ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ի՞նչ անեմ, եթե առողջական խնդիրներ ունեմ (մաս 3)
Երիտասարդները սովորաբար ունենում են լավ առողջություն և անսպառ էներգիա։ Սակայն որոշ երիտասարդներ ունեն լուրջ հիվանդություններ։ Եթե դու էլ ունես առողջական լուրջ խնդիր, ապա քեզ համար քաջալերական կլինի Վլորիայի, Ջասթինի և Նիսայի օրինակները։ Նրանք երեքն էլ Եհովայի վկաներ են։ Տես, թե ինչպես են նրանք պայքարում ուժասպառ անող առողջական խնդիրների դեմ։
Վլորիա
14 տարեկանից տառապում եմ ֆիբրոմիալգիա հիվանդությամբ։ Իսկ 20 տարեկանում ձեռք բերեցի ուրիշ հիվանդություններ ևս՝ հոդաբորբ, մաշկի տուբերկուլոզ և Լայմայի հիվանդություն։ Քանի որ ինձ միշտ թույլ եմ զգում, չեմ կարողանում անել այն, ինչ ուզում եմ։ Երբեմն գոտկատեղիցս ներքև անշարժանում է, և չեմ կարողանում տեղաշարժվել առանց հաշմանդամի սայլակի։
Հիվանդությունս ոչ միայն ֆիզիկապես է ինձ հյուծում, այլ նաև հոգեպես։ Ինձ նյարդայնացնում է այն, որ չեմ կարողանում անել հասարակ բաները, օրինակ՝ գրել կամ տարայի կափարիչը բացել։ Երբ տեսնում եմ երեխաներին քայլելիս, մտածում եմ, թե ինչու ե՛ս չեմ կարողանում այդպես քայլել։ Ինձ թվում է՝ ես ոչ մի բանի պիտանի չեմ։
Հուրախություն ինձ, իմ կողքին են ոչ միայն ընտանիքիս անդամները, այլ նաև իմ հավատակիցները։ Քանի որ քույրերն ու եղբայրները հաճախ են ինձ այցելում, ես ինձ մենակ չեմ զգում։ Ոմանք ինձ հրավիրում են ընկերական հավաքույթների, չնայած գիտեն, որ դա որոշ դժվարությունների հետ է կապված. հաշմանդամի սայլակից ինձ պետք է նստեցնեն ավտոմեքենա, հետո ինձ գրկած դուրս բերեն և նորից նստեցնեն սայլակին։
Ինձ հատկապես աջակցում են ժողովի տարեց քրիստոնյաները, քանի որ նրանք լավ գիտեն, թե ինչ է նշանակում առողջական խնդիրներ ունենալ։ Նրանք օգնեցին ինձ համակերպվել իմ սահմանափակ կարողությունների հետ և մեղավոր չզգալ այն բանի համար, որ չեմ կարողանում ուրիշների պես շատ բան անել։ Ինձ առանձնակի ուրախություն է պարգևում ժողովի հանդիպումներին ու քարոզչական ծառայությանը մասնակցելը (Եբրայեցիներ 10:25)։ Դրանք օգնում են ինձ հասկանալ, որ չեմ տարբերվում ուրիշներից։
Մտքումս միշտ պահում եմ այն, որ Եհովան մեզ տալիս է այն ամենը, ինչ պետք է տոկալու համար։ Աստվածաշնչում ասվում է, որ եթե նույնիսկ մեր արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը «օրեցօր նորոգվում է» (2 Կորնթացիներ 4:16)։ Այս խոսքերը կարծես իմ մասին լինեն։
Մտածիր։ Եթե ունես լուրջ առողջական խնդիրներ, ինչո՞ւ է կարևոր, որ օգնես ուրիշներին։ Եթե առողջ ես, ինչպե՞ս կարող ես օգնել նրանց, ովքեր հիվանդ են (Առակներ 17:17)։
Ջասթին
Ես ընկա գետին և չկարողացա վեր կենալ։ Կրծքավանդակումս սուր ցավ զգացի այնպես, որ չկարողացա շարժվել։ Ինձ շտապ տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները չէին հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում։ Հետագայում մի քանի անգամ էլի ընկա նույն վիճակի մեջ։ Ի վերջո բժիշկները տվեցին ախտորոշումը՝ ես ունեի Լայմայի հիվանդություն։
