Իմաստնորե՞ն ես օգտագործում քո երևակայությունը
ՄԱՐԴՈՒ ուղեղը կշռում է ընդամենը 1,4 կիլոգրամ, սակայն համարվում է մինչ օրս հայտնաբերված ամենաբարդ կառուցվածքը, որ գոյություն ունի ողջ տիեզերքում։ Այն իսկապես հիացմունք ու զարմանք է առաջացնում։ Որքան շատ բան իմանանք մեր ուղեղի մասին, այնքան ավելի մեծ գնահատանքով կլցվենք Եհովայի հանդեպ նրա զարմանահրաշ գործերի համար (Սաղ. 139։14)։ Քննենք մեր ուղեղի ունակություններից միայն մեկը՝ երևակայությունը։
Ի՞նչ է երևակայությունը։ Մի բառարանում այն սահմանվում է որպես «նոր և հետաքրքիր կամ անծանոթ բաները մտովի պատկերացնելու և դրանց մասին գաղափար կազմելու ունակություն»։ Այս ունակությունը մենք հաճախ ենք օգտագործում։ Օրինակ՝ ըստ ամենայնի կարդացել կամ լսել ես շատ վայրերի մասին, որտեղ երբեք չես եղել։ Բայց դա քեզ չի խանգարել պատկերացնելու, թե ինչ տեսք ունեն դրանք։ Այո՛, երբ մտածում ենք որևէ բանի մասին, ինչը չենք կարող տեսնել, լսել, շոշափել կամ առնել համն ու հոտը, գործի ենք դնում մեր երևակայությունը։
Աստվածաշունչը հայտնում է, որ մենք ստեղծված ենք Աստծու պատկերով (Ծննդ. 1։26, 27)։ Արդյոք սա հիմք չի՞ տալիս ենթադրելու, որ Աստված ինքն էլ երևակայություն ունի։ Քանի որ նա տեղին է համարել ստեղծել մեզ այդ ունակությամբ, ապա ակնկալում է, որ այն կօգտագործենք իր պահանջները հասկանալու և խոստումները պատկերացնելու համար (Ժող. 3։11)։ Ինչպե՞ս կարող ենք իմաստնորեն օգտագործել մեր երևակայությունը և ինչի՞ց պետք է խուսափենք։ Քննենք երևակայությունը օգտագործելու ճիշտ և սխալ կերպեր։
ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԵՐՊԵՐ
1) Երբ գործի ենք դնում սխալ ժամանակ կամ սխալ բաների մասին
Ինչ խոսք, երևակայությունը գործի դնելը կարող է օգտակար լինել։ Սակայն Ժողովող 3։1-ում գրված է, որ «ամեն գործի համար ժամանակ կա»։ Դա նշանակում է, որ երևակայությունն էլ պետք է ճիշտ ժամանակին օգտագործել։ Օրինակ՝ եթե ժողովի հանդիպման կամ անձնական ուսումնասիրության ժամանակ թույլ տաս, որ մտքերդ թափառեն, ապա ի՞նչ կասես, այս դեպքում երևակայությունդ քեզ օգո՞ւտ է տալիս, թե՞ վնաս։ Կա մի վտանգ ևս, որի մասին Հիսուսը սթափեցնող նախազգուշացում տվեց. թույլ չտալ, որ սխալ բաներ, օրինակ՝ անբարո ֆանտազիաներ թափանցեն մեր միտք (Մատթ. 5։28)։ Մեր միտքը նման բաներով զբաղեցնելը մեծ տհաճություն կպատճառի Եհովային և նույնիսկ կարող է առաջնորդել անբարո քայլերի։ Երբեք թույլ մի՛ տուր, որ երևակայությունդ հեռացնի քեզ Եհովայից։
2) Երբ ենթադրում ենք, թե նյութական հարստությունը կարող է հարատև ապահովություն բերել
