Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 50

Եհովան ազատագրում է քեզ

Եհովան ազատագրում է քեզ

«Երկրում ազատություն հայտարարեք նրա բոլոր բնակիչներին» (ՂԵՎՏ. 25։10

ԵՐԳ 22 Թագավորությունն իշխում է. թող այն գա

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Որոշ երկրներում ի՞նչ է նշվում, և ի՞նչ էր հին Իսրայելում հայտարարվող Հոբելյանը (տես « Ի՞նչ էր հին Իսրայելում նշվող Հոբելյանը» շրջանակը)։ բ) Ինչպես գրված է Ղուկաս 4։16–18 համարներում, Հիսուսն ինչի՞ մասին է խոսել։

ԿԱՆ երկրներ, որտեղ ընդունված է նշել կարևոր իրադարձությունների հիսուներորդ տարեդարձը։ Այն սովորաբար կոչում են հոբելյան։ Դրա առթիվ կազմակերպվող տոնախմբությունները կարող են տևել մեկ օր, մեկ շաբաթ կամ ավելի երկար, բայց վաղ թե ուշ ավարտվում են, ինչպես և այն ուրախությունը, որ դրանք բերում են։

2 Հին Իսրայելում 50 տարին մեկ նույնպես ուրախության հատուկ պատճառ էր լինում։ Խոսքը Հոբելյանի մասին է, որը իսրայելացիներին ազատություն էր բերում։ Իսկ ինչո՞ւ այն պետք է հետաքրքրի մեզ։ Որովհետև հիշեցնում է մի շատ ավելի լավ միջոցի մասին, որ Եհովան տրամադրել է մեր հավիտենական ազատագրման համար, և որը այսօր իսկ օգուտ է բերում բոլորիս։ Հիսուսը նույնպես խոսել է այդ ազատության մասին (կարդա Ղուկաս 4։16–18

Հին Իսրայելում Հոբելյանը ուրախության առիթ էր, քանի որ ստրուկ դարձած իսրայելացիները ազատվում էին և վերադառնում իրենց ընտանիք ու կալվածք (տես պարբերություն 3) *

3. Ղևտական 25։8–12 համարների համաձայն՝ Հոբելյանը ի՞նչ օգուտ էր բերում իսրայելացիներին։

3 Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե Հիսուսն ինչ է նկատի ունեցել, երբ խոսել է ազատության մասին, եկեք քննենք, թե ինչ էր Հոբելյանը, որն Աստված հնում նախատեսել էր իր ժողովրդի համար։ Եհովան իսրայելացիներին ասել էր. «Հիսուներորդ տարին սրբացրեք և երկրում ազատություն հայտարարեք նրա բոլոր բնակիչներին։ Դա Հոբելյան կլինի ձեզ համար, ու ձեզնից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ամեն մեկը իր ընտանիք կվերադառնա» (կարդա Ղևտական 25։8–12)։ Նախորդ հոդվածում խոսեցինք այն մասին, թե շաբաթ օրվան առնչվող օրենքը ինչ օգուտ էր տալիս իսրայելացիներին։ Իսկ Հոբելյա՞նը ինչ օգուտ էր բերում նրանց։ Ենթադրենք՝ որևէ իսրայելացի պարտքի տակ էր ընկել և այն վճարելու համար ստիպված վաճառել էր իր հողատարածքը։ Հոբելյանական տարվա ընթացքում այդ հողը վերադարձվում էր նրան։ Ուստի նա կարող էր «վերադառնալ իր կալվածքը» և այն որպես ժառանգություն թողնել իր զավակներին։ Մեկ ուրիշ օրինակ։ Ենթադրենք՝ նեղ վիճակում հայտնված իսրայելացին պարտքը վճարելու համար ստիպված էր եղել իրեն կամ նույնիսկ իր երեխաներից մեկին վաճառել ստրկության։ Հոբելյանական տարվա ընթացքում ստրուկը ազատություն էր ստանում և վերադառնում էր իր ընտանիք։ Այս կարգի շնորհիվ ոչ ոք ամբողջ կյանքում ստրուկ չէր լինում և չէր մնում առանց ազատվելու հույսի։ Հոգատարության ինչպիսի՜ դրսևորում Եհովայի կողմից։

