ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ
Արիստոտել
ԱՐԻՍՏՈՏԵԼԸ, որն ապրել է ավելի քան 2 300 տարի առաջ, մեծ ներդրում է ունեցել գիտության և փիլիսոփայության զարգացման մեջ։ Նրա աշխատությունները միշտ հետաքրքրել են մարդկանց և լայնորեն ուսումնասիրվել ու թարգմանվել են։ Պատմաբան Ջեյմս Մակ-Լակլենը գրում է, որ «բնության վերաբերյալ Արիստոտելի տեսակետները գրեթե 2 000 տարի շարունակ մեծ ազդեցություն են ունեցել եվրոպական մտածողության վրա»։ Արիստոտելի առաջ քաշած տեսակետները նույնիսկ ազդել են կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների ուսմունքների, ինչպես նաև մահմեդականության վրա։
Նա հետաքրքրությունների լայն շրջանակ ուներ
Արիստոտելը գրել է արվեստի, աստղագիտության, կենսաբանության, բարոյագիտության, լեզվի, օրենքի, տրամաբանության, մագնիսականության, մետաֆիզիկայի, շարժման, հաճույքի, պոեզիայի, քաղաքականության, հոգեբանության և հռետորական արվեստի մասին։ Նա նաև գրել է հոգու մասին, ինչը մահկանացու էր համարում։ Բայց հիմնականում Արիստոտելին հռչակ են բերել կենսաբանության և տրամաբանության բնագավառներում կատարած իր ուսումնասիրությունները։
Շրջակա աշխարհը բացատրելու համար հին հույն գիտնականները հիմնվում էին իրենց դիտունակության, տրամաբանության, ինչպես նաև դեդուկտիվ դատողության վրա։ Նրանք իրենց ուսումնասիրությունները կատարելիս հիմնվում էին այն ամենի վրա, ինչը բացահայտ ճշմարտություն էին համարում՝ կարծելով, որ եթե խորությամբ տրամաբանեն դրանց շուրջ, ապա կկարողանան ճիշտ եզրահանգումների գալ։
Այս փիլիսոփայությամբ առաջնորդվելով՝ նրանք մի շարք ողջամիտ եզրահանգումների եկան, որոնցից է, օրինակ, այն, որ տիեզերքի հիմքում ընկած է կարգուկանոնը։ Բայց նրանց մեծագույն խնդիրն այն էր, որ նրանց դիտունակությունը սահմանափակվում էր նրանով, ինչ նրանք կարողանում էին տեսնել անզեն աչքով։ Այս սահմանափակումը պատճառ եղավ, որ բազմաթիվ մեծագույն մտածողներ, այդ թվում Արիստոտելը, շեղվեցին ճշմարտությունից։ Օրինակ՝ նրանք հավատում էին, որ մոլորակներն ու աստղերը պտտվում են երկրի շուրջը։ Այն ժամանակներում
սա ակնհայտ ճշմարտություն էր համարվում։ Մի գրքում ասվում է. «Թվում էր՝ և՛ տրամաբանությունը, և՛ փորձը հաստատում էին հույների այն տեսակետը, թե տիեզերքը երկրակենտրոն է» (The Closing of the Western Mind)։Այս սխալ պատկերացումը քիչ ազդեցություն կթողներ պատմության վրա, եթե դուրս չգար գիտական շրջանակներից։ Բայց, ցավոք, այդպես չեղավ։
Կաթոլիկությունը որդեգրում է Արիստոտելի գաղափարները
Միջնադարյան «քրիստոնեական» Եվրոպայում Արիստոտելի սովորեցրած որոշ ուսմունքներ դարձան համընդհանուր ճշմարտություններ, այսինքն՝ լայն հասարակության կողմից ընդունվեցին որպես ճշմարտություն։ Հռոմեացի կաթոլիկ աստվածաբանները, որոնցից առավել աչքի է ընկնում Թովմա Աքվինացին (1224–1274 թթ.), Արիստոտելի գաղափարները դարձրին իրենց աստվածաբանության մի մասը։ Այդպիսով Արիստոտելի առաջ քաշած գաղափարը, թե Երկիրն անշարժ է և գտնվում է տիեզերքի կենտրոնում, դարձավ կաթոլիկական դավանանք։ Այս ուսմունքը որդեգրեցին նաև բողոքական եկեղեցու առաջնորդները, ինչպիսիք էին Կալվինը և Լյութերը, որոնք ասում էին, թե այդ ուսմունքը աստվածաշնչյան հիմք ունի (տես « Նրանք սխալ էին հասկանում Աստվածաշունչը» շրջանակը)։
Արիստոտելի սովորեցրած որոշ ուսմունքներ դարձան համընդհանուր ճշմարտություններ
Գրող Չարլզ Ֆրիմենն ասում է, որ «որոշ հարցերի վերաբերյալ կաթոլիկության ուսմունքները գրեթե ոչնչով չէին տարբերվում [Արիստոտելի ուսմունքներից]»։ Այդ պատճառով շատերն ասում են, որ Աքվինացին «մկրտեց» Արիստոտելին՝ դարձնելով նրան կաթոլիկ։ Իրականում, սակայն, ինչպես գրում է Ֆրիմենը, «Աքվինացին ընդունեց արիստոտելականությունը»։ Հարկ է նշել նաև, որ եկեղեցին նույնպես որոշ չափով ընդունեց Արիստոտելի ուսմունքները։ Արդյունքում՝ իտալացի աստղագետ և մաթեմատիկոս Գալիլեոյին, ով համարձակվեց իր ուսումնասիրությունների հիման վրա փաստել, որ երկիրը պտտվում է արևի շուրջը, ստիպեցին կանգնել ինկվիզիցիայի առաջ և հրաժարվել իր տեսակետից։ * Զավեշտալին այն է, որ Արիստոտելը ընդունում էր այն փաստը, որ գիտությունը անընդհատ առաջ է ընթանում և ենթակա է վերանայման։ Ցավալի է, բայց եկեղեցիները չընդունեցին նրա այս տեսակետը։
^ պարբ. 11 Ավելի շատ տեղեկությունների համար տես «Գալիլեոյի ընդհարումը եկեղեցու հետ» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2003 թ. ապրիլի 22-ի համարում (անգլ., ռուս.)։