Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ հեռավար ուսուցումս արդյունավետ դարձնել

Ինչպե՞ս կարող եմ հեռավար ուսուցումս արդյունավետ դարձնել

 Այժմ շատ աշակերտների համար իրենց տունը դարձել է իրենց «դասասենյակը»։ Եթե դա քեզ էլ է վերաբերում, ապա ինչպե՞ս կարող ես հեռավար ուսուցումդ արդյունավետ դարձնել։ Ահա մի քանի առաջարկ։ a

 Հինգ առաջարկ, որոնք կօգնեն քեզ հաջողության հասնել

  •   Պլանավորիր օրդ։ Կանոնավոր գրաֆիկ ունեցիր և հետևիր դրան, ինչպես որ դպրոցում էիր անում։ Ժամանակ սահմանիր տնային աշխատանքներիդ, տնային գործերի և այլ կարևոր բաների համար։ Անհրաժեշտության դեպքում կարող ես փոխել գրաֆիկդ։

     Աստվածաշնչյան սկզբունք։ «Ամեն ինչ թող.... կարգուկանոնով լինի» (1 Կորնթացիներ 14:40):

     «Օրդ այնպես պլանավորիր, կարծես դպրոցում ես, որ ամեն ինչ հասցնես» (Քեյթի)։

     Մտածիր։ Ինչո՞ւ է գրաֆիկ կազմելը և այն երևացող տեղում դնելը արդյունավետ միջոց։

  •   Ինքնակարգապահ եղիր։ Հասուն մարդ դառնալու համար պետք է սովորես անել նաև այն գործերը, որոնք անելու ցանկություն չունես։ Սովորիր նաև չհետաձգել դրանք։

     Աստվածաշնչյան սկզբունք։ «Ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք» (Հռոմեացիներ 12։11

     «Ամենադժվարը ինքնակարգապահությունն է։ Հեշտ է պատճառաբանություններ բերել և ասել՝ «Մի քիչ հետո կանեմ տնային աշխատանքս»։ Հետո այդպես էլ չես անում և դպրոցական ծրագրից հետ ես ընկնում» (Ալեքսանդրա)։

     Մտածիր։ Տնային աշխատանքդ ամեն օր նույն տեղում և նույն ժամին անելն ինչպե՞ս կարող է քեզ ավելի ինքնակարգապահ դարձնել։

  •   Դասերդ անելու համար քո անկյունն ունեցիր։ Ձեռքիդ տակ ունեցիր այն ամենն, ինչ անհրաժեշտ է դասերդ անելու համար։ Համապատասխան միջավայր ստեղծիր, սակայն ոչ չափազանց հարմարավետ։ Դու պետք է այդտեղ պարապես, ոչ թե քնես։ Եթե հնարավորություն չունես քո անկյունը ստեղծել տնային առաջադրանքներդ կատարելու համար, գուցե որոշես դասերդ խոհանոցում կամ ննջասենյակում անել։

     Աստվածաշնչյան սկզբունք։ «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5

     «Մի կողմ դիր գնդակդ, տեսախաղերդ և կիթառդ, հեռախոսդ էլ անձայն ռեժիմի վրա դիր։ Շատ կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ չես շեղվի (Էլիզաբեթ)։

     Մտածիր։ Ի՞նչ փոփոխություններ կարող ես անել, որ քո անկյունը քեզ տրամադրի սովորելուն։

  •   Սովորիր կենտրոնանալ։ Կենտրոնացիր մեկ առարկայի վրա և մի՛ փորձիր միանգամից մի քանի բան անել։ Եթե փորձես միաժամանակ մի քանի բան անել, ավելի շատ սխալներ կանես և ավելի շատ ժամանակ կծախսես։

     Աստվածաշնչյան սկզբունք։ «Ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։16

     «Երբ հեռախոսս մոտս էի պահում, չէի կարողանում կենտրոնանալ։ Անկարևոր բաների վրա շատ ժամանակ էի վատնում» (Օլիվիա)։

     Մտածիր։ Կարո՞ղ ես աստիճանաբար ավելի երկար ժամանակ կենտրոնացած մնալ միայն մեկ հանձնարարության վրա։

  •   Ընդմիջումներ արա։ Գնա զբոսանքի, հեծանիվ քշիր կամ մարմնամարզություն արա։ Հոբբին նույնպես կթարմացնի քեզ։ Մի գրքում ասվում է. «Առաջին հերթին գործերդ ավարտիր»։ «Ազատ ժամանակ քեզ ավելի հանգիստ ես զգում, եթե կիսատ գործեր չես ունենում» (School Power):

     Աստվածաշնչյան սկզբունք։ «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6

     «Դպրոցում կարող ես երաժշտական կամ նկարչական խմբակի հաճախել։ Չէի պատկերացնում, որ մի օր այդքան շատ կզգամ դրանց պակասը։ Դպրոցի դասերին զուգահեռ ստեղծագործական բաներով զբաղվելն օգտակար է» (Թեյլոր)։

     Մտածիր։ Ի՞նչ զբաղմունք կարող ես գտնել, որպեսզի դրանից հետո ավելի թարմացած անցնես դասերիդ։

a Հեռավար ուսուցման տարբեր ձևեր կան։ Օգտվիր հոդվածի այն առաջարկներից, որոնք կիրառելի են քո դեպքում։