Հիսուսի մասին դեպքերը ե՞րբ են գրի առնվել
Աստվածաշնչի պատասխանը
Հովհաննես առաքյալը իր գրած արձանագրությունների մասին, որոնք վերաբերում են Հիսուսի կյանքում տեղի ունեցած դեպքերին, գրել է. «Ով այս ամենը տեսավ, վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է։ Այդ մարդը գիտի, որ ճիշտ է ասում, որպեսզի դուք էլ հավատաք» (Հովհաննես 19:35)։
Պատճառներից մեկը, թե ինչու կարող ենք վստահել Ավետարաններին, որոնք գրել են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը, այն է, որ երբ այդ գրքերը գրվել են, նկարագրած դեպքերի ականատեսներից շատերը դեռ ողջ էին։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Մատթեոսի Ավետարանը գրվել է Հիսուսի մահից 8 տարի անց՝ մոտ մ.թ. 41-ին։ Բայց շատ գիտնականներ կարծում են, թե այն ավելի ուշ է գրվել։ Այդուհանդերձ բոլորն էլ ընդունում են, որ Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրվել են մ.թ. առաջին դարում։
Հիսուսի ժամանակակիցները, որոնք տեսել էին նրան, ականատես էին եղել նրա մահվանը և հարությանը, կարող էին ստուգել Ավետարանների ճշգրտությունը։ Նրանք հեշտությամբ ջրի երես կհանեին ցանկացած անճշտություն, եթե իհարկե դրանք լինեին։ Աստվածաշնչագետ պրոֆեսոր Բրուսը նշում է. «Առաքյալների քարոզների ամենատպավորիչ կողմերից մեկն այն է, որ նրանք որպես փաստ վստահությամբ մատնանշում են իրենց ունկնդիրների ունեցած տեղեկությունները։ Նրանք ոչ միայն ասում են. «Մենք վկա ենք այս բաներին», այլև նշում են. «Ինչպես որ դուք ինքներդ էլ գիտեք» (Գործեր 2։22)»։