Նյութական իրերը անհրաժեշտ են։ Սակայն ժամանակի ընթացքում մեծ հիասթափություն կապրենք, եթե սկսենք մտածել, թե դրանց միջոցով հնարավոր է իրական ապահովություն և երջանկություն գտնել։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Հարուստ մարդու թանկարժեք իրերը նրա ամուր քաղաքն Առակ. 18։11)։ Օրինակ՝ նկատի առ, թե ինչ պատահեց, երբ 2009-ի սեպտեմբերին տեղատարափ անձրևները ավերեցին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի 80 տոկոսը։ Արդյո՞ք հարուստները զերծ մնացին ջրհեղեղի հետևանքներից։ Մի հարուստ մարդ, որը կորցրել էր իր ունեցվածքի մեծ մասը, ասաց. «Ջրհեղեղը բոլորին հավասարեցրեց՝ կորուստ ու տառապանք բերելով թե՛ հարուստին, թե՛ աղքատին»։ Գուցե թվա, թե հարստությունը իսկական ապահովություն է բերում, սակայն իրականությունը բոլորովին այլ է։
են, և նրա երևակայության մեջ դրանք պաշտպանող պարսպի են նման» (3) Երբ անտեղի անհանգստանում ենք որևէ բանի մասին, որը գուցե երբեք տեղի չունենա
Հիսուսը խորհուրդ տվեց չափից շատ չմտահոգվել (Մատթ. 6։34)։ Շարունակ տանջող մտահոգությունները կարող են լինել երևակայությունը սխալ գործի դնելու արդյունք։ Ենթադրյալ խնդիրների մասին մտահոգվելը, որոնք դեռ չկան և գուցե երբեք էլ չլինեն, մեզանից շատ էներգիա է խլում։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այդպիսի անհանգստությունները կարող են վհատեցնել մարդուն և նույնիսկ դեպրեսիայի պատճառ դառնալ (Առակ. 12։25)։ Որքա՜ն իմաստուն է ընդունել Հիսուսի խորհուրդը և չափից շատ չմտահոգվել՝ բավական համարելով տվյալ օրվա հոգսը։
ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԵՐՊԵՐ
1) Մտովի պատկերացնել վտանգավոր իրավիճակը և խուսափել դրանից
Աստվածաշունչը հորդորում է մեզ լինել խորագետ և հեռատես (Առակ. 22։3)։ Մինչ որոշումներ կայացնելը երևակայությունը օգնում է տեսնել դրանց հետևանքները։ Ենթադրենք՝ քեզ հրավիրում են մի հավաքույթի։ Երևակայությունդ ճիշտ գործի դնելով՝ կարող ես որոշել՝ գնալ, թե ոչ։ Տեղեկանալով, թե ով է հրավիրված և քանի հոգի, որտեղ և երբ է հավաքույթը լինելու՝ դու կարող ես պատկերացնել, թե արդյոք այն կլինի քրիստոնեավայել։ Այսպիսով՝ երևակայությունը կօգնի ոչ միայն մտովի պատկերացնել կոնկրետ իրավիճակը, այլև կայացնել իմաստուն որոշումներ՝ խուսափելով հոգևոր վտանգներից։
2) Մտածել և գտնել խնդիրը լուծելու տարբերակ
Երևակայությունը նաև օգնում է դիմագրավել և հաղթահարել խնդիրները։ Ենթադրենք՝ քո և հավատակիցներից մեկի միջև թյուրիմացություն է եղել։ Ի՞նչ քայլեր կձեռնարկես, որպեսզի վերականգնես ձեր փոխհարաբերությունները։ Հարկավոր է հաշվի առնել նրա բնավորությունը, խնդրի մասին խոսելու համար ընտրել ամենահարմար պահը, ճիշտ բառեր և ձայնի տոն։ Գործի դնելով քո երևակայությունը՝ մտածիր և գտիր խնդիրը լուծելու այն տարբերակը, որը քո կարծիքով ամենաարդյունավետը կլինի (Առակ. )։ Իրավիճակը հարթելու համար այսպիսի մտածված մոտեցումը կնպաստի ժողովի խաղաղությանը։ Սա, անկասկած, երևակայությունը ճիշտ օգտագործելու կերպերից է։ 15։28
3) Հարստացնել Աստվածաշնչի ընթերցանությունն ու ուսումնասիրությունը
