Ի՞նչ է Աստվածաշունչն ասում առանց ամուսնանալու միասին ապրելու մասին
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչն ասում է, որ Աստծու կամքն է, որ մարդիկ «հեռու մնան պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։ Աստվածաշնչում «պոռնկություն» բառը վերաբերում է շնությանը, համասեռամոլությանը ու չամուսնացած տղամարդու և կնոջ միջև սեռական հարաբերություններին։
Ինչո՞ւ է Աստծու համար կարևոր՝ զույգը ամուսնացած է, թե ոչ
Աստված է հիմնել ամուսնական կառույցը։ Նա հաստատեց այդ կառույցը, երբ միավորեց առաջին մարդկային զույգին (Ծննդոց 2։22–24)։ Նրա նպատակը չէր, որ տղամարդն ու կինը միասին ապրեին առանց ամուսնանալու։
Աստված գիտի, թե մարդկանց համար ինչն է ամենալավը։ Նրա նպատակն էր, որ ամուսնությունը հարատև միություն լիներ տղամարդու և կնոջ միջև, որը օգուտ կտար և կպաշտպաներ ընտանիքի բոլոր անդամներին։ Նկատի առնենք մի պարզ օրինակ։ Ինչպես որ արտադրողի տված ցուցումները օգնում են ճիշտ հավաքել կահույքը, այնպես էլ Աստծու տված ցուցումների շնորհիվ մենք կարող ենք ընտանեկան ամուր փոխհարաբերություններ կերտել։ Աստծու չափանիշները միշտ օգուտ են բերում նրանց, ովքեր պահում են դրանք (Եսայիա 48։17, 18)։
Արտամուսնական սեռական հարաբերությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ դա կարող է անցանկալի հղիության, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և զգացական ծանր ապրումների պատճառ դառնալ։
Աստված տղամարդուն և կնոջը սեքսի միջոցով սերունդ առաջ բերելու հնարավորություն է տվել։ Աստված սուրբ է համարում կյանքը, այդ իսկ պատճառով երեխաներ ունենալու կարողությունը թանկ պարգև է։ Աստված ցանկանում է, որ մենք հարգանքով վերաբերվենք այդ պարգևին՝ պատվելով ամուսնական կառույցը, որը նա է հիմնել (Եբրայեցիներ 13։4)։
Արժե՞ համատեղ ապրել նախքան ամուսնանալը՝ իմանալու համար համապատասխան եք, թե ոչ
Հաջող ամուսնության բանալին «փորձաշրջանը» չէ, որի ընթացքում զուգընկերներից յուրաքանչյուրը կարող է ազատ հեռանալ։ Ընդհակառակը՝ զույգերի փոխհարաբերությունները ամուր կլինեն, եթե նրանք նվիրված լինեն իրար և խնդիրները լուծելու համար համագործակցեն։ a Ամուսնությունը նպաստում է, որ զույգն իրեն առավել պարտավորված զգա նվիրված լինելու հարցում (Մատթեոս 19:6)։
Զույգը ինչպե՞ս կարող է ամուր ընտանիք կազմել
Չկա կատարյալ ամուսնություն։ Սակայն տղամարդն ու կինը երջանիկ ամուսնություն կունենան, եթե կիրառեն աստվածաշնչյան խորհուրդները։ Ահա մի քանի օրինակ։
Ձեր կողակցի շահերը ձեր շահերից վեր դասեք (1 Կորնթացիներ 7։3–5; Փիլիպպեցիներ 2։3, 4)։
Իրար նկատմամբ սեր և հարգանք զարգացրեք (Եփեսացիներ 5։25, 33)։
Սովորեք զգույշ լինել ձեր խոսքերի մեջ (Առակներ 12։18)։
Համբերատար եղեք և արագ ներեք (Կողոսացիներ 3։13, 14)։
a Տես «Ընտանեկան երջանկություն. հավատարմություն» հոդվածը։