ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ
Իգնաց Զեմելվեյս
ԻԳՆԱՑ ԶԵՄԵԼՎԵՅՍԻ անունը գուցե այդքան էլ հայտնի չէ, սակայն նրա կատարած աշխատանքը օգուտներ է բերում մեր օրերում ապրող բազմաթիվ մարդկանց։ Նա ծնվել է Հունգարիայի Բուդա քաղաքում (այժմ՝ Բուդապեշտ)։ Բժշկական կոչում է ստացել Վիեննայի համալսարանում 1844 թ.-ին։ 1846 թ.-ին նա աշխատանքի ընդունվեց Վիեննայի համալսարանական հիվանդանոցի առաջին ծննդատանը որպես պրոֆեսորի օգնական։ Այնտեղ Զեմելվեյսը ականատես եղավ մի սարսափելի իրողության. ծննդաբերող կանանց ավելի քան 13 տոկոսը մահանում էր «հետծննդյան տենդ» կոչվող հիվանդությունից։
Այդ հիվանդության հավանական պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ էին առաջ քաշվել, սակայն առեղծվածը մնացել էր չբացահայտված։ Մահացության տոկոսը նվազեցնելու բոլոր փորձերը ապարդյուն էին անցնում։ Զեմելվեյսի մտքից դուրս չէին գալիս այն բազմաթիվ մայրերը, որոնք իր աչքի առաջ մահանում էին դանդաղ, տառապալից մահով։ Ուստի նա վճռեց անպայման գտնել հիվանդության պատճառն ու կանխել այն։
Հիվանդանոցը, որտեղ աշխատում էր Զեմելվեյսը, երկու առանձին ծննդատուն ուներ, և որքան էլ զարմանալի էր, դրանցից մեկում մայրերի մահացության ցուցանիշն ավելի բարձր էր, քան մյուսում։ Այդ երկու ծննդատների միակ տարբերությունն այն էր, որ առաջինում սովորում էին բժիշկ-ուսանողները, իսկ երկրորդում՝ մանկաբարձուհիները։ Այդ դեպքում ինչո՞ւ էին մահացության ցուցանիշներն այդքան տարբերվում։ Զեմելվեյսը մանրամասնորեն ուսումնասիրեց բոլոր հավանական պատճառները, բայց չկարողացավ գտնել իրական պատճառը։
1847 թ. սկզբներին տեղի ունեցավ մի դժբախտ դեպք, որը, սակայն, օգնեց Զեմելվեյսին գտնելու հանելուկի լուծումը։ Նրա գործընկեր և բարեկամ Յակոբ Կոլեչկան դիահերձման ընթացքում վնասվածք ստանալուց կարճ ժամանակ հետո մահացավ արյան վարակումից։ Երբ Զեմելվեյսը կարդաց Կոլեչկայի դիահերձման եզրակացությունը, նկատեց, որ արդյունքները որոշ առումներով նման էին հետծննդյան տենդից մահացածների դիահերձման արդյունքներին։ Զեմելվեյսը եզրակացրեց, որ, ամենայն հավանականությամբ, դիակներից հղի կանանց էին փոխանցվում ինչ-որ «թույներ», ինչպես ինքն էր ասում, որոնք էլ առաջացնում էին հետծննդյան տենդ։ Բժիշկները և բժիշկ-ուսանողները,
որոնք հաճախ դիահերձումներ էին կատարում նախքան ծննդաբերական բաժանմունք գնալը, անգիտակցաբար հիվանդությունը փոխանցում էին հղի կանանց նրանց գինեկոլոգիական հետազոտությունների կամ ծննդաբերության ժամանակ։ Մահացության ցուցանիշները երկրորդ ծննդաբերական բաժանմունքում ավելի ցածր էին, քանի որ մանկաբարձ-ուսանողուհիները դիահերձում չէին կատարում։Այս բացահայտումից հետո Զեմելվեյսը անմիջապես ձեռքերի հիգիենայի խիստ կանոնակարգ սահմանեց։ Դրա մեջ մտնում էր այն, որ նախքան հղի կանանց հետազոտությունը սկսելը մասնագետը պետք է ձեռքերը ախտահաներ քլորակրի լուծույթով։ Արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ էին։ Մահացության ցուցանիշը կտրուկ նվազեց. ապրիլին՝ 18,27 տոկոս էր, իսկ տարեվերջին իջավ մինչև 0,19 տոկոս։
«Իմ սահմանած դրույթների նպատակն այն է, որ այդ սարսափը վերանա ծննդատներից, և որ ամուսիններն այլևս չկորցնեն իրենց կանանց, իսկ երեխաները՝ իրենց մայրերին» (Իգնաց Զեմելվեյս)։
Սակայն Զեմելվեյսի հաջողությունը ոչ բոլորին ուրախացրեց։ Նրա կատարած բացահայտումները հերքում էին հետծննդյան տենդի առաջացման վերաբերյալ նրա վերադասի առաջ քաշած վարկածները։ Բացի այդ, վերադասին զայրացնում էր այն, որ Զեմելվեյսը պահանջում էր, որ բոլորը հետևեն ձեռքերի հիգիենային։ Ի վերջո, Զեմելվեյսին հեռացրին աշխատանքից, և նա վերադարձավ Հունգարիա։ Նա դարձավ Պեշտի Սուրբ Ռոխուսի հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքի ղեկավարը, և նրա նոր մեթոդների շնորհիվ այնտեղ հետծննդյան տենդից մահացության ցուցանիշը կտրուկ նվազեց՝ հասնելով մոտ 1 տոկոսի։
1861 թ.-ին Զեմելվեյսը հրատարակեց հետծննդյան տենդի և դրա կանխարգելման մասին մի աշխատություն (The Cause, Concept, and Prophylaxis of Childbed Fever), որին նվիրել էր իր ողջ կյանքը։ Ցավոք, նրա բացահայտումների կարևորությունը չընդունվեց անմիջապես, այլ միայն տարիներ անց։ Այդ ընթացքում մահացան բազմաթիվ մարդիկ, որոնց կյանքը իրականում հնարավոր էր փրկել։
Այսօր Զեմելվեյսը համարվում է ժամանակակից վարակազերծման մեթոդների հիմնադիրներից մեկը։ Նրա կատարած աշխատանքը օգնեց բացահայտել, որ միկրոօրգանիզմները կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Նա իր դերն ունի հիվանդությունների մանրէային ծագման տեսության պատմության մեջ, մի տեսություն, որը համարվում է «բժշկագիտության և բժշկության մեջ կարևորագույն ներդրումը»։ Ուշագրավ է, որ ավելի քան 3 000 տարի առաջ Մովսիսական օրենքը, որը հետագայում դարձավ Աստվածաշնչի մի մասը, արդեն իսկ տալիս էր ողջամիտ առաջնորդություն այն մասին, թե ինչպես պետք է վարվել դիակների հետ առնչվելիս։