Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 51

«Եհովան.... ոգով փշրվածներին փրկում է»

«Եհովան.... ոգով փշրվածներին փրկում է»

«Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (ՍԱՂ. 34։18

ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ասում է, որ մարդու կյանքը կարճ է և «տագնապներով լի» (Հոբ 14։1)։ Ուստի բնական է, որ ժամանակ առ ժամանակ վհատվում ենք։ Անցյալում ապրած Եհովայի ծառաներից շատերն են նման զգացում ունեցել։ Ոմանք նույնիսկ ցանկացել են մեռնել (1 Թագ. 19։2–4; Հոբ 3։1–3, 11; 7։15, 16)։ Բայց Եհովան, ով նրանց Ապավենն էր, միշտ մխիթարում և զորացնում էր նրանց։ Այս հավատարիմների մասին գրվել է Աստծու Խոսքում, որպեսզի մխիթարվենք ու սովորենք նրանց օրինակներից (Հռոմ. 15։4

2 Այս հոդվածում կխոսենք Հակոբի որդի Հովսեփի, այրի Նոեմիի և նրա հարս Հռութի, 73-րդ սաղմոսը գրող ղևտացու և Պետրոս առաքյալի մասին, ովքեր տոկացել են վհատեցնող փորձությունների ներքո։ Եհովան ինչպե՞ս է զորացրել նրանց։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանց օրինակներից։ Այս հարցերի պատասխանները կհավաստիացնեն մեզ, որ «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղ. 34։18

ՀՈՎՍԵՓԸ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՎԵՑ

3–4. Ի՞նչ պատահեց Հովսեփին, երբ նա երիտասարդ էր։

3 Հովսեփը մոտ 17 տարեկան էր, երբ Աստված նրան երկու երազ տվեց։ Դրանց համաձայն՝ գալու էր մի օր, երբ Հովսեփը բարձր դիրք էր ունենալու և պատվի էր արժանանալու իր ընտանիքի կողմից (Ծննդ. 37։5–10)։ Սակայն այդ երազները տեսնելուց կարճ ժամանակ անց նրա կյանքը կտրուկ փոխվեց։ Հովսեփին պատվի արժանացնելու փոխարեն՝ նրա եղբայրները ստրկության վաճառեցին նրան։ Նա հայտնվեց եգիպտացի պաշտոնյա Պետափրեսի տանը (Ծննդ. 37։21–28)։ Շատ կարճ ժամանակում Հովսեփը, որն իր հոր սիրելի որդին էր, դարձավ փարավոնի հեթանոս պալատականի աննշան ստրուկը (Ծննդ. 39։1

4 Բայց դա դեռ ամենը չէր. Հովսեփը ավելի վատ իրավիճակում էր հայտնվելու։ Պետափրեսի կինը մեղադրեց նրան բռնաբարության փորձ կատարելու մեջ։ Պետափրեսը, առանց փաստերը քննելու, Հովսեփին բանտ նետեց, որտեղ նրան «դրեցին երկաթե կապանքների մեջ» (Ծննդ. 39։14–20; Սաղ. 105։17, 18)։ Պատկերացրու, թե ինչ ծանր ապրումներ ունեցավ երիտասարդ Հովսեփը, երբ նրան մեղադրեցին նման բանում։ Նաև մտածիր, թե դա ինչ անարգանք կարող էր բերել Եհովայի անվանը։ Անկասկած, Հովսեփը վհատվելու պատճառներ ուներ։

5. Ի՞նչ էր անում Հովսեփը վհատությունը հաղթահարելու համար։

5 Թե՛ ստրկության մեջ, թե՛ բանտում Հովսեփի հնարավորությունները սահմանափակ էին, և նա ոչինչ չէր կարող անել իր հանգամանքները փոխելու համար։ Ի՞նչն օգնեց Հովսեփին, որ չկորցնի իր հավասարակշռությունը։ Նա չէր կենտրոնանում այն բաների վրա, որոնք այլևս չէր կարող անել։ Փոխարենը՝ ջանասիրաբար կատարում էր այն գործերը, որ հանձնարարված էին իրեն։ Սակայն նրա կյանքում առաջնայինը Եհովային հաճեցնելն էր։ Եհովան էլ իր հերթին օրհնում էր այն ամենը, ինչ Հովսեփն անում էր (Ծննդ. 39։21–23

