Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ծառայենք Եհովային՝ ազատություն տվող Աստծուն

Ծառայենք Եհովային՝ ազատություն տվող Աստծուն

«Ուր որ Եհովայի ոգին է, այնտեղ ազատություն կա» (2 ԿՈՐՆԹ. 3։17

ԵՐԳ 49, 73

1, 2. ա) Պողոս առաքյալի օրերում մարդկանց ինչո՞ւ էր հետաքրքրում ստրկության և ազատության թեման։ բ) Պողոսը մարդկանց ուշադրությունը ո՞ւմ վրա էր հրավիրում՝ որպես իսկական ազատության Աղբյուրի։

ՀՌՈՄԵԱԿԱՆ կայսրությունը հպարտանում էր, որ օրենքի, արդարության և ազատության պաշտպան է։ Այնինչ այս կայսրությունը մեծ մասամբ ստրուկների շնորհիվ էր հասել իր փառքին ու հզորությանը։ Կար ժամանակ, երբ դրա բնակչության մոտ 30 տոկոսը ստրուկ էր։ Ուստի հասկանալի է, թե ստրկության ու ազատության թեման ինչու կարող էր հետաքրքրել հասարակ ժողովրդին, այդ թվում՝ քրիստոնյաներին։

2 Պողոս առաքյալը իր նամակներում խոսում էր ազատության մասին։ Սակայն նրա ծառայության նպատակը սոցիալական և քաղաքական ոլորտներում բարեփոխումներ անելը չէր, ինչը այդ օրերում ժողովրդի փափագն էր։ Պողոսն ու իր հավատակիցները չէին ակնկալում, թե ինչ-որ կառավարիչ կամ պետական մարմին իրենց ազատություն կշնորհի։ Փոխարենը՝ նրանք մարդկանց հայտնում էին Աստծու Թագավորության բարի լուրը և օգնում էին հասկանալ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի մեծ արժեքը։ Պողոսը քրիստոնյաների ուշադրությունը հրավիրում էր իսկական ազատության Աղբյուրի վրա։ Օրինակ՝ Կորնթոսի քրիստոնյաներին ուղղված իր երկրորդ նամակում առաքյալը հետևյալն ասաց. «Եհովան Ոգի է, և ուր որ Եհովայի ոգին է, այնտեղ ազատություն կա» (2 Կորնթ. 3։17

3, 4. ա) Ինչի՞ մասին է խոսում Պողոսը նախքան 2 Կորնթացիներ 3։17-ում նշված խոսքերը գրելը։ բ) Ի՞նչ պետք է անենք, որ վայելենք Եհովայից եկող ազատությունը։

3 Նույն նամակում՝ նախքան վերը նշված խոսքերը գրելը, Պողոսը խոսում է Մովսեսից ճառագող փառքի մասին, երբ վերջինս իջավ Սինա լեռից, որտեղ ներկա էր Եհովայի հրեշտակը։ Տեսնելով Մովսեսին՝ ժողովուրդը վախեցավ, ուստի Մովսեսը քողով ծածկեց իր երեսը (Ելք 34։29, 30, 33; 2 Կորնթ. 3։7, 13)։ Բայց, ինչպես գրում է Պողոսը, երբ որ մարդիկ «դառնում են դեպի Եհովան, քողը վերցվում է» (2 Կորնթ. 3։16)։ Ի՞նչ է սա նշանակում։

4 Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, Եհովան՝ ամեն բանի Արարիչը, միակ Անձնավորությունն է, ով ունի բացարձակ ու անսահմանափակ ազատություն։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ այնտեղ, որտեղ Եհովայի ոգին է, ազատություն կա։ Սակայն այդ ազատությունը վայելելու համար պետք է «դառնանք դեպի Եհովան», այսինքն՝ անձնական փոխհարաբերություններ զարգացնենք նրա հետ։ Ստրկությունից ազատագրված իսրայելացիները հոգևոր տեսանկյունից չէին նայում այն ամենին, ինչ Եհովան անում էր իրենց համար։ Նրանց սրտերն ու մտքերը ասես քողով ծածկված լինեին, կարծրացած, կենտրոնացած լոկ այն բանի վրա, թե ինչպես ֆիզիկական օգուտ քաղեն իրենց ստացած ազատությունից (Եբր. 3։8–10

