Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես ղեկի միջոցով ղեկավարվում է նավը, այնպես էլ խրատի միջոցով առաջնորդություն է տրվում երեխային

ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

6. Խրատ

6. Խրատ

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Խրատել կարող է նշանակել ուղղություն ցույց տալ, ուսուցանել։ Դա կարող է նաև ներառել երեխայի սխալ վարքն ուղղելը։ Բայց նախևառաջ դա նշանակում է երեխային բարոյական սկզբունքներ սովորեցնել, որ նա կարողանա ճիշտ որոշումներ կայացնել։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Վերջին տասնամյակների ընթացքում խրատը գրեթե վերացել է որոշ ընտանիքներից, քանի որ ծնողները վախենում են, որ եթե խրատեն երեխային, դրանից նրա ինքնագնահատականը կիջնի։ Սակայն իմաստուն ծնողները ողջամիտ կանոններ են սահմանում և իրենց երեխաներին սովորեցնում են ենթարկվել դրանց։

«Անհրաժեշտ է երեխայի առաջ որոշակի սահմաններ դնել, որպեսզի նա դառնա ողջամիտ, հավասարակշռված անձնավորություն։ Առանց խրատի երեխան նման կլինի ղեկ չունեցող նավի, որն ի վերջո կշեղվի ուղուց կամ նավաբեկության կենթարկվի» (Պամելա)։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Հետևողական եղեք։ Եթե երեխան չի ենթարկվում ձեր սահմանած կանոններին, այնպես արեք, որ նա կրի իր արածի հետևանքները։ Մյուս կողմից, սակայն, եթե նա հնազանդվում է ձեզ, սրտանց գովեք նրան։

«Ես հաճախ եմ գովում երեխաներիս, որ նրանք հնազանդվում են մեզ, չնայած աշխարհում հնազանդությունը շատ հազվագյուտ բան է դարձել։ Դա նպաստում է, որ նրանք ավելի հեշտությամբ ընդունեն խրատը, երբ կարիք է լինում ուղղելու նրանց» (Քրիստին)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7

Ողջամիտ եղեք։ Պատիժ սահմանելիս հաշվի առեք երեխայի տարիքը, հասկացողության աստիճանը, ընդունակությունները և արարքի լրջությունը։ Որպես կանոն, պատիժն առավել արդյունավետ է լինում, երբ առնչվում է արված սխալին։ Օրինակ՝ եթե երեխան սխալ է վարվել հեռախոսից օգտվելու հարցում, ապա կարելի է որոշ ժամանակով հեռախոսի հետ կապված սահմանափակումներ դնել նրա առաջ։ Մյուս կողմից, սակայն, աշխատեք փոքր բաներից մեծ պատմություն չդարձնել, ինչ է թե դրանք նյարդայնացնում են ձեզ։

«Փորձում եմ նախ պարզել՝ երեխաս միտումնավո՞ր է իմ ասածին դեմ գնացել, թե՞ պարզապես չհասկանալով է արել դա։ Մի բան է, երբ նկատում ես լուրջ թերություններ, որոնք հարկավոր է արմատախիլ անել, այլ բան է, երբ երեխան պարզապես սխալ է արել, որի մասին ուղղակի հարկավոր է զգուշացնել նրան» (Վենդել)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21

Սեր դրսևորեք։ Երեխաները շատ ավելի հեշտությամբ են ընդունում խրատը և կիրառում այն, երբ հասկանում են, որ ծնողը գլխավորաբար սիրուց մղված է տալիս դա։

«Երբ մեր որդին սխալ էր անում, մենք նրան հավաստիացնում էինք, որ դրանից առաջ նրա կայացրած խելամիտ որոշումները շատ են ուրախացրել ու հիացրել մեզ։ Եվ բացատրում էինք, որ իր մասին կարծիք չենք կազմի այդ սխալի հիման վրա, եթե նա անի հարկ եղած փոփոխությունները։ Նաև վստահեցնում էինք, որ պատրաստ ենք օգնելու նրան այդ հարցում» (Դենիել)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Սերը համբերատար է ու բարի» (1 Կորնթացիներ 13։4