Գիտությունն ու Աստվածաշունչը ներդաշնա՞կ են
Աստվածաշնչի պատասխանը
Այո։ Թեև Աստվածաշունչը գիտական ձեռնարկ չէ, սակայն գիտական ոլորտին առնչվող հարցերում այն ճշգրիտ է։ Աստվածաշնչում նշված են գիտական փաստեր, որոնք տարբերվել են այն գրի առնվելու ժամանակներում ապրած մարդկանց պատկերացումներից։ Նկատի առնենք որոշ օրինակներ։
Աստվածաշունչն ասում է, որ տիեզերքը ունի սկիզբ (Ծննդոց 1։1)։ Իսկ հնագույն առասպելներից շատերի համաձայն՝ տիեզերքը ոչ թե ստեղծվել է, այլ առաջ է եկել քաոսից։ Բաբելոնացիները հավատացել են, թե աստվածները, որ ծնել են տիեզերքը, դուրս են եկել երկու օվկիանոսներից։ Այլ առասպելներում էլ ասվում է, թե տիեզերքը հսկա ձվի միջից է դուրս եկել։
Տիեզերքը ղեկավարվում է բնության օրենքներով, ոչ թե աստվածների քմահաճույքով (Հոբ 38:33; Երեմիա 33:25)։ Աշխարհի տարբեր ժողովուրդների առասպելները ասում են, թե մարդիկ անզոր են աստվածների անկանխատեսելի ու երբեմն էլ անգութ արարքների դեմ։
Երկրագունդը ոչ մի հենարան չունի (Հոբ 26:7)։ Հնում շատերը հավատում էին, որ երկիրը տափակ է և այն պահում է հսկա մեկը կամ գտնվում է մի կենդանու, օրինակ՝ գոմեշի կամ կրիայի վրա։
Գետերով ու առուներով հոսում է այն ջուրը, որը գոլորշիանում է օվկիանոսներից կամ այլ ջրային զանգվածներից և անձրևի, ձյան և կարկուտի տեսքով թափվում է երկրի վրա (Հոբ 36:27, 28; Ժողովող 1:7; Եսայիա 55:10; Ամոս 9:6)։ Հին հույները կարծում էին, որ գետերը սկիզբ են առնում ստորգետնյա օվկիանոսից։ Այս համոզմունքը պահպանվեց մինչև մ.թ. 18-րդ դարը։
Լեռները ժամանակի ընթացքում բարձրանում են և իջնում։ Այսօրվա լեռները ժամանակին օվկիանոսի տակ են եղել (Սաղմոս 104:6, 8)։ Հակառակ դրան՝ որոշ լեգենդներ ասում են, որ աստվածները ստեղծել են լեռներն այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր։
Հիգիենայի կանոններին հետևելը պաշտպանում է մեր առողջությունը։ Հնում Իսրայել ազգին տրված օրենքում կային կանոններ, որոնց համաձայն՝ մեռած մարմնին դիպչողը պետք է լվացվեր, վարակիչ հիվանդություն ունեցողը պետք է առանձնացվեր համայնքից և մարդիկ իրենց արտաթորանքը պետք է հողով ծածկեին (Ղևտական 11:28; 13:1–5; 2 Օրենք 23:13)։ Մինչդեռ Եգիպտոսում այդ նույն ժամանակներում որպես բուժում բաց վերքի վրա դնում էին մի խառնուրդ, որի բաղադրության մեջ մտնում էր մարդու արտաթորանք։
Գիտական տեսանկյունից անճշտություններ կա՞ն Աստվածաշնչում
Երբ տրամաբանորեն քննում ենք Աստվածաշունչը, հասկանում ենք, որ պատասխանը ոչ է։ Ահա որոշ հարցեր, որոնց հիման վրա ոմանք կարծում են, թե անճշտություններ կան։
