Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԽՆԴԻՐ

Վտանգներ, որ սպառնում են մեր ապահովությանը

Վտանգներ, որ սպառնում են մեր ապահովությանը

«Այս սերունդն իր տրամադրության տակ ունի աննախադեպ տեխնոլոգիական, գիտական և ֆինանսական ռեսուրսներ.... Մինչդեռ հենց այս սերունդն է, որ աշխարհը հասցրել է [քաղաքական, տնտեսական և էկոլոգիական] աղետի շեմին»։ («Համաշխարհային ռիսկերի զեկույց 2018», Համաշխարհային տնտեսական ֆորում)

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԻՐԱԶԵԿ ՄԱՐԴԻԿ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ՄԵՐ ԵՎ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՅՈՎ։ ՆԿԱՏԻ ԱՌՆԵՆՔ ՄԻ ՔԱՆԻ ԱՅԺՄԵԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ։

  • ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ։ Հեղինակավոր մի թերթում նշվում է. «Հետզհետե ավելի հստակ է դառնում, որ ինտերնետը լի է վտանգներով։ Այն ակտիվ գործունեության միջավայր է մանկապիղծների, կիբեռհետապնդողների, համացանցային տրոլների [ինտերնետում կոնֆլիկտներ հրահրողներ] և հակերների համար.... Անձնական տվյալների գողությունը աշխարհի ամենաարագ աճող հանցագործություններից է.... Ինտերնետը մեկ այլ միջոց է դրսևորելու մարդկային էության ամենաարատավոր կողմերից մեկը՝ նենգ և անգութ լինելու հակումը» (The Australian)։

  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ։ «Օքսֆամ» միջազգային կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցի համաձայն՝ աշխարհի 8 ամենահարուստ մարդիկ ունեն նույնքան միջոցներ, որքան երկրագնդի բնակչության մոտ կեսը կազմող աղքատ մարդիկ։ «Օքսֆամը» նշում է. «Մեր սխալ գործող տնտեսական համակարգը նպաստում է, որ նյութական բոլոր միջոցները կուտակվեն հարուստ էլիտայի ձեռքում, ընդ որում հասարակության ամենաաղքատ խավի հաշվին, որի մեծ մասը կանայք են»։ Մտավախություններ կան, որ այս աճող անհավասարությունը հասարակության շրջանում խռովություններ կառաջացնի։

  • ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՃՆՇՈՒՄՆԵՐ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության 2018 թ. զեկույցում ասվում էր. «Այժմ մենք ականատես ենք լինում աննախադեպ զանգվածային գաղթի»։ Ավելի քան 68 միլիոն մարդ ստիպված են եղել թողնելու իրենց տները հիմնականում հակամարտությունների կամ ճնշումների պատճառով։ Զեկույցում ասվում էր. «Մոտավորապես ամեն երկու վայրկյանը մեկ մի հոգի բռնի տեղահանվում է»։

  • ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐ։ «Համաշխարհային ռիսկերի 2018 թ. զեկույցում» նշվում է. «Կենսատեսակների զանգվածային ոչնչացումներն ահռելի վնաս են հասցնում երկրագնդի կենսաբազմազանությանը.... Օդի և ծովերի աղտոտումը առողջությանը սպառնացող և գնալով ահագնացող լուրջ խնդիր է»։ Որոշ երկրներում կտրուկ նվազել է նաև միջատների թվաքանակը։ Իսկ քանի որ միջատները կարևոր դեր ունեն բույսերի փոշոտման հարցում, գիտնականները անհանգստանում են, որ երկրագնդին «էկոլոգիական Արմագեդոն» է սպառնում։ Կորալային խութերը նույնպես վտանգի տակ են։ Գիտնականների հաշվարկով՝ վերջին 30 տարիների ընթացքում աշխարհի կորալային խութերի գրեթե կեսը ոչնչացել է։

Մարդկությունն ի վիճակի՞ է փոխելու այս իրավիճակը և աշխարհը դարձնելու ավելի ապահով ու անվտանգ։ Ոմանք կարծում են, որ դրա համար որոշակի կրթություն է անհրաժեշտ։ Եթե այդպես է, ապա ի՞նչ կրթություն։ Հաջորդ հոդվածներում կխոսվի այս մասին։