Աստվածաշունչը ամեն օր ընթերցելը շատ կարևոր է։ Սակայն բավական չէ միայն կարդալ ու անցնել առաջ։ Հարկավոր է գործնական դասեր քաղել և սովորածը կիրառել կյանքում։ Նաև ընթերցանությունը կարող է ավելացնել մեր գնահատանքը Եհովայի գործելակերպի հանդեպ։ Այս հարցում ևս կարևոր դեր է խաղում մեր երևակայությունը։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ «Ընդօրինակեք նրանց հավատը» գիրքը այնպես է գրված, որ օգնում է վառ պատկերացնել աստվածաշնչյան պատմության յուրաքանչյուր տեսարան և յուրաքանչյուր կերպար։ Այն օգնում է լսել ձայները, զգալ հոտերը, պատկերացնել այդ տեսարանում եղող մարդկանց զգացումները։ Այսպես մենք կարողանում ենք սովորել հրաշալի դասեր և գտնել քաջալերական մտքեր նույնիսկ մեզ շատ ծանոթ աստվածաշնչյան դրվագներից։ Երևակայությունը ճիշտ օգտագործելով՝ կհարստացնենք Աստվածաշնչի մեր ընթերցանությունը և ուսումնասիրությունը։
4) Զարգացնել և դրսևորել կարեկցանք
Կարեկցանքը հրաշալի հատկություն է, որը նշանակում է զգալ դիմացինի ցավը քո սրտում։ Եհովան ու Հիսուսը դրսևորում են այս հատկությունը, ուստի մենք պետք է ընդօրինակենք նրանց (Ելք 3։7; Սաղ. 72։13)։ Ինչպե՞ս կարող ենք զարգացնել այս հատկությունը։ Ամենազորեղ միջոցներից մեկը երևակայությունը գործի դնելն է։ Միգուցե մենք երբեք չենք անցել այն ամենի միջով, ինչ մեր հավատակիցը։ Բայց կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Եթե ես լինեի նրա տեղը, ի՞նչ կզգայի։ Ինչի՞ կարիքը կունենայի»։ Այս հարցերը կնպաստեն, որ ավելի լավ պատկերացնենք նրա իրավիճակը և կարեկից լինենք։ Կարեկցանք դրսևորելը կօգնի մեզ կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում ծառայության մեջ և հավատակիցների հետ մեր փոխհարաբերություններում։
5) Պատկերացնել, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում
Աստվածաշունչը վառ կերպով նկարագրում է, թե ինչպիսին է լինելու կյանքը Աստծու խոստացած նոր աշխարհում (Ես. 35։5–7; 65։21–25; Հայտն. 21։3, 4)։ Մեր գրականությունը լի է նոր աշխարհի վերաբերյալ գեղեցիկ նկարազարդումներով։ Դրանք խթանում են մեր երևակայությունը և օգնում են տեսնել ինքներս մեզ նոր աշխարհում Աստծու խոստացած օրհնությունները վայելելիս։ Եհովան, ով տվել է մեզ երևակայություն՝ պատկերացնելու ունակություն, ամենից լավ գիտի, թե ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ մեզ վրա։ Գործի դնելով մեր երևակայությունը և խորհելով Աստծու խոստումների շուրջ՝ վստահությամբ կլցվենք, որ դրանք իրականություն են դառնալու։ Դա կօգնի, որ հավատարիմ մնանք՝ ինչ դժվարության էլ որ հանդիպենք կյանքում։
Երևակայությունը իսկապես որ հրաշալի պարգև է։ Այն կարող է օգնել մեզ յուրաքանչյուր օր մեր լավագույնը տալ Եհովային։ Թող որ ցույց տանք մեր գնահատանքը այս նվերը Տվողին՝ իմաստնորեն օգտագործելով այն։