Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճանաչելով ինքդ քեզ և լինելով ուժեղ անհատականություն՝ կկարողանաս դիմակայել փոթորիկներին

ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

9. Անհատականություն

9. Անհատականություն

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Մարդու անհատականությունը ավելին է, քան նրա անունը և արտաքին տեսքը։ Այն ներառում է նաև նրա արժեքները, համոզմունքները, բնավորությունը և էությունը։ Այլ խոսքով՝ քո անհատականությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը ձևավորում է քո «ես»-ը՝ իր ներքին ու արտաքին առանձնահատկություններով հանդերձ։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Երբ հստակ գիտես՝ ով ես դու և ունես ձևավորված, ուժեղ անհատականություն, կարողանում ես պաշտպանել քո համոզմունքները և թույլ չես տալիս, որ հասակակիցներդ ղեկավարեն քո քայլերը։

«Շատ մարդիկ նման են խանութի ցուցափեղկում դրված մանեկենների, որոնք չեն կարող որոշել՝ ինչ հագնել. ուրիշներն են որոշում նրանց փոխարեն» (Ադրիան)։

«Ես սովորել եմ պաշտպանել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ դա դժվար է։ Ես հասկանում եմ, թե ովքեր են իմ իսկական ընկերները, երբ տեսնում եմ՝ ինչպես են նրանք վարվում, և ինչպես եմ ես վարվում նրանց շրջապատում» (Քորտնի)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը» (Հռոմեացիներ 12։2

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Ճանաչիր ինքդ քեզ և վերլուծելով քո ուժեղ ու թույլ կողմերը, քո ունեցած համոզմունքները՝ հստակ իմացիր՝ ով ես դու հիմա, և ինչպիսի մարդ ես ցանկանում դառնալ։ Օրինակ՝ կարող ես ինքդ քեզ տալ հետևյալ հարցերը։

Ուժեղ կողմեր։ Ի՞նչ տաղանդներ և հմտություններ ունեմ։ Որո՞նք են իմ դրական կողմերը (օրինակ՝ ճշտապա՞հ եմ, կարողանո՞ւմ եմ ինքնատիրապետում դրսևորել, ջանասե՞ր եմ, առատաձե՞ռն եմ)։ Ի՞նչ լավ գործեր եմ անում։

ԱՌԱՋԱՐԿ։ Եթե չգիտես, թե ինչ դրական կողմեր ունես, հարցրու ծնողներիդ կամ ընկերներիցդ մեկին, ում վստահում ես, թե նրանք ինչ ուժեղ կողմեր են տեսնում քո մեջ, և խնդրիր բացատրել՝ ինչու են այդպես մտածում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղատացիներ 6։4

Թույլ կողմեր։ Իմ անձնավորության ո՞ր կողմերի վրա ավելի շատ աշխատելու կարիք ունեմ։ Հատկապես ե՞րբ եմ հակված լինում տրվելու գայթակղությանը։ Ո՞ր հարցերում պետք է ավելի շատ ինքնատիրապետում դրսևորեմ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Եթե ասում ենք, թե՝ «ոչ մի մեղք չունենք», ապա ինքներս մեզ խաբում ենք, և ճշմարտություն չկա մեր մեջ» (1 Հովհաննես 1։8

Համոզմունքներ։ Ի՞նչ բարոյական սկզբունքներով եմ առաջնորդվում և ինչո՞ւ։ Հավատո՞ւմ եմ Աստծուն։ Ո՞ր փաստերն են ինձ համոզել, որ նա գոյություն ունի։ Ի՞նչն եմ անարդար համարում և ինչո՞ւ։ Ապագայի հետ կապված ի՞նչ համոզմունքներ ունեմ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Խորհելու կարողությունը կպահպանի քեզ, և խորաթափանցությունը կպաշտպանի քեզ» (Առակներ 2։11