5. ա) Եհովայի ոգին ի՞նչ ազատություն է տալիս։ բ) Ինչո՞ւ ենք համոզված, որ ֆիզիկական կապանքները չեն կարող մեզնից խլել Եհովայի տված ազատությունը։ գ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

5 Եհովայի ոգուց եկող ազատությունը ավելին է, քան ֆիզիկական ստրկությունից ազատվելը։ Աստծու ոգու շնորհիվ հնարավոր է դառնում այն, ինչին մարդը չի կարող հասնել իր ջանքերով։ Այն մեզ ազատագրում է մեղքի ու մահվան ստրկությունից, ինչպես նաև կեղծ կրոնի ու դրա սովորույթների գերությունից (Հռոմ. 6։23; 8։2)։ Ի՜նչ փառահեղ ազատություն։ Մարդը այն չի կորցնում, նույնիսկ երբ իրեն բանտարկում են կամ ստրկացնում (Ծննդ. 39։20–23)։ Դրանում համոզվեցին քույր Նենսի Յուենը և եղբայր Հարոլդ Քինգը, որոնք հավատի համար տարիներ շարունակ բանտում անցկացրին։ Նրանց պատմությունները կարելի է դիտել «JW Broadcasting» հեռուստաալիքի կայքում (տես ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ > ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՈԿԱԼՈՒ ՕՐԻՆԱԿՆԵՐ)։ Այժմ եկեք քննարկենք, թե ինչպես կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք գնահատում մեր ազատությունը։ Նաև խոսենք այն մասին, թե ինչ կարող ենք անել, որ իմաստությամբ օգտագործենք այն։

ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

6. Իսրայելացիներն ինչպե՞ս ցույց տվեցին, որ չեն գնահատում Եհովայի տված ազատությունը։

6 Երբ գիտակցում ենք, թե ինչ մեծ արժեք ունի մեզ տրված նվերը, մղվում ենք մեր երախտագիտությունը հայտնելու այն տվողին։ Եհովան իսրայելացիներին ազատեց ստրկությունից, սակայն նրանք չգնահատեցին իրենց շնորհված ազատությունը։ Մի քանի ամիս անց նրանք սկսեցին հիշել, թե ինչ էին ուտում ու խմում Եգիպտոսում, և դժգոհել Եհովայի տված բաներից։ Նույնիսկ ցանկացան վերադառնալ Եգիպտոս։ Միայն պատկերացրու՝ իսրայելացիները ավելի շատ գնահատում էին «ձկները.... վարունգները, ձմերուկները, պրասասոխերը, սոխերն ու սխտորները», քան Աստծու տված ազատությունը, որի շնորհիվ կարող էին երկրպագել նրան։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան սաստիկ բարկացավ իր ժողովրդի վրա (Թվեր 11։5, 6, 10; 14։3, 4)։ Թող որ դաս քաղենք այս պատմությունից։

7. Պողոսն ինչպե՞ս էր գործում 2 Կորնթացիներ 6։1-ում գրված իր խորհրդի համաձայն, և ինչպե՞ս կարող ենք մենք էլ նույնն անել։

7 Պողոս առաքյալը բոլոր քրիստոնյաներին հորդորեց սովորական բան չհամարել այն ազատությունը, որ Եհովան սիրով տվել է մեզ իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (կարդա 2 Կորնթացիներ 6։1)։ Մեղքի ու մահվան գերության պատճառով Պողոսը իրեն թշվառ մարդ էր համարում։ Սակայն երախտագիտությամբ լցված՝ ասաց. «Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Այո՛, Պողոսը երախտապարտ էր այդ գերությունից ազատվելու համար։ Նա գրեց իր հավատակիցներին. «Այն ոգու օրենքը, որ ձեզ կյանք է տալիս Քրիստոս Հիսուսում, ազատել է ձեզ մեղքի ու մահվան օրենքից» (Հռոմ. 7։24, 25; 8։2)։ Ընդօրինակելով Պողոսին՝ մենք էլ երբեք չպետք է սովորական բան համարենք այն ազատությունը, որ Եհովան շնորհել է մեզ՝ արձակելով մեղքի ու մահվան կապանքները։ Փրկանքի շնորհիվ մենք կարող ենք մաքուր խղճով ծառայել մեր Աստծուն և իսկական ուրախություն ստանալ դրանից (Սաղ. 40։8

