ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ինչո՞ւ հաշտ ապրեմ հարազատ եղբորս կամ քրոջս հետ
«Ամենալավ ու ամենավատ ընկերները»
Եղբայրների ու քույրերի մասին ասվում է, որ նրանք «ամենալավ ու ամենավատ ընկերներն են, որ մարդ երբևէ կարող է ունենալ»։ Դու սիրում ես նրանց, նրանք էլ քեզ են սիրում։ Բայց երբեմն դուք պարզապես չեք կարողանում լեզու գտնել իրար հետ։ «Փոքր եղբայրս նյարդայնացնում է ինձ,— ասում է 18-ամյա Հելենան։— Նա շատ լավ գիտի՝ ինչ ասել կամ անել, որ ինձ հունից հանի»։
Որոշ եղբայրներ կամ քույրեր իրենց միջև ծագած վեճերը կարողանում են հարթել՝ պարզապես զրուցելով կամ տվյալ հարցի հետ կապված ընդհանուր համաձայնության գալով։ Տեսնենք մի քանի օրինակ։
Երկու եղբայր, որոնք նույն սենյակում են ապրում, վիճում են առանձնություն ունենալու հարցի շուրջ։ Ինչպե՞ս լուծել ծագած խնդիրը։ Սովորեք զիջել իրար և հարգեք առանձնություն ունենալու դիմացինի իրավունքը։ Կիրառեք Ղուկաս 6:31-ում արձանագրված աստվածաշնչյան սկզբունքը։
Երկու քույր առանց հարցնելու վերցնում են միմյանց հագուստը։ Ինչպե՞ս լուծել ծագած խնդիրը։ Իրար հետ խոսեք այդ մասին և ողջամիտ սահմաններ դրեք։ Կիրառեք 2 Տիմոթեոս 2:24-ում արձանագրված աստվածաշնչյան սկզբունքը։
Որոշ դեպքերում վեճերը ավելի լուրջ են լինում, և կարող են վատ հետևանքներ ունենալ։ Նկատի առնենք Աստվածաշնչից երկու օրինակ։
Մարիամն ու Ահարոնը նախանձով լցվեցին իրենց եղբոր՝ Մովսեսի հանդեպ, ինչը աղետալի հետևանքներ ունեցավ։ Կարդա Թվեր 12:1–15-ում գրված պատմությունը։ Այնուհետև ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ կարող եմ անել, որ չնախանձեմ եղբորս կամ քրոջս»։
Կայենը այնքան մեծ բարկությամբ լցվեց իր եղբայր Աբելի հանդեպ, որ սպանեց նրան։ Կարդա Ծննդոց 4:1–12-ում գրված պատմությունը։ Այնուհետև ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող եմ վերահսկել ինձ, որ չբարկանամ եղբորս կամ քրոջս վրա»։
Երկու պատճառ հաշտ ապրելու համար
Անկախ նրանից, թե քեզ համար որքան դժվար է լեզու գտնել եղբորդ կամ քրոջդ հետ, կա առնվազն երկու պատճառ, թե ինչու արժե ջանք թափել դա անելու համար։
Այդպես վարվելը հասունության նշան է։ «Երկու փոքր քույրերս ինձ արագ հունից հանում էին,— ասում է Ալեքս անունով մի երիտասարդ։— Հիմա կարողանում եմ հանգստություն պահպանել և համբերատար լինել նրանց հետ։ Կարելի է ասել՝ ավելի հասուն եմ դարձել»։
Աստվածաշունչն ասում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է, բայց անհամբեր մարդը մեծարում է հիմարությունը» (Առակներ 14:29)։
Լավ փորձ է ապագայի համար։ Եթե չես կարողանում հանդուրժել եղբորդ կամ քրոջդ թերությունները, ինչպե՞ս կվարվես կողակցիդ, գործընկերոջդ, գործատիրոջդ կամ ցանկացած մեկի հետ, ում հետ ապագայում կշփվես։
Իրողություն։ Ապագայում կկարողանաս մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ ունենալ, թե ոչ, կախված է նրանից, թե արդյոք կկարողանաս ճիշտ հաղորդակցվել և համաձայնության գալ նրանց հետ։ Ընտանիքը լավագույն տեղն է այդպիսի հմտություններ զարգացնելու համար։
Աստվածաշունչն ասում է. «Որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12:18)։
Քեզ օգնություն հարկավո՞ր է։ Կարդա «Ինչ են ասում հասակակիցներդ» ենթավերնագիրը և «Լեզու գտիր հարազատ եղբորդ կամ քրոջդ հետ» գրառումների էջը։