Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նշանակում ստացած եղբայրնե՛ր, սովորեք Տիմոթեոսից

Նշանակում ստացած եղբայրնե՛ր, սովորեք Տիմոթեոսից

ԱՆՑԱԾ տարի ողջ աշխարհում հազարավոր եղբայրներ նշանակվել են որպես երեցներ և ծառայող օգնականներ։ Եթե դու էլ ես նշանակում ստացել, վստահ ենք, որ շատ ուրախ ես ծառայության մեջ ունեցած այս նոր առանձնաշնորհման համար։

Սակայն հասկանալի է, որ փոքր-ինչ անհանգստանում ես։ Ջեյսոն անունով մի երիտասարդ երեց պատմում է. «Երբ նշանակվեցի, սկզբում այնպիսի զգացում ունեի, թե չափից շատ պատասխանատվություններ են թափվել գլխիս»։ Հիշենք. երբ Մովսեսն ու Երեմիա մարգարեն Եհովայից նոր նշանակումներ ստացան, կարծեցին, թե ունակ չեն կատարելու այդ հանձնարարությունները (Ելք 4։10; Երեմ. 1։6)։ Եթե նման զգացումներ ունես, կարող ես հաղթահարել դրանք և շարունակ առաջադիմել։ Նկատի առ քրիստոնյա աշակերտ Տիմոթեոսի օրինակը (Գործ. 16։1–3

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Տիմոթեոսը հավանաբար քսան տարեկանին մոտ էր կամ քսանն անց էր, երբ Պողոս առաքյալը նրան առաջարկեց դառնալ իր շրջագայող ծառայակիցը։ Հնարավոր է՝ իր տարիքի պատճառով Տիմոթեոսը սկզբում անվստահ էր և վարանում էր կատարել իր նոր դերը (1 Տիմոթ. 4։11, 12; 2 Տիմոթ. 1։1, 2, 7)։ Սակայն տարիներ անց Պողոսը նրա մասին Փիլիպպեի ժողովին հետևյալը գրեց. «Ես հույս ունեմ, որ եթե Տեր Հիսուսի կամքով է, շուտով ձեզ մոտ կուղարկեմ Տիմոթեոսին.... քանի որ, նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ» (Փիլիպ. 2։19, 20

Ինչի՞ շնորհիվ էր Տիմոթեոսը հաջողությամբ կատարում երեցի իր պարտականությունները։ Նրա օրինակից կարող ենք վեց բան սովորել։

1. Տիմոթեոսը իսկապես հոգ էր տանում մարդկանց մասին։ Պողոսը փիլիպպեցի եղբայրներին ասաց, որ Տիմոթեոսը «անկեղծությամբ հոգ կտանի նրանց մասին» (Փիլիպ. 2։20)։ Եվ նա չէր սխալվում։ Այդ երիտասարդ երեցը անկեղծորեն հետաքրքրված էր մարդկանց հոգևոր բարօրությամբ և իր ուժերը սրտանց ծախսում էր նրանց համար։

Մի՛ եղիր ավտոբուսի այն վարորդի նման, ով ավելի շատ մտածում է ամեն կանգառ ժամանակին հասնելու, քան թե ուղևորներին վերցնելու մասին։ Ուիլյամը, որը ավելի քան 20 տարի որպես երեց է ծառայում ու վայելում է ուրիշների հարգանքը, նշանակում ստացած եղբայրներին հետևյալ խորհուրդն է տալիս. «Սիրեք հավատակիցներին։ Կենտրոնացեք նրանց կարիքների վրա, ոչ թե կազմակերպչական հարցերի»։

2. Տիմոթեոսի կյանքում հոգևորն առաջին տեղում էր։ Պողոսը նշեց, որ Տիմոթեոսը տարբերվում էր ուրիշներից։ Նա ասաց. «Մնացած բոլորը իրենց սեփական շահն են փնտրում և ոչ թե Քրիստոս Հիսուսինը» (Փիլիպ. 2։21)։ Պողոսն այս խոսքերը Հռոմից էր գրում։ Նա տեսնում էր, որ այնտեղի եղբայրները տարված էին անձնական գործերով։ Հոգևորի հարցում նրանք խնայում էին իրենց ուժերը։ Բայց Տիմոթեոսն այդպիսին չէր։ Երբ բարի լուրը տարածելու հնարավորություն էր ստեղծվում, նա նույն ոգին էր դրսևորում, ինչ Եսայիա մարգարեն, ով ասաց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8

Ինչպե՞ս կարող ես հավասարակշռել քո անձնական և հոգևոր պարտականությունները։ Առաջնահերթություններ սահմանիր։ Պողոս առաքյալը խորհուրդ տվեց «հավաստիանալ, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպ. 1։10)։ Այն, ինչ Աստծու համար է առաջնահերթ, թող քեզ համար էլ առաջնահերթ լինի։ Նաև պարզեցրու կյանքդ։ Ձերբազատվիր այն ամենից, ինչը գողանում է ժամանակդ և ուժերդ։ Պողոսը Տիմոթեոսին հորդորեց. «Փախիր երիտասարդական ցանկություններից, փոխարենը՝ հետամուտ եղիր արդարության, հավատի, սիրո և խաղաղության» (2 Տիմոթ. 2։22