Ինչպե՞ս ես օգտագործում ընտրության ազատությունդ՝ Թագավորությա՞ն գործը, թե՞ քո անձնական շահերն առաջ տանելու համար (տես պարբերություն 8–10)

8, 9. ա) Պետրոս առաքյալը ի՞նչ նախազգուշացում տվեց ազատությունն օգտագործելու վերաբերյալ։ բ) Այսօր ի՞նչ վտանգներ են մեզ սպառնում։

8 Շնորհակալ լինելուց բացի՝ մենք պետք է աչալուրջ լինենք, որ երբեք սխալ չօգտագործենք մեր թանկարժեք ազատությունը։ Պետրոս առաքյալը զգուշացրեց, որ այն չօգտագործենք որպես մարմնի ցանկությունները կատարելու միջոց (կարդա 1 Պետրոս 2։16)։ Նրա խոսքերը հիշեցնում են այն, ինչ պատահեց իսրայելացիներին անապատում։ Մեզ էլ է նման վտանգ սպառնում՝ թերևս ավելի մեծ։ Սատանան և իր աշխարհը ավելի ու ավելի գայթակղիչ առաջարկներ են անում՝ կապված հագուստի, հարդարանքի, սննդի, ըմպելիքների, զվարճությունների, հանգստի ձևերի և այլ բաների հետ։ Հնարամտորեն ստեղծված գովազդներում հաճախ տեսնում ենք գրավիչ մարդկանց, որոնք այս կամ այն բանը այնպես են ներկայացնում, ասես դա մեզ ծայրահեղ անհրաժեշտ է, այնինչ դրա կարիքը բոլորովին չունենք։ Որքա՜ն հեշտ է դառնալ այս խորամանկությունների զոհը և սխալ օգտագործել մեզ տրված ազատությունը։

9 Պետրոսի խորհուրդը վերաբերում է նաև ավելի լուրջ հարցերի, ինչպիսիք են կրթությունը, աշխատանքն ու կարիերան։ Օրինակ՝ դպրոցում սովորող աշակերտների վրա այսօր մեծ ճնշում է բանեցվում, որպեսզի նրանք ձգտեն բարձրագույն կրթություն ստանալ։ Նրանց ասում են, որ դա հնարավորություն կտա լավ վարձատրվող և պատվաբեր աշխատանք գտնելու։ Նույնիսկ բերում են վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ նման հաստատություններ ավարտած մարդիկ անհամեմատ ավելի շատ են վաստակում, քան նրանք, ովքեր հիմնական կրթություն ունեն։ Այս ամենը կարող է գրավել երիտասարդներին, որոնք գիտակցում են, որ իրենց ընտրությունը կարող է մեծապես ազդել ամբողջ կյանքի վրա։ Ինչի՞ մասին պետք է հիշեն նրանք և իրենց ծնողները։

10. Ինչի՞ մասին պետք է հիշենք, երբ մեր ազատությունն օգտագործում ենք անձնական ընտրություն կատարելու համար։

10 Քանի որ նման ընտրություն կատարելը անձնական հարց է, ոմանք կարծում են, թե պետք է ազատություն ունենան ընտրելու այն, ինչ ուզում են, եթե իրենց խիղճը դա թույլ է տալիս։ Նրանք գուցե մտաբերում են Պողոսի խոսքերը, որ նա գրեց Կորնթոսի քրիստոնյաներին։ Խոսելով ուտելիքի մասին՝ նա ասաց. «Ինչո՞ւ պետք է իմ ազատությունը դատվի դիմացինի խղճի համաձայն» (1 Կորնթ. 10։29)։ Ճիշտ է, մենք ազատ ենք ընտրություն կատարելու այնպիսի հարցերում, ինչպիսիք են կրթությունն ու աշխատանքը, սակայն չպետք է մոռանանք, որ մեր ազատությունը հարաբերական է, և որ մեր բոլոր որոշումները հետևանքներ են ունենում։ Դրա համար էլ նախքան վերը նշված խոսքերը գրելը Պողոսն ասաց. «Ամեն բան օրինավոր է [կամ՝ «թոյլատրելի է», «Էջմիածին» թարգմանություն], բայց ամեն բան չէ, որ օգտակար է։ Ամեն բան օրինավոր է, բայց ամեն բան չէ, որ կերտում է» (1 Կորնթ. 10։23)։ Սա օգնում է մեզ հասկանալ, որ երբ որոշում ենք, թե կյանքի ցանկացած ոլորտում ինչպես օգտագործենք մեր անձնական ազատությունը, պետք է մեր նախընտրությունից շատ ավելի կարևոր գործոններ հաշվի առնենք։

ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

11. Ի՞նչ նպատակով է Եհովան ազատել մեզ։

11 Զգուշացնելով, որ սխալ չօգտագործենք մեր ազատությունը՝ Պետրոսը նաև նշեց, թե որն է դրա նպատակը։ Նա հորդորեց մեր ազատությունն այնպես օգտագործել, որ «ապրենք որպես Աստծու ծառաներ»։ Եհովան Հիսուսի միջոցով մեզ ազատել է մեղքի ու մահվան օրենքից ա՛յն նպատակով, որ ապրենք որպես իրեն նվիրված ծառաներ։

12. Նոյն ու իր ընտանիքի անդամները ի՞նչ օրինակ են մեզ թողել։

12 Ի՞նչ անենք, որ սխալ չօգտագործենք մեր ազատությունը, և որ աշխարհիկ ցանկություններն ու ձգտումները կրկին չստրկացնեն մեզ։ Լավագույն պաշտպանությունը հոգևոր գործերով զբաղված լինելն է (Գաղ. 5։16)։ Նկատի առնենք Նոյ նահապետի ու նրա ընտանիքի օրինակը։ Նրանք ապրում էին դաժան ու անբարո աշխարհում։ Սակայն շրջապատի մարդկանց ցանկություններն ու գործերը չհրապուրեցին նրանց։ Ինչի՞ շնորհիվ նրանք անսասան մնացին։ Նոյն ու իր հարազատները միշտ զբաղված էին Եհովայի հանձնարարած գործերով. կառուցում էին տապանը, իրենց ու կենդանիների համար ուտելիք էին ամբարում և ուրիշներին զգուշացնում էին գալիք դատաստանի մասին։ «Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց» (Ծննդ. 6։22)։ Արդյունքում նա և իր ընտանիքի անդամները փրկվեցին, երբ եկավ աշխարհի վերջը (Եբր. 11։7

13. Հիսուսը ի՞նչ հանձնարարություն ստացավ ու փոխանցեց իր հետևորդներին։

13 Որպես Հիսուսի աշակերտներ՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ պատվեր է մեզ տվել Եհովան։ Նա իր Որդուն հանձնարարեց քարոզել բարի լուրը, վերջինս էլ այդ հանձնարարությունը փոխանցեց իր աշակերտներին (կարդա Ղուկաս 4։18, 19)։ Այս աշխարհի աստվածը գրեթե բոլոր մարդկանց կուրացրել է ու ստրկացրել՝ նրանց դնելով կրոնական, տնտեսական ու սոցիալական կապանքների մեջ (2 Կորնթ. 4։4)։ Սակայն մենք պատիվ ունենք Հիսուսի պես օգնելու մարդկանց, որ ճանաչեն ու երկրպագեն Եհովային՝ ազատություն տվող Աստծուն (Մատթ. 28։19, 20)։ Դա հեշտ գործ չէ. մենք բազում դժվարությունների ենք բախվում։ Որոշ երկրներում մարդիկ ավելի անտարբեր են դառնում, ոմանք էլ թշնամաբար են տրամադրված։ Ուստի յուրաքանչյուրս պետք է ինքն իրեն հարցնի. «Կարո՞ղ եմ իմ ազատությունն այնպես օգտագործել, որ ավելի շատ մասնակցեմ Թագավորության գործին»։

14, 15. Եհովայի ժողովուրդը ինչպե՞ս է վերաբերվում քարոզչական գործին (տես հոդվածի սկզբի նկարը)։

