ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ի՞նչ անեմ, եթե առողջական խնդիրներ ունեմ (մաս 2)
Առողջական խնդիրները տարաբնույթ են։
Որոշ մարդկանց առողջական խնդիրներն ակնհայտ են, իսկ ոմանց մոտ դրանք արտաքուստ չեն երևում։
Կան խնդիրներ, որոնք պարզապես ժամանակավոր «այցելուներ» են, սակայն կան այնպիսիները, որոնք մշտական «բնակիչներ» են, և որոնց հետ ամեն օր պետք է հարմարվես։
Թերևս որոշ խնդիրներ հնարավոր է բուժել կամ առնվազն վերահսկողության տակ պահել, բայց որոշներն էլ գնալով բարդանում են և նույնիսկ սպառնում մարդու կյանքին։
Երիտասարդներն անմասն չեն այս բազմատեսակ առողջական խնդիրներից։ Այս հոդվածում կծանոթանաս չորս երիտասարդների հետ, որոնք նման խնդիրներ ունեն։ Եթե դու էլ ունես առողջական խնդիր, գուցե նրանց խոսքերը մխիթարական լինեն քեզ համար։
ԳԵՆԱԵԼ
Ինձ համար ամենադժվարը իմ սահմանափակ կարողությունների հետ հաշտվելն է։ Ես այնքան շատ բաներ եմ ուզում անել, բայց ամեն օր ստիպված եմ հարմարվել վիճակիս հետ։
Ես ունեմ շարժողական-նյարդամկանային խանգարում, որը չի թողնում ուղեղիս ճիշտ հրահանգներ փոխանցել մարմնիս։ Մարմնիս տարբեր հատվածները երբեմն ցնցվում են կամ անզգայացած քարանում։ Այդ պատճառով դժվարանում եմ շարժվել, խոսել, կարդալ, գրել և նույնիսկ հասկանալ ուրիշներին։ Երբ շատ ընկճված եմ լինում, իմ ժողովի երեցները աղոթում են ինձ հետ։ Հետո ես ինձ ավելի թեթևացած եմ զգում։
Ինչ դժվարության մեջ էլ լինեմ, զգում եմ՝ Եհովա Աստված միշտ կողքիս է և զորացնում է ինձ։ Չեմ ուզում, որ հիվանդությունս խանգարի լիարժեքորեն ծառայել նրա։ Ես նպատակ եմ դրել օգնել ուրիշներին, որ իմանան Աստվածաշնչում գրված այն խոստումը, որ Եհովա Աստված շուտով երկիրը դրախտ է դարձնելու, որտեղ է՛լ չի լինի տառապանք ու ցավ (Հայտնություն 21:1–4)։
Մտածիր։ Ինչպե՞ս կարող ես Գենաելի նման կարեկցանք դրսևորել ուրիշների հանդեպ (1 Կորնթացիներ 10:24)։
ԶԱՔԱՐԻ
Երբ 16 տարեկան էի, բժիշկները ուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակ հայտնաբերեցին ինձ մոտ։ Նրանք ինձ ասացին, որ կյանքիս մնացել է ութ ամիս ժամանակ։ Այդ օրվանից, կարելի է ասել, պայքարում եմ ապրելու համար։
Ուռուցքն այնպիսի տեղում է, որ մարմնիս աջ կողմը ամբողջովին կաթվածահար է եղել։ Քանի որ չեմ կարողանում քայլել, տանը միշտ մեկը լինում է, որ օգնի ինձ տեղաշարժվել։
Հիվանդությունս գնալով բարդանում է և հիմա դժվարանում եմ նույնիսկ հստակ խոսել։ Ես շատ աշխույժ տղա էի, սիրում էի ջրային դահուկագնացությամբ զվարճանալ, խաղում էի բասկետբոլ և վոլեյբոլ։ Լինելով Եհովայի վկա՝ ես ակտիվ էի նաև քրիստոնեական ծառայության մեջ։ Կարծում եմ՝ շատերը չեն էլ պատկերացնում՝ ինչ է նշանակում կորցնել ունակությունն անելու այն, ինչ այդքան շատ ես սիրում։
Ինձ ուժ է տալիս Եսայիա 57:15 համարը, որն ասես հավաստիացնում է, որ Եհովա Աստված ոգով փշրվածների հետ է և հոգ է տանում իմ մասին։ Իսկ Եսայիա 35:6-ում Եհովան խոստանում է, որ ես կրկին կկարողանամ քայլել և կատարյալ առողջություն կունենամ իրեն ծառայելու համար։
Երբեմն շատ դժվար է լինում հաշտվել հիվանդությանս հետ, բայց ես համոզված եմ՝ Եհովան կողքիս է։ Նա միշտ պատրաստ է լսել ինձ, երբ լրիվ ընկճված եմ լինում կամ զգում եմ՝ ինչպես է կյանքս սահում մատներիս արանքով։ Ոչի՛նչ չի կարող բաժանել ինձ Եհովայի սիրուց (Հռոմեացիներ 8:39)։
