Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 18

Վազիր մինչև վերջնագիծ

Վազիր մինչև վերջնագիծ

«Ես.... ավարտեցի մրցավազքը» (2 ՏԻՄՈԹ. 4։7

ԵՐԳ 129 Պիտի շարունակենք տոկալ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը։

ԿՈՒԶԵԻ՞Ր մասնակցել մի մրցավազքի, որ գիտես՝ դժվար է լինելու, հատկապես եթե վատառողջ ես կամ հոգնած։ Հավանաբար ո՛չ։ Բայց Պողոս առաքյալն ասել է, որ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները մրցավազքի մեջ են (Եբր. 12։1)։ Ուստի անկախ նրանից՝ երիտասարդ ենք, թե տարեց, ուժով լի, թե ուժասպառ, պետք է տոկունությամբ վազենք մինչև վերջ, եթե ուզում ենք ստանալ Եհովայի խոստացած մրցանակը (Մատթ. 24։13

2. 2 Տիմոթեոս 4։7, 8 համարները հաշվի առնելով՝ ինչո՞ւ կարող ենք ասել, որ Պողոսը խոսելու ազատություն ուներ։

2 Պողոսը խոսելու ազատություն ուներ, քանի որ հաջողությամբ «ավարտել էր մրցավազքը» (կարդա 2 Տիմոթեոս 4։7, 8)։ Բայց ի՞նչ մրցավազքի մասին էր նա խոսում։

Ի՞ՆՉ ՄՐՑԱՎԱԶՔԻ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

3. Ի՞նչ մրցավազքի մասին էր խոսում Պողոսը։

3 Երբեմն Պողոսը Հին Հունաստանում անցկացվող մրցախաղերից էր օրինակներ բերում, որ կարևոր դասեր սովորեցներ (1 Կորնթ. 9։25–27; 2 Տիմոթ. 2։5)։ Մի քանի անգամ նա քրիստոնյայի կյանքը համեմատել է մրցավազքի հետ (1 Կորնթ. 9։24; Գաղ. 2։2; Փիլիպ. 2։16)։ Մարդը սկսում է այս մրցավազքը, երբ նվիրվում է Եհովային ու մկրտվում (1 Պետ. 3։21)։ Եվ նա հատում է վերջնագիծը, երբ Եհովայից ստանում է մրցանակը՝ հավիտենական կյանքը (Մատթ. 25։31–34, 46; 2 Տիմոթ. 4։8

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Ի՞նչ նմանություններ կան երկար տարածության մրցավազքի և քրիստոնեական ընթացքի միջև։ Քննենք դրանցից երեքը։ Երկու դեպքում էլ հարկավոր է վազել ճիշտ ուղով, կենտրոնանալ վերջնագծի վրա և շարունակել վազել՝ հաղթահարելով ճանապարհին հանդիպած խոչընդոտները։

ՎԱԶԵՆՔ ՃԻՇՏ ՈՒՂՈՎ

Բոլորս պետք է վազենք քրիստոնեական կյանքի ճանապարհով (տես պարբերություն 5–7) *

5. Ի՞նչ ուղով պետք է վազենք և ինչո՞ւ։

5 Մրցանակ ստանալու համար վազորդները պետք է վազեն սահմանված ուղով։ Նմանապես մենք, եթե ուզում ենք հավիտենական կյանքի մրցանակը ստանալ, պետք է ընթանանք քրիստոնեական ճանապարհով (Գործ. 20։24; 1 Պետ. 2։21)։ Բայց Սատանան և իր կողմնակիցները ուզում են, որ այլ ճանապարհով գնանք. ուզում են, որ «շարունակենք իրենց հետ վազել» (1 Պետ. 4։4)։ Նրանք ծաղրում են մեր ապրելակերպը և պնդում, թե իրենց ընտրած ուղին ավելի լավն է և տանում է ազատության։ Բայց դա իրականում այդպես չէ (2 Պետ. 2։19

