Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատանինե՛ր, ձեր Արարիչն ուզում է, որ երջանիկ լինեք

Պատանինե՛ր, ձեր Արարիչն ուզում է, որ երջանիկ լինեք

«Կյանքդ բարիքով է հագեցնում» (ՍԱՂ. 103։5

ԵՐԳ 135, 39

1, 2. Ինչո՞ւ իմաստուն կլինի նպատակներ դնելիս հետևել մեր Արարչի խորհուրդներին (տես հոդվածի սկզբի նկարները)։

ԵԹԵ պատանի ես, քեզ հավանաբար շատ խորհուրդներ են տալիս ապագայիդ վերաբերյալ։ Հնարավոր է՝ ուսուցիչները, խորհրդատուները կամ ուրիշները հորդորում են քեզ բարձրագույն կրթություն ստանալ ու լավ կարիերայի ձգտել։ Սակայն Եհովան քեզ այլ ճանապարհ է առաջարկում։ Ճիշտ է, նա ուզում է, որ դպրոցում լավ սովորես, որպեսզի հետագայում կարողանաս ապրուստդ վաստակել (Կող. 3։23)։ Բայց նաև հորդորում է, որ կյանքում առաջնահերթություններ սահմանելիս իմաստուն սկզբունքներով առաջնորդվես և հաշվի առնես, թե որն է իր կամքն ու նպատակը այս վերջին օրերում (Մատթ. 24։14

2 Հիշիր, որ Եհովան ամբողջական պատկերն է տեսնում, քանի որ գիտի, թե ինչ է լինելու այս աշխարհին, և երբ է գալու դրա վերջը (Ես. 46։10; Մատթ. 24։3, 36)։ Նա նաև մեզ է լավ ճանաչում. գիտի, թե ինչն է մեզ իսկապես երջանկացնում, և ինչն է հիասթափություն ու ցավ բերում։ Ճիշտ է, մարդկանց խորհուրդները կարող են ողջամիտ թվալ, բայց եթե հիմնված չեն Աստծու Խոսքի վրա, բոլորովին էլ իմաստուն չեն (Առակ. 19։21

«ԸՆԴԴԵՄ ԵՀՈՎԱՅԻ» ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

3, 4. Վատ խորհրդին ականջ դնելը ի՞նչ հետևանքներ ունեցավ Ադամի ու Եվայի, ինչպես նաև նրանց սերունդների համար։

3 Մարդիկ սկսեցին վատ խորհուրդներ ստանալ դեռ շատ վաղուց, երբ թատերաբեմում հայտնվեց Սատանան։ Ինքն իրեն խորհրդատու կարգած այդ մեծամիտ ոգեղեն էակը Եվային ասաց, որ նա և իր ամուսինը ավելի երջանիկ կլինեն, եթե իրե՛նք որոշեն, թե ինչպես ապրեն (Ծննդ. 3։1–6)։ Սակայն իրականում Սատանան եսասիրական նկրտումներ ուներ։ Նա ուզում էր, որ Ադամը, Եվան և նրանց սերունդները իրեն ենթարկվեին ու երկրպագեին, ոչ թե Եհովային։ Բայց ի՞նչ էր նա արել նրանց համար։ Չէ՞ որ Եհովան էր նրանց տվել ամեն ինչ։ Ադամն ու Եվան ունեին մեկը մյուսին, ունեին դրախտային գեղեցիկ տուն, կատարյալ մարմիններ և հավիտյան ապրելու հնարավորություն։

4 Ցավոք, առաջին զույգը չհնազանդվեց Աստծուն ու կտրվեց նրանից։ Դա աղետալի հետևանքներ բերեց։ Ինչպես որ ծաղիկն է թառամում, երբ այն կտրում են բույսից, այնպես էլ Ադամն ու Եվան աստիճանաբար թառամեցին ու մահացան։ Մեղքի անեծքը ծանրացավ նաև նրանց երեխաների վրա (Հռոմ. 5։12)։ Չնայած որ այսօր մարդիկ մեղքի պատճառով տառապում են, նրանց մեծ մասը Ադամի ու Եվայի պես որոշում է չհնազանդվել Աստծուն։ Նրանք ցանկանում են իրենց ուզած ձևով ապրել (Եփես. 2։1–3)։ Այդ որոշման հետևանքները հստակ ցույց են տալիս, որ «ընդդեմ Եհովայի ոչ իմաստություն կա, ոչ խորաթափանցություն» (Առակ. 21։30

