Ովքե՞ր էին «երեք իմաստունները»։ Աստվա՞ծ էր այնպես արել, որ նրանք հետևեին Բեթլեհեմի «աստղին»
Աստվածաշնչի պատասխանը
Ի տարբերություն լայնորեն ընդունված Սուրբ Ծննդյան ավանդությունների՝ Աստվածաշնչում նորածին Հիսուսին տեսնելու եկած ճամփորդները չեն կոչվում «երեք իմաստուններ» կամ «երեք թագավորներ» (Մատթեոս 2։1)։ Փոխարենը՝ Մատթեոս ավետարանագիրը մագոյ բառն է գործածել նկարագրելու համար Հիսուսի մոտ եկածներին։ Այդ բառը հավանաբար վերաբերում է մոգերին և աստղագուշակներին։ a Աստվածաշնչի որոշ թարգմանություններում նրանք կոչվում են «աստղագուշակներ» կամ «մոգեր»։ b
Քանի՞ «իմաստուն» էր այցելել Հիսուսին
Աստվածաշնչում նրանց թիվը չի հիշատակվում, և տարբեր կարծիքներ կան այն մասին, թե նրանք քանի հոգի են եղել։ Ինչպես նշված է «Բրիտանական հանրագիտարանում», «համաձայն Արևելքում ընդունված ավանդության՝ նրանց թիվը 12 էր, իսկ Արևմուտքում ընդունված ավանդությամբ համարվում է, որ 3 էր, հավանաբար այն պատճառով, որ մանկանը տրված նվերները երեքն էին՝ «ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթեոս 2։11)» (Encyclopedia Britannica)։
Արդյոք այդ «իմաստունները» թագավորնե՞ր էին
Թեև Սուրբ Ծննդյան ավանդության մեջ այդ մարդիկ հաճախ նկարագրվում են որպես թագավորներ, սակայն Աստվածաշնչում ոչ մի տեղ նրանք չեն կոչվում թագավորներ։ Ինչպես նշված է «Բրիտանական հանրագիտարանում», այդ մանրամասնությունը ավելացվեց միայն դարեր անց ՝ ի թիվս այլ ավանդապատումների, որոնք հետագայում ավելացվեցին՝ «ճոխացնելով Հիսուսի ծննդյան մասին պատմությունը» (Encyclopedia Britannica)։
Ի՞նչ էին «իմաստունների» անունները
Աստվածաշունչը չի հայտնում, թե ինչ էին այդ աստղագուշակների անունները։ Ըստ «Աստվածաշնչի միջազգային ստանդարտ հանրագիտարանի»՝ «նրանց անուններ տալը (Գասպար, Մելքոն և Բաղդասար) լեգենդների վրա է հիմնված» (The International Standard Bible Encyclopedia)։
Ե՞րբ «իմաստունները» գնացին տեսնելու Հիսուսին
Աստղագուշակները Հիսուսին այցելեցին նրա ծնվելուց թերևս ամիսներ անց։ Որտեղի՞ց դա գիտենք։ Քանի որ Հերովդես թագավորը, որն ուզում էր սպանել Հիսուսին, հրամայեց կոտորել երկու տարեկան և ավելի փոքր տղա երեխաներին։ Նա այդ տարիքային սահմանը որոշել էր աստղագուշակներից ստացած տեղեկության հիման վրա (Մատթեոս 2։16)։
Աստղագուշակները Հիսուսին չէին այցելել նրա ծնվելու գիշերը։ Աստվածաշունչն ասում է. «Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ» (Մատթեոս 2։11)։ Փաստորեն, այդ ժամանակ Հիսուսի ընտանիքն ապրում էր տան մեջ, և նա այլևս մսուրի մեջ պառկած մանուկ չէր (Ղուկաս 2։16)։
Աստվա՞ծ էր այնպես արել, որ «իմաստունները» հետևեին Բեթլեհեմի «աստղին»
Ոմանք կարծում են, թե Աստված էր ուղարկել այսպես կոչված Բեթլեհեմի աստղը, որպեսզի առաջնորդեր աստղագուշակներին Հիսուսի մոտ։ Նկատի առնենք, թե ինչու դա չի կարող այդպես լինել։
«Աստղը» աստղագուշակներին նախ Երուսաղեմ առաջնորդեց։ Աստվածաշունչն ասում է. «Արևելքից աստղագուշակներ եկան Երուսաղեմ ու ասացին. «Որտե՞ղ է հրեաների թագավորը, որ ծնվել է։ Երբ արևելքում էինք, նրա աստղը տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ»» (Մատթեոս 2։1, 2)։
Առաջինը ոչ թե «աստղը», այլ Հերովդես թագավորը աստղագուշակներին առաջնորդեց Բեթլեհեմ։ Լսելով «հրեաների թագավորի» մասին, որը իր համար մրցակից կարող էր լինել՝ Հերովդեսը սկսեց հարցուփորձ անել, թե որտեղ պիտի ծնվեր Քրիստոսը (Մատթեոս 2։3–6)։ Երբ թագավորն իմացավ, որ նա ծնվելու էր Բեթլեհեմում, աստղագուշակներին ասաց, որ գնան այնտեղ, որոնեն երեխային և երբ գտնեն, հայտնեն իրեն։
Միայն դրանից հետո աստղագուշակները գնացին Բեթլեհեմ։ Աստվածաշունչն ասում է. «Թագավորին լսելուց հետո նրանք ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որ արևելքում եղած ժամանակ տեսել էին, գնում էր իրենց առջևից, մինչև որ եկավ ու կանգ առավ այնտեղ, որտեղ երեխան էր» (Մատթեոս 2։9)։
«Աստղի» երևալը պատճառ եղավ իրար հաջորդող մի քանի դեպքերի, որոնց հետևանքով Հիսուսի կյանքը վտանգվեց, և անմեղ երեխաներ սպանվեցին։ Երբ աստղագուշակները հեռացան Բեթլեհեմից, Աստված նախազգուշացում տվեց նրանց, որ չվերադառնան Հերովդեսի մոտ (Մատթեոս 2։12)։
Ինչպե՞ս արձագանքեց Հերովդեսը։ Աստվածաշնչում գրված է. «Երբ Հերովդեսը տեսավ, որ աստղագուշակները խաբեցին իրեն, սաստիկ զայրացավ, մարդ ուղարկեց և կոտորել տվեց Բեթլեհեմի ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան և ավելի փոքր բոլոր տղա երեխաներին՝ ըստ այն ժամանակի, որի մասին ստույգ տեղեկացել էր աստղագուշակներից» (Մատթեոս 2։16)։ Աստված երբեք այնպես չէր անի, որ այդպիսի չարիք տեղի ունենար (Հոբ 34։10)։
a Մ.թ.ա. 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսն ասել է, որ իր օրերի մոգերը (մագոյ) մարական (պարսկական) մի ցեղից էին, որը հմուտ էր աստղագիտության և երազահանության մեջ։
b Տես «Նոր աշխարհ թարգմանությունը», «Արարատ» թարգմանությունը և Արևմտահայերեն Աստվածաշունչը։ «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ այդ մարդիկ կոչվում են «իմաստուններ», սակայն այնտեղ չի ասվում, որ նրանք երեք հոգի էին։