ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ի՞նչ պետք է անեմ մկրտությունից հետո (մաս 1): Կանգ մի՛ առ
Արժեքավոր ունեցվածքը, օրինակ՝ տունը կամ մեքենան, պետք է լավ խնամել: Նույնը վերաբերում է նաև Աստծու հետ քո ընկերությանը: Ինչպե՞ս ես այն ամուր պահելու մկրտությունից հետո:
Այս հոդվածում՝
Շարունակիր ուսումնասիրել Աստծու Խոսքը
Աստվածաշնչյան համար. «Շարունակեք պտուղ բերել ամեն բարի գործում և ավելացնել Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները» (Կողոսացիներ 1։10)։
Ինչ է դա նշանակում։ Մկրտությունից հետո դու պետք է շարունակես կարդալ Աստծու Խոսքը և խորհրդածել կարդացածիդ շուրջ (Սաղմոս 25։4; 119։97)։
Ինչ ակնկալել։ Երբեմն գուցե ուսումնասիրություն անելու ցանկություն չունենաս։ Հնարավոր է՝ մտածես, որ ուսումնասիրություն անելը քեզ մոտ լավ չի ստացվում։
Ինչ կարող ես անել։ Խորությամբ ուսումնասիրիր այն թեմաները, որոնք հետաքրքրում են քեզ։ Անձնական ուսումնասիրության քո ծրագիրը կազմիր, այնպիսին, որը բեռ չի դառնա քեզ համար։ Քո նպատակը պետք է լինի խորացնել Եհովայի և նրա Խոսքի հանդեպ սերդ։ Այդպիսի ուսումնասիրությունը և՛ օգտակար է, և՛ հաճելի (Սաղմոս 16։11)։
Առաջարկ։ Ուսումնասիրությունից լավագույն օգուտները քաղելու համար ընտրիր այնպիսի վայր, որտեղ քեզ խանգարող կամ շեղող բան չի լինի։
Օգնությո՞ւն է պետք
Շարունակիր աղոթել Եհովային
Աստվածաշնչյան համար. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6)։
Ինչ է դա նշանակում։ Աստծու հետ հաղորդակցությունը երկկողմանի է։ Դու լսում ես նրան, երբ կարդում ես նրա Խոսքը, և խոսում ես նրա հետ, երբ աղոթում ես: Նկատի ունեցիր, որ կարող ես աղոթել քո կարիքների մասին, ինչպես նաև երախտագիտությունդ հայտնել Աստծուն նրա տված օրհնությունների համար։
Ինչ ակնկալել։ Երբեմն քո աղոթքները կարող են մեխանիկական բնույթ կրել: Գուցե նույնիսկ սկսես կասկածել, որ Եհովան իսկապես լսում է կամ ցանկանում է լսել քեզ (Սաղմոս 10։1)։
Ինչ կարող ես անել։ Օրվա ընթացքում մտածիր, թե ինչերի մասին կարող ես աղոթել։ Եթե հանգամանքներդ թույլ չեն տալիս տվյալ պահին երկար աղոթել, կարող ես մտապահել և ավելի ուշ աղոթել։ Քեզ համար կարևոր բաների մասին խնդրելուց բացի՝ աղոթիր նաև ուրիշների կարիքների մասին (Փիլիպպեցիներ 2։4)։
Առաջարկ։ Եթե քեզ թվում է՝ աղոթքներդ մեխանիկական են դարձել, աղոթիր Եհովային դրա մասին։ Նա ուզում է իմանալ քո բոլոր մտահոգությունները, այդ թվում՝ աղոթքների վերաբերյալ մտահոգություններդ (1 Հովհաննես 5։14)։
Օգնությո՞ւն է պետք
Կարդա
Բեռնիր
Շարունակիր պատմել հավատալիքներիդ մասին
Աստվածաշնչյան համար. «Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն.... որովհետև սա անելով՝ կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին» (1 Տիմոթեոս 4։16)։
Ինչ է դա նշանակում։ Ուրիշներին հավատալիքներիդ մասին պատմելիս դու կամրացնես քո հավատը։ Ինչպես նաև կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին։
Ինչ ակնկալել։ Երբեմն գուցե չցանկանաս խոսել հավատալիքներիդ մասին։ Հնարավոր է՝ նույնիսկ վախենաս խոսել, հատկապես՝ դպրոցում։
Ինչ կարող ես անել։ Վճռիր թույլ չտալ, որ բացասական զգացումները, օրինակ, վախը, ազդեն որոշումներիդ վրա։ Պողոս առաքյալը գրեց. «Բայց եթե [բարի լուրը քարոզելը] անում եմ հակառակ իմ կամքի, միևնույնն է, ինձ պարտականություն է հանձնված» (1 Կորնթացիներ 9։16, 17)։
Առաջարկ։ Ծնողներիդ թույլտվությամբ քո հավատակիցներից մեկին, որը օրինակելի քարոզիչ է, խնդրիր օգնել քեզ հմտանալ քարոզչական գործում (Առակներ 27։17)։
Օգնությո՞ւն է պետք
Շարունակիր հաճախել ժողովի հանդիպումներին
Աստվածաշնչյան համար. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները» (Եբրայեցիներ 10։24, 25)։
Ինչ է դա նշանակում։ Ժողովի հանդիպումներին հաճախելու մեր գլխավոր նպատակը Եհովային երկրպագելն է։ Սակայն դրանից բացի՝ կա ևս երկու պատճառ։ Առաջին՝ ժողովի հանդիպումներին դու քաջալերություն ես ստանում քո հավատակիցներից։ Երկրորդ՝ դու ես քաջալերում նրանց քո ներկայությամբ և մասնակցությամբ (Հռոմեացիներ 1։11, 12)։
Ինչ ակնկալել։ Երբեմն ժողովի հանդիպումներին միտքդ գուցե շեղվի այլ բաներով, և բաց թողնես շատ արժեքավոր տեղեկություններ։ Նաև գուցե որոշ պատճառներով, օրինակ՝ տնային հանձնարարություններիդ պատճառով կանոնավոր չհաճախես հանդիպումներին։
Ինչ կարող ես անել։ Դպրոցական հանձնարարությունները չանտեսելու հետ մեկտեղ կանոնավոր հաճախիր հանդիպումներին և նպատակ դիր դրանցից առավելագույն օգուտները քաղել։ Ձգտիր մեկնաբանություններ տալ։ Հանդիպումից հետո գովիր առնվազն մեկ մարդու իր մեկնաբանության կամ ներկայացրած առաջադրանքի համար։
Առաջարկ։ Նախապատրաստվիր հանդիպումներին։ Բեռնիր JW Library® հավելվածը և «Հանդիպումներ» բաժնում տես, թե ինչ է քննարկվելու։
Օգնությո՞ւն է պետք
Կարդա
«Ինչո՞ւ պետք է ժողով գնամ»