5. Աստված ի՞նչ վստահություն ուներ, և արդյո՞ք այն արդարացված էր։

5 Այնուամենայնիվ, Եհովան վստահ էր, որ որոշ մարդիկ, այդ թվում՝ բազմաթիվ պատանիներ կցանկանան ճանաչել ու ծառայել իրեն (Սաղ. 103։17, 18; 110։3)։ Որքա՜ն է նա սիրում նրանց։ Իսկ դու այդ պատանիների թվո՞ւմ ես։ Եթե այո, ապա, անկասկած, Աստծուց բազում լավ բաներ ես ստացել, որոնք մեծապես նպաստել են քո երջանկությանը (կարդա Սաղմոս 103։5; Առակ. 10։22)։ Ինչպես կտեսնենք, այդ լավ բաներից են առատ հոգևոր սնունդը, լավ ընկերները, վեհ նպատակներն ու իսկական ազատությունը։

ԵՀՈՎԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՔՈ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔՆԵՐԸ

6. Ինչո՞ւ պետք է բավարարես քո հոգևոր կարիքները, և դրա համար ի՞նչ է քեզ տալիս Եհովան։

6 Ի տարբերություն կենդանիների՝ դու հոգևոր կարիքներ ունես, որոնք միայն քո Արարիչը կարող է բավարարել (Մատթ. 4։4)։ Եթե սրտանց լսես այն ամենը, ինչ նա ասում է քեզ, կլինես խորաթափանց, իմաստուն ու երջանիկ։ Հիսուսն ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթ. 5։3)։ Աստված քո հոգևոր կարիքները բավարարում է իր Խոսքի և այն հոգևոր սննդի միջոցով, որ տալիս է «հավատարիմ և իմաստուն ծառայի» ձեռքով (Մատթ. 24։45)։ Այդ սնունդը առատ է ու բազմազան (Ես. 65։13, 14

7. Աստծու տված հոգևոր կերակուրով սնվելը ինչո՞վ է օգտակար։

7 Աստծու տված հոգևոր կերակուրով սնվելու շնորհիվ կունենաս իմաստություն և խորհելու կարողություն, որոնք շատ առումներով կպաշտպանեն քեզ (կարդա Առակներ 2։10–14)։ Իմաստությունն ու խոհեմությունը կօգնեն տեսնել, թե որ ուսմունքներն ու տեսակետներն են սխալ։ Դրանցից է, օրինակ, այն սուտը, որ Արարիչ գոյություն չունի, կամ որ փողն ու ունեցվածքը քեզ երջանիկ կդարձնեն։ Դու նաև կկարողանաս մերժել սխալ ցանկություններն ու ինքնակործան վարքը։ Ուստի շարունակիր աստվածահաճո իմաստություն և խորհելու կարողություն ձեռք բերել։ Դրանք գանձեր համարիր և անձամբ կհամոզվես, որ Եհովան սիրում է քեզ ու միայն բարիք է ցանկանում քեզ (Սաղ. 34։8; Ես. 48։17, 18

8. Ինչո՞ւ հիմա՛ պետք է մտերմանաս Աստծու հետ, և դա քեզ ի՞նչ օգուտ կբերի ապագայում։

8 Շուտով Սատանայի աշխարհի յուրաքանչյուր տարր կփլուզվի։ Այդ ժամանակ Եհովան կլինի մեր միակ ապաստանը։ Հնարավոր է՝ գան այնպիսի օրեր, երբ միայն նրանից կախված կլինի՝ կունենանք մեր օրվա հացը, թե ոչ (Ամբ. 3։2, 12–19)։ Ուստի հիմա է ժամանակը, որ մտերմանաս քո երկնային Հոր հետ և ամրացնես վստահությունդ նրա հանդեպ (2 Պետ. 2։9)։ Եթե դա անես, ապա ինչ էլ կատարվի քո շուրջը, քեզ կզգաս սաղմոսերգու Դավթի պես, ով գրել է. «Եհովան միշտ իմ առջևում է։ Ես չեմ սասանվի, քանի որ նա իմ աջ կողմում է» (Սաղ. 16։8

ԵՀՈՎԱՆ ՔԵԶ ՀԻԱՆԱԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ Է ՏԱԼԻՍ

9. ա) Համաձայն Հովհաննես 6։44-ի՝ Եհովան ի՞նչ է անում։ բ) Ի՞նչ առանձնահատկություն ունի Եհովայի ժողովուրդը։

