Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատանինե՛ր, կենտրոնացա՞ծ եք հոգևոր նպատակների վրա

Պատանինե՛ր, կենտրոնացա՞ծ եք հոգևոր նպատակների վրա

«Քո գործերը Եհովային հանձնիր, և քո ծրագրերը կհաստատվեն» (ԱՌԱԿ. 16։3

ԵՐԳ 135, 144

1–3. ա) Ի՞նչ դժվար ընտրության առաջ են կանգնած պատանիները։ Բեր օրինակ (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ի՞նչը կօգնի քրիստոնյա պատանիներին ճիշտ ընտրություն կատարել։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ պետք է ավտոբուսով հեռու քաղաք գնաս՝ մասնակցելու մի կարևոր միջոցառման։ Ճանապարհդ երկար է լինելու։ Գալով ավտոկայարան՝ դու մի պահ շփոթվում ես՝ տեսնելով այդքան շատ մարդիկ ու ավտոբուսներ։ Սակայն դու լավ գիտես, թե որն է քո նպատակակետը, ուստի համապատասխան ավտոբուսն ես նստում։ Եթե ուրիշ ավտոբուս նստես, սխալ ուղղությամբ կգնաս։

2 Այո՛, պատանիները ուղևորների են նման։ Նրանք պետք է երկար ճանապարհորդություն սկսեն, պետք է անցնեն կյանքի ճանապարհը։ Հնարավոր է՝ երբեմն նրանք շփոթվեն՝ տեսնելով, որ իրենց առաջ բազմաթիվ հնարավորություններ են բացված։ Սակայն եթե պատանիները հստակ պատկերացում ունենան, թե ուր են ուզում գնալ, ընտրություն անելը ավելի հեշտ կլինի։ Իսկ ո՞ր ուղին լավ կլինի ընտրել։

3 Այս հոդվածը կպատասխանի նշված հարցին և կքաջալերի պատանիներին կենտրոնանալ Եհովային հաճեցնելու վրա։ Դրա համար հարկավոր է հաշվի առնել Աստծու տեսակետը կյանքի բոլոր ոլորտներում, օրինակ՝ կրթությանը, աշխատանքին և ընտանեկան պարտականություններին վերաբերող հարցերում։ Նաև անհրաժեշտ է ջանքեր թափել հոգևոր նպատակների հասնելու համար։ Այն պատանիները, որոնք կենտրոնացած են Եհովային ծառայելու վրա, կարող են վստահ լինել, որ նա կօրհնի իրենց և կօգնի հաջողակ լինել կյանքում (կարդա Առակներ 16։3

ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴԻՐ

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Վաղ տարիքում հոգևոր նպատակներ դնելը իմաստուն որոշում է։ Ինչո՞ւ։ Քննենք երեք պատճառ։ Առաջին երկուսը ցույց են տալիս, որ հոգևոր նպատակների ձգտելով՝ մարդն ամրացնում է Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները, իսկ երրորդն ընդգծում է, թե որքան օգտակար է հենց վաղ տարիքից այդպիսի նպատակներ դնել։

5. Ո՞րն է հոգևոր նպատակներ դնելու գլխավոր պատճառը։

5 Հոգևոր նպատակներ դնելու գլխավոր պատճառն այն է, որ այդպես Եհովային մեր երախտագիտությունն ենք ցույց տալիս իր սիրո և մեզ համար արած բոլոր բաների համար։ Սաղմոսերգուն գրել է. «Բարի է շնորհակալություն հայտնել Եհովային.... որովհետև դու ուրախացնում ես ինձ քո գործերով, ո՜վ Եհովա, քո ձեռքի գործերն ինձ ցնծություն են պատճառում» (Սաղ. 92։1, 4)։ Սիրելի՛ պատանի, մի պահ մտածիր այն ամենի մասին, ինչի համար Եհովային ես պարտական։ Այդ թանկարժեք բաներից են քո կյանքը, հավատը, Աստվածաշունչը, ժողովը և ապագայի հիանալի հույսը։ Հոգևորին առաջնահերթություն տալով՝ դու Աստծուն քո երախտագիտությունն ես հայտնում այս բոլոր օրհնությունների համար և ավելի ես մտերմանում նրա հետ։

