Ի՞նչ է Աստվածաշունչն ասում ընկերության մասին
Աստվածաշնչի պատասխանը
Ընկերությունը կարող է նպաստել երջանիկ ու գոհունակ կյանք ունենալուն։ Ընկերները դրական ազդեցություն են թողնում մեկը մյուսի վրա և «սրում են» միմյանց ուժեղ կողմերը (Առակներ 27։17)։
Սակայն Աստվածաշունչն ընդգծում է զգուշությամբ ընկերներ ընտրելու կարևորությունը։ Այն զգուշացնում է վատ ընկերներ ընտրելու հետևանքների մասին (Առակներ 13։20; 1 Կորնթացիներ 15։33)։ Այդպիսի ընկերները կարող են դրդել, որ մարդը հիմար որոշումներ կայացնի կամ կորցնի իր լավ հատկությունները։
Այս հոդվածում՝
Ի՞նչն է մարդուն լավ ընկեր դարձնում
Աստվածաշունչը սովորեցնում է, որ լավ ընկերությունը պետք է հիմնված լինի ավելի խորը բանի վրա, քան պարզապես նույն հետաքրքրություններ ու հոբբի ունենալը: Օրինակ՝ Սաղմոս 119։63-ում ասվում է. «Ես ընկեր եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզանից, a և ովքեր պահում են քո պատվերները»։ Ուշադրություն դարձրու, որ Աստվածաշունչը գրողը նշում է, որ նա ընտրել է այնպիսի ընկեր, որը, առողջ վախ ունենալով Աստծու հանդեպ, չի ուզում տխրեցնել նրան և ցանկանում է ապրել նրա չափանիշներով։
Աստվածաշնչում նաև ասվում է, թե ինչ հատկություններ պետք է ունենա լավ ընկերը։ Օրինակ՝
«Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։
«Կան ընկերներ, որ պատրաստ են միմյանց պատառ-պատառ անելու, բայց կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է» (Առակներ 18։24)։
Այս համարներից տեսնում ենք, որ լավ ընկերը հավատարիմ է, սիրալիր, բարի ու առատաձեռն։ Նրա վրա կարող ենք հույսներս դնել մեր կյանքի վերելքների ու վայրէջքների ընթացքում։ Իսկական ընկերը նաև բավականաչափ քաջ է, որ զգուշացնի, երբ տեսնի՝ սխալ ուղի ենք բռնել կամ սխալ որոշում կայացրել (Առակներ 27։6, 9)։
Աստվածաշնչում լավ ընկերության ի՞նչ օրինակներ կան
Աստվածաշնչում իսկական ընկերության լավ օրինակներ կան. ընկերություն, որը չի ճանաչում տարիքային, մշակութային սահմաններ։ Ընկերություն տարբեր ծագում, դիրք և հեղինակություն ունեցող մարդկանց միջև։ Խոսենք նման օրինակների մասին։
Հռութ և Նոեմի։ Հռութը Նոեմիի հարսն էր, և նրանց միջև ամենայն հավանականությամբ տարիքային մեծ տարբերություն կար։ Ավելին, Հռութը ծագումով և մշակույթով էլ էր տարբեր Նոեմիից։ Եվ չնայած այս տարբերություններին՝ նրանք շատ ամուր ու ջերմ ընկերություն զարգացրին (Հռութ 1։16)։
Դավիթ և Հովնաթան։ Թեև Հովնաթանը 30 տարի մեծ էր Դավթից, սակայն Աստվածաշնչում ասվում է, որ Հովնաթանի «հոգին կապվեց» Դավթի հետ (1 Սամուել 18։1)։
Հիսուսն ու իր աշակերտները։ Հիսուսը դիրքով և հեղինակությամբ բարձր էր աշակերտներից, քանի որ նրանց ուսուցիչն էր (Հովհաննես 13։13)։ Սակայն Հիսուսը չէր կարծում, որ նրանք չեն կարող իր ընկերները լինել։ Ընդհակառակը՝ նա մտերիմ փոխհարաբերություններ ուներ այն մարդկանց հետ, ովքեր հետևում էին իր սովորեցրածներին։ Մի առիթով նա ասել է. «Ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (Հովհաննես 15։14, 15)։
Կարո՞ղ է մարդ Աստծու ընկերը լինել
Այո՛, մարդիկ կարող են Աստծու ընկերը դառնալ։ Աստվածաշնչում ասվում է. «Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32)։ Այլ կերպ ասած՝ Աստծու ընկեր կարող են լինել համեստ, ազնիվ, հարգալից մարդիկ, որոնք ձգտում են կյանքում առաջնորդվել ճշտի ու սխալի վերաբերյալ նրա սահմանած չափանիշներով։ Օրինակ՝ Աստվածաշունչը հավատարիմ Աբրահամին կոչում է Աստծու ընկերը (2 Տարեգրություն 20։7; Եսայիա 41։8; Հակոբոս 2։23)։
a Այս սաղմոսի համատեքստը ցույց է տալիս, որ «քեզանից» դերանունը վերաբերում է Աստծուն։