6. Ի՞նչ ես սովորում Բրայենի օրինակից։

6 Նրանք, ովքեր վազում են Սատանայի աշխարհի ազդեցության տակ ապրող մարդկանց հետ, շուտով հասկանում են, որ նրանց ընտրած ուղին տանում է ոչ թե ազատության, այլ ստրկության (Հռոմ. 6։16)։ Քննենք Բրայենի օրինակը։ Նրա ծնողները հորդորում էին ընթանալ քրիստոնեական ուղով։ Բայց պատանեկության տարիներին Բրայենը սկսեց կասկածել, որ դա իրեն երջանկություն կբերի։ Ուստի որոշեց վազել նրանց հետ, ովքեր առաջնորդվում էին Սատանայի չափանիշներով։ Նա պատմում է. «Այդ ժամանակ չէի հասկանում, որ իմ երազած ազատ կյանքը ինձ կործանարար ուղով կտանի.... Չարաշահում էի ոգելից խմիչքը, թմրադեղեր էի օգտագործում և անբարո կյանքով ապրում։ Իսկ մի քանի տարի հետո սկսեցի նույնիսկ ավելի ուժեղ թմրադեղեր փորձել և դրանց գերին դարձա.... Սկսեցի ապրուստ վաստակելու համար թմրադեղեր վաճառել»։ Ի վերջո Բրայենը որոշեց առաջնորդվել Եհովայի չափանիշներով։ Նա փոխեց իր ապրելակերպը և 2001 թ.-ին մկրտվեց։ Հիմա Բրայենը շատ երջանիկ է, որ վազում է քրիստոնեական կյանքի ուղով։ *

7. Ի՞նչ երկու ճանապարհների մասին է խոսվում Մատթեոս 7։13, 14 համարներում։

7 Այո՛, ճիշտ ուղով ընթանալը անչափ կարևոր է։ Սատանան ուզում է, որ թողնենք «դեպի կյանք տանող» նեղ ճանապարհը և սկսենք վազել լայն ճանապարհով։ Մարդկանց մեծ մասը կյանքի այդ ուղին է ընտրում, քանի որ հեշտ է դրանով ընթանալ։ Բայց այն «դեպի կործանում է տանում» (կարդա Մատթեոս 7։13, 14)։ Եթե ուզում ենք ճիշտ ճանապարհի վրա մնալ, պետք է վստահենք Եհովային և լսենք նրան։

ՎԱԶԵԼԻՍ ՄԻ՛ ՇԵՂՎԻՐ

Վազելիս չպետք է շեղվենք, նաև չպետք է գայթակղության պատճառ դառնանք ուրիշների համար (տես պարբերություն 8–12) *

8. Ի՞նչ է անում վազորդը, երբ սայթաքում է և ընկնում։

8 Երկար տարածության մրցավազքում մասնակիցները նայում են իրենց ոտքերի տակ, որ հանկարծ չսայթաքեն։ Այնուամենայնիվ, նրանք կարող են ընկնել ճանապարհի անհարթության կամ մեկ այլ վազորդի պատճառով։ Ընկնելու դեպքում մասնակիցները վեր են կենում և շարունակում են վազել։ Նրանք կենտրոնանում են ոչ թե ընկնելու պատճառի, այլ վերջնագծի և մրցանակի վրա։