6. ա) Հոգևոր նպատակներն ինչպե՞ս են ազդում Եհովայի հետ մեր ունեցած փոխհարաբերությունների վրա։ բ) Պատանիներն ի՞նչ նպատակներ կարող են դնել վաղ տարիքից։

6 Երկրորդ պատճառն այն է, որ հոգևոր նպատակների ձգտելով՝ սկսում ես Եհովային հաճելի բաներ անել։ Դա քեզ ավելի է մտերմացնում նրա հետ։ Պողոս առաքյալը գրեց. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ» (Եբր. 6։10)։ Ոմանք գուցե մտածեն, թե իրենք դեռ շատ փոքր են նպատակներ դնելու համար։ Սակայն դա այդպես չէ։ Քրիստինը 10 տարեկան էր, երբ որոշեց կանոնավորաբար կարդալ հավատարիմ Վկաների կենսագրությունները։ Թոբին 12 տարեկանում նպատակ դրեց նախքան մկրտվելը կարդալու ամբողջ Աստվածաշունչը։ Մաքսիմը 11 տարեկան էր, իսկ նրա քույր Նոեմին՝ մեկ տարով փոքր, երբ իրենք մկրտվեցին։ Երկուսն էլ սկսեցին ջանքեր թափել, որպեսզի հասնեն Բեթելում ծառայելու նպատակին։ Դրա վրա կենտրոնացած մնալու համար նրանք Բեթելի դիմումը պատին փակցրին։ Դու էլ կարող ես մտածել, թե ինչ նպատակներ դնես քո առաջ։ Ապա սկսիր աշխատել, որ հասնես դրանց (կարդա Փիլիպպեցիներ 1։10, 11

7, 8. ա) Ինչո՞ւ որոշումներ կայացնելը ավելի հեշտ կլինի, եթե վաղ տարիքից նպատակներ դնես։ բ) Ինչո՞ւ մի աղջիկ որոշեց չընդունվել համալսարան։

7 Ո՞րն է երրորդ պատճառը, թե ինչու արժե վաղ տարիքից նպատակներ դնել։ Պատանիները պետք է իրենց կյանքում զանազան որոշումներ կայացնեն, որոնք կապված են կրթության, աշխատանքի և այլ բաների հետ։ Որոշում կայացնելը նման է նրան, որ հասնելով խաչմերուկ՝ պետք է ընտրես ճիշտ ճանապարհը։ Եթե գիտես, թե ուր ես գնում, ճիշտ ճանապարհն ընտրելը դժվար չէ։ Նույն ձևով էլ, եթե գիտես, թե ինչ նպատակներ ունես, ավելի հեշտ է ճիշտ որոշումներ կայացնել։ Առակներ 21։5-ում ասվում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն»։ Որքան շուտ նպատակներ դնես ու ծրագրեր կազմես, այնքան շուտ հաջողության կհասնես։ Դրանում համոզվեց Դամարիս անունով մի քույր, ով պատանեկան տարիքում պետք է կարևոր որոշում կայացներ։

8 Դամարիսը բարձր գնահատականներով ավարտեց դպրոցը։ Նա կարող էր կրթաթոշակ ստանալ ու համալսարանում իրավագիտություն սովորել, սակայն որոշեց աշխատել բանկում։ Ինչո՞ւ։ Նա ասում է. «Դեռ վաղ տարիքից որոշել էի ռահվիրա դառնալ։ Դրա համար պետք է կես դրույքով աշխատանք գտնեի։ Եթե իրավագիտության բնագավառում համալսարանական դիպլոմ ստանայի, կկարողանայի շատ փող աշխատել, սակայն չափազանց դժվար կլիներ կես դրույքով աշխատանք գտնել»։ Արդեն 20 տարի է՝ Դամարիսը ծառայում է որպես ռահվիրա։ Ի՞նչ է նա մտածում պատանեկան տարիքում կայացրած որոշման մասին։ Նա ասում է. «Բանկում, որտեղ աշխատում եմ, շատ եմ շփվում իրավաբանների հետ։ Նրանք այն աշխատանքն են անում, որը ես պետք է անեի, եթե իրավագիտություն սովորեի։ Սակայն նրանցից շատերը գոհ չեն իրենց աշխատանքից։ Ռահվիրա դառնալու իմ որոշումը օգնեց ինձ խուսափել աշխատանքի հետ կապված հիասթափություններից և տարիներ շարունակ ուրախությամբ ծառայել Եհովային»։