14 Ուրախալի է տեսնել, որ շատերը, հրատապության զգացումով լցված, պարզեցրել են իրենց կյանքը, որպեսզի լիաժամ ծառայեն (1 Կորնթ. 9։19, 23)։ Ոմանք ծառայում են իրենց տարածքում, ուրիշներն էլ տեղափոխվում են այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կա։ Անցած հինգ տարիների ընթացքում ռահվիրաների միջին թիվն ամբողջ աշխարհում աճել է ավելի քան 250 000-ով և այժմ գերազանցում է 1 100 000-ը։ Ի՜նչ լավ է, որ մարդիկ իրենց ազատությունն օգտագործում են Եհովային ծառայելու համար (Սաղ. 110։3

15 Ի՞նչն է օգնել այս եղբայրներին ու քույրերին իմաստությամբ օգտագործել իրենց ազատությունը։ Նկատի առնենք Ջոնի և Ջուդիթի օրինակը, ովքեր անցած 30 տարիների ընթացքում ծառայել են մի շարք երկրներում։ Նրանք հիշում են, որ երբ 1977 թ.-ին հիմնվեց Ռահվիրայական ծառայության դպրոցը, շեշտ դրվեց այնպիսի վայրեր տեղափոխվելու վրա, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Այս զույգն ուզում էր կենտրոնացած մնալ նշված նպատակի վրա։ Ուստի Ջոնն ասում է, որ պարզ կյանքով ապրելու համար շատ անգամ փոխել է իր աշխատանքը։ Իսկ երբ նրանք տեղափոխվեցին այլ երկիր, Եհովային աղոթելու ու նրան ապավինելու շնորհիվ կարողացան հաղթահարել այնպիսի դժվարություններ, ինչպիսիք են նոր լեզու սովորելը, նոր մշակույթին ու անբարենպաստ կլիմային հարմարվելը։ Ի՞նչ է մտածում այս զույգը ծառայության մեջ անցկացրած տարիների մասին։ Ջոնն ասում է. «Ես զբաղված էի ամենալավ գործով։ Եհովան սիրող հոր պես իրական դարձավ ինձ համար։ Ես ավելի լավ հասկացա, թե ինչ են նշանակում Հակոբոս 4։8-ում գրված խոսքերը. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»։ Ես գտա այն, ինչ փնտրում էի՝ կյանքի իսկական իմաստ»։

16. Սահմանափակ հնարավորություններ ունեցող հազարավոր եղբայրներ ու քույրեր ինչպե՞ս են իրենց ազատությունն իմաստությամբ օգտագործում։

16 Ոմանց հանգամանքները թույլ չեն տալիս Ջոնի և Ջուդիթի պես երկար ժամանակ լիաժամ ծառայել։ Սակայն շատերն օգտվում են իրենց ունեցած հնարավորություններից և որպես կամավորներ մասնակցում են մեր շինարարական նախագծերին։ Օրինակ, երբ Ուորվիքում (Նյու Յորք, ԱՄՆ) կառուցվում էին մեր գլխավոր վարչության շենքերը, մոտ 27 000 եղբայրներ ու քույրեր առաջարկեցին իրենց օգնությունը՝ ծառայելով երկու շաբաթից մինչև մեկ տարի կամ ավելի երկար։ Նրանցից շատերը մեծ զոհողություններ արեցին դրա համար։ Նրանք օգտագործեցին իրենց աստվածատուր ազատությունը, որպեսզի փառք ու պատիվ բերեն Եհովային՝ ազատություն տվող Աստծուն։ Ի՜նչ հիանալի օրինակ։

17. Ի՞նչ փառահեղ ապագա է սպասում նրանց, ովքեր իմաստությամբ են օգտագործում իրենց աստվածատուր ազատությունը։

17 Մենք ճանաչում ենք Եհովային ու վայելում ենք այն ազատությունը, որը ստացել ենք ճշմարիտ երկրպագության շնորհիվ։ Մենք անչափ շնորհակալ ենք սրա համար։ Ուստի եկեք մեր կայացրած որոշումներով ցույց տանք, որ թանկ ենք գնահատում այս ազատությունը։ Թող այն ճիշտ օգտագործենք և մեր հնարավորությունների սահմաններում լիարժեքորեն ծառայենք Աստծուն։ Այդ դեպքում կարող ենք հույսով սպասել Եհովայի խոստացած օրհնություններին, որոնք կվայելենք այն ժամանակ, երբ կատարվեն հետևյալ մարգարեության խոսքերը. «Ստեղծագործությունը ինքն էլ ազատ կարձակվի ապականության ստրկությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21