Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Արդարը Եհովայով կուրախանա»

«Արդարը Եհովայով կուրախանա»

ԴԱՅԱՆԱՆ 80-ն անց կին է։ Նրա ամուսինը Ալցհեյմերի հիվանդություն ուներ և մի քանի տարի հոսպիսում անցկացնելուց հետո մահացավ։ Այս կինը նաև կորցրեց իր երկու որդիներին և ստիպված եղավ պայքար մղել կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Չնայած այս ամենին, երբ ժողովի անդամները Թագավորության սրահում կամ ծառայության ժամանակ տեսնում են նրան, նկատում են, որ նա միշտ ուրախ է։

Ջոնը ավելի քան 43 տարի ծառայել է որպես շրջագայող վերակացու։ Նա սիրում էր իր ծառայությունը. այն նրա կյանքն էր։ Սակայն նա դադարեցրեց շրջագայական ծառայությունը, որ խնամի իր հիվանդ հարազատին։ Այժմ Ջոնը ծառայում է տեղի ժողովներից մեկում։ Երբ այս եղբորը ճանաչող մարդիկ համաժողովների ժամանակ տեսնում են նրան, նկատում են, որ նա բոլորովին չի փոխվել։ Նրանից առաջվա պես ուրախություն է ճառագում։

Դայանան ու Ջոնը ինչպե՞ս են կարողանում ուրախություն պահպանել։ Ֆիզիկական կամ էմոցիոնալ ցավ ապրող մարդը ինչպե՞ս կարող է ուրախ լինել։ Կամ նա, ով դադարել է կատարել իր սրտին թանկ ծառայությունը, ինչպե՞ս կարող է չվհատվել։ Աստվածաշունչը լույս է սփռում այս հարցերի վրա՝ ասելով. «Արդարը Եհովայով կուրախանա» (Սաղ. 64։10)։ Այս չափազանց կարևոր ճշմարտությունը կարող ենք ավելի լավ հասկանալ, եթե քննենք, թե ինչից է կախված ներքին ուրախությունը, և ինչից՝ ոչ։

ԱՆՑՈՂԻԿ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

Կան որոշ բաներ, որոնք գրեթե միշտ ուրախություն են բերում։ Օրինակ՝ պատկերացրու, թե ինչ մեծ ուրախություն է ապրում սիրահարված զույգը, երբ ամուսնանում է։ Կամ պատկերացրու մարդու զգացմունքները, երբ նա ծնող է դառնում կամ աստվածապետական առանձնաշնորհում է ստանում։ Այս բաները, ինչ խոսք, ուրախություն են բերում, չէ՞ որ դրանք Եհովայից են։ Նա է հաստատել ամուսնական կառույցը և մարդկանց երեխաներ ունենալու հնարավորություն ընձեռել։ Բացի այդ, նա է քրիստոնեական ժողովի միջոցով հանձնարարություններ տալիս իր ծառաներին (Ծննդ. 2։18, 22; Սաղ. 127։3; 1 Տիմոթ. 3։1

Այդուհանդերձ, նշված դեպքերում ուրախությունը կարող է անցողիկ լինել։ Ցավոք, կողակիցը կարող է խախտել ամուսնական հավատարմությունը կամ մահանալ (Եզեկ. 24։18; Օս. 3։1)։ Երեխաներն էլ, հնարավոր է, չհնազանդվեն իրենց ծնողներին և Աստծուն, կամ նույնիսկ զրկվեն ընկերակցությունից։ Օրինակ՝ Սամուելի որդիները Աստծուն ընդունելի ձևով չէին անում իրենց ծառայությունը։ Դավիթը նույնպես իր ընտանիքում խնդիրներ ունեցավ, որոնց պատճառը իր գործած սխալներն էին (1 Սամ. 8։1–3; 2 Սամ. 12։11)։ Նման բաները, անշուշտ, խլում են մարդու ուրախությունը՝ վշտացնելով և վհատեցնելով նրան։

Նմանապես հնարավոր է՝ քրիստոնյան այլևս առանձնաշնորհումներ չունենա Աստծու կազմակերպության մեջ։ Դա կարող է լինել առողջական խնդիրների, ընտանեկան պարտականությունների կամ կազմակերպչական փոփոխությունների պատճառով։ Այդպիսի փոփոխությունների միջով անցած քրիստոնյաներից շատերը խոստովանում են, որ կարոտով են հիշում իրենց ծառայությունն ու դրա բերած ուրախությունը։