Լայմայի հիվանդությունը քայքայել է իմ նյարդային համակարգը։ Մի քանի տարի է՝ պայքարում եմ հիվանդությանս դեմ։ Այն ուղեկցվում է դողով ու երբեմն ուժեղ ցնցումներով։ Լինում են օրեր, որ մատներս այնքան ահավոր են ցավում, որ չեմ կարողանում շարժել, լինում է՝ մարմինս է ցավում։ Հոդերս կարծես ժանգոտած լինեն։
Մտածում էի. «Ես երիտասարդ եմ, ինչո՞ւ պիտի այս տարիքում հիվանդ լինեմ»։ Հենց դա էր ինձ բարկացնում։ Ես ամեն օր աղոթում էի Աստծուն և հարցնում, թե ինչու եմ սրա միջով անցնում։ Նույնիսկ սկսեցի մտածել, թե նա թողել է ինձ։ Բայց հետո Աստվածաշնչից Հոբին հիշեցի։ Նա լիովին չէր հասկանում, թե ինչու է այդքան տառապում, բայց նա Աստծուն հավատարիմ մնաց։ Եթե Հոբը կարողացավ այդ սարսափելի դժվարությունների միջով անցնել ու հավատարիմ մնալ, ես էլ կարող եմ։
Ինձ մեծապես օգնել են իմ ժողովի երեցները։ Նրանք միշտ հետաքրքրվում են ինձնով, հարցնում են՝ ինչպես եմ ինձ զգում։ Երեցներից մեկն ինձ ասաց, որ եթե որևէ մեկի հետ խոսելու կարիք ունենամ, կարող եմ ցանկացած ժամի զանգել իրեն։ Ամեն օր Եհովային շնորհակալություն եմ հայտնում, որ նման ընկերներ ունեմ (Եսայիա 32:1, 2)։
Երբ լուրջ հիվանդություն ենք ունենում, երբեմն մոռանում ենք կարևոր մի բան, որ Եհովան գիտի, թե մենք ինչերի միջով ենք անցնում։ Աստվածաշնչում ասվում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55:22)։ Ես փորձում եմ ամեն օր այս խորհրդին հետևել։
Մտածիր։ Ինչպե՞ս են քեզ սիրող մարդիկ օգնում, որ հաղթահարես առողջական խնդիրներդ (Առակներ 24:10; 1 Թեսաղոնիկեցիներ 5:11)։
Նիսա
Պատանեկան հասակում ինձ մոտ հայտնաբերեցին Մարֆանի հիվանդություն։ Այն ախտահարում է հոդերը, սիրտը, աչքերը և այլ կարևոր օրգաններ։ Ամեն օր չէ, որ ցավեր եմ ունենում, բայց երբ դրանք սկսում են, պարզապես անտանելի են լինում։
Իմ հիվանդության մասին իմանալուց հետո շատ եմ լաց եղել։ Ես անհանգստացած էի, քանի որ ի վիճակի չէի լինելու անել այն, ինչ սիրում եմ անել, օրինակ՝ պարել։ Դժվար էր պատկերացնել, որ գալու է մի օր, որ ցավի պատճառով չեմ կարողանալու պարել, գուցե նույնիսկ քայլել։ Իմ ապագայի մասին մտածելով՝ ես վախով էի լցվում։
Քույրս ինձ շատ է աջակցել։ Նա օգնեց, որ ինքս ինձ չխղճամ։ Նա ասաց, որ ես չպետք է ապրեմ վախի մեջ, քանի որ այն կհյուծի ինձ։ Նաև հորդորեց հարատևել աղոթքի մեջ, քանի որ բոլորից լավ Եհովան է հասկանում իմ վիճակը (1 Պետրոս 5:7)։
Սաղմոս 18:6 համարը ինձ շատ է քաջալերել։ Այնտեղ ասվում է. «Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի և օգնության համար իմ Աստծուն աղաղակեցի։ Իր տաճարից նա լսեց իմ ձայնը, և նրան ուղղված օգնության աղաղակս նրա ականջին հասավ»։ Այս խոսքերն ինձ հավաստիացրին, որ երբ Եհովային օգնության համար աղոթեմ, նա կլսի ինձ ու կաջակցի, և որ նա միշտ իմ կողքին է։
Ես հասկացա, որ նորմալ է ունենալ բացասական զգացումներ, տխրել, վատ զգալ, որ մեզ հետ վատ բաներ են տեղի ունենում։ Սակայն մենք չպետք է թույլ տանք, որ այդ զգացումները սպառեն մեզ և վնասեն Աստծու հետ մեր փոխհարաբերությունը։ Նա մեր խնդիրների պատճառը չէ։ Նա երբեք մեզ չի լքի, քանի դեռ նրան առաջին տեղում ենք դնում (Հակոբոս 4:8)։
Մտածիր։ Աստվա՞ծ է մեղավոր մեր տառապանքների համար (Հակոբոս 1:13)։