Սատանա իրականում կա՞
Աստվածաշնչի պատասխանը
Այո՛, Սատանան իրական անձնավորություն է։ Նա «այս աշխարհի իշխանն» է՝ ոգեղեն մի արարած, որը դարձավ չար և ըմբոստացավ Աստծու դեմ (Հովհաննես 14:30; Եփեսացիներ 6:11, 12)։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչպիսի անձնավորություն է նա՝ տալով նրան հետևյալ անուններն ու նկարագիրը։
Սատանա, որ նշանակում է «հակառակորդ» (Հոբ 1:6)։
Բանսարկու, որ նշանակում է «զրպարտիչ» (Հայտնություն 12:9)։
Օձ, որը Աստվածաշնչում օգտագործվում է «մոլորեցնող» իմաստով (2 Կորնթացիներ 11:3)։
Փորձիչ (Մատթեոս 4:3)։
Ստախոս (Հովհաննես 8:44)։
Անձնավորություն, ոչ թե չարության անձնավորում
Ոմանց համար Սատանան ընդամենը մարդու ներսի չարությունն է։ Սակայն Աստվածաշնչում արձանագրված է մի զրույց, որը տեղի ունեցավ Աստծու և Սատանայի միջև։ Աստված կատարյալ է, ուստի չէր կարող խոսել իր ներսի «չար կողմի» հետ (2 Օրենք 32:4; Հոբ 2:1–6)։ Բացի այդ, Սատանան նաև փորձել է Հիսուսին, որը զերծ էր մեղքից (Մատթեոս 4:8–10; 1 Հովհաննես 3:5)։ Այսպիսով՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Սատանան իրական անձնավորություն է և ոչ թե չարության անձնավորում։
Պե՞տք է արդյոք մեզ զարմացնի այն, որ շատերը չեն հավատում, որ Սատանան իրական է։ Բոլորովին, քանի որ Աստվածաշնչում ասվում է, որ նա իր նպատակներին հասնում է՝ դիմելով խաբեության ու խորամանկության (2 Թեսաղոնիկեցիներ 2:9, 10)։ Նրա ամենահաջողված հնարքը մարդկանց «կուրացնելն» է, որ չընդունեն իր գոյության փաստը (2 Կորնթացիներ 4:4)։
Այլ սխալ պատկերացումներ Սատանայի մասին
Կարծիք։ Սատանայի մեկ այլ անունն է Արուսյակ (Լյուցիֆեր)։
Փաստ։ Եբրայերեն այն բառը, որը որոշ Աստվածաշնչերում թարգմանվել է «Արուսյակ» կամ «Լյուցիֆեր», նշանակում է «փայլող» (Եսայիա 14:12)։ Համատեքստը ցույց է տալիս, որ այն վերաբերում է Բաբելոնի արքաների դինաստիային, որին Աստված խոնարհեցնելու էր, քանի որ նրանք ամբարտավան էին (Եսայիա 14:4, 13–20)։ Բաբելոնը շարունակեց կոչվել «փայլող» նույնիսկ իր անկումից հետո, սակայն արդեն հեգնական երանգով։
Կարծիք։ Սատանան Աստծու համար է աշխատում։
Փաստ։ Սատանան Աստծու թշնամին է։ Նա գործում է ընդդեմ Աստծու ծառաների և նենգաբար մեղադրում է նրանց (1 Պետրոս 5:8; Հայտնություն 12:10)։