9. Ի՞նչ պետք է անենք, եթե սայթաքենք ու ընկնենք։

9 Մեր մրցավազքի ընթացքում գուցե շատ անգամ սայթաքենք, լինի խոսքով, թե գործով։ Հնարավոր է նաև, որ մյուս վազորդները սխալներ անեն ու մեզ ցավ պատճառեն։ Դա չպետք է զարմացնի մեզ։ Բոլորս էլ անկատար ենք և վազում ենք կյանքի տանող նեղ ճանապարհով, ուստի անհնար է, որ վազելու ընթացքում պատահաբար չբախվենք իրար։ Պողոսը գիտեր, որ երբեմն մեկս մյուսիս դեմ «գանգատվելու պատճառ» կունենանք (Կող. 3։13)։ Սակայն այդ պատճառի վրա կենտրոնանալու փոխարեն՝ լավ կլինի՝ կենտրոնանանք մրցանակի վրա և սայթաքելու դեպքում վեր կենանք ու շարունակենք վազել։ Իսկ եթե նեղանանք ու չցանկանանք վեր կենալ, չենք հասնի վերջնագծին ու չենք ստանա մրցանակը։ Նաև այդպես գուցե խոչընդոտ դառնանք մյուսների համար, ովքեր մեզ հետ վազում են այդ նեղ ճանապարհով։

10. Ի՞նչ կարող ենք անել, որ «գայթակղության քար» չդառնանք ուրիշների համար։

10 Հնարավոր է նաև, որ «գայթակղության քար», այսինքն՝ խոչընդոտ դառնանք մեզ հետ վազողների համար, եթե ամեն կերպ ձգտենք պաշտպանել մեր իրավունքները։ Դրանից խուսափելու համար լավ կլինի՝ հնարավորության դեպքում զիջենք ու հաշվի առնենք մյուսների նախընտրությունները (Հռոմ. 14։13, 19–21; 1 Կորնթ. 8։9, 13)։ Դրանով մեծապես կտարբերվենք բառացի վազորդներից, որոնք մրցակցում են իրար հետ, և յուրաքանչյուրը ձգտում է առաջինը հատել վերջնագիծը։ Նրանք մտածում են միայն իրենց շահի մասին։ Ուստի առաջ անցնելու համար գուցե միտումնավոր հրեն իրար։ Ի տարբերություն բառացի վազորդների՝ մենք չենք մրցում իրար հետ (Գաղ. 5։26; 6։4)։ Մեր նպատակն է՝ հնարավորինս շատ մարդկանց օգնել, որ մեզ հետ հասնեն վերջնագծին ու ստանան կյանքի մրցանակը։ Ուստի ձգտում ենք հետևել Պողոսի հետևյալ հորդորին. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպ. 2։4

11. Ինչի՞ վրա է կենտրոնանում վազորդը և ինչո՞ւ։

11 Ոտքերի տակ նայելուց բացի՝ վազորդները կենտրոնանում են նաև վերջնագծի վրա։ Նույնիսկ երբ վերջնագիծը դեռ չի երևում, նրանք պատկերացնում են, թե ինչպես են հատում այն և ստանում մրցանակը։ Դա նրանց ուժ է տալիս, որ շարունակեն վազել։

12. Եհովան ինչո՞ւմ է հավաստիացնում մեզ։

12 Եհովան հավաստիացնում է, որ երբ հասնենք վերջնագծին, կստանանք խոստացված մրցանակը՝ հավիտենական կյանք երկնքում կամ դրախտային երկրի վրա։ Աստվածաշունչը օգնում է պատկերացնել, թե որքան հիանալի է լինելու այդ կյանքը։ Եթե հավիտյան ապրելու հույսը մեր մտքում ու սրտում վառ պահենք, ապա նույնիսկ ընկնելու դեպքում վեր կկենանք ու կշարունակենք տոկունությամբ վազել։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՎԱԶԵԼ՝ ՉՆԱՅԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մենք ուզում ենք շարունակել վազել կյանքի տանող ճանապարհով՝ չնայած դժվարություններին (տես պարբերություն 13–20) *

13. Ի տարբերություն բառացի վազորդների՝ մենք ի՞նչ առավելություն ունենք։

13 Հին հունական խաղերի ժամանակ վազորդները պետք է հաղթահարեին որոշ դժվարություններ, ինչպիսիք են հոգնածությունն ու ցավը։ Նրանք կարող էին հույսը դնել միայն իրենց ուժերի և մարզումների վրա։ Այս վազորդների պես մենք էլ ենք մարզվում, բայց ի տարբերություն նրանց՝ մեր ուժի աղբյուրն անսպառ է։ Եհովան խոստանում է, որ եթե ապավինենք իրեն, ոչ միայն կմարզի մեզ, այլև կզորացնի (1 Պետ. 5։10