9. Մեր պատանիներն ինչո՞ւ են գովասանքի արժանի։

9 Ամբողջ աշխարհի ժողովներում կան հազարավոր պատանիներ, որոնք անկեղծ գովասանքի են արժանի։ Նրանք իրենց հանձնում են Եհովայի ձեռքը և հոգևոր նպատակների վրա են կենտրոնանում։ Այս երիտասարդները վայելում են կյանքը, միևնույն ժամանակ սովորում են Եհովայի առաջնորդությանը հետևել ամեն ինչում, այդ թվում՝ կրթությանը, աշխատանքին և ընտանեկան կյանքին առնչվող հարցերում։ Սողոմոնը գրել է. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր.... Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (Առակ. 3։5, 6)։ Պատանի քրիստոնյաները շատ թանկ են Եհովայի համար. նա ջերմորեն սիրում է նրանց, պաշտպանում է, առաջնորդում և օրհնում։

ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՎԿԱՅԵԼՈՒ

10. ա) Ծառայությունն ինչո՞ւ պետք է առաջնահերթ լինի մեզ համար։ բ) Ինչպե՞ս կարող ենք դառնալ արդյունավետ քարոզիչ։

10 Այն պատանին, ով միշտ ձգտում է հաճեցնել Եհովային, հատուկ ուշադրություն է դարձնում ծառայությանը։ Հիսուս Քրիստոսը շեշտեց, որ «նախ բարի լուրը պիտի քարոզվի» (Մարկ. 13։10)։ Քանի որ քարոզչական գործը հրատապ է, այն պետք է առաջնահերթ լինի մեզ համար։ Կարո՞ղ ես նպատակ դնել ավելի շատ մասնակցելու ծառայությանը կամ նույնիսկ ռահվիրայություն սկսելու։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե քարոզչությունը քեզ ուրախություն չի պատճառում։ Ինչպե՞ս կարող ես ավելի արդյունավետ քարոզիչ դառնալ։ Այս հարցում քեզ կօգնի երկու բան. լավ նախապատրաստվիր և վկայություն տալու գործում մի՛ հանձնվիր։ Արդյունքում կսկսես ծառայությունից այնքան մեծ ուրախություն ստանալ, որ ինքդ կզարմանաս։

Ի՞նչ ես անում, որ պատրաստ լինես վկայություն տալու Եհովայի մասին (տես պարբերություն 11, 12)

11, 12. ա) Պատանիներն ինչպե՞ս կարող են պատրաստվել քարոզելու։ բ) Մի պատանի ինչպե՞ս վկայություն տվեց դպրոցում։

11 Սկզբում կարող ես մտածել, թե ինչպես պատասխանես դասընկերներիդ հետաքրքրող որևէ հարցի։ Օրինակ՝ շատերը հարցնում են. «Ինչո՞ւ եք հավատում Աստծուն»։ Մեր՝ jw.org կայքում կան հոդվածներ, որոնք կօգնեն պատանիներին նախապատրաստվել և պատասխանել այդ հարցին։ Այնտեղ կգտնես «Ինչո՞ւ եմ հավատում Աստծուն» վերնագրով գրառումների էջեր (տես ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏԱՆԻՆԵՐ)։ Այդ էջերը կօգնեն, որ պատրաստես քո պատասխանը։ Դրանցում բերված է երեք աստվածաշնչյան համար, որոնց միջոցով կարող ես բացատրել քո համոզմունքը՝ Եբրայեցիներ 3։4, Հռոմեացիներ 1։20 և Սաղմոս 139։14։ Կայքում այլ թեմաներով էլ գրառումների էջեր կան, որոնք կօգնեն քեզ պատրաստվել ու պատասխանել տարբեր հարցերի (կարդա 1 Պետրոս 3։15

12 Ամեն առիթի դեպքում դասընկերներիդ հորդորիր օգտվել jw.org կայքից։ Օրինակ՝ Լուկան միշտ այդպես է անում։ Մի անգամ՝ դասի ժամին, տարբեր կրոններից էին խոսում։ Լուկան նկատեց, որ դասագրքում սխալ տեղեկություններ են գրված Եհովայի վկաների մասին։ Թեև սկզբում նա վարանում էր որևէ բան ասել, սակայն ուսուցչուհուց թույլտվություն խնդրեց բացատրելու, թե ինչու են այդ տեղեկությունները սխալ։ Ուսուցչուհին համաձայնվեց։ Լուկան ոչ միայն բացատրեց իր հավատալիքները, այլև ամբողջ դասարանին ցույց տվեց մեր կայքը։ Ուսուցչուհին որպես տնային աշխատանք աշակերտներին հանձնարարեց դիտել «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» անիմացիան։ Լուկան շատ ուրախացավ, որ կարողացավ լավ վկայություն տալ։

