Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ զսպել բարկությունս

Ինչպե՞ս կարող եմ զսպել բարկությունս

 Թեստ

  •  Որքա՞ն հաճախ ես բարկանում

    •  գրեթե երբեք

    •  հազվադեպ

    •  ամեն օր

  •  Ինչպե՞ս կբնութագրես քո բարկության աստիճանը

    •  գոլ

    •  տաք

    •  եռման

  •  Ո՞ւմ վրա ես մեծ մասամբ բարկանում

    •  ծնողիդ

    •  եղբորդ կամ քրոջդ

    •  ընկերոջդ

 Եթե տեսնում ես, որ բարկությունդ զսպելու հետ կապված խնդիր ունես, այս հոդվածը կօգնի քեզ։ Նախ տեսնենք մի քանի պատճառ, թե ինչու է կարևոր հանդարտություն պահել, նույնիսկ երբ բարկացնում են։

 Ինչու է կարևոր

 Քո առողջությունը։ Առակներ 14:30-ում ասվում է. «Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար»։ Իսկ դրան հակառակ՝ «բարկությունը կարող է անմիջականորեն ազդել սիրտ-անոթային համակարգի վրա՝ ախտահարելով այն», ինչպես ասվում է բժշկական մի պարբերականում (Journal of Medicine and Life)։

 Քո ընկերները։ Աստվածաշունչն ասում է. «Բարկության տեր մարդու հետ մի՛ ընկերացիր և դյուրագրգիռ մարդու հետ մի՛ հաղորդակցվիր» (Առակներ 22:24)։ Ուստի եթե բարկացկոտ ես, մի՛ զարմացիր, որ մարդիկ խուսափում են քեզնից։ Ժասմին անունով մի աղջիկ ասում է. «Եթե չսովորես տիրապետել քեզ, կկորցնես լավ ընկերներ»։

 Քո հեղինակությունը։ Էթան անունով մի երիտասարդ ասում է. «Եթե չկարողանաս զսպել բարկությունդ, ապա այդ մասին կիմանան ուրիշները և քո մասին համապատասխան կարծիք կկազմեն»։ Իսկ դու ինչպիսի՞ն կուզես, որ ճանաչեն քեզ՝ սառը դատող խաղաղարար անձնավորություն, թե վառոդի տակառ։ Աստվածաշունչն ասում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է, բայց անհամբեր մարդը մեծարում է հիմարությունը» (Առակներ 14:29

Ոչ ոք չի ցանկանում լինել մեկի շրջապատում, ով բռնկուն բնավորություն ունի

 Ինչ կարող ես անել

 Նկատի առ հետևյալ աստվածաշնչյան մեջբերումները և այն, թե ինչ են ասում երիտասարդները, այնուհետև տուր քեզ նշված հարցերը։

  •   Առակներ 29:22։ «Բարկությանն անձնատուր եղած մարդը կռիվ է հարուցում, և նա, ով հակված է զայրանալու, շատ հանցանքներ ունի»։

     «Վաղ պատանեկան տարիքում չափազանց դժվար էր ինձ համար տիրապետել էմոցիաներս ու չբարկանալ։ Հորս կողմից մեր բարեկամները նույն խնդիրն ունեն։ Այդ գիծը մեր մեջ ժառանգական է։ Մեզ համար զայրույթը զսպելը շատ դժվար է» (Քերի)։

     Բարկանալու հակում ունե՞մ։ Եթե իմ լավ կողմերը, որոնց համար ինձ գովում են, վերագրում եմ ինձ, ապա որքանո՞վ է տրամաբանական վատ հատկությունների համար մեղքը գցել գեների վրա։

  •   Առակներ 15:1: «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը, բայց ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում»։

     «Գաղտնիքն այն է, որ սովորես վերահսկել քո էմոցիաները։ Եթե քո մեջ մեղմ անձնավորություն մշակես և կենտրոնանաս դրականի վրա, ապա բարկությունդ զսպելը խնդիր չի լինի» (Դարիլ)։

     Երբ բարկացնում են, ինչո՞ւ է վճռորոշ այն, թե ինչպես եմ անմիջապես արձագանքում։

  •   Առակներ 26:20: «Փայտ չլինելիս կրակը հանգչում է»։

     «Երբ հանգիստ եմ պատասխանում, սովորաբար դիմացինս հանդարտվում է, և կարողանում ենք առանց բուռն էմոցիաների խոսել ու իրար հասկանալ» (Ժասմին)։

     Ինչպե՞ս է իմ խոսքը կամ վարմունքը ավելի բորբոքել թեժ մթնոլորտը։

  •   Առակներ 22:3: «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում»։

     «Երբեմն զգում եմ, որ պետք է հեռանամ, հանգիստ մտածեմ պատահածի շուրջ ու հետո, երբ զգացմունքներս հանդարտվեն, անդրադառնամ խնդրի լուծմանը» (Գարի)։

     Լարված իրավիճակում ե՞րբ է հեռանալու ամենահարմար պահը՝ առանց տպավորություն թողնելու, թե արհամարհում ես դիմացինիդ։

  •   Հակոբոս 3:2. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում»։

     «Մենք պետք է ոչ միայն զղջանք մեր սխալների համար, այլև դաս քաղենք դրանցից։ Երբ սայթաքում ենք, պիտի անմիջապես ոտքի կանգնենք և վճռենք մյուս անգամ նույն սխալը չանել» (Քերի)։

 Առաջարկ։ Նպատակ դիր մի կոնկրետ ժամանակ, օրինակ՝ մի ամիս, զսպել էմոցիաներդ և չբարկանալ, ինչ էլ պատահի։ Օրագիր պահիր և հետևիր, թե ինչ հաջողությունների ես հասնում։