Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ սեռական բռնության մասին—Մաս 2։ Ապաքինում

Ի՞նչ պետք է իմանամ սեռական բռնության մասին—Մաս 2։ Ապաքինում

 Հաղթահարել մեղավորության զգացումը

 Սեռական բռնության զոհ դարձածներից շատերին խեղդում է ամոթի զգացումը։ Նրանք նույնիսկ իրենց են մեղավոր զգում կատարվածի համար։ Օրինակ՝ Քերընը, ով այժմ 19 տարեկան է և 6–13 տարեկանում ենթարկվել է սեռական բռնության, ասում է. «Ամենասարսափելին մեղավորության զգացումն էր։ Մտածում էի՝ ինչո՞ւ թույլ տվեցի, որ դա այդքան երկար շարունակվի»։

 Եթե դու էլ նման զգացումներ ունես, նկատի առ հետևյալը։

  •   Երեխաները ո՛չ ֆիզիկապես և ո՛չ էմոցիոնալ առումով պատրաստ չեն սեռական հարաբերությունների։ Նրանք չեն էլ գիտակցում, թե ինչ է այն ներառում, ուստի ի վիճակի չեն կամք դրսևորելու։ Սա նշանակում է, որ անչափահասների սեռական շահագործման դեպքում երեխան ոչ մի մեղք չունի։

  •   Երեխաները հակված են մեծերին վստահելու և անտեղյակ են այն խորամանկ միջոցներին, որ դիմում են պղծված միտք ունեցողները՝ երեխային իրենց թակարդը գցելու համար։ «Մանկապիղծները իսկական սրիկաներ են, որոնց խորամանկ մանիպուլյացիան երեխան չի կարող հասկանալ»,— ասվում է «The Right to Innocence» գրքում։

  •   Երեխան հնարավոր է սեռական գրգիռ զգա հարաբերության ժամանակ։ Եթե քեզ հետ էլ է նման բան եղել, հիշիր, որ դա մարմնի բնական արձագանքն է ֆիզիկական մերձեցմանը։ Դա չի նշանակում, որ դու ի վիճակի ես եղել գիտակցական կամք դրսևորելու կամ մեղավոր ես դրա համար։

 Առաջարկ։ Նայիր քեզ ծանոթ երեխայի, ում տարիքում դու սեռական շահագործման ես ենթարկվել, և հարցրու ինքդ քեզ. «Ճիշտ կլինի՞ այդ երեխային մեղադրել, եթե որևէ մեկը նրան սեռական շահագործման ենթարկի»։

 Քերընը հենց այդպես էլ արեց, երբ երեք երեխաների դայակ էր։ Նրանցից մեկը վեց տարեկան էր, հենց այն տարիքի, երբ Քերընի հանդեպ սկսվեցին սեռական ոտնձգությունները։ Նա ասում է. «Ես հասկացա, թե որքան խոցելի են այդ տարիքի երեխաները, և որքան խոցելի եմ եղել ես այն ժամանակ»։

 Փաստ։ Քո հետ պատահածի ողջ պատասխանատվությունը կրում է քո հանդեպ ոտնձգություն կատարած անձը։ Աստվածաշունչն ասում է, որ չարագործն ինքն է հաշվետու իր կատարածի համար (Եզեկիել 18:20

 Այդ մասին խոսելու օգուտը

 Պատահածի մասին վստահելի մեկի հետ խոսելը կարող է օգնել, որ թեթևանաս։ Աստվածաշունչն ասում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17:17

 Հասկանալի է, որ գուցե ապահով զգաս քեզ՝ չխոսելով եղածի մասին։ Հնարավոր է՝ լռությունը դարձել է պատնեշ, որ կանգնեցրել ես ինքդ քեզ էմոցիոնալ այլ ցավերից պաշտպանելու համար։ Իմացիր, սակայն, որ քեզ պաշտպանող լռությունը կարող է նաև արգելք լինել, որ օգնություն ստանաս։

Քեզ պաշտպանող լռությունը կարող է նաև արգելք լինել, որ օգնություն ստանաս

 Ջանետ անունով մի երիտասարդ աղջիկ իր հետ պատահածի մասին խոսելուց հետո իրեն թեթևացած զգաց։ Նա ասում է. «Փոքր ժամանակ սեռական բռնության ենթարկվեցի։ Նա մեկն էր, ում ճանաչում էի ու վստահում։ Ես տարիներ շարունակ լռում էի այդ մասին։ Բայց մի օր կարողացա խոսել մորս հետ։ Այդ ժամանակ ասես մի ծանր քար ընկավ ուսերիցս»։

