Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Մկրտվե՞մ, թե՞ ոչ (մաս 3): Ի՞նչն է ինձ խանգարում

Մկրտվե՞մ, թե՞ ոչ (մաս 3): Ի՞նչն է ինձ խանգարում

 Անհանգստանո՞ւմ ես, երբ մտածում ես Աստծուն նվիրվելու և մկրտվելու մասին։ Եթե այո, ապա այս հոդվածը կօգնի քեզ հաղթահարել այդ զգացումը։

Այս հոդվածում՝

 Իսկ եթե մկրտվելուց հետո լուրջ մեղք գործե՞մ

 Անհանգստության պատճառը։ Հնարավոր է՝ ճանաչում ես ինչ-որ մեկին, ով մկրտվելուց հետո լուրջ մեղք է գործել և զրկվել է ընկերակցությունից (1 Կորնթացիներ 5։11–13)։ Գուցե վախենում ես, որ քեզ հետ էլ նույնը կպատահի։

 «Երբ առաջին անգամ մտածեցի մկրտվելու մասին, մեղք գործելու միտքը վախեցրեց ինձ։ Պատկերացրի, թե դա ինչպես կազդի ծնողներիս վրա» (Ռեբեկա)։

 Գլխավոր համար. «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը.... Թող նա վերադառնա դեպի Եհովան, որը կողորմի նրան, ու դեպի մեր Աստվածը, որովհետև նա մեծահոգաբար կների» (Եսայիա 55։7

 Մտածիր։ Թեև չզղջացող քրիստոնյաները զրկվում են ընկերակցությունից, սակայն Եհովան ներում է խոնարհ մարդկանց, որոնք զղջում են և ցանկանում են ուղղվել (Սաղմոս 103։13, 14; 2 Կորնթացիներ 7։11

 Բացի այդ՝ նույնիսկ անկատար լինելով՝ դու Աստծու օգնությամբ կարող ես պայքարել մեղք գործելու գայթակղության դեմ (1 Կորնթացիներ 10։13)։ Վերջիվերջո դու ես որոշում՝ ինչպես վարվել։

 «Սկզբում վախենում էի, թե մկրտվելուց հետո հնարավոր է՝ լուրջ սխալ գործեմ, բայց հետո հասկացա, որ չմկրտվելով սխալ կգործեմ։ Սկսեցի գիտակցել, որ ապագայի անհանգստությունները չպետք է այսօր ինձ հետ պահեն ճիշտ որոշումներ կայացնելուց» (Քերըն)։

 Ամփոփում։ Եթե ցանկանաս, կարող ես խուսափել լուրջ սխալներ անելուց։ Եհովայի ծառաները իրենց կյանքով փաստում են սա (Փիլիպպեցիներ 2։12

 Հավելյալ օգնության կարիք ունե՞ս։ Տես «Ինչպե՞ս կարող եմ դիմադրել գայթակղությանը» հոդվածը։

 Ի՞նչ անեմ, եթե վախենում եմ հավելյալ պատասխանատվություններից

 Անհանգստության պատճառը։ Թերևս ճանաչում ես երիտասարդների, ովքեր իրենց ծառայությունը ընդլայնելու համար տեղափոխվել են հեռավոր վայրեր։ Գուցե անհանգստանում ես, որ քեզնից էլ է ակնկալվում նման կերպ վարվել։

 «Մկրտված քրիստոնյաները առանձնաշնորհում ունեն ծառայելու Եհովային տարբեր կերպերով, սակայն ոչ բոլորն են պատրաստ ընդլայնել իրենց ծառայությունը, և ոչ բոլորի հանգամանքներն են թույլ տալիս դա անել» (Մարի)։

 Գլխավոր համար. «Բայց ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղատացիներ 6։4

 Մտածիր։ Քեզ ուրիշների հետ համեմատելու փոխարեն, ուշադրություն դարձրու, թե ինչ է ասվում Մարկոս 12։30-ում. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով»։

 Այստեղ ասվում է, որ պետք է ծառայես Եհովային քո ամբողջ սրտով, ոչ թե ուրիշի։ Եթե իրոք սիրում ես Եհովային, ապա նրան քո լավագույնը տալու կերպեր կգտնես։

 «Ճիշտ է, մկրտությունը լուրջ քայլ է, բայց այն ծանր բեռ չէ։ Լավ ընկերները կօգնեն քեզ դժվար պահերին։ Եթե աստիճանաբար սկսես պատասխանատվություններ ստանձնել, ապա իրոք երջանիկ կլինես։ Իսկ չմկրտվելով ինքդ քեզ ես վատություն անում» (Ջուլիա)։

 Ամփոփում։ Գնահատանք զարգացրու Աստծու՝ քո նկատմամբ դրսևորած սիրո հանդեպ։ Այն կմղի, որ տաս նրան քո լավագույնը (1 Հովհաննես 4։19

 Հավելյալ օգնության կարիք ունե՞ս։ Տես «Պատասխանատո՞ւ անձնավորություն եմ» հոդվածը։

 Ի՞նչ անեմ, եթե Աստծուն ծառայելու համար ինձ անարժան եմ զգում

 Անհանգստության պատճառը։ Եհովան տիեզերքի Գերիշխանն է, նրա համեմատ մենք ոչինչ ենք։ Թերևս մտածում ես, որ նա անգամ չի նկատում քեզ։

 «Քանի որ ծնողներս Եհովայի վկաներ են, մտածում էի, որ Եհովայի հետ իմ մտերմությունը ուղղակի «ժառանգել եմ» նրանցից. նա ինձ չի ձգել դեպի իրեն» (Նատալի)։

 Գլխավոր համար. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհաննես 6։44

 Մտածիր։ Այն փաստը, որ մտածում ես մկրտության մասին, թերևս ցույց է տալիս, որ նա ձգել է քեզ դեպի իրեն և ուզում է ավելի մտերիմ փոխհարաբերություններ ունենալ քեզ հետ։ Իսկ դու ի՞նչ կանես։ Արդյո՞ք քայլեր չես ձեռնարկի նրա հետ մտերմանալու համար։

 Հիշիր նաև, որ Եհովան անձամբ է չափանիշներ սահմանում, թե ում ձգի դեպի իրեն։ Ո՛չ մենք, ո՛չ էլ ուրիշները չենք կարող դա անել։ Իր Խոսքում Աստված հավաստիացնում է, որ եթե մոտենանք իրեն, նա էլ կմոտենա մեզ (Հակոբոս 4։8

 «Այն փաստը, որ դու ճանաչում ես Եհովային, և նա ձգել է քեզ դեպի իրեն, ցույց է տալիս, որ նա սիրում է քեզ։ Երբ սկսում ես մտածել, թե արժանի չես ծառայել Եհովային, հիշիր, որ դա միայն քո կարծիքն է։ Եհովան այլ կերպ է մտածում, իսկ նա միշտ ճիշտ է» (Սելինա)։

 Ամփոփում։ Եթե համապատասխանում ես մկրտվելու համար սահմանված աստվածաշնչյան չափանիշներին, ապա դու կարող ես դառնալ Եհովայի վկա։ Հիշիր՝ նա արժանի է, որ երկրպագես իրեն (Հայտնություն 4։11

 Հավելյալ օգնության կարիք ունե՞ս։ Տես «Ինչո՞ւ պետք է աղոթեմ» հոդվածը։