Զաքարին հեռացավ կյանքից 18 տարեկան հասակում, իրենից վերցված հարցազրույցից երկու ամիս անց։ Դրախտ երկրի վրա հարություն առնելու Աստծու խոստման հանդեպ նրա հավատը ամուր մնաց մինչև վերջ։
Մտածիր։ Ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել քեզ մնալ Աստծու սիրո մեջ, ինչպես որ Զաքարիին օգնեց։
ԱՆԱԻՍ
Երբ մի քանի օրական եմ եղել, ուղեղի արյունազեղում եմ ունեցել, ինչն իր հետևանքներն է թողել ողջ մարմնիս, հատկապես ոտքերիս վրա։
Այսօր կարողանում եմ մի քիչ քայլել հենասարքի օգնությամբ, սակայն հիմնականում տեղաշարժվում եմ սայլակին նստած։ Երբեմն սպազմի նոպաներ եմ ունենում և դժվարանում եմ որոշակի բաներ անել, օրինակ՝ գրել։
Բացի իմ վիճակի հետ կապված սթրեսը, բուժումս էլ ասես մարտահրավեր լինի։ Որքան ինձ հիշում եմ, շաբաթական մի քանի անգամ ֆիզիոթերապիայի կուրս եմ ընդունում։ Առաջին բարդ վիրահատությունը տարել եմ հինգ տարեկանում։ Դրանից հետո էլի երեք անգամ վիրահատվել եմ։ Վերջին երկուսը հատկապես բարդ էին։ Երեք ամիս տևեց մինչև փոքր-ինչ ապաքինվեցի և տուն վերադարձա։
Ընտանիքս ինձ շատ է օգնում։ Երբ ես շատ ընկճված եմ լինում նրանք զվարճացնում են ինձ և մենք միասին ծիծաղում ենք դա շատ է օգնում։ Մայրս ու քույրերս օգնում են ինձ միշտ գեղեցիկ տեսք ունենալ, քանի որ ինքս չեմ կարող դա անել։ Ափսոսում եմ միայն, որ չեմ կարող բարձրակրունկ կոշիկներ հագնել։ Բայց մի անգամ, երբ փոքր էի և դեռ չոչ էի անում, բարձրակրունկներ հագա, սակայն ոչ թե ոտքերիս, այլ ձեռքերիս։ Պատկերացնում եք՝ ինչ ծիծաղելի էր։
Օտար լեզուներ եմ սովորում։ Ճիշտ է, սերֆինգ կամ սնոուբորդ չեմ քշում, բայց կարողանում եմ լողալ, ինչը մեծ բավականություն է պատճառում ինձ։ Լինելով Եհովայի վկա՝ սիրով դուրս եմ գալիս ծառայության և մարդկանց պատմում եմ իմ հավատի մասին։ Զգում եմ, որ մարդիկ շատ ուշադիր են լսում, երբ խոսում եմ նրանց հետ։ Մի խոսքով, փորձում եմ թույլ չտալ, որ իմ հիվանդությունը ստիպի ինձ մտածել, թե ինչեր չեմ կարողանում անել, այլ կենտրոնանում եմ այն ամենի վրա, ինչ կարողանում եմ անել։
Ծնողներս դեռ փոքրուց ինձ ասել են, որ իմ այս վիճակը ժամանակավոր է։ Վաղ տարիքից ես կերտել եմ իմ հավատը Եհովա Աստծու և նրա խոստման հանդեպ, որ վերջ կդնի բոլոր տառապանքներին, այդ թվում նաև իմ։ Դա ինձ ապրելու ուժ է տալիս (Հայտնություն 21:3, 4)։
Մտածիր։ Անաիսի պես ի՞նչ կարող ես անել, որ թույլ չտաս՝ քո առողջական խնդիրը «բնորոշի» քեզ։
ԺՈՒԼԻԱՆԱ
Ես ունեմ աուտոիմունային խանգարում։ Այս հիվանդությունը կարող է բացասաբար անդրադառնալ սրտի, թոքերի և արյան վրա։ Այն արդեն ախտահարել է իմ երիկամները։
Ես տասը տարեկան էի, երբ ինձ մոտ գայլախտ հայտնաբերվեց, որի պատճառով ցավեր ու տրամադրության տատանումներ եմ ունենում և հոգնածություն եմ զգում։ Երբեմն ես ինձ բոլորովին անպիտան եմ զգում։
Երբ 13 տարեկան էի, մի Եհովայի վկա եկավ մեր տուն։ Նա կարդաց Եսայիա 41:10 համարը, որտեղ Եհովա Աստված ասում է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ,.... արդար աջովս ամուր կբռնեմ քեզ»։ Այդ ժամանակվանից էլ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Այսօր՝ ութ տարի անց, ես ծառայում եմ Աստծուն իմ ամբողջ սրտով և որոշել եմ չթողնել, որ հիվանդությունս վերահսկի իմ կյանքը։ Զգում եմ, որ Եհովան տվել է ինձ «սովորականին գերազանցող ուժը», որպեսզի կարողանամ դրական տրամադրվածություն պահպանել (2 Կորնթացիներ 4:7)։
Մտածիր։ Ինչպե՞ս կարող է Եսայիա 41:10 համարը օգնել քեզ դրական տրամադրվածություն պահել, ինչպես որ օգնել է Ժուլիանային։