3. Տիմոթեոսը ժրաջանորեն կատարում էր իր սուրբ ծառայությունը։ Պողոսը փիլիպպեցիներին հիշեցրեց. «Դուք գիտեք, որ նա փաստեց իր արժանի լինելը, որ ինչպես երեխան իր հոր հետ, այնպես էլ նա ինձ հետ ծառայեց բարի լուրի տարածման համար» (Փիլիպ. 2։22)։ Տիմոթեոսը ծույլ չէր։ Նա Պողոսի հետ ժրաջանորեն ծառայում էր, և սա ավելի էր խորացնում նրանց կապվածությունը։

Այսօր Աստծու կազմակերպության մեջ շատ գործ կա անելու։ Այն, իրոք որ, բավարարվածության խոր զգացում է տալիս և օգնում է, որ ավելի մտերմանաս քո եղբայրների ու քույրերի հետ։ Ուստի նպատակ դիր «միշտ զբաղված լինելու Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58

4. Տիմոթեոսը կիրառում էր այն, ինչ սովորում էր։ Պողոսը Տիմոթեոսին գրեց. «Դու սերտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, ապրելակերպին, նպատակին, հավատին, համբերատարությանը, իմ ունեցած սիրուն և տոկունությանը» (2 Տիմոթ. 3։10)։ Քանի որ Տիմոթեոսը կիրառում էր իր սովորածը, նրան կարող էին ավելի շատ բան վստահել (1 Կորնթ. 4։17

Ունե՞ս տարիքով ավելի մեծ ու փորձառու ընկեր, ումից կարող ես սովորել։ Եթե ոչ, ինչո՞ւ չգտնես այդպիսի ընկեր։ Թոմը, որը երկար տարիներ որպես երեց է ծառայում, հիշում է. «Մի փորձառու երեց ինձ իր թևի տակ առավ ու շատ բան սովորեցրեց։ Ես միշտ նրանից խորհուրդ էի հարցնում և կիրառում էի նրա ասածը։ Դրա շնորհիվ կարճ ժամանակ անց վստահությամբ լցվեցի»։

5. Տիմոթեոսը շարունակում էր «մարզել իր անձը»։ Պողոսը Տիմոթեոսին հորդորեց. «Մարզիր քո անձը՝ Աստծու հանդեպ նվիրված լինելու նպատակով» (1 Տիմոթ. 4։7)։ Մարզիկը կարող է մարզիչ ունենալ, սակայն նա պետք է նաև ինքնուրույն մարզվի։ Պողոսը Տիմոթեոսին ասաց. «Շարունակիր ջանասեր լինել բարձրաձայն ընթերցելու, հորդորելու և սովորեցնելու մեջ.... Խորհիր այս բաների մասին, կլանված եղիր դրանցով, որպեսզի առաջադիմությունդ հայտնի լինի բոլորին» (1 Տիմոթ. 4։13–15

Դու նույնպես շարունակիր հմտություններ զարգացնել։ Թույլ մի՛ տուր, որ հոգևոր աճդ կանգնի։ Կազմակերպության հետ համաքայլ ընթացիր՝ միշտ հետևելով նրա տված վերջին առաջնորդությանը։ Նաև չափազանց ինքնավստահ մի՛ դարձիր։ Մի՛ մտածիր, թե այնքան փորձառու ես, որ կարող ես առանց մանրակրկիտ ուսումնասիրություններ անելու լուծել ցանկացած հարց։ Ընդօրինակելով Տիմոթեոսին՝ «շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն» (1 Տիմոթ. 4։16

6. Տիմոթեոսը ապավինում էր Եհովայի ոգուն։ Խորհելով Տիմոթեոսի կատարած ծառայության մասին՝ Պողոսը նրան հիշեցրեց. «Քեզ վստահված այս բարի գանձը պահպանիր սուրբ ոգով, որը բնակվում է մեր մեջ» (2 Տիմոթ. 1։14)։ Իր ծառայությունը շարունակելու համար Տիմոթեոսը պետք է Աստծու ոգուն ապավիներ։

Դոնալդը, ով մի քանի տասնամյակ որպես երեց է ծառայում, ասում է. «Նշանակում ստացած եղբայրները պետք է թանկ գնահատեն Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունները։ Նրանք, ովքեր դա անում են, «զորությունից զորություն կգնան»։ Եթե նրանք Աստծուց խնդրեն իր ոգին և մշակեն դրա պտուղը, իսկական օրհնություն կդառնան իրենց հավատակիցների համար» (Սաղ. 84։7; 1 Պետ. 4։11

ԹԱՆԿ ՀԱՄԱՐԻՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԴ

Ի՜նչ ուրախալի է տեսնել այսքան շատ եղբայրների, որոնք քեզ պես նոր նշանակում են ստացել ու շարունակում են հոգևորապես առաջադիմել։ Ջեյսոնը, ում խոսքերը բերված են հոդվածի սկզբում, ասում է. «Այն ժամանակվանից, երբ սկսեցի ծառայել որպես երեց, շատ բան եմ սովորել, և իմ վստահությունն ավելացել է։ Այժմ իսկապես հաճույք եմ ստանում իմ ծառայությունից և իմ նշանակումը հրաշալի առանձնաշնորհում եմ համարում»։

Իսկ դու կշարունակե՞ս հոգևորապես առաջադիմել։ Նպատակ դիր սովորելու Տիմոթեոսից։ Այդ դեպքում դու էլ օրհնություն կլինես Աստծու ժողովրդի համար։