Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հաղորդակցությունը ձեզ ու ձեր երեխաներին կապող կամուրջն է

ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

5. Հաղորդակցություն

5. Հաղորդակցություն

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Իսկական հաղորդակցությունն այն է, երբ դուք և ձեր երեխաները միմյանց հետ կիսում եք ձեր մտքերն ու զգացումները։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Հատկապես դժվար կարող է լինել դեռահասների հետ հաղորդակցությունը։ Հավանաբար դեռ որոշ ժամանակ առաջ ձեր երեխայի սրտի դուռը միշտ բաց էր ձեզ համար, իսկ այժմ ստիպված եք բազմիցս թակել, որ կարողանաք մտնել, եթե իհարկե նա ցանկանա բացել։ Իրականում սակայն, որքան էլ արտաքուստ հակառակը թվա, այդ ժամանակ երեխաներն ամենից շատ են զգում հաղորդակցության կարիք։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Միշտ պատրաստ եղեք լսելու երեխային։ Այդպես վարվեք նույնիսկ այն դեպքում, երբ դրա համար հարկ է լինում արթուն մնալ մինչև ուշ գիշեր։

«Գուցե ցանկություն առաջանա ասելու. «Փաստորեն, հիմա ես ուզում խոսել, հա՞։ Ախր, ամբողջ օրը հետդ էի»։ Բայց ինչպե՞ս կարելի է տրտնջալ, երբ երեխան ցանկանում է իր սիրտը բացել ձեր առաջ։ Մի՞թե հենց դա չէ ամեն ծնողի ուզածը» (Լիզա)։

«Ես սիրում եմ ժամանակին քնել, բայց պետք է ասեմ, որ դեռահաս երեխաներիս հետ իմ լավագույն զրույցներից մի քանիսը հենց կեսգիշերից հետո են եղել» (Հերբերտ)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24

Թույլ մի՛ տվեք, որ կողմնակի բաները շեղեն ձեզ։ Մի հայր խոստովանում է. «Նկատել եմ, որ երբ երեխաներս խոսում են ինձ հետ, երբեմն միտքս ուրիշ բաներով է զբաղված լինում։ Բայց նրանց չես խաբի. նրանք զգում են, երբ իրենց չես լսում»։

Եթե ձեզ հետ էլ է այդպես պատահում, ապա հարկավոր է նվազեցնել շեղող հանգամանքները։ Անջատեք հեռուստացույցը և մի կողմ դրեք բոլոր էլեկտրոնային սարքերը։ Կենտրոնացեք երեխայի ասածների վրա և ձեր վերաբերմունքով ցույց տվեք, որ այն, ինչ նա ասում է, շատ կարևոր է, ու դուք ամենայն ուշադրությամբ եք լսում, անգամ եթե ձեր կարծիքով՝ դա այդքան էլ էական հարց չէ։

«Պետք է մեր երեխաներին հավաստիացնենք, որ նրանց զգացմունքները շատ կարևոր են մեզ համար։ Հակառակ դեպքում՝ նրանք ինքնամփոփ կդառնան կամ ուրիշ տեղ օգնություն կփնտրեն» (Մարանդա)։

«Չափազանց սուր մի՛ արձագանքեք, անգամ եթե զգում եք, որ ձեր երեխան շատ սխալ է մտածում» (Էնտոնի)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8։18

Զրուցեք անկաշկանդ միջավայրում։ Երբեմն երեխաներն ավելի հեշտությամբ են անկեղծանում, երբ ծնողի հետ զրուցելիս դեմառդեմ նստած չեն լինում։

«Մենք հաճախ զրուցում ենք այն ժամանակ, երբ մեքենայով ինչ-որ տեղ ենք գնում։ Դեմ դիմաց խոսելու փոխարեն՝ կողք կողքի նստած լինելը նպաստել է, որ բազմաթիվ հետաքրքիր զրույցներ ունենանք» (Նիկոլ)։

Անկաշկանդ զրույցների համար հարմար առիթ է նաև ճաշելու ժամանակը։

«Ճաշելիս մեզանից յուրաքանչյուրը պատմում է այդ օրը իրեն պատահած ամենավատ բանի և ամենալավ բանի մասին։ Այս սովորությունը միավորում է մեզ և օգնում է վստահ լինել, որ մեր խնդիրների դեմ պայքարում մենակ չենք» (Ռոբին)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19