6. Ի՞նչն էր Հովսեփին մխիթարում։

6 Հավանաբար, Հովսեփը մխիթարվում էր՝ խորհրդածելով իր տեսած մարգարեական երազների շուրջ։ Դրանց համաձայն՝ նա կրկին տեսնելու էր իր ընտանիքի անդամներին, և նրա իրավիճակը փոխվելու էր։ Հենց այդպես էլ եղավ։ Երբ նա մոտ 37 տարեկան էր, այդ մարգարեական երազները սկսեցին զարմանալի կերպով կատարվել (Ծննդ. 37։7, 9, 10; 42։6, 9

7. 1 Պետրոս 5։10-ի համաձայն՝ ի՞նչը կօգնի մեզ դիմանալ փորձություններին։

7 Ի՞նչ ենք սովորում։ Հովսեփի պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ այս աշխարհը դաժան է, և հնարավոր է՝ մարդիկ մեզ հետ անարդարացի վարվեն։ Նույնիսկ մեր հավատակիցը կարող է ցավ պատճառել մեզ։ Բայց եթե Եհովան լինի մեր Ժայռն ու Ապաստանը, մենք թևաթափ չենք լինի ու չենք դադարի նրան ծառայելուց (Սաղ. 62։6, 7; կարդա 1 Պետրոս 5։10)։ Հիշենք նաև, որ Հովսեփը մոտ 17 տարեկան էր, երբ Եհովան նրան երազներ տվեց։ Տեսնում ենք, որ Եհովան վստահում է իր երիտասարդ ծառաներին։ Այսօր էլ շատ երիտասարդներ Հովսեփի նման ամուր հավատ ունեն։ Նրանցից ոմանք անարդարացիորեն բանտարկվել են, քանի որ փոխզիջումների չեն գնացել իրենց հավատի հարցում (Սաղ. 110։3

ԵՐԿՈՒ ՎՇՏԱՑԱԾ ԿԱՆԱՅՔ

8. Ի՞նչ պատահեց Նոեմիին ու Հռութին։

8 Սաստիկ սովի պատճառով Նոեմին իր ընտանիքի հետ հեռացավ իր հայրենի երկրից՝ Հուդայից, և բնակություն հաստատեց Մովաբի երկրում։ Այնտեղ Նոեմիի ամուսինը՝ Ելիմելեքը, մահացավ, և Նոեմին մնաց իր երկու որդիների հետ։ Ժամանակի ընթացքում նրա որդիները ամուսնացան մովաբացի կանանց՝ Հռութի և Օրփայի հետ։ Սակայն մոտ տասը տարի անց նրանք էլ մահացան՝ առանց սերունդ թողնելու (Հռութ 1։1–5)։ Պատկերացրու, թե որքան վշտացած էին այս երեք կանայք։ Ինչ խոսք, Հռութն ու Օրփան կարող էին կրկին ամուսնանալ, բայց ո՞վ հոգ կտաներ տարեց Նոեմիի մասին։ Նոեմին այնքան ընկճված էր, որ ասաց. «Ինձ Նոեմի մի՛ կոչեք, այլ Մարա կոչեք, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրել է ինձ»։ Վշտացած Նոեմին որոշում է վերադառնալ Բեթլեհեմ։ Հռութը միանում է նրան (Հռութ 1։7, 18–20

Աստված Նոեմիին ու Հռութին ցույց տվեց, որ կարող է օգնել իր ծառաներին հաղթահարել վիշտն ու վհատությունը։ Կարո՞ղ է նա նույնն անել քեզ համար (տես պարբերություն 8–13) *

9. Հռութ 1։16, 17 և 22 համարների համաձայն՝ Հռութն ինչպե՞ս մխիթարություն եղավ Նոեմիի համար։

9 Ի՞նչը դարման եղավ Նոեմիի ցավին։ Նվիրված սերը։ Հռութը նվիրված սեր ցուցաբերեց Նոեմիի հանդեպ՝ չթողնելով նրան (կարդա Հռութ 1։16, 17, 22)։ Բեթլեհեմում նա նաև ծանր աշխատում էր, որ գարու հասկեր հավաքեր ու հոգար իր և Նոեմիի կարիքները, ինչի շնորհիվ շուտով այս երիտասարդ կինը լավ համբավ ձեռք բերեց (Հռութ 3։11; 4։15

10. Եհովան ինչպե՞ս է սեր դրսևորել Նոեմիի և Հռութի նման կարիքավոր մարդկանց հանդեպ։