13. Ինչո՞ւ չպետք է հանձնվենք, երբ դժվարություններ են առաջանում։

13 Թևաթափ մի՛ եղիր, երբ ճանապարհիդ խորդուբորդություններ են լինում (2 Տիմոթ. 4։2)։ Դժվարությունների բախվելիս կառչիր քո նպատակներին։ Երբ Կատարինան 17 տարեկան էր, նպատակ դրեց վկայություն տալու իր բոլոր աշխատակիցներին։ Թեպետ մի տղամարդ մի քանի անգամ վիրավորեց նրան, նա չվախեցավ։ Աղջկա լավ վարքը տպավորեց մեկ ուրիշ աշխատակցի, որի անունը Հանս էր։ Նա կարդաց մեր հրատարակությունները, ուսումնասիրեց Աստվածաշունչը և մկրտվեց։ Սակայն Կատարինան չգիտեր այդ ամենի մասին, քանի որ տեղափոխվել էր։ Պատկերացրու՝ որքան նա ուրախացավ, երբ 13 տարի անց, իր ընտանիքի հետ Թագավորության սրահում նստած, լսեց, որ ելույթ կունենա Հանսը։ Ի՜նչ լավ է, որ Կատարինան չհանձնվեց ու չհրաժարվեց իր աշխատակիցներին վկայություն տալու նպատակից։

ՄԻ՛ ՇԵՂՎԻՐ ՔՈ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ

14, 15. ա) Ինչի՞ մասին պետք է հիշեն պատանիները, երբ ուրիշները ճնշում են բանեցնում իրենց վրա։ բ) Պատանիներն ինչպե՞ս կարող են դիմադրել հասակակիցների ճնշմանը։

14 Այս հոդվածը քեզ քաջալերեց կենտրոնանալ Եհովային ծառայելու վրա։ Դրա համար հարկավոր է հոգևոր նպատակներ դնել ու հասնել դրանց։ Հնարավոր է՝ քո տարիքի այլ պատանիների ուշքն ու միտքը լավ ժամանակ անցկացնելն է, և նրանք հավանաբար կհրավիրեն քեզ միանալու իրենց։ Վաղ թե ուշ դու պետք է ցույց տաս քո նպատակներին հասնելու վճռականությունդ։ Հասակակիցների ճնշման պատճառով մի՛ շեղվիր դրանցից։ Հիշիր ավտոբուսի օրինակը։ Դու հաստատ չես նստի ուրիշ տեղ գնացող ավտոբուս լոկ այն պատճառով, որ դրա ուղևորները լավ ժամանակ են անցկացնում։

15 Հասակակիցների ճնշմանը դիմադրելու տարբեր ձևեր կան։ Օրինակ՝ խուսափիր այն իրավիճակներից, որոնցում կարող է սխալ բան անելու գայթակղություն առաջանալ (Առակ. 22։3)։ Ինքդ քեզ հիշեցրու ուրիշների վատ արարքներին միանալու ցավալի հետևանքների մասին (Գաղ. 6։7)։ Բացի այդ, ընդունիր, որ խորհրդի կարիք ունես։ Խոնարհությունը կօգնի քեզ ընդունել քո ծնողների կամ ժողովի հասուն անդամների խորհուրդները (կարդա 1 Պետրոս 5։5, 6

16. Քրիստոֆի օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս, որ խոնարհ լինելն օգտակար է։