14. Ըստ 2 Կորնթացիներ 12։9, 10 համարների՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք դժվարություններին։

14 Պողոսը շատ դժվարություններ ուներ։ Նրան հալածում էին և վիրավորում։ Բացի այդ՝ երբեմն նա իրեն տկար էր զգում և պայքարում էր «փշի նման ծակող մի ցավի» դեմ (2 Կորնթ. 12։7)։ Այս բոլոր դժվարությունների ներքո Պողոսը չէր մտածում հանձնվելու մասին, այլ դրանք Եհովային վստահելու լավ առիթ էր համարում (կարդա 2 Կորնթացիներ 12։9, 10)։ Տեսնելով Պողոսի տրամադրվածությունը՝ Եհովան օգնեց նրան հաղթահարել դժվարությունները։

15. Ի՞նչ կզգանք, եթե ընդօրինակենք Պողոսին։

15 Հավատի պատճառով թերևս մեզ էլ են վիրավորում ու հալածում։ Գուցե մենք նույնպես վատառողջ ենք կամ ուժասպառ։ Սակայն եթե ընդօրինակենք Պողոսին, այս բոլոր դժվարությունների ժամանակ կզգանք Եհովայի սերն ու աջակցությունը։

16. Ի՞նչ կարող ես անել, նույնիսկ եթե առողջական լուրջ խնդիր ունես։

16 Եթե գամված ես անկողնուն, հաշմանդամի սայլակով ես տեղաշարժվում, ծնկներդ ցավում են կամ վատ տեսողություն ունես, ապա գուցե մտածես. «Մի՞թե կարող եմ վազել երիտասարդների ու առողջների հետ»։ Այո՛, կարող ես։ Տարեց ու վատառողջ շատ հավատակիցներ վազում են կյանքի ճանապարհով։ Ինչ խոսք, նրանք չեն կարող դա անել սեփական ուժերով։ Եհովան է նրանց ուժի աղբյուրը։ Մեր այս հավատակիցները զորանում են, երբ հեռախոսակապի միջոցով լսում են ժողովի հանդիպումների ծրագիրը կամ դիտում տեսակապով։ Նրանք նաև մասնակցում են աշակերտներ պատրաստելու գործին՝ քարոզելով իրենց բժիշկներին, բուժքույրերին և հարազատներին։

17. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ովքեր ֆիզիկական տկարություններ ունեն։

17 Երբեք թույլ մի՛ տուր, որ ֆիզիկական տկարության պատճառով այն աստիճան վհատվես, որ մտածես, թե չափազանց թույլ ես կյանքի տանող ճանապարհով վազելու համար։ Եհովան սիրում է քեզ հավատիդ ու նվիրվածությանդ համար։ Եվ այժմ, երբ նրա օգնության կարիքն այդքան շատ ունես, համոզված եղիր, որ նա երբեք քեզ չի լքի (Սաղ. 9։10)։ Փոխարենը՝ ավելի կմոտենա քեզ։ Մի քույր, ով առողջական լուրջ խնդիրներ ունի, ասում է. «Առողջական խնդիրներս որքան շատանում են, այնքան ավելի քիչ եմ կարողանում ճշմարտությունը հայտնել ուրիշներին։ Բայց գիտեմ, որ իմ թափած չնչին ջանքերն անգամ ուրախացնում են Եհովային։ Այս բանի գիտակցումը ինձ երջանկություն է բերում»։ Երբ վհատվում ես, հիշիր, որ մենակ չես. Եհովան քեզ հետ է։ Մտածիր Պողոսի օրինակի շուրջ և մտքումդ վառ պահիր նրա հետևյալ խոսքերը. «Հաճույք եմ գտնում տկարությունների մեջ.... որովհետև երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր» (2 Կորնթ. 12։10

