ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ինչպե՞ս կարող եմ հավասարակշռված սննդակարգ ունենալ
Հավանաբար գիտես, որ անհավասարակշիռ սննդակարգը կարող է վնաս հասցնել առողջությանդ։ Անառողջ սնունդ օգտագործող պատանիները հաճախ հասուն տարիքում էլ են հետևում նույն սննդակարգին, ուստի լավ կլինի, որ այսօր իսկ առողջ սնունդ օգտագործելու սովորություն զարգացնես։
Ի՞նչ է հավասարակշռված սննդակարգը
Աստվածաշունչը պատվիրում է «սովորությունների մեջ չափավոր» լինել, և դա վերաբերում է նաև ուտելու մեր սովորություններին (1 Տիմոթեոս 3։11)։ Այս սկզբունքն ի մտի ունենալով՝ լավ կլինի իմանալ հետևյալը։
Հավասարակշռված սննդակարգում ընդգրկված են սննդամթերքների բոլոր խմբերը։ Սննդամթերքների հինգ խմբերը ներառում են կաթնամթերք, սպիտակուցներ, մրգեր, բանջարեղեն և հացահատիկ։ Որոշ մարդիկ իրենց սննդակարգից բացառում են սննդամթերքների մեկ կամ ավելի խմբեր՝ մտածելով, որ դա կօգնի իրենց քաշ գցել։ Բայց այդպիսի մոտեցման պատճառով օրգանիզմդ կարող է զրկվել անհրաժեշտ սննդարար նյութերից։
Փորձիր հետևյալը։ Փնտրտուքներ արա կամ խորհրդակցիր բժշկիդ հետ՝ իմանալու համար սննդի մեջ եղած տարբեր նյութերի օգտակարության մասին։ Նկատի առ հետևյալը։
Ածխաջրերը կարող են քեզ էներգիա տալ, սպիտակուցները՝ օրգանիզմիդ օգնել պայքարելու վարակների դեմ և ամրացնելու ու վերականգնելու հյուսվածքները։ Ճիշտ քանակությամբ որոշ ճարպեր կարող են նվազեցնել սրտի հիվանդությունների վտանգը և պահպանել քո լավ ինքնազգացողությունը։
«Ես փորձում եմ հավասարակշռված ձևով սնվել՝ օգտվելով սննդամթերքների բոլոր խմբերից։ Նաև չեմ մտածում, որ երբեմն շոկոլադ կամ ֆասթ ֆուդ ուտելը սխալ է։ Բայց մարդու սննդակարգը չպետք է միայն այդպիսի բաներից բաղկացած լինի։ Հավասարակշռված լինելը միշտ էլ լավ է» (Բրենդա)։
Հավասարակշռված սննդակարգը զերծ է ծայրահեղություններից։ Այդ ծայրահեղություններից են, օրինակ, թերսնվելը, սովի մատնվելուց հետո միանգամից շատ ուտելը կամ սիրած բաներից մեկընդմիշտ հրաժարվելը։
Փորձիր հետևյալը։ Մեկ ամիս ուշադրություն դարձրու, թե ինչպես ես սնվում։ Որքա՞ն հաճախ ես ընկնում վերոնշյալ ծայրահեղություններից մեկի մեջ։ Ի՞նչ փոփոխություններ կարող ես անել հավասարակշռված սննդակարգ ունենալու համար։
«Ես ծայրահեղությունների մեջ էի ընկնում։ Մի քանի օր օգտագործում էի շատ բարձր կալորիականությամբ սնունդ, մի քանի օր՝ շատ ցածր։ Ի վերջո որոշեցի այլևս չհաշվել կալորիաները, զգույշ լինել, որ չափից շատ չուտեմ, և դադարել ուտելուց, երբ զգում եմ, որ արդեն կուշտ եմ։ Դրա համար ժամանակ պահանջվեց, բայց այժմ ես հավասարակշռված սննդակարգ ունեմ» (Հեյլի)։
Ինչպե՞ս կարող եմ հետևել հավասարակշռված սննդակարգի
Նախօրոք մտածիր։ Աստվածաշունչն ասում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։ Առողջ սնունդ օգտագործելու սովորություն զարգացնելու համար հարկավոր է նախապես ծրագրել, թե ինչպես ես սնվելու։
«Առողջարար սնունդ ուտելու համար հարկավոր է ամեն ինչ նախապես կազմակերպել։ Այդպիսի սնունդը հաճախ տանն է պատրաստվում։ Թեև դժվար է, սակայն արժե ջանքեր թափել, և այդպես հնարավոր է նաև փող տնտեսել» (Թոմաս)։
Անառողջ սնունդը փոխարինիր առողջ սննդով։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստություն.... պահպանիր» (Առակներ 3։21)։ Իմաստությունը կօգնի քեզ լինելու հնարամիտ և գտնելու առողջ կերպով սնվելու արդյունավետ մեթոդներ, որոնք լավագույնն են քեզ համար։
«Ես ամեն օր սկսեցի անառողջ մեկ կերակուր փոխարինել առողջով, օրինակ՝ շոկոլադե սալիկ ուտելու փոխարեն՝ խնձոր ուտել։ Կարճ ժամանակ անց ամեն օր սկսեցի բազմաթիվ առողջ փոփոխություններ անել» (Կիա)։
Ողջամիտ ակնկալիքներ ունեցիր։ Աստվածաշունչն ասում է. «Ուրախությամբ հացդ կեր» (Ժողովող 9։7)։ Հավասարակշռված սննդակարգ ունենալը չպետք է խանգարի, որ հաճույք ստանաս ուտելուց, և չպետք է ստիպի քեզ մտատանջվել քո ճաշակած ամեն մի պատառի պատճառով։ Նույնիսկ եթե կարիք ունես քաշ գցելու, հիշիր, որ քո նպատակը առողջ լինելն է։ Ողջամիտ ակնկալիքներ ունեցիր ինքդ քեզնից։
«Վերջերս 30 ֆունտ նիհարել եմ և այդ ընթացքում ինձ ոչ մի անգամ սովի չեմ մատնել, սննդի որևէ խումբ չեմ անտեսել և մեղավորության զգացում չեմ ունեցել աղանդեր ուտելու պատճառով։ Ես գիտեի, որ դա արագ չի լինի, և պետք է արմատապես փոխեմ իմ ապրելակերպը» (Մելանի)։