Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ժամադրություն—Մաս 2։ Ինչի՞ն պետք է պատրաստ լինեմ ժամադրվելիս

Ժամադրություն—Մաս 2։ Ինչի՞ն պետք է պատրաստ լինեմ ժամադրվելիս

 Դու հրապուրված ես ինչ-որ մեկով։ Երկուսդ որոշել եք ժամադրվել, որպեսզի պարզեք, թե արդյոք համապատասխան եք իրար։ Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենաս, մինչ ձեր մտերմությունը խորանում է։

Այս հոդվածում՝

 Պատրաստ եղիր անկեղծ զրույցների

 Միասին ժամանակ անցկացնելիս դուք շատ բան կիմանաք իրար մասին։ Որոշ բաներ էլ կնկատեք՝ հետևելով միմյանց վարքագծին։

 Սակայն կան թեմաներ, որոնց մասին պետք է անկեղծորեն խոսեք։ Այդ զրույցների ժամանակ փորձիր հնարավորինս օբյեկտիվ լինել և թույլ մի՛ տուր, որ զգացմունքներդ մթագնեն առողջ դատողությունդ։

 Թեմաներ, որոնք պետք է քննարկեք.

  •   Ֆինանսներ։ Ունե՞ս պարտքեր։ Դժվարանո՞ւմ ես իմաստնորեն ծախսել փողը։ Եթե ամուսնանաք, դու և կողակիցդ ինչպե՞ս եք որոշումներ կայացնելու եկամտի և ծախսերի վերաբերյալ։

  •   Առողջություն։ Ունե՞ս լավ առողջություն։ Անցյալում ունեցե՞լ ես առողջական լուրջ խնդիրներ։

  •   Նպատակներ։ Ինչպե՞ս ես ցանկանում անցկացնել կյանքդ։ Արդյոք քո նպատակները համընկնո՞ւմ են ընկերոջդ կամ ընկերուհուդ նպատակների հետ։ Եթե ամուսնությունից հետո հանգամանքներդ թույլ չտան հասնելու նպատակներիդ, կկարողանա՞ս պահպանել ուրախությունդ։

  •   Ընտանիք։ Ներկայումս ունե՞ս ընտանեկան պարտականություններ։ Քո կարծիքով՝ ապագայում ի՞նչ պարտականություններ գուցե ունենաս։ Ցանկանո՞ւմ ես երեխաներ ունենալ։ Եթե այո, ապա քանի՞սը։

 Այս թեմաները քննարկելիս լիովին անկեղծ ու բաց եղիր։ Պարզապես լավ տպավորություն թողնելու համար մի՛ թաքցրու կամ աղավաղիր փաստերը (Եբրայեցիներ 13։18

 Մտածիր։ Ի՞նչ պետք է իմանաս այն անհատի մասին, ում հետ ժամադրվում ես։ Իսկ նա՞ ինչ պետք է իմանա քո մասին։ Ազնիվ լինելը ինչպե՞ս կարող է բաց հաղորդակցության ճանապարհ հարթել, եթե հետագայում որոշեք ամուսնանալ։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփեսացիներ 4։25

 «Աղջիկը գուցե մտածի՝ «Երևի վեց ամսից կնշանվենք», իսկ տղան միգուցե մտածի, որ դրան դեռ մեկ տարի կա։ Այդ դեպքում աղջկա զգացմունքները հնարավոր է՝ խոցվեն, ու նա շփոթության մեջ հայտնվի, քանի որ ակնկալել է, թե տղան ավելի շուտ առաջարկություն կանի։ Կարևոր է, որ այդ հարցում երկուսն էլ մի մտքի լինեն» (Արիանա, ամուսնացած է 1 տարի)։

 Պատրաստ եղիր տեսակետների տարբերությունների

 Չկան երկու իրար նման մարդիկ։ Ուստի մի՛ սպասիր, որ երկուսդ էլ բոլոր հարցերի վերաբերյալ նույն տեսակետը կամ նույն վերաբերմունքը կունենաք։ Մշակույթը, դաստիարակությունը և նմանատիպ այլ գործոններ ազդում են մարդու տեսակետի վրա։

 Մտածիր։ Եթե փոքր հարցերի վերաբերյալ ձեր կարծիքները տարբերվում են, և դրանց առնչվող աստվածաշնչյան որևէ հստակ սկզբունք չկա, արդյոք պատրա՞ստ ես զիջելու հանուն խաղաղության։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլորին» (Փիլիպպեցիներ 4։5

 «Նույնիսկ եթե թվում է, թե «իդեալական» զույգ եք, միևնույն է, կլինեն հարցեր, որոնց վերաբերյալ տարբեր կարծիքներ կունենաք։ Թեև իրար համապատասխան լինելը կարևոր է, սակայն տարաձայնությունների ժամանակ յուրաքանչյուրիդ դրսևորած հատկությունները ավելի կարևոր են» (Մեթյու, ամուսնացած է 5 տարի)։

 Պատրաստ եղիր ժամադրության բերած սթրեսներին

 Ժամադրությունը, ինչ խոսք, քեզանից շատ ժամանակ կպահանջի և գուցե սթրես պատճառի։ Ի՞նչը կարող է օգնել քեզ։

 Ողջամիտ սահմաններ դիր։ Այնքան մի՛ տարվիր ժամադրությամբ, որ մոռանաս քո պարտականությունները կամ ընկերներին։ Ալանան, ով ամուսնացած է 5 տարի, ասում է. «Ամուսնությունից հետո դու դեռ ունենալու ես ընկերներիդ կարիքը, նրանք էլ՝ քոնը։ Ուստի մի՛ անտեսիր նրանց զուտ այն պատճառով, որ սկսել ես ժամադրվել»։

 Հիշիր, երբ ամուսնանաս, պետք է հավասարակշռես կյանքիդ բոլոր բնագավառները։ Ինչո՞ւ չփորձես հասնել այդ նպատակին արդեն իսկ ժամադրության ընթացքում։

 Մտածիր։ Արդյոք չափից շատ ժամանակ և ուշադրություն չե՞ս պահանջում այն անհատից, ում հետ ժամադրվում ես։ Իսկ նա, քո կարծիքով, չափազանց պահանջկո՞տ է։ Ինչպե՞ս կարող եք երկուսդ էլ խոհեմություն դրսևորել, որպեսզի ձեր հարաբերությունները էմոցիոնալ առումով չսպառեն ձեզ կամ բեռ չդառնան։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն ինչ իր ժամանակն ունի.... ամեն գործի համար ժամանակ կա» (Ժողովող 3։1

 «Եթե ժամադրվելիս միայն զվարճանաք, ապա ամուսնությունը կարող է սառը ցնցուղի պես լինել։ Լավ կլինի, որ չկտրվեք իրական կյանքից և զբաղվեք առօրյա գործերով, ինչպիսիք են առևտուրը, տնային գործերը կամ միասին երկրպագությանը մասնակցելը։ Դա կարող է օգնել ձեզ, որ ամուսնության համար ամուր հիմք գցեք» (Դանիել, ամուսնացած է 2 տարի)։

 Հիշիր, մտերմության շրջանը մի ժամանակահատված է, որը կօգնի քեզ կարևոր որոշում ընդունել. ամուսնանա՞լ, թե՞ վերջ դնել ռոմանտիկ հարաբերություններին։ Այս հոդվածաշարի 3-րդ մասում կխոսվի այն հարցերի մասին, որոնք պետք է հաշվի առնես այդ որոշումը կայացնելիս։