4–5. Հոբելյանը ինչո՞ւ պետք է հետաքրքրի մեզ։

4 Ինչի՞ն էր նպաստում Հոբելյանը։ Ահա Աստծու խոսքերը. «Քո միջից ոչ ոք չպետք է աղքատ լինի, որովհետև Եհովան անպատճառ կօրհնի քեզ այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես ժառանգություն, որ տիրես նրան» (2 Օրենք 15։4)։ Որքա՜ն է սա տարբերվում այսօրվա աշխարհում տիրող իրավիճակից, որտեղ հարուստները ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում։

5 Մենք՝ քրիստոնյաներս, Մովսիսական օրենքի տակ չենք։ Դա նշանակում է, որ մենք չենք պահում Հոբելյանի վերաբերյալ հին Իսրայելին տրված օրենքը, որի հիման վրա ստրուկները ազատվում էին, պարտքերը ներվում էին, իսկ ընտանեկան կալվածքները վերադարձվում էին (Հռոմ. 7։4; 10։4; Եփես. 2։15)։ Սակայն մեզ համար կարևոր է ավելին իմանալ Հոբելյանի մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև այն հիշեցնում է, թե Եհովան ինչ է արել մեզ ազատագրելու համար։

ՀԻՍՈՒՍԸ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ

6. Մարդկությունը ինչի՞ց ազատվելու կարիք ունի։

6 Բոլորս էլ ազատագրման կարիք ունենք, քանի որ դաժան ստրկության ենք վաճառված՝ մեղքի ստրկության։ Դրա հետևանքով ծերանում ենք, հիվանդանում ու մահանում։ Շատերի համար այս փաստը ակնհայտ է դառնում, երբ հայելու մեջ նայում են իրենց, այցելում են բժշկի կամ էլ երբ մեղքեր են գործում ու վհատվում։ Օրինակ՝ Պողոս առաքյալը խոստովանել է, որ «գերի է տարվում մեղքի օրենքին, որն [իր] անդամներում է», և ավելացրել է. «Ի՜նչ թշվառ մարդ եմ ես։ Ո՞վ կազատի ինձ մահվան ենթակա այս մարմնից» (Հռոմ. 7։23, 24

7. Եսայիան ի՞նչ է մարգարեացել ազատության վերաբերյալ։

7 Այնուամենայնիվ, մենք ուրախանալու պատճառ ունենք, քանի որ Աստված մի միջոց է ձեռնարկել մեզ մեղքից ազատելու համար։ Հիսուսն է այն բանալին, որով բացվում է ազատության տանող դուռը։ Դեռևս մ. թ. ա. ութերորդ դարում Եսայիա մարգարեն ասել է, որ ապագայում մի փառահեղ ազատություն է շնորհվելու մարդկանց՝ ավելի լավ ազատություն, քան այն, որ Հոբելյանական տարվա ընթացքում ստանում էին իսրայելացիները։ Նա գրել է. «Գերիշխան Տեր Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև Եհովան օծել է ինձ, որ հեզերին բարի լուր հայտնեմ։ Նա ուղարկել է ինձ, որ կոտրված սրտերին վիրակապ դնեմ, հռչակեմ, որ գերիներն ազատ են արձակվելու» (Ես. 61։1)։ Այս խոսքերը ո՞ւմ մասին են։

