Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ պետք է աղոթեմ

Ինչո՞ւ պետք է աղոթեմ

 Համաձայն մի հարցման՝ Ամերիկայում դեռահասների 80 տոկոսը աղոթում է, բայց նրանցից միայն կեսն է դա անում ամեն օր։ Անկասկած, նրանցից ոմանք կուզեին իմանալ. «Աղոթքը թեթևացում զգալու միջո՞ց է, թե՞ ավելին»։

 Ի՞նչ է աղոթքը

 Աղոթքը իրական հաղորդակցություն է Արարչի հետ, որը ստեղծել է ամեն բան։ Միայն մտածիր, թե ինչ է դա նշանակում։ Եհովան մարդկանց գերազանցում է ամեն ինչում, սակայն «նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17:27)։ Իրականում, Աստվածաշնչում այս հիանալի հորդորն է տրվում. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4:8

 Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն։

  •   Միջոցներից մեկը աղոթքն է. այդպես դու խոսում ես Աստծու հետ։

  •   Մեկ ուրիշ միջոց է Աստվածաշնչի ուսումնասիրությունը. այդպես Աստված է «խոսում» քեզ հետ։

 Այս երկկողմանի հաղորդակցությունը՝ աղոթքն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը, կօգնեն քեզ ամուր ընկերական փոխհարաբերություններ զարգացնելու Աստծու հետ։

 «Եհովայի՝ Բարձրյալի հետ հաղորդակցվելը մարդկությանը տրված մեծագույն առանձնաշնորհումներից մեկն է» (Ջերեմի)։

 «Երբ իմ ամենախոր զգացումների մասին աղոթքի միջոցով պատմում եմ Եհովային, ավելի եմ մտերմանում նրա հետ» (Միրանդա)։

 Աստված լսո՞ւմ է աղոթքները

 Նույնիսկ եթե հավատում ես Աստծուն և աղոթում ես նրան, գուցե դժվարությամբ ընդունես, որ նա լսում է քո աղոթքը։ Սակայն, իրականում, Աստվածաշունչը Եհովայի մասին ասում է, որ նա «աղոթքներ Լսող» է (Սաղմոս 65:2)։ Այն նույնիսկ հորդորում է քեզ «ամբողջ հոգսը նրա վրա գցել»։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչն ասում է. «Որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5:7

 Մտածիր։ Ժամանակ հատկացնո՞ւմ ես մտերիմ ընկերոջդ հետ կանոնավորաբար խոսելու համար։ Նույնն է Աստծու հետ հաղորդակցվելու պարագան։ Կանոնավորաբար խոսիր նրա հետ աղոթքի միջոցով և գործածիր նրա անունը՝ Եհովա (Սաղմոս 86:5–7; 88:9)։ Այո՛, Աստվածաշունչը հորդորում է. «Անդադար աղոթեք» (1 Թեսաղոնիկեցիներ 5:17

 «Աղոթքը հաղորդակցություն է իմ երկնային Հոր հետ։ Դրա միջոցով սիրտս ամբողջությամբ բացում եմ նրա առաջ» (Մոյսես)։

 «Ես խոսում եմ Եհովայի հետ խոր զգացմունքներիս մասին, ինչպես որ կխոսեի մորս կամ շատ մտերիմ ընկերոջս հետ» (Քերըն)։

 Ինչի՞ մասին կարող եմ աղոթել

 Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4:6

 Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կարող ես աղոթել քո խնդիրների մասին։ Այո՛։ Աստվածաշունչն ասում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55:22

 Ինչ խոսք, Աստծուն աղոթելիս չպետք է խոսես միայն խնդիրներիդ մասին։ «Եթե Եհովային միայն օգնության համար դիմեմ, դա մտերիմ ընկերություն չի լինի,— ասում է Չենթել անունով մի երիտասարդ աղջիկ։— Կարծում եմ, որ նախ պետք է շնորհակալություն հայտնեմ, և դա անելու պատճառների ցուցակը երկար պետք է լինի»։

 Մտածիր։ Ինչերի՞ համար ես շնորհակալ Աստծուն։ Ի՞նչ երեք բաների մասին կարող ես այսօր շնորհակալություն հայտնել Եհովային։

 «Նույնիսկ ամենապարզ բանը, օրինակ՝ գեղեցիկ ծաղկով հիանալը կարող է մղել մեզ աղոթքում շնորհակալություն հայտնելու Եհովային» (Անիտա)։

 «Խորհիր որևէ ստեղծագործության մասին, որը քեզ տպավորել է, կամ աստվածաշնչյան որևէ համարի մասին, որը հասել է սրտիդ, և ապա շնորհակալություն հայտնիր Եհովային դրա համար» (Բրայան)։