Երբևէ մեկը տեսե՞լ է Աստծուն
Աստվածաշնչի պատասխանը
Ոչ մի մարդ երբեք չի տեսել Աստծուն (Ելք 33:20; Հովհաննես 1:18; 1 Հովհաննես 4:12)։ Աստվածաշունչն ասում է, որ «Աստված Ոգի է»։ Դա կյանքի այնպիսի տեսակ է, որն անտեսանելի է մեր աչքին (Հովհաննես 4:24; 1 Տիմոթեոս 1:17)։
Աստծուն, սակայն, կարող են տեսնել հրեշտակները, քանի որ նրանք ոգեղեն էակներ են (Մատթեոս 18:10)։ Բացի նրանցից, որոշ մարդիկ նույնպես, ովքեր մահանալուց հետո ոգեղեն մարմիններով հարություն կստանան երկնային կյանքի, կկարողանան տեսնել Աստծուն (Փիլիպպեցիներ 3:20, 21; 1 Հովհաննես 3:2)։
Ինչպես է հնարավոր «տեսնել» Աստծուն հիմա
Աստվածաշունչը հաճախ «տեսնել» բառը օգտագործում է հասկանալ, իմանալ, լուսավորվել իմաստներով (Եսայիա 6:10; Երեմիա 5:21; Հովհաննես 9:39–41)։ Այս առումով մարդը կարող է Աստծուն տեսնել իր «սրտի աչքերով», այսինքն՝ տեսնել նրա հատկությունները և հավատալ նրան (Եփեսացիներ 1:18)։ Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչ քայլեր են պետք նման հավատ ունենալու համար։
Աստծու ստեղծագործությունների մեջ փորձիր տեսնել նրա հատկությունները, ինչպիսիք են սերը, առատաձեռնությունը, իմաստությունն ու զորությունը (Հռոմեացիներ 1:20)։ Երբ Աստված Հոբի ուշադրությունը հրավիրեց իր ստեղծագործությունների վրա, Հոբն ասես իր առաջ տեսավ Աստծուն (Հոբ 42:5)։
Ճանաչիր Աստծուն՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ «Եթե փնտրես [Աստծուն], նա թույլ կտա քեզ գտնել իրեն»,— վստահեցնում է Աստծու Խոսքը (1 Տարեգրություն 28:9; Սաղմոս 119:2; Հովհաննես 17:3)։
Սովորիր Աստծու մասին՝ ուսումնասիրելով Հիսուսի կյանքը։ Քանի որ Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր Հոր՝ Եհովա Աստծու էությունը, կարող էր իրավամբ ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14:9)։
Ապրիր Աստծուն հաճելի կյանքով ու տես, թե ինչպես է նա օրհնում քեզ։ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն»։ Այո, ինչպես արդեն նշեցինք, կան մարդիկ, ովքեր հարություն կառնեն երկնքում և այնտեղ «կտեսնեն Աստծուն» (Մատթեոս 5:8; Սաղմոս 11:7)։
Մի՞թե Մովսեսը, Աբրահամը և ուրիշները չտեսան Աստծուն
Աստվածաշնչի այն հատվածներում, որտեղ նշվում է, թե մարդիկ տեսել են Աստծուն, համատեքստը ցույց է տալիս, որ իրականում Աստված ներկայացել է հրեշտակի կամ տեսիլքի միջոցով։
Հրեշտակներ։
Վաղեմի ժամանակներում Աստված հրեշտակներին ուղարկում էր որպես իր ներկայացուցիչներ, որպեսզի մարդկանց հետ խոսեն իր անունից (Սաղմոս 103:20)։ Օրինակ՝ մի անգամ այրվող թփի միջից Աստված խոսեց Մովսեսի հետ, ու ինչպես Աստվածաշունչն է ասում, «Մովսեսը ծածկեց երեսը, որովհետև վախեցավ ճշմարիտ Աստծուն նայելուց» (Ելք 3:4, 6)։ Սակայն համատեքստը ցույց է տալիս, որ Մովսեսը ոչ թե Աստծուն էր տեսնում, այլ նրա հրեշտակին (Ելք 3:2)։
Նմանապես, երբ Աստվածաշունչն ասում է, որ «Եհովան Մովսեսի հետ խոսում էր երես առ երես», դրանով ցույց է տալիս նրանց մտերիմ փոխհարաբերությունը (Ելք 4:10, 11; 33:11)։ Մովսեսը իրականում չի տեսել Աստծու երեսը, քանի որ այն օրենքը, որ նա ստացավ Աստծուց, «փոխանցվեց հրեշտակների միջոցով» (Գաղատացիներ 3:19; Գործեր 7:53)։ Սակայն Մովսեսի հավատն Աստծու հանդեպ այնքան մեծ էր, որ Աստվածաշունչը նրա մասին ասում է, որ նա «ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (Եբրայեցիներ 11:27)։
Աստված Աբրահամի հետ նույնպես հաղորդակցվում էր հրեշտակների միջոցով։ Ճիշտ է, Աստվածաշունչն ընթերցելիս առաջին հայացքից կարող է թվալ, թե Աբրահամը տեսավ Աստծուն (Ծննդոց 18:1, 33)։ Սակայն համատեքստից իմանում ենք, որ Աբրահամի մոտ եկած «երեք տղամարդիկ» Աստծու կողմից ուղարկված հրեշտակներ էին։ Աբրահամը հասկացավ, որ նրանք Աստծու ներկայացուցիչներն են, և նրանց հետ այնպես խոսեց, ասես անմիջականորեն Եհովայի հետ էր խոսում (Ծննդոց 18:2, 3, 22, 32; 19:1)։
Տեսիլքներ։
Աստված երևացել է մարդկանց նաև տեսիլքների միջոցով։ Օրինակ՝ երբ Աստվածաշունչն ասում է, որ Մովսեսը և մյուս իսրայելացիները «տեսան Իսրայելի Աստծուն», իրականում նրանք «տեսիլքով տեսան ճշմարիտ Աստծուն» (Ելք 24:9–11)։ Աստվածաշնչում երբեմն ասվում է նաև, որ մարգարեները «տեսան Եհովային» (Եսայիա 6:1; Դանիել 7:9; Ամոս 9:1)։ Սակայն ամեն տեղ համատեքստը ցույց է տալիս, որ նրանց տեսածն ընդամենը տեսիլք էր (Եսայիա 1:1; Դանիել 7:2; Ամոս 1:1)։