Տեսակետ։ Աստվածաշունչն ասում է, որ տիեզերքը ստեղծվել է 24-ժամանոց 6 օրերի ընթացքում։
Փաստ։ Աստվածաշունչը չի նշում, թե կոնկրետ երբ է Աստված ստեղծել տիեզերքը (Ծննդոց 1:1)։ Ծննդոց 1-ին գլխում գրված արարչագործական օրերը երկար ժամանակաշրջան են, որոնց տևողությունը չի նշվում։ Աստվածաշունչը «օր» է կոչում նույնիսկ այն ժամանակահատվածը, որի ընթացքում ստեղծվել է երկիրն ու երկինքը (Ծննդոց 2:4)։
Տեսակետ։ Աստվածաշունչն ասում է, որ բուսականությունը ստեղծվել է նախքան արևի գոյություն ունենալը, ինչն անհրաժեշտ է ֆոտոսինթեզի համար (Ծննդոց 1:11, 16)։
Փաստ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ արևը, որը երկնքի աստղերից մեկն է, ստեղծված է եղել նախքան բուսականությունը (Ծննդոց 1:1)։ Արարչագործության առաջին «օրվա», կամ՝ ժամանակաշրջանի ընթացքում արևի ցրված լույսը լուսավորել է երկրի մակերեսը։ Երրորդ «օրը», երբ մթնոլորտը մաքրվել է, արևի լույսը բավականին պայծառ է եղել, որպեսզի ֆոտոսինթեզ լինի (Ծննդոց 1:3–5, 12, 13)։ Միայն որոշ ժամանակ անց է երկրի վրայից տեսանելի եղել արևը (Ծննդոց 1:16)։
Տեսակետ։ Աստվածաշունչն ասում է, որ արևը պտտվում է երկրի շուրջը։
Փաստ։ Ժողովող 1:5-ում ասվում է. «Արեգակը ծագում է, արեգակը մայր է մտնում և շտապելով դեպի իր տեղն է գնում, որտեղ նա դարձյալ պիտի ծագի»։ Այստեղ, սակայն, պարզապես ներկայացվում է այն, ինչ տեսնում է երկրի վրա ապրող մարդը։ Թեպետ այսօր մարդիկ գիտեն, որ երկիրն է պտտվում արևի շուրջը, ոչ թե հակառակը, սակայն, միևնույն է, ասում են «արևը ծագեց», «արևը մայր մտավ»։
Տեսակետ։ Աստվածաշունչն ասում է, որ երկիրը տափակ է։
Փաստ։ Աստվածաշնչում օգտագործվում է «աշխարհի ծայրեր» արտահայտությունը՝ նկատի ունենալով երկրի ամենահեռավոր վայրերը (Գործեր 1:8)։ Նմանապես «երկրի չորս ծայրեր» արտահայտությունը պատկերավոր խոսք է, որը վերաբերում է ամբողջ երկրին։ Նման պատկերավոր խոսք մարդիկ օգտագործում են նաև այսօր, օրինակ՝ «երկրի չորս կողմեր», «աշխարհի տարբեր անկյուններ» (Եսայիա 11:12; Ղուկաս 13:29)։
Տեսակետ։ Ըստ Աստվածաշնչի՝ շրջագծի երկարությունը հավասար է տրամագծի երկարությունը բազմապատկած 3-ով, սակայն իրականում պետք է բազմապատկել ոչ թե 3-ով, այլ π-ով (պի), որի արժեքը մոտավորապես 3,1416 է։
Փաստ։ 1 Թագավորներ 7:23-ում և 2 Տարեգրություն 4:2-ում գրված է, որ «ձուլածո ծովի» տրամագիծը 10 կանգուն էր, իսկ «շրջագիծը, եթե լարով չափվեր, երեսուն կանգուն էր»։ Այս թվերը, հնարավոր է, մոտավոր են, կլորացված։ Հնարավոր է նաև, որ «ձուլածո ծովի» շրջագծի և տրամագծի երկարությունները ներկայացված լինեն համապատասխանաբար ըստ ներսից և դրսից չափումների։