Հիսուսը ինչո՞ւ մահացավ
Աստվածաշնչի պատասխանը
Հիսուսը մահացավ, որպեսզի մարդկանց մեղքերը ներվեն, և նրանք անվերջ կյանք ունենան (Հռոմեացիներ 6:23; Եփեսացիներ 1:7)։ Հիսուսի մահը նաև փաստեց, որ մարդը կարող է հավատարիմ մնալ Աստծուն նույնիսկ ծանրագույն փորձության միջով անցնելիս (Եբրայեցիներ 4:15)։
Նկատի առնենք, թե ինչպես մեկ մարդու մահը կարող է իրագործել այդ ամենը։
Հիսուսը մահացավ «մեր մեղքերի ներման» համար (Կողոսացիներ 1:14)։
Առաջին մարդը՝ Ադամը, ստեղծված էր կատարյալ՝ առանց մեղքի։ Սակայն նա որոշեց չհնազանդվել Աստծուն։ Ադամի անհնազանդությունը, կամ՝ մեղքը մեծ հետք թողեց նրա բոլոր հետնորդների վրա։ «Մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավորներ դարձան»,— ասում է Աստվածաշունչը (Հռոմեացիներ 5:19)։
Հիսուսը նույնպես կատարյալ էր, սակայն նա երբեք մեղք չգործեց։ Ուստի կարող էր «հաշտության զոհ [լինել] մեր մեղքերի համար» (1 Հովհաննես 2:2)։ Ադամի անհնազանդության պատճառով մարդկային ընտանիքը վարակվեց մեղքով, մինչդեռ Հիսուսի մահով բոլոր նրանք, ովքեր հավատ են դրսևորում նրա նկատմամբ, կազատվեն մեղքի արատից։
Ադամը մարդկային ցեղը ասես վաճառեց մեղքին։ Հիսուսը, հոժարակամորեն մահանալով մեզ համար, հետ գնեց այն՝ դարձնելով իր սեփականությունը։ Արդյունքում՝ «եթե մեկը մեղք գործի, օգնական ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոսին՝ արդարին» (1 Հովհաննես 2:1)։
Հիսուսը մահացավ, «որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16)։
Թեև Ադամը ստեղծվել էր, որպեսզի հավիտյան ապրեր, սակայն մեղքի պատճառով նա մահվան դատապարտվեց։ Ադամի միջոցով «մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5:12)։
Իսկ Հիսուսը, մահանալով, վերացրեց թե՛ մեղքի արատը, թե՛ մահապատիժը բոլոր նրանց համար, ովքեր հավատ են դրսևորում իր նկատմամբ։ Աստվածաշունչն ասում է. «Ինչպես մեղքը մահվան հետ միասին թագավորեց, այդպես էլ Աստծու անզուգական բարությունը արդարությամբ թագավորեց հավիտենական կյանք բերելու նպատակով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներ 5:21)։
Ինչ խոսք, այսօր մարդկանց կյանքի տևողությունը սահմանափակ է։ Սակայն Աստված խոստանում է, որ արդար մարդկանց հավիտենական կյանք է շնորհելու և հարություն է տալու մահացածներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգուտներ քաղել Հիսուսի զոհաբերական մահից (Սաղմոս 37:29; 1 Կորնթացիներ 15:22)։
Հիսուսը «հնազանդ եղավ մինչև մահ»՝ այդպիսով փաստելով, որ մարդը կարող է հավատարիմ լինել Աստծուն ցանկացած փորձության ներքո (Փիլիպպեցիներ 2:8)։
Չնայած որ Ադամը կատարյալ միտք և մարմին ուներ, նա անհնազանդ եղավ Աստծուն, քանի որ եսասիրաբար ցանկացավ ունենալ մի բան, ինչը իրեն չէր պատկանում (Ծննդոց 2:16, 17; 3:6)։ Ավելի ուշ Աստծու գլխավոր թշնամին՝ Սատանան, ասաց, որ ոչ մի մարդ անշահախնդրորեն չի հնազանդվի Աստծուն, հատկապես եթե իր կյանքը վտանգի տակ լինի (Հոբ 2:4)։ Սակայն կատարյալ մարդ Հիսուսը հնազանդվեց Աստծուն և նվիրված մնաց նրան անգամ անարգական ու տանջալի մահապատժի ենթարկվելիս (Եբրայեցիներ 7:26)։ Այդպիսով հարցը լիովին լուծվեց. ինչ փորձության էլ որ մարդը ենթարկվի, կարող է հավատարիմ մնալ Աստծուն։
