Մարդը ունի՞ կամքի ազատություն, թե՞ ամեն ինչ արդեն կանխորոշված է Աստծու կողմից
Աստվածաշնչի պատասխանը
Աստված պատվի է արժանացրել մեզ՝ շնորհելով կամքի ազատություն, այսինքն՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատություն։ Աստծու կողմից կամ ճակատագրով կանխորոշված չէ, թե մենք ինչ պետք է անենք։ Ուշադրություն դարձրեք՝ ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։
Աստված մարդկանց ստեղծել է իր պատկերով (Ծննդոց 1:26)։ Ի տարբերություն կենդանիների, որոնք գործում են միայն բնազդով, մենք նման ենք մեր Արարչին տարբեր հատկություններ, ինչպես օրինակ՝ սեր և արդարություն, դրսևորելու ունակությամբ։ Եվ մեր Ստեղծչի նման ունենք ազատ կամք։
Ընդհանուր առմամբ մենք ենք որոշում մեր ապագան։ Աստվածաշունչը հորդորում է մեզ «կյանքը ընտրել.... լսելով [Աստծու] ձայնին», այսինքն՝ հնազանդվելով նրա խոսքին (2 Օրենք 30:19, 20)։ Այս հորդորը անիմաստ կլիներ և նույնիսկ դաժան, եթե մենք չունենայինք ազատ կամք։ Աստված ոչ թե ստիպում է մեզ իր խոսքին հնազանդվել, այլ գորովանքով ասում է. «Օ՜, եթե միայն ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես.... կլիներ» (Եսայիա 48:18)։
Մեր հաջողությունները կամ անհաջողությունները ճակատագրով կանխորոշված չեն։ Եթե ցանկանում ենք որևէ հարցում հաջողության հասնել, պետք է ջանքեր թափենք։ Աստվածաշունչն ասում է. «Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա» (Ժողովող 9:10)։ Գրքում նաև գրված է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21:5)։
Կամքի ազատությունը թանկ նվեր է Աստծու կողմից, ինչը հնարավորություն է տալիս մեզ մեր հոժար կամքով և «ամբողջ սրտով» սիրել նրան (Մատթեոս 22:37)։
Մի՞թե Աստված չի տնօրինում ամեն ինչ
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված Ամենակարող է, և ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան (Հոբ 37:23; Եսայիա 40:26)։ Սակայն նա չի օգտագործում իր ուժը ամեն ինչ վերահսկելու համար։ Օրինակ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «ինքնատիրապետում է դրսևորել» բաբելոնացիների՝ իր ժողովրդի թշնամիների հանդեպ (Եսայիա 42:14)։ Նմանապես այսօր նա որոշել է հանդուրժել նրանց, ովքեր սխալ են օգտագործում իրենց կամքի ազատությունը՝ վնասելով ուրիշներին։ Սակայն դա երկար չի տևելու (Սաղմոս 37:10, 11)։