8. Ազատագրման վերաբերյալ Եսայիայի մարգարեությունը ո՞ւմ մասին է։

8 Վերոնշյալ մարգարեությունը սկսեց կատարվել այն բանից հետո, երբ մեկնարկեց Հիսուսի ծառայությունը։ Գնալով հայրենի Նազարեթում գտնվող ժողովարան՝ նա այնտեղ հավաքված հրեաների առաջ կարդաց Եսայիայի խոսքերը և դրանք իրեն վերագրեց. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ, նա ուղարկեց ինձ, որ գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեմ, կոտրվածներին ազատ արձակեմ և Եհովայի բարեհաճության տարին քարոզեմ» (Ղուկ. 4։16–19, 21)։ Հիսուսն ինչպե՞ս կատարեց այս մարգարեությունը։

ԱՌԱՋԻՆ ԱԶԱՏԱԳՐՎՈՂՆԵՐԸ

Նազարեթի ժողովարանում Հիսուսը ազատություն հռչակեց (տես պարբերություն 8–9)

9. Հիսուսի օրոք շատերն ինչի՞ց էին ուզում ազատվել։

9 Հիսուսի օրերում մարդիկ սկսեցին ստանալ իր հիշատակած ազատությունը, որի մասին գրված էր Եսայիայի մարգարեության մեջ։ Հիսուսն ինքը հաստատեց դա՝ ասելով. «Գրքի այս հատվածը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց» (Ղուկ. 4։21)։ Նրա խոսքերը լսած մարդկանցից շատերը, ըստ երևույթին, քաղաքական փոփոխություններ էին ուզում՝ ցանկանում էին ազատվել Հռոմի տիրապետությունից։ Նրանք հավանաբար նույն ակնկալիքներն ունեին, ինչ այն երկու տղամարդիկ, որոնք Հիսուսի մահից ու հարությունից հետո ասացին. «Մենք հույս ունեինք, թե այս մարդը նա էր, ով պետք է ազատեր Իսրայելը» (Ղուկ. 24։13, 21)։ Սակայն բոլորս էլ գիտենք, որ Հիսուսն իր հետևորդներին չէր հորդորում ապստամբել Հռոմի ծանր լծի դեմ։ Հակառակը, մի առիթով նրանց նույնիսկ պատվիրեց «կայսրինը կայսրին տալ» (Մատթ. 22։21)։ Ուրեմն ինչպե՞ս էր Հիսուսն այդ ժամանակ ազատություն պարգևում։

10. Հիսուսը ինչի՞ց ազատվելու ճանապարհ բացեց։

10 Աստծու Որդին երկու բանից ազատվելու ճանապարհ բացեց։ Առաջին՝ օգնեց ազատվել կրոնական առաջնորդների սովորեցրած սխալ ուսմունքներից, որոնք ծանր բեռ էին դարձել ժողովրդի համար։ Շատ հրեաներ այդ ժամանակ դարձել էին մարդկային ավանդույթների և սուտ հավատալիքների գերին (Մատթ. 5։31–37; 15։1–11)։ Նրանք, ովքեր իրենց հոգևոր առաջնորդներ էին համարում, փոխաբերական իմաստով կույր էին։ Մերժելով Մեսիային և նրա բերած հոգևոր լույսը՝ այդ մարդիկ մնացին խավարում ու մեղքի ճիրաններում (Հովհ. 9։1, 14–16, 35–41)։ Սակայն Հիսուսը ճշմարտությունը սովորեցրեց և լավ օրինակ թողեց, ինչով հեզերին ցույց տվեց հոգևոր ազատագրման ճանապարհը (Մարկ. 1։22; 2։23–3։5

11. Հիսուսը ուրիշ ինչի՞ց ազատվելու հնարավորություն տվեց։

11 Երկրորդ՝ Հիսուսը մարդկությանը հնարավորություն տվեց ազատվելու մի դաժան ստրկությունից՝ ժառանգած մեղքից։ Նրա զոհի հիման վրա Աստված կարող է ներել այն մարդկանց մեղքերը, որոնք հավատ են ընծայում փրկանքի հանդեպ և գործերով փաստում են դա (Եբր. 10։12–18)։ Հիսուսն ասել է. «Եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք» (Հովհ. 8։36)։ Այս ազատությունը, ինչ խոսք, շատ ավելի մեծ է, քան այն, որ իսրայելացիները ստանում էին Հոբելյանական տարվա ընթացքում։ Օրինակ՝ Հոբելյանին ազատված մարդը կարող էր ինչ-ինչ պատճառներով նորից ստրուկ դառնալ։ Եվ ամեն դեպքում նա վաղ թե ուշ մահանալու էր։ Իսկ Հիսուսի տված ազատությունը հավիտենական է։