 Անձնական փորձից Ջանետը հասկանում է, թե ինչու ոմանք չեն ուզում խոսել այդ մասին։ «Սեռական շահագործման թեման շատ տհաճ է,— ասում է նա։— Սակայն իմ դեպքում լռելն ավելի ծանր էր, քանի խոսելը։ Վաղ թե ուշ պետք է անեի դա»։

 Ապաքինվելու ժամանակ

 Սեռական շահագործման զոհ դառնալու պատճառով գուցե սկսես տանջել քեզ՝ սխալ բաներ մտածելով քո մասին։ Օրինակ՝ գուցե մտածես, թե դու պղծված ես ու արժեք չունես կամ քո գոյության նպատակը ընդամենը ուրիշների սեռական կրքերը բավարարելն է։ Սակայն ժամանակն է ազատվելու այդ տեսակ սխալ մտքերից և ապաքինվելու դրանց պատճառած վերքերից (Ժողովող 3:3)։ Ի՞նչը կօգնի քեզ։

 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Աստվածաշնչում գրված են Աստծու մտքերը, որոնք «զորավոր են ցանկացած ամրություն»՝ կարծրացած բաներ, «քանդելու համար» (2 Կորնթացիներ 10:4, 5)։ Օրինակ՝ կարդա հետևյալ համարները և խորհրդածիր դրանց շուրջ. Եսայիա 41:10; Երեմիա 31:3; Մաղաքիա 3:16, 17; Ղուկաս 12:6, 7; 1 Հովհաննես 3:19, 20։

 Աղոթք։ Երբ անարժեքության կամ մեղավորության զգացումը խեղդում է քեզ, աղոթիր և «քո բեռը Եհովայի վրա գցիր» (Սաղմոս 55:22)։ Հիշիր, որ դու մենակ չես։

 Ժողովի երեցներ։ Այս քրիստոնյա տղամարդիկ ուսուցանված են լինելու «քամու դեմ եղող պատսպարանի պես» և «փոթորկի դեմ եղող թաքստոցի պես» (Եսայիա 32:2)։ Նրանք կարող են օգնել, որ ճիշտ տեսակետ ունենաս քո մասին և առաջ նայես։

 Լավ շրջապատ։ Նայիր այն տղամարդկանց ու կանանց, ովքեր օրինակելի քրիստոնյաներ են։ Ուշադրություն դարձրու, թե նրանք ինչպես են վերաբերվում միմյանց։ Ժամանակի ընթացքում կհամոզվես, որ բոլորը չեն, որ շահագործում են նրանց, ում պետք է որ իսկապես սիրեին։

 Տանյա անունով մի երիտասարդ աղջիկ համոզվել է սրանում։ Փոքր տարիքից նա սեռական շահագործման է ենթարկվել մի քանի տղամարդկանց կողմից։ «Ինձ հետ այդպես էին վարվում ինձ ամենամոտիկ մարդիկ»,— ասում է նա։ Ժամանակի ընթացքում Տանյան տեսավ, որ կան մարդիկ, ովքեր իսկական սեր են դրսևորում մյուսների հանդեպ։

 Երբ Տանյան սկսեց շփվել մի ամուսնական զույգի հետ, ովքեր օրինակելի քրիստոնեական վարք ունեին, նրա տեսակետը փոխվեց։ Նա պատմում է. «Ամուսնու պահվածքից ես հասկացա, որ բոլոր տղամարդիկ չեն, որ վատ են վերաբերվում կանանց։ Նա պաշտպանում էր իր կնոջը, և Աստված հենց այդպես է ուզում, որ լինի» a (Եփեսացիներ 5:28, 29

a Եթե քեզ մոտ նկատվում է այնպիսի երևույթներ, ինչպիսիք են երկարատև դեպրեսիվ վիճակը, սնվելու սովորության խախտումը, և եթե առաջանում են ինքդ քեզ վնասելու կամ ինքնասպան լինելու մտքեր, ճիշտ կլինի դիմել լավ մասնագետի օգնությանը։