18. Ի՞նչ առանձնահատուկ դժվարություններ ունեն ոմանք։

18 Ոմանք, ովքեր վազում են կյանքի տանող ճանապարհով, առանձնահատուկ դժվարություններ ունեն, որոնք ուրիշները չեն կարող տեսնել ու հասկանալ։ Օրինակ՝ որոշ քույրեր ու եղբայրներ տառապում են դեպրեսիայով կամ տագնապային խանգարում ունեն, ինչը ուժասպառ է անում մարդուն։ Իսկ ինչո՞ւ ենք ասում, որ Եհովայի այս սիրելի ծառաների դժվարությունները առանձնահատուկ են։ Երբ մարդու ձեռքը կոտրված է, կամ նա գամված է հաշմասայլակին, բոլորը տեսնում են նրա վիճակը և մղվում են օգնելու։ Իսկ երբ անհատը հոգեկան կամ հուզական խանգարում է ունենում, դա գուցե ակնհայտ չլինի։ Բայց նման խնդիր ունեցողների ցավը նույնքան իրական է, որքան ձեռքի կամ ոտքի կոտրվածք ունեցողի ցավը։ Եվ քանի որ մարդիկ չեն տեսնում ու հասկանում նրանց խնդիրը, չեն մղվում ցույց տալու այն նույն սերն ու հոգատարությունը, որ կցուցաբերեին ֆիզիկական տկարություն ունեցողի հանդեպ։

19. Ի՞նչ ենք սովորում Մեմփիբոսթեի օրինակից։

19 Եթե դու էլ տկարություն ունես և զգում ես, որ մարդիկ քեզ չեն հասկանում, ապա Մեմփիբոսթեի օրինակը կզորացնի քեզ (2 Սամ. 4։4)։ Մեմփիբոսթեն հաշմանդամ էր։ Բացի այդ՝ Դավիթ թագավորը նրա մասին սխալ կարծիք էր կազմել ու անարդարացիորեն էր վարվել նրա հետ։ Մեմփիբոսթեն մեղավոր չէր այդ ամենի համար։ Այնուամենայնիվ, նա բացասական զգացումներով չլցվեց, այլ կենտրոնացավ իր կյանքում եղած դրական բաների վրա։ Նա գնահատում էր այն բարությունը, որ Դավիթը անցյալում դրսևորել էր իր հանդեպ (2 Սամ. 9։6–10)։ Ուստի երբ Դավիթը սխալ վարվեց Մեմփիբոսթեի հետ, վերջինս փորձեց տեղի ունեցածի ամբողջական պատկերը տեսնել և թույլ չտվեց, որ նրա արարքը դառնացնի իրեն ու դրդի պատահածի համար մեղադրել Եհովային։ Մեմփիբոսթեն ջանաց իր կարողությունների սահմաններում աջակցել Աստծու նշանակած թագավորին (2 Սամ. 16։1–4; 19։24–30)։ Եհովան էլ իր Խոսքում գրել տվեց Մեմփիբոսթեի մասին, որ սովորենք նրա հրաշալի օրինակից (Հռոմ. 15։4

20. Տագնապային խանգարում ունեցող մարդիկ ի՞նչ դժվարությունների են բախվում, բայց ինչո՞ւմ կարող են վստահ լինել։