10 Եհովան իսրայելացիներին մի օրենք էր տվել, որից երևում է, թե որքան կարեկից է նա կարիքավորների հանդեպ, ինչպիսիք էին Նոեմին և Հռութը։ Նա պատվիրել էր ժողովրդին, որ բերքահավաքի ժամանակ դաշտի եզրերից բերքը չհավաքեին, այլ թողնեին աղքատների համար (Ղևտ. 19։9, 10)։ Ուստի Նոեմին և Հռութը ստիպված չէին հաց մուրալ։ Նրանք կարող էին օրվա հաց ձեռք բերել արժանավայել կերպով։

11–12. Բոոսն ինչպե՞ս ուրախացրեց Նոեմիին ու Հռութին։

11 Այն արտը, որտեղ Հռութը հասկ էր հավաքում, պատկանում էր Բոոս անունով մի հարուստ մարդու։ Բոոսին այնքան էր տպավորել Հռութի նվիրվածությունն ու սերը սկեսրոջ՝ Նոեմիի հանդեպ, որ նա գնեց նրանց ընտանեկան ժառանգությունը և ամուսնացավ Հռութի հետ (Հռութ 4։9–13)։ Նրանք երեխա ունեցան, ում անունը Օբեդ դրեցին։ Վերջինս դարձավ Դավիթ թագավորի պապը (Հռութ 4։17

12 Կարելի է պատկերացնել Նոեմիի ուրախությունը, երբ նա գիրկն առավ փոքրիկ Օբեդին և իր սրտի երախտագիտությունը հայտնեց Եհովային։ Բայց Հռութին և Նոեմիին ավելի լավ օրեր են սպասում։ Երբ նրանք հարություն առնեն, կիմանան, որ Օբեդը դարձել է խոստացված Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի նախահայրը։

13. Ի՞նչ ենք սովորում Նոեմիի և Հռութի պատմությունից։

13 Ի՞նչ ենք սովորում։ Երբ փորձություններ ենք ունենում, հնարավոր է՝ վհատվենք ու թևաթափ լինենք։ Մեզ կարող է թվալ, որ մեր խնդիրներին լուծում չկա։ Նման դեպքերում մենք պետք է լիովին ապավինենք մեր երկնային Հորը և մտերիմ մնանք մեր հավատակիցների հետ։ Ճիշտ է, Եհովան գուցե չվերացնի մեր դժվարությունները, ինչպես Նոեմիի դեպքում չկենդանացրեց Նոեմիի ամուսնուն և որդիներին։ Բայց նա կօգնի, որ դիմանանք, թերևս մեր հոգևոր ընտանիքի դրսևորած նվիրվածության ու սիրո միջոցով (Առակ. 17։17

ՂԵՎՏԱՑԻ, ՈՎ ԳՐԵԹԵ ՍԱՅԹԱՔԵՑ

73-րդ սաղմոսը գրողը գրեթե սայթաքեց՝ տեսնելով Եհովային չծառայող մարդկանց թվացյալ հաջողությունները։ Դա կարող է նաև մեզ հետ լինել (տես պարբերություն 14–16)

14. Ինչո՞ւ էր ղևտացիներից մեկը ընկել վհատության գիրկը։

14 73-րդ սաղմոսը գրողը ղևտացի էր։ Ուստի նա մեծ առանձնաշնորհում ուներ ծառայելու այն վայրում, որտեղ երկրպագություն էին մատուցում Եհովային։ Այնուամենայնիվ, մի պահ նույնիսկ նա վհատվեց։ Ինչո՞ւ։ Նա սկսել էր նախանձել չար ու ամբարտավան մարդկանց։ Բայց նա նախանձում էր նրանց ոչ թե այն պատճառով, որ չար գործեր էին անում, այլ որ բարգավաճում էին (Սաղ. 73։2–9, 11–14)։ Թվում էր, թե նրանք ամեն ինչ ունեին՝ հարստություն և բարեկեցիկ ու անհոգ կյանք։ Նրանց թվացյալ հաջողությունները տեսնելով՝ սաղմոսերգուն այնքան էր վհատվել, որ գրեց. «Իրոք որ իմ սիրտը զուր տեղն եմ մաքրում և ձեռքերս անմեղությամբ լվանում»։ Հստակ է, որ նման մտածելակերպը մեծ վնաս էր հասցրել նրա հոգևոր առողջությանը։