Հիսուսի մահվան հետ կապված հարցեր
Մարդկանց փրկագնելու համար Հիսուսը ինչո՞ւ պետք է տառապեր ու մահանար։ Ինչո՞ւ Աստված պարզապես չեղյալ չարեց մահվան դատավճիռը։
Աստծու օրենքն ասում է, որ «մեղքի տված վարձը մահն է» (Հռոմեացիներ 6:23)։ Աստված Ադամից չթաքցրեց այս օրենքը, ընդհակառակը՝ նրան ասաց, որ անհնազանդությունը կպատժվի մահով (Ծննդոց 3:3)։ Երբ Ադամը մեղք գործեց, Աստված, «որը չի կարող ստել», պահեց իր խոսքը (Տիտոս 1:2)։ Արդյունքում՝ Ադամն իր հետնորդներին ոչ միայն մեղք փոխանցեց, այլև մեղքի վարձը՝ մահ։
Թեև մեղավոր մարդիկ մահվան են արժանի, սակայն Աստված նրանց տվեց իր «անզուգական բարության հարստությունը» (Եփեսացիներ 1:7)։ Մարդկությանը փրկագնելու նպատակով Հիսուսին երկիր ուղարկելով՝ Աստված թե՛ արդար, թե՛ անչափ ողորմած քայլ արեց։
Հիսուսը ե՞րբ մահացավ։
Հիսուսը մահացավ հրեաների Պասեքին՝ արևածագից հաշված՝ «իններորդ ժամին», կամ՝ կեսօրվա մոտ ժամը երեքին (Մարկոս 15:33–37, ծանոթագրություն)։ Համաձայն ժամանակակից օրացույցների՝ այդ օրը համընկնում է մ.թ. 33թ. ապրիլի 1-ին՝ ուրբաթ օրվան։
Հիսուսը որտե՞ղ մահացավ։
Հիսուսը մահվան մատնվեց «Գանգի վայր կոչված տեղում», որը եբրայերեն Գողգոթա է կոչվում (Հովհաննես 19:17, 18)։ Հիսուսի օրերում այդ վայրը Երուսաղեմ «քաղաքի դարպասից դուրս» էր գտնվում (Եբրայեցիներ 13:12)։ Հնարավոր է՝ այն մի բարձունքի վրա էր, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ որոշ մարդիկ «հեռվից նայում էին», թե ինչպես էին Հիսուսին մահվան մատնում (Մարկոս 15:40)։ Այսօր ճշգրտորեն չենք կարող որոշել Գողգոթայի գտնվելու վայրը։
Հիսուսը ինչպե՞ս մահացավ։
Թեև շատերը հավատում են, որ Հիսուսը խաչի վրա է մահացել, Աստվածաշունչն ասում է. «Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուաւ Յիսուսին՝ որին դուք փայտից կախած սպանեցիք» (Գործեր 5:30, «Արարատ» թարգմանություն)։ Աստվածաշունչը գրողները գործածել են հունարեն ստավրոս և քսիլոն բառերը՝ նկարագրելու համար այն առարկան, որով Հիսուսին մահապատժի ենթարկեցին։ Բազմաթիվ աստվածաշնչագետներ եկել են այն եզրահանգման, որ այս բառերը վերաբերում են գերանին կամ ուղղահայաց ցցին՝ պատրաստված փայտի մեկ ամբողջական կտորից։
Հիսուսի մահը ինչպե՞ս պետք է հիշվի։
Հրեական Պասեքի գիշերը (Պասեքը նշվում էր ամեն տարի) Հիսուսն իր հետևորդների համար մի պարզ արարողություն հաստատեց և նրանց հետևյալ պատվերը տվեց. «Սա արեք ինձ հիշելու համար» (1 Կորնթացիներ 11:24)։ Ժամեր անց նա մահվան մատնվեց։
Աստվածաշունչը գրողները Հիսուսին համեմատել են Պասեքին զոհաբերվող գառան հետ (1 Կորնթացիներ 5:7)։ Ինչպես որ Պասեքը նշելը իսրայելացիներին հիշեցնում էր, որ նրանք ազատվել էին ստրկությունից, այնպես էլ Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն քրիստոնյաներին հիշեցնում է, որ նրանք ազատվել են մեղքի ու մահվան դատապարտությունից։ Լուսնային օրացույցով նիսանի 14-ին նշվող Պասեքը հրեաները տոնում էին ամեն տարի։ Առաջին դարում ապրող քրիստոնյաները Հիսուսի մահվան հիշատակի երեկոն նույնպես նշում էին ամեն տարի՝ տարին մեկ անգամ։
Ամեն տարի ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ նիսանի 14-ին համապատասխանող օրը հիշում են Հիսուսի մահը։