16 Խոնարհությունը Քրիստոֆին մղեց ընդունելու իրեն տրված իմաստուն խորհուրդը։ Մկրտվելուց կարճ ժամանակ անց նա սկսեց կանոնավորաբար հաճախել մարզասրահ։ Այնտեղ եկող այլ պատանիներ նրան հրավիրեցին միանալու իրենց սպորտային ակումբին։ Քրիստոֆը խորհրդակցեց մի երեցի հետ։ Վերջինս նրան խնդրեց որոշում կայացնելուց առաջ մտածել, թե ինչ վտանգներ կան, որոնցից է, օրինակ, մրցակցության ոգով վարակվելը։ Այդուհանդերձ, տղան միացավ ակումբին։ Բայց որոշ ժամանակ հետո նա հասկացավ, որ այդ սպորտաձևը դաժան է, նույնիսկ վտանգավոր։ Քրիստոֆը կրկին խոսեց մի քանի երեցների հետ, ովքեր իրեն սուրբգրային խորհուրդ տվեցին։ Նա ասում է. «Եհովան լավ խորհրդատուներ ուղարկեց, և ես լսեցի Նրան, թեև դրա համար որոշ ժամանակ պահանջվեց»։ Իսկ դու բավականաչափ խոնա՞րհ ես, որ ընդունես իմաստուն խորհուրդը։

17, 18. ա) Եհովան ուզում է, որ պատանիներն ինչպիսի՞ կյանքով ապրեն։ բ) Ի՞նչ են զգում որոշ մեծահասակներ, և ինչպե՞ս պատանիները կարող են խուսափել դրանից։ Բեր օրինակ։

17 «Ուրախացիր, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես. թող քո սիրտը ուրախացնի քեզ քո երիտասարդության օրերում» (Ժող. 11։9)։ Այո՛, սիրելի՛ պատանի, Եհովան ուզում է, որ դու ուրախ սիրտ ունենաս։ Այս հոդվածը ցույց տվեց դրան հասնելու ձևերից մեկը։ Կենտրոնացած մնա հոգևոր նպատակների վրա և քո բոլոր ծրագրերում հաշվի առ Եհովային։ Որքան շուտ սկսես դա անել, այնքան շուտ կզգաս, որ նա առաջնորդում, պաշտպանում և օրհնում է քեզ։ Մտածիր, թե Աստված ինչ լավ խորհուրդներ է քեզ տվել իր Խոսքում, և վարվիր հետևյալ խոսքերի համաձայն. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում» (Ժող. 12։1

18 Պատանիները շատ արագ մեծանում են ու չափահաս դառնում։ Ցավոք, շատ մեծահասակներ ափսոսում են, որ պատանեկան տարիքում սխալ նպատակներ են դրել կամ ոչ մի նպատակ չեն ունեցել։ Սակայն այն պատանիները, որոնք այսօր կենտրոնացած են հոգևոր նպատակների վրա, ապագայում անչափ գոհ ու երջանիկ կլինեն, որ նման որոշումներ են կայացրել։ Դրանում համոզվեց Միրյանան, ով պատանեկան տարիքում մեծ հաջողությունների էր հասել սպորտի բնագավառում։ Նրան հրավիրեցին մասնակցելու ձմեռային օլիմպիական խաղերին։ Սակայն դրա փոխարեն՝ նա որոշեց լիաժամ ծառայություն սկսել։ Այդ ժամանակվանից անցել է ավելի քան 30 տարի, բայց Միրյանան իր ամուսնու հետ շարունակում է լիաժամ ծառայել։ Նա ասում է. «Փառքը, պատիվը, իշխանությունն ու հարստությունը անցողիկ բաներ են, փուչ նպատակներ։ Վեհ նպատակ է այն, որ ծառայես Աստծուն ու քո ներդրումն ունենաս մարդկանց հոգևորապես օգնելու գործում»։

19. Ինչո՞ւ է օգտակար վաղ տարիքից կենտրոնացած լինել հոգևոր նպատակների վրա։

19 Մեր պատանիները անկեղծ գովասանքի են արժանի այն բանի համար, որ հաղթահարում են նշված դժվարությունները և կենտրոնանում են Եհովային ծառայելու վրա։ Նրանք ջանքեր են թափում, որ հասնեն իրենց հոգևոր նպատակներին, և քարոզչական գործը առաջնահերթ են համարում։ Բացի այդ, թույլ չեն տալիս, որ այս աշխարհը իրենց շեղի հոգևոր նպատակներից։ Երիտասարդները կարող են վստահ լինել, որ իրենց ջանքերը զուր չեն։ Նրանց սիրում և աջակցում են իրենց եղբայրներն ու քույրերը։ Եվ որ ամենակարևորն է, երբ նրանք իրենց գործերը Եհովային են հանձնում, իրենց ծրագրերը հաստատվում են։