9 Անկեղծ սիրտ ունեցող մարդկանց Եհովան մեղմորեն ձգում է դեպի ճշմարիտ երկրպագությունը և թույլ է տալիս, որ դառնան իր հոգևոր ընտանիքի անդամ (կարդա Հովհաննես 6։44)։ Երբ առաջին անգամ ծանոթանում ես մեկի հետ, ով ճշմարտության մեջ չէ, ի՞նչ ես իմանում նրա մասին։ Հավանաբար շատ քիչ բան։ Իմանում ես միայն նրա անունը և տեսնում ես, թե նա ինչ արտաքին ունի։ Սակայն երբ առաջին անգամ հանդիպում ես մեկին, ով ճանաչում ու սիրում է Եհովային, հասկանում ես, թե ինչքան շատ բան գիտես նրա մասին, նա էլ՝ քո, նույնիսկ եթե այդ մարդը այլ ծագում ունի, ուրիշ երկրից կամ ցեղից է կամ էլ ուրիշ մշակույթի է պատկանում։

Եհովան ուզում է, որ լավագույն ընկերներն ունենանք և հոգևոր նպատակներ դնենք (տես պարբերություն 9–12)

10, 11. Եհովայի ծառաները ի՞նչ ընդհանուր բան ունեն, և դա ինչի՞ն է նպաստում։

10 Օրինակ՝ դու իսկույն հասկանում ես հավատակցիդ «լեզուն»։ Չէ՞ որ դու նույնպես այդ լեզվով ես խոսում՝ ճշմարտության «մաքուր լեզվով» (Սոփ. 3։9)։ Դու գիտես, թե նա ինչին է հավատում, գիտես, թե ում է երկրպագում, ինչ բարոյական չափանիշներով է առաջնորդվում և ինչ հույս ունի։ Սրանք ամենակարևոր բաներն են, որ հարկավոր է իմանալ մարդու մասին, բաներ, որոնց շնորհիվ սկսում ես վստահել նրան և ընկերական ջերմ հարաբերություններ կառուցել նրա հետ։ Այդպիսի ընկերությունը կարող է հավիտյան տևել։

11 Չափազանցություն չի լինի ասել, որ դու՝ որպես Եհովայի ծառա, լավագույն ընկերներն ունես։ Նրանք սփռված են աշխարհով մեկ, պարզապես շատերին դեռ չես հասցրել հանդիպել։ Եհովայի ժողովրդից բացի՝ ուրիշ ո՞վ այսքան թանկարժեք գանձ ունի։

ԵՀՈՎԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՔԵԶ ՎԵՀ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՆԵԼ

12. Ի՞նչ հոգևոր նպատակներ կարող ես դնել քո առաջ։

12 Կարդա Ժողովող 11։9–12։1։ Ունե՞ս որևէ հոգևոր նպատակ կամ նպատակներ, որոնց ջանում ես հասնել։ Օրինակ՝ հնարավոր է՝ ձգտում ես Աստվածաշունչը կարդալ ամեն օր կամ բարելավել խոսելու և ուսուցանելու հմտություններդ։ Ի՞նչ ես զգում, երբ դրական արդյունքների ես հասնում, կամ երբ ուրիշներն են դրանք նկատում ու գովում քեզ։ Անկասկած, բավարարվածության և ուրախության զգացում ես ունենում։ Եվ դա տեղին է, չէ՞ որ դու փաստում ես, որ Հիսուսի պես՝ Աստծու կամքը քո ցանկություններից ավելի բարձր ես դասում (Սաղ. 40։8; Առակ. 27։11

13. Աստծուն ծառայելը ինչո՞ւ է ավելի լավ, քան աշխարհիկ նպատակների ձգտելը։

13 Եհովային ծառայելու վրա կենտրոնանալով՝ դու զբաղվում ես մի գործով, որը ունայն չէ, և որը քեզ բավարարվածության զգացումով է լցնում։ Պողոս առաքյալը գրել է. «Եղեք հաստատուն, անսասան և միշտ զբաղված եղեք Տիրոջ գործում՝ իմանալով, որ Տիրոջը մատուցվող ձեր ծառայության մեջ ձեր աշխատանքը զուր չէ» (1 Կորնթ. 15։58)։ Իսկ երբ մարդը կենտրոնանում է աշխարհիկ նպատակների վրա՝ ձգտում է շատ փող վաստակել կամ հռչակ ձեռք բերել, բաց է թողնում իսկապես երջանիկ լինելու հնարավորությունը։ Նույնիսկ երբ նա հաջողությունների է հասնում, միևնույն է, ներքին դատարկություն է զգում (Ղուկ. 9։25)։ Սողոմոն թագավորը անձամբ համոզվեց դրանում և մեր օգտի համար գրեց այդ մասին (Հռոմ. 15։4