20 Տագնապային սուր խանգարում ունեցող եղբայրներն ու քույրերը անգամ առօրյա կյանքում իրենց շատ լարված ու անհարմար են զգում։ Նրանց համար թերևս դժվար է գտնվել մարդաշատ տարածքներում, բայց նրանք շարունակում են հաճախել ժողովի հանդիպումներին և համաժողովներին։ Թեև մեր այս հավատակիցների համար հեշտ չէ խոսել անծանոթների հետ, բայց նրանք մասնակցում են ծառայությանը։ Եթե դու էլ նման դժվարություններ ունես, ապա հիշիր, որ այդ պայքարում դու մենակ չես։ Շատերն են իրենց ուսերին տանում այդ ծանր բեռը։ Երբեք մի՛ մոռացիր, որ Եհովան շատ թանկ է գնահատում քո ջանքերը։ Այն, որ շարունակում ես ընթանալ կյանքի տանող ճանապարհով, փաստում է, որ Եհովան օրհնում է քեզ և տալիս է անհրաժեշտ զորությունը (Փիլիպ. 4։6, 7; 1 Պետ. 5։7 * Եթե չնայած ֆիզիկական և հուզական խնդիրներին՝ հավատարմորեն ծառայում ես Եհովային, ապա համոզված եղիր, որ ուրախացնում ես նրա սիրտը։

21. Եհովայի օգնությամբ բոլորս ի՞նչ կարող ենք անել։

21 Ուրախալի է, որ Պողոսի նկարագրած մրցավազքը տարբերվում է բառացի մրցավազքից։ Աստվածաշնչյան ժամանակներում բառացի մրցավազքում միայն մի հոգի էր հաղթում։ Իսկ քրիստոնեական մրցավազքում բոլոր նրանք, ովքեր չեն հանձնվում, ստանում են հավիտենական կյանքի մրցանակը (Հովհ. 3։16)։ Բառացի մրցավազքում բոլոր մասնակիցները պետք է ֆիզիկապես առողջ լինեն, հակառակ դեպքում չեն կարողանա հաղթել։ Ի տարբերություն նրանց՝ շատերս վատառողջ ենք, բայց շարունակում ենք վազել (2 Կորնթ. 4։16)։ Կասկած չկա, որ Եհովայի օգնությամբ բոլորս էլ հաջողությամբ կավարտենք մրցավազքը։

ԵՐԳ 144 Մրցանակն աչքիդ առաջ պահիր

^ պարբ. 5 Եհովայի ծառաներից շատերը այսօր կրում են ծերության բերած հետևանքները, ուրիշներն էլ տանջվում են հյուծիչ հիվանդությունների պատճառով։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հոգնում և ուժասպառ ենք լինում։ Ուստի մրցավազքի մասնակցելու միտքն անգամ գուցե վախեցնի մեզ։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք տոկունությամբ վազել քրիստոնեական մրցավազքում և հասնել այն մրցանակին, որի մասին խոսել է Պողոսը։

^ պարբ. 6 Տես «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածաշարի «Վերջապես իսկական ազատություն եմ գտել» հոդվածը «Դիտարանի» 2013թ. հունվարի 1-ի համարում (էջ 10, 11)։

^ պարբ. 20 Տագնապային խանգարման դեմ պայքարելու մասին հավելյալ տեղեկություններ և օրինակներ կարող ես գտնել՝ դիտելով «JW հեռարձակման» 2019 թվականի մայիսի թողարկումը jw.org® կայքում (ԳՐԱԴԱՐԱՆ > JW BROADCASTING®

^ պարբ. 63 ՆԿԱՐ։ Ծառայության մեջ ակտիվ լինելը տարեց եղբորն օգնում է չհանձնվել քրիստոնեական մրցավազքում։

^ պարբ. 65 ՆԿԱՐ։ Մենք գայթակղության քար կդառնանք ուրիշների համար, եթե ստիպենք նրանց ավելի շատ ալկոհոլ օգտագործել, կամ եթե ինքներս չարաշահենք այն։

^ պարբ. 67 ՆԿԱՐ։ Թեև եղբայրը հիվանդանոցում գամված է անկողնուն, վկայություն է տալիս բուժաշխատողներին և այդպիսով շարունակում է վազել քրիստոնեական կյանքի ճանապարհով։