15. Սաղմոս 73։16–19 և 22–25 համարների համաձայն՝ ղևտացին ինչպե՞ս ազատվեց վհատությունից։

15 Կարդա Սաղմոս 73։16–19, 22–25։ Ղևտացին «մտավ Աստծու վեհապանծ սրբարանը»։ Հավանաբար, այնտեղ շրջապատված լինելով իր հավատակիցներով՝ նա կարողացավ հանգիստ ու սթափ վերլուծել իրավիճակը և աղոթել այդ մասին։ Նա հասկացավ, որ անխոհեմ էր այդպես մտածելը, և որ ինքը վտանգավոր ուղի էր բռնել, որը կարող էր հեռացնել իրեն Եհովայից։ Նա նաև հասկացավ, որ չարերը «սայթաքուն տեղ» են կանգնած, և որ նրանք կործանվելու են «հանկարծահաս աղետից»։ Նախանձի և հուսահատության ճիրաններից ազատվելու համար սաղմոսերգուն պետք է իրերին նայեր Եհովայի տեսանկյունից։ Այդպես վարվելով՝ նա կրկին ձեռք բերեց ներքին խաղաղություն և ուրախություն։ Նա ասաց. «[Եհովայից] բացի, ուրիշ ուրախություն չունեմ երկրի վրա»։

16. Ի՞նչ ենք սովորում ղևտացուց։

16 Ի՞նչ ենք սովորում։ Թող որ երբեք չնախանձենք չար մարդկանց, ովքեր թվում է, թե կյանքում հաջողությունների են հասնում։ Իրականում նրանց երջանկությունը մակերեսային է և վաղանցիկ։ Բացի այդ՝ նրանք հավիտյան ապրելու հեռանկար չունեն (Ժող. 8։12, 13)։ Նրանց նախանձելով՝ մենք մեր սրտի դռները լայն բաց ենք անում վհատության առաջ և վտանգում ենք Եհովայի հետ մեր մտերմությունը։ Ուստի եթե զգաս, որ նախանձում ես չարերի թվացյալ հաջողություններին, ղևտացու պես վարվիր։ Հետևիր մեր սիրառատ Աստծու խորհուրդներին և շփվիր նրանց հետ, ովքեր կատարում են նրա կամքը։ Եթե քո մեծագույն ուրախությունը Եհովան լինի, դու իսկապես երջանիկ կլինես և երբեք չես շեղվի «իսկական կյանքի» տանող ճանապարհից (1 Տիմոթ. 6։19

ՊԵՏՐՈՍԸ ՎՀԱՏՎՈՒՄ ԷՐ ԻՐ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Խորհրդածելով այն մասին, թե Պետրոսն ինչպես հաղթահարեց վհատությունը և կենտրոնացավ Աստծուն ծառայելու վրա, օգուտներ կքաղենք և կկարողանանք նաև օգնել ուրիշներին (տես պարբերություն 17–19)

17. Վհատվելու ի՞նչ պատճառներ ուներ Պետրոսը։

17 Պետրոս առաքյալը եռանդուն մարդ էր, բայց միևնույն ժամանակ իմպուլսիվ էր և երբեմն չէր կարողանում զսպել իր զգացմունքները։ Արդյունքում հաճախ ասում և անում էր բաներ, որոնց համար հետո զղջում էր։ Օրինակ՝ երբ Հիսուսն իր առաքյալներին ասաց, որ չարչարվելու և մահանալու է, Պետրոսը հանդիմանեց նրան՝ ասելով. «Այդ բանը քեզ հետ չի պատահի» (Մատթ. 16։21–23)։ Բայց Հիսուսն ուղղեց նրան։ Իսկ երբ ամբոխը եկավ Հիսուսին ձերբակալելու, Պետրոսն անմտածված գործեց և կտրեց քահանայապետի ծառայի ականջը (Հովհ. 18։10, 11)։ Հիսուսը կրկին ուղղեց առաքյալին։ Բացի այդ՝ Պետրոսը գլուխ գովեց, որ նույնիսկ եթե մյուս առաքյալները գայթակղվեն Քրիստոսի հետ պատահածից, ինքը երբեք չի գայթակղվի (Մատթ. 26։33)։ Բայց նրա ինքնավստահությունը շուտով վերածվեց մարդավախության, և նա երեք անգամ ուրացավ իր Տիրոջը։ Խիստ ընկճված՝ Պետրոսը, «դուրս գնալով, դառնապես լաց եղավ» (Մատթ. 26։69–75)։ Նա թերևս մտածում էր, թե արդյոք Հիսուսը երբևէ կների իրեն։