14. Ի՞նչ ես սովորում Սողոմոնից։

14 Սողոմոնը հեքիաթային հարստություն և մեծ իշխանություն ուներ։ Նա ինքն իրեն ասաց. «Փորձեմ ինքս ինձ՝ ուրախությանը տրվելով, նաև բարիք վայելեմ» (Ժող. 2։1–10)։ Սողոմոնը տներ կառուցեց, պարտեզներ ու այգիներ տնկեց և արեց այն ամենը, ինչ ցանկանում էր։ Սակայն նա ի՞նչ զգաց դրանից հետո։ Բավարարվածությո՞ւն։ Ուրախությո՞ւն։ Գոհությո՞ւն։ Կռահելու կարիք չկա։ Սողոմոնն ինքն էլ գրել է. «Ես նայեցի ձեռքերիս բոլոր գործերին.... և տեսա, որ ամեն ինչ ունայնություն էր» (Ժող. 2։11)։ Ի՜նչ խորիմաստ խոսքեր։ Իսկ դու դաս կքաղե՞ս Սողոմոնի օրինակից։

15. Համաձայն Սաղմոս 32։8-ի՝ հավատն ինչո՞ւ է կարևոր և ի՞նչ օգուտ է բերում։

15 Եհովան ուզում է, որ առանց սխալներ գործելու սովորես, թե ինչն է ճիշտ։ Նա չի ուզում, որ ցավ ապրես։ Սակայն Աստծուն հնազանդվելու և նրա կամքն ամենակարևոր բանը համարելու համար հավատ է հարկավոր։ Այդ հավատն անգին է. այն երբեք հիասթափություն չի բերի։ Եհովան երբեք չի մոռանա «այն սերը, որ դրսևորեցիր իր անվան հանդեպ» (Եբր. 6։10)։ Ուստի ամեն ջանք թափիր, որ ամուր հավատ զարգացնես։ Այդպես ինքդ կհամոզվես, որ քո երկնային Հայրը միայն քո լավն է ուզում (կարդա Սաղմոս 32։8

ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ԻՍԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ

16. Ինչո՞ւ պետք է թանկ գնահատենք մեր ազատությունը և այն իմաստությամբ օգտագործենք։

16 Պողոսը գրել է. «Ուր որ Եհովայի ոգին է, այնտեղ ազատություն կա» (2 Կորնթ. 3։17)։ Եհովան սիրում է ազատություն և քո սրտում էլ է սեր դրել ազատության հանդեպ։ Սակայն նա ուզում է, որ ազատությունդ իմաստությամբ օգտագործես։ Այդպես անելով՝ պաշտպանված կլինես։ Հավանաբար ճանաչում ես պատանիների, ովքեր պոռնկագրություն են դիտում, սեռական անբարոյություն են գործում, վտանգավոր մարզաձևերով են զբաղվում, թմրանյութեր են օգտագործում կամ չարաշահում են ալկոհոլը։ Ճիշտ է, այդ պատանիները հաճույքի պահեր են ունենում, բայց ի՞նչ գնով։ Հաճախ նրանք չափազանց մեծ գին են վճարում այդ ամենի համար, օրինակ՝ հիվանդանում են, կախվածություն են ձեռք բերում և նույնիսկ մահանում են (Գաղ. 6։7, 8)։ Նրանց «ազատությունը» ինքնախաբեություն է, այն էլ սարսափելի ցավ բերող ինքնախաբեություն (Տիտոս 3։3

17, 18. ա) Աստծուն հնազանդվելը ինչպե՞ս է իսկական ազատություն բերում։ բ) Ադամն ու Եվան ինչպե՞ս էին անհամեմատ ավելի մեծ ազատություն վայելում, քան այսօրվա մարդիկ։

17 Իսկ քանի՞ մարդ ես ճանաչում, ով հիվանդացել է Աստվածաշնչի չափանիշներով ապրելու պատճառով։ Այո՛, ակնհայտ է, որ Եհովային հնազանդվելով՝ կունենաս և՛ առողջություն, և՛ իսկական ազատություն (Սաղ. 19։7–11)։ Եթե ազատությունդ իմաստությամբ օգտագործես, այսինքն՝ դուրս չգաս Աստծու կատարյալ օրենքների ու սկզբունքների սահմաններից, դրանով կշահես քո երկնային Հոր ու ծնողներիդ վստահությունը և կապացուցես, որ քեզ կարելի է ավելի մեծ ազատություն տալ։ Եհովայի նպատակն է, որ իր հավատարիմ ծառաները կատարյալ ազատություն վայելեն, որը Սուրբ Գրքում կոչվում է «Աստծու զավակների փառահեղ ազատություն» (Հռոմ. 8։21

