Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող եք նպաստել էներգախնայողությանը

Ինչպե՞ս կարող եք նպաստել էներգախնայողությանը

ՄԵԶ էլեկտրաէներգիա և վառելանյութ է անհրաժեշտ տունը տաքացնելու կամ հովացնելու, ինչպես նաև մեր փոխադրամիջոցների և առօրյա տարբեր գործերի համար։ Այնինչ, այսօր ողջ աշխարհում մարդիկ բախվում են լուրջ էներգետիկ խնդիրների։

Գարիի համար, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, լուրջ խնդիր է «վառելանյութի գնաճը»։ Իսկ Ֆիլիպիններում ապրող Ջենիֆերին շատ է մտահոգում էներգիայի հուսալի աղբյուր ունենալու հարցը, քանի որ նրանց տարածքում «հոսանքազրկումը սովորական երևույթ է»։ Սալվադորում ապրող Ֆերնանդոն ասում է, որ իրեն մտահոգում են «էներգաարդյունաբերության առաջացրած բնապահպանական խնդիրները»։ Աշխարհի շատ վայրերում էներգիայի տարբեր աղբյուրներ աղտոտում են շրջակա միջավայրը։

Այս ամենի մասին կարդալով՝ գուցե մտածեք. «Իսկ ե՞ս ինչ կարող եմ անել էներգետիկայի հետ կապված խնդիրների լուծման համար»։

Բոլորս էլ կարող ենք վճռել ավելի խելամտորեն օգտագործել էներգիան։ Էներգիան խնայելն ու արդյունավետ կերպով օգտագործելը շատ օգուտներ է բերում։ Քիչ էներգիա սպառելով՝ կխնայենք նաև դրա համար վճարվող գումարը։ Բացի այդ՝ կնպաստենք շրջակա միջավայրի պահպանությանը ու անհարկի չենք մեծացնի էներգիայի առանց այն էլ գնալով աճող պահանջարկը։

Այժմ քննենք երեք բնագավառ, որտեղ կարող ենք ավելի խելամտորեն օգտագործել էներգիան. տունը, փոխադրամիջոցները և առօրյա գործերը։

ՏՈՒՆԸ

Խնայողաբար օգտագործեք ջեռուցման և հովացման համակարգերը։ Եվրոպական երկրներից մեկում անցկացված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ ձմռանը թերմոստատը (կայուն ջերմություն ապահովող սարք) ընդամենը երկու աստիճանով իջեցնելը և այդպիսով ջեռուցումը թուլացնելը տարվա ընթացքում էներգիա խնայելու լավագույն միջոցն է։ Դերեկը, որն ապրում է Կանադայում, նույն կարծիքին է։ Նա ասում է. «Ջեռուցումը մինչև վերջ բարձրացնելու փոխարեն՝ տաք շոր հագնելով՝ մեր ընտանիքը խնայում է էներգիան»։

Վերոհիշյալ սկզբունքը գործում է նաև տաք ամիսներին տունը հովացնելու դեպքում։ Ռոդոլֆոն, որն ապրում է Ֆիլիպիններում, օդորակիչը խնայողաբար օգտագործելու համար թերմոստատը միշտ համապատասխան ռեժիմի վրա է դնում, որպեսզի ջերմաստիճանը չափից շատ չիջնի։ Ի՞նչ օգուտ է դա բերում։ Ռոդոլֆոն ասում է. «Այդպիսով մենք խնայում ենք և՛ փողը, և՛ էներգիան»։

Դռներն ու պատուհանները փակ պահեք, երբ ջեռուցումը կամ օդորակիչը միացված են։ a Մենք կխուսափենք էներգիան զուր վատնելուց, եթե թույլ չտանք, որ մեր սարքավորումների տաքացրած կամ սառեցրած օդը անտեղի դուրս գնա։ Օրինակ՝ եթե ցուրտ եղանակին դուռը բաց թողնենք, ապա շատ ավելի մեծ քանակությամբ էներգիա կպահանջվի շինության ջեռուցման համար։

Դռներն ու պատուհանները փակ պահելուց բացի՝ որոշ մարդիկ այլ միջոցներ էլ են ձեռնարկել։ Ոմանք իրենց տներում էներգիայի կորուստը նվազեցնելու համար ավելի լավ ջերմամեկուսացում են իրականացրել և էներգաարդյունավետ պատուհաններ են տեղադրել։

Օգտագործեք էներգաարդյունավետ լամպեր։ «Ավանդական շիկացման լամպերի փոխարեն մենք սկսեցինք օգտագործել նոր էներգախնայող լամպեր»,— ասում է Ջենիֆերը, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում։ Թեև լուսավորման այդ նոր էներգաարդյունավետ միջոցները սովորաբար ավելի թանկ արժեն, բայց իրենց ողջ աշխատանքի ընթացքում նրանք շատ ավելի քիչ էներգիա են ծախսում և վերջնական հաշվով ավելի շատ գումար են խնայում։

