Աստված կների՞ ինձ
Աստվածաշնչի պատասխանը
Այո՛, Աստված կների քո մեղքերը, եթե դու համապատասխան քայլեր անես։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված պատրաստ է ներելու, և նա ներում է մեծահոգաբար (Նեեմիա 9:17; Սաղմոս 86:5; Եսայիա 55:7)։ Երբ նա ներում է, ներում է լիովին։ Մեր մեղքերը «ջնջվում են»՝ մաքրվում են (Գործեր 3:19)։ Բացի այդ, Աստված ներում է վերջնականապես, քանի որ նա ասում է. «Նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմիա 31:34)։ Աստված մեր մեղքերը չի պահում իր մտքում, որ նորից մեղադրի մեզ ու պատժի։
Սակայն զգացմունքայնությունը կամ թուլությունը չէ, որ մղում է Աստծուն ներելու։ Նա երբեք չի փոխում իր արդար չափանիշները։ Այդ պատճառով որոշ մեղքեր նա չի ներում (Հեսու 24:19, 20)։
Ինչպես արժանանալ Աստծու ներողամտությանը
Ընդունիր, որ մեղք գործելով՝ դու ոտնահարել ես Աստծու չափանիշները։ Թեև հնարավոր է ուրիշները վիրավորվել են քո արարքից, սակայն նախևառաջ դու պետք է գիտակցես, որ մեղք ես գործել Աստծու դեմ (Սաղմոս 51:1, 4; Գործեր 24:16)։
Աղոթիր Աստծուն՝ խոստովանելով քո մեղքը (Սաղմոս 32:5; 1 Հովհաննես 1:9)։
Խոր ցավ զգա, որ նման բան ես արել։ «Աստվածահաճո տրտմությունը» մղում է զղջալու, կամ՝ փոխում է սիրտը (2 Կորնթացիներ 7:10)։ Հարկավոր է նաև ափսոսանք զգալ սխալ քայլերի համար, որոնք առաջնորդել են մեղք գործելուն (Մատթեոս 5:27, 28)։
Փոխիր քո ընթացքը, այսինքն՝ «դարձի եկ» (Գործեր 3:19)։ Դա կարող է նշանակել չկրկնել նույն սխալ արարքը կամ գուցե ամբողջովին փոխել մտածելակերպը և գործելակերպը (Եփեսացիներ 4:23, 24)։
Քայլեր ձեռնարկիր, որպեսզի ուղղես սխալդ կամ հատուցես վնասը (Մատթեոս 5:23, 24; 2 Կորնթացիներ 7:11)։ Ներողություն խնդրիր վիրավորված անհատից այն բանի համար, որ դու արել ես և նույնիսկ այն բանի համար, որ չես արել։ Հնարավորինս վերականգնիր փոխհարաբերությունները (Ղուկաս 19:7–10)։
Խնդրիր Աստծուն Հիսուսի քավիչ զոհի հիման վրա ներել քեզ (Եփեսացիներ 1:7)։ Եթե ուզում ես, որ Աստված պատասխանի աղոթքներիդ, դու էլ պետք է ներես նրանց, ովքեր մեղք են գործել քո դեմ (Մատթեոս 6:14, 15)։
Եթե լուրջ մեղք ես գործել, ապա խոսիր այնպիսի անհատի հետ, ով կարող է համապատասխան հոգևոր օգնությունը ցույց տալ քեզ և աղոթել քո բարօրության համար (Հակոբոս 5:14–16)։
Սխալ պատկերացումներ
«Ես այնքան շատ մեղքեր եմ գործել, որ Աստված չի ների ինձ»
Քանի դեռ հետևում ենք այն քայլերին, որ Աստված սահմանել է Աստվածաշնչում, մենք ներում կստանանք, քանի որ Աստծու ներելու կարողությունն ավելի մեծ է, քան մեր մեղքերը։ Նա կարող է ներել լուրջ մեղքերը, ինչպես նաև այն մեղքերը, որ շատ անգամներ ենք արել (Եսայիա 1:18)։
Օրինակ՝ Իսրայելի Դավիթ թագավորը անբարոյություն գործեց և մարդ սպանեց, սակայն ներում ստացավ (2 Սամուել 12:7–13)։ Պողոս առաքյալը, որ իրեն աշխարհի ամենամեղավոր մարդն էր համարում, նույնպես ներում ստացավ (1 Տիմոթեոս 1:15, 16)։ Անգամ առաջին դարի հրեաները, որոնց Աստված պատասխանատվության էր կանչել Հիսուսին՝ Մեսիային, սպանելու համար, ներում կստանային, եթե փոխեին իրենց ընթացքը (Գործեր 3:15, 19)։
«Եթե խոստովանեմ մեղքերս քահանային կամ որևէ կրոնական ծառայողի, ապա մեղքերի թողություն կստանամ»
Ոչ մի մարդ իրավասու չէ ներելու որևէ մեկին Աստծու դեմ գործած մեղքերի համար։ Թեև մեղքերը խոստովանելը կթեթևացնի մեղավորի վիճակը, սակայն միայն Աստված կարող է ներել նրա մեղքերը (Եփեսացիներ 4:32; 1 Հովհաննես 1:7, 9)։
Եթե այդպես է, այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ իր առաքյալներին ասաց. «Ում մեղքերը ներեք, կներվեն, իսկ ում մեղքերը չներեք, չեն ներվի» (Հովհաննես 20:23)։ Նա խոսում էր այն մասին, որ առաքյալները առանձնահատուկ իշխանություն էին ունենալու, երբ սուրբ ոգի ստանային (Հովհաննես 20:22)։
Ինչպեսև խոստացվել էր, առաքյալները ստացան այս պարգևը, երբ սուրբ ոգին մ.թ. 33թ.-ին թափվեց նրանց վրա (Գործեր 2:1–4)։ Պետրոս առաքյալը օգտագործեց այս իշխանությունը, երբ դատեց Անանիային և Սաֆիրային։ Նա հրաշքով իմացավ նրանց նենգ ծրագրի մասին, և նրա դատավճիռը ցույց է տալիս, որ վերջիններս աններելի մեղք գործեցին (Գործեր 5:1–11)։
Սուրբ ոգու այս հրաշալի պարգևը, ինչպես նաև մյուս պարգևները, օրինակ՝ հրաշքով բուժումներ անելը, տարբեր լեզուներով խոսելը, դադարեցին առաքյալների մահից հետո (1 Կորնթացիներ 13:8–10)։ Հետևաբար ոչ մի մարդ այսօր չի կարող որևէ մեկին ազատել մեղքից կամ ներել նրա մեղքերը։