18. Հիսուսն ինչպե՞ս օգնեց Պետրոսին դուրս գալ վհատությունից։

18 Պետրոսը թույլ չտվեց, որ վհատությունը թևաթափ անի իրեն։ Սայթաքելուց հետո նա մյուս առաքյալների հետ շարունակեց ծառայել Եհովային (Հովհ. 21։1–3; Գործ. 1։15, 16)։ Իսկ ի՞նչն օգնեց Պետրոսին ոտքի կանգնել։ Նա հիշեց, որ Հիսուսն իր համար աղոթել էր Աստծուն և խնդրել, որ իր հավատը չթուլանա։ Հիսուսը նաև հորդորել էր նրան, որ երբ վերադառնա, զորացնի իր եղբայրներին։ Ինչ խոսք, Եհովան պատասխանեց այդ սրտաբուխ աղոթքին։ Ավելի ուշ Հիսուսն անձամբ երևաց Պետրոսին, անկասկած, նրան քաջալերելու համար (Ղուկ. 22։32; 24։33, 34; 1 Կորնթ. 15։5)։ Հետո նա երևաց իր բոլոր առաքյալներին։ Նրանք ողջ գիշեր ձկնորսությամբ էին զբաղվել, բայց ոչինչ չէին բռնել։ Այդ ժամանակ Հիսուսը Պետրոսին հնարավորություն տվեց ցույց տալու, որ սիրում է իրեն։ Այո՛, նա ներեց իր սիրելի ընկերոջը և ավելի շատ գործ վստահեց նրան (Հովհ. 21։15–17

19. Սաղմոս 103։13, 14 համարները ինչպե՞ս են օգնում, որ մեր մեղքերին նայենք մեր երկնային Հոր աչքերով։

19 Ի՞նչ ենք սովորում։ Այն, թե ինչպես Հիսուսը վարվեց Պետրոսի հետ, ցույց է տալիս, որ նա իր Հոր նման ողորմած է։ Ուստի երբ սխալներ ենք անում, չպետք է կարծենք, թե Եհովան երբեք չի ների մեզ։ Մենք պետք է միշտ հիշենք, որ Սատանան է ուզում՝ այդպես մտածենք։ Փոխարենը՝ պետք է ձգտենք ինքներս մեզ և մեր դեմ մեղք գործած անհատներին նայել մեր սիրառատ ու կարեկից երկնային Հոր աչքերով (կարդա Սաղմոս 103։13, 14

20. Ի՞նչ կիմանանք հաջորդ հոդվածից։

20 Հովսեփի, Նոեմիի ու Հռութի, ղևտացու և Պետրոս առաքյալի օրինակները փաստում են, որ «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին» (Սաղ. 34։18)։ Նա թույլ է տալիս, որ փորձություններ ունենանք, ինչի պատճառով գուցե երբեմն վհատվենք։ Բայց երբ Եհովայի օգնությամբ հաղթահարում ենք դրանք, մեր հավատն ամրանում է (1 Պետ. 1։6, 7)։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե Եհովան ուրիշ ինչ կերպերով է աջակցում իր այն նվիրված ծառաներին, ովքեր վհատված են իրենց անկատարության կամ դժվար հանգամանքների պատճառով։

ԵՐԳ 7 Եհո՛վա, մեր զորությունն ես

^ պարբ. 5 Հովսեփը, Նոեմին և Հռութը, մի ղևտացի, ինչպես նաև Պետրոս առաքյալը այնպիսի փորձությունների միջով են անցել, որոնք վհատեցրել են իրենց։ Հոդվածից կիմանանք, թե Եհովան ինչպես է մխիթարել ու զորացրել նրանց։ Կտեսնենք նաև, թե ինչ կարող ենք սովորել նրանց օրինակներից ու Եհովայից։

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Նոեմին, Հռութը և Օրփան վշտացած ու հուսահատ են, քանի որ իրենց ամուսինները մահացել են։ Բայց հետագայում Նոեմին, Հռութն ու Բոոսը մեծ ուրախություն են ապրում, երբ ծնվում է Օբեդը։