ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ինչպե՞ս պայքարել դեպրեսիայի դեմ
Ճիշտ քայլեր ձեռնարկելու դեպքում դու բավականին լավ կզգաս քեզ։
Ինչպե՞ս կվարվես
Պատկերացրու հետևյալ իրավիճակները։
Ոչինչ այլևս չի ուրախացնում Ջենիֆերին։ Առանց ակնհայտ պատճառի նա լաց է լինում և չի կարողանում զսպել արցունքները։ Նա խուսափում է մարդկանցից և գրեթե ոչինչ չի ուտում։ Ջենիֆերի համար դժվար է քնել կամ կենտրոնանալ ինչ-որ բանի վրա։ Նա մտածում է. «Ի՞նչ է ինձ հետ կատարվում։ Երբևէ դուրս կգա՞մ այս վիճակից»։
Մարկը օրինակելի աշակերտ էր։ Բայց այժմ նա ատում է դպրոցը, նա գնալով ավելի ցածր գնահատականներ է ստանում։ Մարկը ուժ չունի սպորտով զբաղվելու, ինչը մի ժամանակ նրան հաճույք էր պատճառում։ Նրա ընկերները շփոթության մեջ են, ծնողները՝ անհանգիստ։ Դա անցողիկ մի բա՞ն է, թե՞ նրա հետ ավելի լուրջ բան է կատարվում։
Դու է՞լ ես Ջենիֆերի ու Մարկի նման հաճախ այդպիսի զգացումներ ունենում։ Եթե այո, ի՞նչ կարող ես անել։ Դու ունես հետևյալ երկու տարբերակները։
Ա. Պայքարել ինքնուրույն
Բ. Խոսել չափահաս անհատի հետ, ում վստահում ես
Տարբերակ Ա-ն գուցե ցանկալի լինի, հատկապես եթե դու չես ուզում խոսել։ Բայց արդյո՞ք դա իմաստուն ընտրություն է։ Աստվածաշունչն ասում է. «Երկուսով ավելի լավ է, քան մենակ.... Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի։ Բայց ի՞նչ կպատահի, եթե մեկն ընկնի և նրան բարձրացնող չլինի» (Ժողովող 4:9, 10)։
Տեսնենք մի օրինակ։ Ենթադրենք դու մոլորվել ես մի թաղամասում, որտեղ շատ հանցագործություններ են լինում։ Մութ է։ Ամենուրեք անծանոթ մարդիկ են։ Ինչպե՞ս կվարվես։ Կփորձե՞ս ինքնուրույն գտնել ճանապարհը։ Մի՞թե ավելի խելամիտ չի լինի վստահելի մեկին խնդրել, որ օգնի։
Դեպրեսիան շատ նման է այդ վտանգավոր թաղամասին։ Ճիշտ է, դու ժամանակ առ ժամանակ գուցե տխրություն զգաս, և հնարավոր է՝ այն ինքն իրեն անցնի, բայց եթե թախիծդ երկարատև է, ավելի լավ է դիմել օգնության։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Մեկուսացող մարդը.... ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս» (Առակներ 18:1)։
Տարբերակ Բ-ի՝ ծնողի կամ մեկ ուրիշ վստահելի չափահաս անձնավորության հետ խոսելու առավելությունն այն է, որ դու կարող ես օգուտ քաղել մեկի փորձից, ով հաղթահարել է բացասական զգացումները։
Գուցե ասես. «Բայց իմ ծնողները ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է նշանակում այդպիսի զգացումներ ունենալ»։ Վստա՞հ ես, որ դա այդպես է։ Նույնիսկ եթե պատանեկության տարիներին նրանց հանգամանքները ուրիշ են եղել, հնարավոր է՝ նրանք ունեցել են այն նույն զգացումները, որ հիմա դու ունես, և կարող են քեզ մի ելք ցույց տալ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Մի՞թե տարեցները իմաստություն չունեն, և մի՞թե երկար օրեր ապրածները հասկացողություն չունեն» (Հոբ 12:12)։
Գլխավոր միտքը։ Եթե խոսես ծնողիդ կամ մեկ ուրիշ վստահելի չափահաս անձնավորության հետ, հավանաբար գործնական խորհուրդներ կստանաս։
Ի՞նչ անել, եթե դա առողջական խնդիր է
Եթե ամեն օր քեզ ընկճված ես զգում, գուցե առողջական խնդիր ունես, օրինակ՝ դեպրեսիա, որը հարկավոր է բուժել։
Պատանեկության շրջանում դեպրեսիայի ախտանիշները կարող են նման լինել սովորական տրամադրության անկման, բայց դրանք ավելի արտահայտված ու տևական են լինում։ Ուստի եթե թախիծդ խորն է և չի նահանջում, լավ կլինի՝ խոսես ծնողներիդ հետ այն մասին, որ ուզում ես բժշկի օգնությանը դիմել։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9:12)։
Եթե բժիշկը ախտորոշի դեպրեսիա, կարիք չկա ամաչելու։ Դեպրեսիան երիտասարդների շրջանում տարածված բան է, բայց այն բուժելի է։ Իսկական ընկերներդ չեն հիասթափվի քեզնից։
Առաջարկ։ Համբերատար եղիր։ Ապաքինվելու համար ժամանակ է հարկավոր, և դու պետք է ակնկալես, որ կլինեն թե՛ լավ և թե՛ վատ օրեր։ a
Ինչպե՞ս ապաքինվել
Անկախ այն բանից՝ բժշկական օգնության կարիք ունես, թե ոչ, կա մի քանի բան, որ կարող ես անել երկարատև թախիծդ փարատելու համար։ Օրինակ՝ կանոնավորաբար մարմնամարզություն անելը, առողջ սննդակարգ ունենալը և բավականաչափ քնելը կարող են կայունացնել քո հուզաշխարհը (Ժողովող 4:6; 1 Տիմոթեոս 4:8)։ Գուցե նաև օգտակար համարես հուշատետր պահել, որում կգրես քո զգացումների, բուժման հետ կապված նպատակների, ձախողումների և հաջողությունների մասին։
Անկախ նրանից՝ տառապում ես դեպրեսիայով, թե անցնում ես այնպիսի ժամանակներով, որոնք էմոցիոնալ առումով հյուծում են քեզ, հիշի՛ր. ընդունելով ուրիշների օգնությունը և բուժվելու համար քայլեր ձեռնարկելով՝ դու կարող ես պայքարել դեպրեսիայի դեմ։
Աստվածաշնչյան համարներ, որոնք կարող են օգնել
«Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34:18)։
«Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» (Սաղմոս 55:22)։
«Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Եսայիա 41:13)։
«Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին» (Մատթեոս 6:34)։
«Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերը» (Փիլիպպեցիներ 4:6, 7)։
a Եթե ինքնասպանություն գործելու մասին մտքեր ես ունենում, անմիջապես դիմիր չափահաս անհատի օգնությանը, ում վստահում ես։ Այս մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար տես 2014թ. ապրիլի «Արթնացե՛ք»-ի՝ չորս մասից բաղկացած «Ինչո՞ւ արժե ապրել» հոդվածաշարը։