել։

 Սեր արտահայտեք գործերով։ Գրկախառնությունը, համբույրը կամ պարզապես ձեռքը բռնելը կարող է ցույց տալ, որ «ես քեզ սիրում եմ» խոսքերը սրտից են բխում։ Անկեղծ հոգատարությունը կարող է նաև երևալ քնքուշ հպումից, սեր արտահայտող հայացքից կամ անակնկալ նվերներ տալուց։ Բացի այդ, ձեր կնոջը կարող եք օգնել, օրինակ՝ տոպրակները տանելով, նրա առաջ դուռը բացելով, ափսեները լվանալով, լվացք անելով կամ էլ կերակուր պատրաստելով։ Շատ կանանց համար այս բաները գործնական օգնությունից ավելին են. դրանք սիրո արտահայտում են։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Եկեք սիրենք ոչ թե [միայն] խոսքով ու լեզվով, այլ գործով» (1 Հովհաննես 3։18

 Առաջարկ: Նույնքան ուշադիր եղիր կողակցիդ հանդեպ, որքան այն ժամանակ, երբ մտերմություն էիք անում։

 Ժամանակ տրամադրեք միմյանց։ Իրար հետ առանձնանալը կամրացնի ձեր ամուսնությունը և կվստահեցնի ձեր կողակցին, որ նրա ընկերակցությունը հաճելի է ձեզ համար։ Ինչ խոսք, թերևս դժվար լինի ժամանակ տրամադրել առանձնանալու համար, եթե երեխաներ ունեք, կամ եթե առօրյա շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկեք։ Գուցե պարզ մի բան ծրագրեք, օրինակ՝ հաճախ զբոսնեք՝ միայն դուք և ձեր կողակիցը։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

 Առաջարկ: Ծանրաբեռնված գրաֆիկ ունեցող որոշ զույգեր կանոնավորաբար «ժամադրվում են» երեկոները կամ հանգստյան օրերին, որ միասին ժամանակ անցկացնեն։

 Ճանաչեք ձեր կողակցին։ Յուրաքանչյուր մարդու էմոցիոնալ կարիքները տարբեր են։ Ուստի ասեք իրար, թե ամեն մեկդ ինչպես է ցանկանում, որ իր հանդեպ սեր արտահայտվի, և թե արդյոք ավելի շատ սիրո կարիք ունեք։ Ապա ջանք թափեք, որ բավարարեք ձեր կողակցի կարիքները։ Հիշեք, որ սերը անչափ կարևոր է ամուր ամուսնություն ունենալու համար։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Սերը.... իր շահը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13։4, 5

 Առաջարկ: Սեր պահանջելու փոխարեն՝ հարցրեք ինքներդ ձեզ. «Ես ի՞նչ կարող եմ անել, որ կողակիցս ցանկանա սեր արտահայտել իմ նկատմամբ»։