18 Ադամն ու Եվան հենց այդպիսի ազատություն ունեին։ Մտածիր. Եդեմի պարտեզում Եհովան քանի՞ սահմանափակող պատվեր էր տվել նրանց։ Ընդամենը մեկ։ Նրանք չպետք է ուտեին մեկ ծառի պտղից (Ծննդ. 2։9, 17)։ Քո կարծիքով՝ այդ սահմանափակումը չափազանց խի՞ստ էր։ Դրա պատճառով Ադամն ու Եվան իրենց ճնշվա՞ծ էին զգում։ Ամենևի՛ն։ Այժմ այս մեկ պատվիրանը համեմատիր մարդկանց ստեղծած անթիվ-անհամար օրենքների հետ, որոնց ստիպված ենք ծանոթանալ ու ենթարկվել։

19. Ի՞նչ կրթություն ենք ստանում իսկական ազատություն վայելելու համար։

19 Եհովան իմաստուն է վարվում իր ծառաների հետ։ Անթիվ օրենքներ տալու փոխարեն՝ նա համբերությամբ սովորեցնում է մեզ կատարել սիրո օրենքը։ Աստված ուզում է, որ իր սկզբունքներով առաջնորդվենք և ատենք չարը (Հռոմ. 12։9)։ Լեռան քարոզում, որը այդ կրթության վառ օրինակն է, Հիսուսը բացատրեց, թե որն է չար գործերի արմատը (Մատթ. 5։27, 28)։ Որպես Աստծու Թագավորության Թագավոր՝ Քրիստոսը նոր աշխարհում կշարունակի կրթել մեզ, որպեսզի արդարությանն ու անօրենությանը վերաբերվենք ճիշտ այնպես, ինչպես ինքը (Եբր. 1։9)։ Նա նաև կհասցնի մեզ ֆիզիկական ու մտային կատարելության։ Միայն պատկերացրու. դու այլևս չես զգա մեղքի հրապույրը և չես կրի դրա դառը հետևանքները։ Այդ ժամանակ վերջապես կկարողանաս վայելել Եհովայի խոստացած «փառահեղ ազատությունը»։

20. ա) Եհովան ինչպե՞ս է օգտագործում իր ազատությունը։ բ) Աստծու օրինակից ի՞նչ ես սովորում։

20 Մեր ազատությունը երբեք բացարձակ չի լինի։ Ի՞նչ իմաստով։ Մենք պետք է միշտ առաջնորդվենք Աստծու և մերձավորի հանդեպ սիրով։ Եհովան մեզ խնդրում է անել մի բան, ինչ ինքն է անում։ Թեև նա անսահմանափակ ազատություն ունի, սակայն որոշել է իր ստեղծած բանական էակների հետ հարաբերություններում առաջնորդվել սիրով (1 Հովհ. 4։7, 8)։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ իսկապես ազատ է այն մարդը, ով ընդօրինակում է Աստծուն, այսինքն՝ առաջնորդվում է սիրով։

21. ա) Դավիթն ի՞նչ էր զգում։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

21 Գնահատո՞ւմ ես այն բազմաթիվ լավ բաները, որ Եհովան տվել է քեզ։ Դրանցից են, օրինակ, առատ հոգևոր սնունդը, լավ ընկերները, վեհ նպատակներն ու կատարյալ ազատություն ստանալու հնարավորությունը (Սաղ. 103։5)։ Եթե գնահատում ես քո Արարչի տված բաները, ապա հավանաբար ունես նույն զգացմունքները, ինչ Դավիթ թագավորը, ով Աստծուն աղոթելիս ասաց. «Դու կիմացնես ինձ կյանքի ճանապարհը։ Քո երեսի առաջ ուրախության լիություն կա, և քո աջ կողմում ցնծություն կա հավիտյան» (Սաղ. 16։11)։ Հաջորդ հոդվածում 16-րդ սաղմոսից հոգևոր այլ գանձեր կհանենք։ Դրանք կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչ է պետք իսկապես երջանիկ կյանքով ապրելու համար։