ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Սոցիալական ցանցերն ինչպե՞ս են ազդում ինձ վրա
Ծնողներդ քեզ թույլ տալի՞ս են օգտվել սոցիալական ցանցերից։ Եթե այո, ապա այս հոդվածը կօգնի քեզ կյանքի երեք կարևոր ոլորտներում։
Այս հոդվածում՝
Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում ժամանակիս վրա
Սոցիալական ցանցերը նման են անսանձ ձիու. եթե դու չկառավարես, դրանք կկառավարեն քեզ։
«Իբր մի քանի րոպեով մտնում եմ իմ էջ, մեկ էլ հանկարծ նկատում եմ, որ մի քանի ժամ անցավ։ Սոցցանցերը կարող են կախվածություն առաջացնել և խլել ամբողջ ժամանակդ» (Ջոանա)։
Գիտեի՞ր արդյոք։ Սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում, որովհետև հենց դրա համար են ստեղծված։ Վեբ դիզայներները գիտեն, որ գովազդատուները ավելի շատ կվճարեն, եթե կայքը հայտնի լինի, և օգտատերերը շատ ժամանակ անցկացնեն այնտեղ։
Հարցրու ինքդ քեզ. «Հաճա՞խ եմ կորցնում ժամանակի զգացումը, երբ աչքի եմ անցկացնում հրապարակումները։ Կարո՞ղ եմ այդ ժամանակը ավելի կարևոր բաների վրա ծախսել»։
Ի՞նչ կարող ես անել։ Սոցիալական ցանցերից օգտվելու համար ժամանակ սահմանիր և մի՛ անցիր այդ սահմանը։
«Հեռախոսիս վրա ժամանակաչափ դրեցի, որը սահմանված ժամանակը անցնելուց հետո արգելափակում է որոշ հավելվածներ։ Մի որոշ ժամանակ ինձ վերահսկելուց հետո սովորեցի հավասարակշռված կերպով օգտվել սոցցանցերից և ամբողջ օրս չվատնել դրանց վրա» (Թինա)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։16)։
Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում քնիս վրա
Փորձագետների մեծ մասն ասում է, որ պատանիները պետք է օրական առնվազն ութ ժամ քնեն, բայց շատերն ավելի քիչ են քնում։ Պատճառներից մեկը սոցիալական ցանցերն են։
«Մինչև քնելս ստուգում եմ հեռախոսիս ծանուցումները, բայց արդյունքում ժամեր եմ վատնում՝ նայելով ուրիշների տեղադրած նկարները։ Փորձում եմ վերջ տալ այս վատ սովորությանը» (Մարիա)։
Գիտեի՞ր արդյոք։ Անբավարար հանգիստը կարող է հանգեցնել տագնապի զգացողության և դեպրեսիայի։ Հոգեբանության պրոֆեսոր Ջեն Թուինջին նշում է, որ քնի պակասը տրամադրության անկման հիմնական պատճառներից մեկն է։ Նա ավելացնում է, որ քնի շարունակական պակասը կարող է լուրջ հոգեկան խնդիրների պատճառ դառնալ։ a
Հարցրու ինքդ քեզ. «Որքա՞ն եմ քնում ամեն գիշեր։ Արդյոք թափառո՞ւմ եմ սոցցանցերում, երբ իրականում պետք է հանգստանամ և պատրաստվեմ քնելուն»։
Ի՞նչ կարող ես անել։ Գիշերը էլեկտրոնային սարքերդ ննջասենյակում մի՛ պահիր։ Եթե հնարավոր է, քնելուց առաջ երկու ժամ էկրանին մի՛ նայիր։ Իսկ եթե առավոտյան արթնանալու համար զարթուցիչի կարիք ունես, փորձիր օգտվել այնպիսի զարթուցիչից, որը հեռախոսի կամ պլանշետի մեջ չէ։
«Երբեմն մինչև ուշ գիշեր հեռախոսիս մեջ եմ անցկացնում, բայց պայքարում եմ այս խնդրի դեմ։ Հասկանում եմ, որ պետք է հասունանամ և ավելի պատասխանատու դառնամ։ Դրա համար պետք է շուտ քնեմ, որ հաջորդ օրը 100 տոկոսով աշխատունակ լինեմ» (Ջերեմի)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիա[ցեք], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։
Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում զգացմունքներիս վրա
Մի հարցման ժամանակ ավագ դպրոցում սովորող աղջիկների գրեթե կեսն ասել է, որ «տևական տխրության և հուսահատության զգացում ունի»։ Դրա պատճառը մասնավորապես սոցիալական ցանցերն են։ Դոկտոր Լեոնարդ Սաքսը նշում է. «Ինչքան շատ ժամանակ անցկացնես սոցիալական ցանցերում՝ համեմատելով քեզ ուրիշների հետ, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ դեպրեսիայի մեջ կընկնես»։ b
«Պատանիները հաճախ են իրենց համեմատում ուրիշների հետ, սակայն սոցցանցերն ավելի են խորացնում այդ հակումը։ Կարող ես ժամերով նայել այլ մարդկանց նկարները և քո կյանքը համեմատել նրանց կյանքի հետ։ Կամ էլ կարող ես տեսնել, թե ինչպես են ընկերներդ զվարճանում, և այնպիսի զգացում ունենաս, թե զրկված ես ինչ-որ բանից» (Ֆիբի)։
Գիտեի՞ր արդյոք։ Թեև սոցիալական ցանցերը կարող են օգնել, որ ընկերներիդ հետ կապի մեջ լինես, սակայն դրանք չեն կարող փոխարինել կենդանի շփմանը։ Դոկտոր Նիկոլաս Կարդերասն ասում է. «Էլեկտրոնային սարքերի միջոցով կապը չի կարող բավարարել մարդկանց հետ իրական շփում ունենալու՝ մեր մեջ արմատացած կարիքը։ Այն չի կարող այնքան բավականություն պատճառել, որքան ուրիշների հետ երես առ երես շփվելը»։ c
Հարցրու ինքդ քեզ. «Մենակության զգացում ունենո՞ւմ եմ, երբ նայում եմ, թե ընկերներս ինչով են զբաղված։ Այնպիսի զգացում ունե՞մ, թե իմ կյանքն անհետաքրքիր է՝ համեմատած այն գրավիչ կյանքին, որ սոցցանցերում ներկայացնում են ընկերներս։ Նեղվո՞ւմ եմ, երբ իմ հրապարակումները քիչ լայքեր են հավաքում կամ ընդհանրապես չեն հավաքում»։
Ինչ կարող ես անել։ Փորձիր մի քանի օր, շաբաթ կամ նույնիսկ ամիս ընդմիջում վերցնել սոցիալական ցանցերից։ Ավելի շատ ժամանակ տրամադրիր ընկերներիդ հետ առերես կամ հեռախոսազանգով շփմանը։ Ամենայն հավանականությամբ այդ ընթացքում սթրեսդ կքչանա և ավելի ուրախ կդառնաս։
«Երբ օգտվում էի սոցցանցերից, չափից շատ էի մտածում այն մասին, թե ուրիշներն ինչով են զբաղված։ Իսկ երբ ջնջեցի իմ էջերը, այնպիսի զգացում ունեցա, ասես ուսերիցս մի ծանր բեռ ընկավ։ Հանկարծ ժամանակ ազատվեց ավելի կարևոր բաների համար» (Բրիանա)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղատացիներ 6։4)։