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Հնարավորության դեպքում աշխատեք օգտվել հանրային տրանսպորտից։ Էնդրյուն, որն ապրում է Մեծ Բրիտանիայում, ասում է. «Երբ էլ որ հնարավոր է լինում, գնացքով կամ հեծանվով եմ գնում աշխատանքի»։ Էներգետիկայի վերաբերյալ մի գրքում նշվում է, որ «ավտոմեքենաները ամեն ուղևորի հաշվով նվազագույնը երեք անգամ ավելի շատ էներգիա են ծախսում, քան ավտոբուսներն ու էլեկտրագնացքները» (Energy: What Everyone Needs to Know)։

Ճիշտ կազմեք ձեր երթուղին։ Նախապես ծրագրելով, թե որտեղից ուր եք գնալու՝ կնվազեցնեք ձեր երթևեկությունների քանակը և այդպիսով կկրճատեք էներգիայի ծախսն ու կխնայեք ձեր ժամանակը և դրամական միջոցները։

Ջետրոն, որն ապրում է Ֆիլիպիններում, իր մեքենայի համար վառելիքի ամսական չափաբաժին է սահմանում։ Նա ասում է. «Դա օգնում է, որ ավելի ճիշտ պլանավորեմ իմ ուղևորությունները»։

ԱՌՕՐՅԱ ԳՈՐԾԵՐԸ

Նվազեցրեք տաք ջրի օգտագործումը։ Համաձայն Ավստրալիայում անցկացված մի ուսումնասիրության՝ «հենց միայն բնակիչներին տաք ջրով ապահովելու վրա ծախսվում է քաղաքներում օգտագործվող էներգիայի 1,3 տոկոսը, կամ՝ ամեն տան օգտագործած էներգիայի 27 տոկոսը»։

Քանի որ ջուրը տաքացնելու համար շատ էներգիա է ծախսվում, տաք ջրի օգտագործումը նվազեցնելով՝ կարող ենք խնայել էներգիան։ Վիկտորը, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ասում է. «Մենք ձգտում ենք լողանալիս հնարավորինս քիչ տաք ջուր օգտագործել»։ Գիտնական Ստիվեն Քենվեյը նշում է. «Տաք ջուրը խնայողաբար օգտագործելը շահավետ է երեք առումով. այդպիսով բնակիչները նվազեցնում են էներգիայի և ջրի օգտագործումը, նվազեցնում են այդ կոմունալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ էներգիայի պահանջարկը և.... խնայում են իրենց դրամական միջոցները»։

Անջատեք լույսերն ու սարքավորումները։ Հարկավոր է անջատել լույսերը, կենցաղային տեխնիկան ու էլեկտրոնային սարքերը, օրինակ՝ հեռուստացույցը, համակարգիչը։ Այդ սարքավորումներից շատերը անգամ սպասման ռեժիմում շարունակում են էներգիա ծախսել։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս անջատել դրանք հոսանքի աղբյուրից կամ օգտագործել անջատիչներով երկարացման լար սպասման ռեժիմում գտնվող սարքերն անջատելու և այդպիսով էներգիան խնայելու համար։ Ֆերնանդոն, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում, այդպիսի սովորություն է մշակել։ Նա ասում է. «Ես անջատում եմ լույսերը և հոսանքից անջատում եմ այն սարքերը, որոնք չեմ օգտագործում»։

Գուցե մեզանից յուրաքանչյուրը անձամբ չկարողանա էապես ազդել էներգիայի արժողության կամ էլ այն բանի վրա, թե էներգաարդյունաբերությունը որքան վնաս է հասցնում շրջակա միջավայրին, բայց մենք կարող ենք խելամտորեն օգտագործել էներգիան։ Ողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ գտնում են դա անելու կերպեր։ Ճիշտ է, էներգիան խնայելու համար գուցե ավելի շատ ջանք ու ճիշտ պլանավորում պահանջվի, բայց դա նաև շատ օգուտներ կբերի։ Մեքսիկայում ապրող Վալերիան ասում է. «Այդպիսով ես խնայում եմ փողը և պահպանում եմ շրջակա միջավայրը»։

a Ջեռուցման և հովացման համակարգերի անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ է ամենայն ուշադրությամբ հետևել արտադրող ընկերության ցուցումներին։ Օրինակ՝ որոշ սարքավորումների ուղեցույցի համաձայն՝ գուցե օդափոխության անհրաժեշտություն լինի, ինչի համար թերևս հարկ լինի դուռը բաց թողնել։