12. Հիսուսի հռչակած ազատությունը առաջին հերթին ո՞ւմ օգուտ բերեց։

12 Մ. թ. 33 թվականին՝ Պենտեկոստեի օրը, Եհովան առաքյալներին և մի խումբ այլ հավատարիմ տղամարդկանց ու կանանց օծեց սուրբ ոգով։ Նա որդեգրեց նրանց, որ ապագայում հարություն առնեն երկնքում և թագավորեն Հիսուսի հետ (Հռոմ. 8։2, 15–17)։ Նրանք առաջինն էին, ում օգուտ բերեց այն ազատությունը, որ Նազարեթի ժողովարանում հռչակել էր Հիսուսը։ Այս տղամարդիկ ու կանայք այլևս հրեա կրոնական առաջնորդների սովորեցրած մարդկային ավանդույթների և սուտ ուսմունքների գերին չէին։ Բացի այդ՝ Աստված համարում էր, որ նրանք ազատված են մահվան տանող մեղքից։ Խորհրդանշական Հոբելյանը, որ սկսվեց 33 թ.-ին, երբ օծվեցին Քրիստոսի հետևորդները, կավարտվի նրա Հազարամյա Իշխանության վերջում։ Իսկ նախքան դա ի՞նչ ձեռքբերումներ կլինեն։

ԴԵՌ ՄԻԼԻՈՆԱՎՈՐՆԵՐ ԷԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ

13–14. Օծյալ քրիստոնյաներից բացի՝ ուրիշ ովքե՞ր կարող են ստանալ Հիսուսի հռչակած ազատությունը։

13 Այսօր բոլոր ազգերի մեջ կան միլիոնավոր անկեղծ մարդիկ, որոնք «ուրիշ ոչխարների» խմբին են պատկանում (Հովհ. 10։16)։ Նրանք Աստծու կողմից չեն ընտրվել երկնքում Հիսուսի հետ թագավորելու համար։ Սակայն Աստվածաշնչի համաձայն՝ այս մարդիկ հնարավորություն ունեն հավիտյան ապրելու երկրի վրա։ Դու է՞լ ես այսպիսի հույս տածում։

14 Եթե այո, ապա այժմ դու նույնպես վայելում ես այն լավ բաներից մի քանիսը, որ ստանում են օծյալ քրիստոնյաները։ Օրինակ՝ հավատալով, որ Հիսուսն իր արյունը թափել է քեզ համար՝ կարողանում ես Եհովայից ներում խնդրել մեղքերիդ համար։ Դրա շնորհիվ Աստծու հավանությունն ես ստանում և մաքուր խիղճ ես ունենում (Եփես. 1։7; Հայտն. 7։14, 15)։ Մտածիր նաև, թե ինչպես ես օրհնվել՝ ազատվելով սուտ ուսմունքներից։ Հիսուսն ասել է. «Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։32)։ Այսպիսի ազատություն վայելելը իրոք որ բերկրանք է։

15. Ինչպիսի՞ ազատություն և օրհնություններ կարող ենք ստանալ ապագայում։

15 Սակայն սա դեռ ամենը չէ, քանի որ ապագայում կարող ես ավելի մեծ ազատություն ստանալ։ Մոտ ապագայում Աստծու Որդին մեկընդմիշտ վերջ կդնի կեղծ կրոնին և ապականված մարդկային կառավարություններին։ Այդ ժամանակ Եհովան կպաշտպանի իրեն ծառայող մարդկանց «մեծ բազմությանը» և երկրային դրախտում օրհնություններ կթափի նրանց վրա (Հայտն. 7։9, 14)։ Բացի այդ՝ երկրի վրա հարություն կառնեն անհամար մարդիկ, որոնք ևս հնարավորություն կստանան ազատվելու ադամական մեղքի բոլոր հետևանքներից (Գործ. 24։15

