Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ իմ անձնական կյանքը ունենալ

Ինչպե՞ս կարող եմ իմ անձնական կյանքը ունենալ

 Ինչո՞ւ են ծնողները խառնվում քո կյանքին

 Ծնողներդ ասում են, որ պարզապես անհանգստանում են։ Մինչդեռ դու կարծում ես, որ նրանք խառնվում են քո անձնական կյանքին։ Նկատի առնենք մի քանի օրինակ։

  •   «Հայրս վերցնում է իմ հեռախոսը, պահանջում է, որ ասեմ գաղտնաբառը ու սկսում է կարդալ իմ բոլոր հաղորդագրությունները։ Երբ ես սկսում եմ դիմադրել, նա մտածում է, թե ինչ-որ բան եմ թաքցնում»,— ասում է Էրին անունով մի աղջիկ։

  •   Դենիզը հիշում է, որ երբ մոտ 20 տարեկան էր, մայրը մանրամասնորեն ստուգում էր հեռախոսազանգերը։ «Նա ստուգում էր յուրաքանչյուր հեռախոսահամար և հարցնում ինձ, թե դրանք ում են պատկանում, և ինչի մասին եմ ես խոսել այդ մարդկանց հետ»։

  •   Կեյլա անունով մի աղջիկ ասում է, որ իր մայրը մի անգամ կարդացել է իր հուշատետրը. «Այնտեղ ես գրել էի իմ զգացումների մասին, նույնիսկ նրա մասին որոշ մտքեր էի գրել։ Դրանից հետո ես դադարեցի հուշատետր պահելուց»։

 Ամփոփում։ Ծնողներդ պարտականություն ունեն հոգալ քո բարօրության համար, և դու չես կարող վերահսկել, թե որքան խստորեն նրանք կկատարեն իրենց այդ պարտականությունը։ Հնարավոր է՝ նրանք երբեմն սահմանն անցնում են, և դու մտածում ես, թե նրանք խառնվում են անձնական կյանքիդ։ Սակայն կան բաներ, որոնք, եթե դու անես, քո այդ զգացումը այդքան ուժգին չի լինի։

 Ինչ կարող ես անել

 Անկեղծ եղիր։ Աստվածաշունչը հորդորում է մեզ «ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13:18)։ Ջանք արա, որ ազնիվ լինես ծնողներիդ հետ։ Որքան ավելի ազնիվ ու անկեղծ լինես նրանց հետ, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունը, որ նրանք ավելի քիչ կխառնվեն քո անձնական կյանքին։

 Մտածիր։ Ծնողներդ քեզ վստահարժա՞ն են համարում։ Ճշտապա՞հ ես։ Թաքցնո՞ւմ ես, թե ովքեր են քո ընկերները։ Խուսափո՞ւմ ես պատմել այն մասին, թե ինչով ես զբաղվում։

  «Ես փոխզիջման եմ գնում ծնողներիս հետ. անկեղծորեն պատմում եմ նրանց այն, ինչ լինում է իմ կյանքում։ Ես նրանց ասում եմ այն, ինչ ուզում են իմանալ, և արդյունքում՝ նրանք վստահում են ինձ և շատ չեն խառնվում իմ գործերին» (Դիլյա)։

 Համբերատար եղիր։ Աստվածաշունչն ասում է. «Ձեր վարքը.... բարի պահեցէք» (1 Պետրոս 2:12, «Արարատ» թարգմանություն)։ Մեկ լավ արարքը բավական չէ վստահարժան մարդու համբավ ձեռք բերելու համար։ Դու պետք է պահես քո բարի վարքը, որ արժանանաս ծնողներիդ վստահությանը։ Թեև դրա համար ժամանակ է հարկավոր, սակայն արժե ջանքեր թափել։

 Մտածիր։ Մի ժամանակ քո ծնողներն էլ են պատանի եղել։ Ի՞նչ ես կարծում՝ դա որևէ կերպ ազդո՞ւմ է այն բանի վրա, որ նրանք հետաքրքրվում են քո կյանքով։

 «Կարծում եմ՝ ծնողները հիշում են, թե ինչ սխալներ են իրենք թույլ տվել, և չեն ուզում, որ իրենց երեխաները նույն սխալներն անեն» (Դանիել)։

 Հասկացողությամբ վարվիր։ Փորձիր ծնողներիդ տեսանկյունից նայել հարցերին։ Աստվածաշունչն ասում է, որ առաքինի կինը «հետևում է իր տան գործերին», և որ լավ հայրը իր երեխաներին դաստիարակում է «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Առակներ 31:27; Եփեսացիներ 6:4)։ Դա անելը հեշտ չէ, և ծնողներդ պետք է ներգրավված լինեն քո կյանքի մեջ։

 Մտածիր։ Եթե դու ծնող լինեիր, իմանալով այն, ինչ հիմա գիտես պատանիների մասին, մի՞թե ոչ մի հարց չէիր տա երեխայիդ և ընդհանրապես չէիր խառնվի նրա կյանքին։

  «Պատանեկության տարիքում քեզ թվում է, թե ծնողներդ «ներխուժում» են քո անձնական կյանք։ Բայց հասուն տարիքում հասկանում ես, թե ինչու են նրանք այդպես վարվում։ Դա նրանց սիրո դրսևորումն է» (Ջեյմս)։