Ակնհայտ է, որ ուրախությունը որոշ դեպքերում կարող է ժամանակավոր լինել։ Իսկ կա՞ այնպիսի ուրախություն, որը չի անցնում, նույնիսկ երբ կյանքը տհաճ անակնկալներ է մատուցում։ Իհարկե կա։ Չէ՞ որ Սամուելը, Դավիթը և ուրիշ շատերը, չնայած փորձություններին, չկորցրին իրենց ուրախությունը։

ՄՆԱՅՈՒՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

Հիսուսը գիտեր, թե ինչ է իսկական ուրախությունը։ Երբ նա դեռ երկնքում էր, որտեղ ամեն ինչ լավ էր, «ուրախ էր [Եհովայի] առաջ ամեն ժամանակ» (Առակ. 8։30)։ Երկրի վրա Հիսուսը լուրջ դժվարությունների բախվեց։ Բայց չնայած դրան՝ մեծ ուրախություն գտավ իր Հոր կամքը կատարելու մեջ (Հովհ. 4։34)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել նրա կյանքի վերջին ժամերի մասին, երբ նա անասելի տառապանքներ կրեց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Իր առաջ դրված ուրախության համար նա.... տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ» (Եբր. 12։2)։ Անկասկած, մենք Հիսուսից սովորելու բան ունենք, ուստի եկեք տեսնենք, թե նա ինչ է ասել իսկական ուրախության մասին։

Մի անգամ, երբ Հիսուսի 70 աշակերտները քարոզչությունից վերադարձան նրա մոտ, ուրախությամբ էին լցված, քանի որ զորավոր գործեր էին արել, նույնիսկ դևեր էին հանել։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. 10։1–9, 17, 20)։ Այո՛, Եհովայի հավանությունը հատուկ ծառայության բերած ուրախությունից շատ ավելի կարևոր էր։ Նա հիշելու և վարձատրելու էր իր Որդու հավատարիմ աշակերտներին։ Դրանից ավելի մեծ ուրախության պատճառ չկա։

Ուրիշ անգամ, երբ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, մի հրեա կին, արտահայտելով իր զգացմունքները, ասաց, որ այդ հանճարեղ ուսուցչի մայրը պետք է որ անչափ երջանիկ լինի։ Սակայն Հիսուսը ուղղեց նրան՝ ասելով. «Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկ. 11։27, 28)։ Գովեստի արժանի երեխաներ ունենալը, ինչ խոսք, հաճելի է, սակայն Եհովային հնազանդվելը և նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ վայելելը շատ ավելի մեծ ուրախության պատճառ է։

Այո՛, Եհովայի հավանությունն ունենալն է ներքին ուրախության գաղտնիքը։ Փորձությունները, որքան էլ տհաճ լինեն, չեն փոխում այն բանի գիտակցումը, որ քո երկնային Հայրը հավանում է քեզ։ Երբ դրանց ժամանակ տոկում ես և անարատ մնում, հաղթանակ ես տանում, և սիրտդ ուրախությամբ է լցվում (Հռոմ. 5։3–5)։ Բացի այդ, Եհովան իր ոգին տալիս է նրանց, ովքեր վստահում են իրեն, իսկ ուրախությունը այդ ոգու պտղի մասն է (Գաղ. 5։22)։ Սա օգնում է հասկանալ, թե Սաղմոս 64։10-ում ինչու է ասվում, որ «արդարը Եհովայով կուրախանա»։