16. Մարդկությանը ի՞նչ մեծ ազատագրում է սպասում։

16 Հազարամյա Իշխանության ընթացքում Քրիստոսը իր թագավորակիցների հետ կօգնի մարդկանց կատարելապես առողջ դառնալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առումով։ Ազատագրման ու վերականգնման այս ժամանակաշրջանը նման կլինի վաղեմի ժամանակների Հոբելյանին։ Արդյունքում բոլոր մարդիկ, որոնք հավատարմորեն կծառայեն Եհովային, կազատվեն մեղքից ու կհասնեն մարդկային կատարելության։

Նոր աշխարհում մենք մեծ բավականություն կստանանք՝ զբաղվելով օգտակար գործերով (տես պարբերություն 17)

17. Եսայիա 65։21–23 համարներում ի՞նչ կյանք է խոստացված Աստծու ծառաներին (տես ամսագրի շապիկի նկարը)։

17 Երկրի վրա սպասվող կյանքը մարգարեաբար նկարագրված է Եսայիա 65։21–23 համարներում (կարդա)։ Ապրելով այդ հրաշալի կյանքով՝ մենք պարապության մատնված չենք լինելու, այլ, ինչպես Աստվածաշունչն է ասում, զբաղվելու ենք բավարարվածություն պարգևող օգտակար գործերով։ Կարող ենք վստահ լինել, որ երբ Հազարամյակը վերջանա, «ստեղծագործությունը.... ազատ կարձակվի ապականության ստրկությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21

18. Ինչո՞ւ կարող ենք հավատալ, որ մեր ապագա կյանքը իսկապես երջանիկ կլինի։

18 Ճիշտ ինչպես հին ժամանակներում էր Եհովան միջոցներ ձեռնարկել, որ իսրայելացիները հավասարակշռեին աշխատանքն ու հանգիստը և կարողանային կենտրոնանալ երկրպագության վրա, այնպես էլ իր Որդու Հազարամյա Իշխանության օրոք կանի։ Դրա շնորհիվ Աստծու ժողովուրդը բավականաչափ ժամանակ կունենա հոգևոր գործերով զբաղվելու համար։ Չէ՞ որ Եհովային երկրպագելը իսկական երջանկության բանալին է։ Այդպես կլինի նաև նոր աշխարհում։ Այո՛, Հազարամյակի ընթացքում նրան հավատարիմ բոլոր մարդիկ ուրախ կլինեն ու հաճույք կստանան կյանքից, քանի որ կունենան բավականություն պատճառող աշխատանք և միասին կծառայեն իրենց Արարչին։

ԵՐԳ 142 Ամուր բռնենք մեր հույսը

^ պարբ. 5 Հին ժամանակներում Եհովան իսրայելացիներին ազատություն ստանալու միջոց էր տրամադրել։ Խոսքը Հոբելյանի մասին է։ Ճիշտ է, մենք՝ քրիստոնյաներս, Մովսիսական օրենքի տակ չենք, սակայն պետք է իմանանք, թե Հոբելյանը ինչ կարող է նշանակել մեզ համար։ Ուստի կքննարկենք, թե Հոբելյանը ինչպես է հիշեցնում այն միջոցի մասին, որ Եհովան տրամադրել է՝ մեզ ազատագրելու համար։ Կտեսնենք, թե այն ինչ օգուտ կարող է բերել մեզ։

^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Ստրուկ դարձած իսրայելացիները Հոբելյանական տարվա ընթացքում ազատվում էին և հնարավորություն ստանում վերադառնալու իրենց ընտանիք ու կալվածք։