Ի՞նչն է Ջոնին օգնում չկորցնել իր ուրախությունը

Այսպիսով՝ պարզ է, թե Դայանան ու Ջոնը ինչպես են կարողանում պահպանել իրենց ուրախությունը՝ չնայած դժվարություններին։ Դայանան ասում է. «Ես ապաստան եմ գտնում Եհովայի մոտ, ինչպես որ երեխան է ծվարում իր ծնողի թևերի տակ»։ Իսկ ինչպե՞ս է նա զգում Եհովայի հավանությունը։ Քույրը շարունակում է. «Ես զգում եմ, որ Եհովան օրհնում է ինձ, չէ՞ որ նա ուժ է տալիս, որ շարունակեմ, ժպիտը դեմքիս, կանոնավորաբար մասնակցել քարոզչական գործին»։ Ջոնը, ով իր շրջագայական ծառայությունն ավարտելուց հետո շարունակում է ակտիվորեն ծառայել Աստծուն, բացատրում է, թե ինչն է մեծապես օգնել իրեն. «1998 թ.-ից, երբ նշանակվեցի դասավանդելու Ծառայության կատարելագործման դպրոցում, սկսեցի խոր ուսումնասիրություններ անել։ Այդպիսի ուսումնասիրություններ դեռ երբեք չէի արել»։ Խոսելով իր ու իր կնոջ անունից՝ նա ավելացնում է. «Տարիների ընթացքում, ինչ ծառայության մեջ էլ որ եղել ենք, ճիշտ տրամադրվածություն ենք պահպանել, ինչն էլ օգնել է հեշտությամբ հարմարվել փոփոխություններին։ Մենք ոչ մի բանի համար չենք ափսոսում»։

Ուրիշ շատ մարդիկ էլ են համոզվել, թե որքան ճշմարտացի են Սաղմոս 64։10-ում գրված խոսքերը։ Օրինակ՝ մի ամուսնական զույգ ավելի քան 30 տարի ԱՄՆ Բեթելում ծառայելուց հետո նշանակվեց որպես հատուկ ռահվիրա։ Ամուսինները անկեղծորեն խոստովանում են. «Իհարկե, բնական է տխրել, երբ կորցնում ես մի բան, ինչ սիրում ես։ Սակայն այդ տխրությունը չի կարող հավիտյան տևել»։ Ամուսինները անմիջապես սկսեցին համագործակցել իրենց նոր ժողովի հետ։ Նրանք ավելացնում են. «Մենք կոնկրետ բաների մասին էինք աղոթում և, երբ տեսնում էինք, թե Եհովան ինչպես է պատասխանում մեր աղոթքներին, շատ էինք քաջալերվում և ուրախանում։ Մեր գալուց կարճ ժամանակ անց ժողովի անդամներից ոմանք սկսեցին որպես ռահվիրա ծառայել։ Մեզ համար օրհնություն էր նաև այն, որ սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել երկու հոգու հետ, ովքեր հոգևորապես առաջադիմում են»։

«ՀԱՎԻՏՅԱՆ ՈՒՐԱԽԱՑԵՔ»

Ինչ խոսք, միշտ չէ, որ հեշտ է ուրախ լինել։ Մեր կյանքում վերելքներն ու վայրէջքները անխուսափելի են։ Սակայն Եհովան ներշնչել է սաղմոսերգուին, որ գրի առնի Սաղմոս 64։10-ում ամփոփված մխիթարական խոսքերը։ Նույնիսկ երբ վհատվում ենք, կարող ենք վստահ լինել, որ եթե հավատարիմ մնանք Աստծուն՝ չնայած մեր հանգամանքների փոփոխությանը, կապացուցենք, որ արդար ենք, իսկ արդարները անպատճառ «Եհովայով կուրախանան»։ Բացի այդ, կարող ենք փափագով սպասել Եհովայի այն խոստման կատարմանը, որ «նոր երկինք ու նոր երկիր» է լինելու։ Այդ ժամանակ մեր անկատարությունից հետք անգամ չի մնա։ Աստծու բոլոր ծառաները «կցնծան ու հավիտյան կուրախանան» Աստծու ստեղծած ու տված բաներով (Ես. 65։17, 18

Պատկերացրու, թե շուտով ինչ կյանք ես վայելելու։ Ունենալու ես կատարյալ առողջություն և ամեն օրդ սկսելու ես առույգ ու կայտառ։ Ինչ էմոցիոնալ վերքեր էլ ունեցած լինես անցյալում, դրանց հետ կապված ցավոտ հիշողությունները կջնջվեն։ Սուրբ Գիրքը վստահեցնում է, որ «նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան»։ Հարության հրաշքը կվերամիավորի իրար սիրող մարդկանց։ Միլիոնավորներ կունենան նույն զգացումը, ինչ ունեցան այն 12-ամյա աղջկա ծնողները, որին Հիսուսը կյանքի վերադարձրեց։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանք «մեծ ցնծություն ապրեցին» (Մարկ. 5։42)։ Ի վերջո երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ արդար կլինի այդ բառի լիակատար իմաստով և հավիտյանս հավիտենից «Եհովայով կուրախանա»։