Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 49

Հարություն. հաստատուն հույս

Հարություն. հաստատուն հույս

«Ես հույս ունեմ առ Աստված.... որ.... հարություն պիտի լինի» (ԳՈՐԾ. 24։15

ԵՐԳ 151 Նա կկանչի

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ի՞նչ հիանալի հույս ունեն Աստծու ծառաները։

ՀՈՒՅՍ ունենալը անչափ կարևոր է մարդու համար։ Ոմանք իրենց հույսերը կապում են հաջող ամուսնություն ունենալու, առողջ երեխաներ մեծացնելու կամ լուրջ հիվանդությունից ապաքինվելու հետ։ Մենք՝ քրիստոնյաներս, նույնպես նման բաների հույս ունենք։ Բայց մեր հույսը սահմանափակված չէ այսպիսի բաներով։ Մենք հավիտենական կյանքի հույս ունենք, և ոչ միայն մեզ համար, այլև մեր մահացած հարազատների։ Այս հույսի իրականացմանն է, որ մեծ փափագով սպասում ենք։

2 Պողոս առաքյալն ասել է. «Ես հույս ունեմ առ Աստված.... որ թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործ. 24։15)։ Պողոսը առաջինը չէր, որ խոսեց հարության հույսի մասին։ Հոբ նահապետը նույնպես հարության հույս ուներ։ Նա համոզված էր, որ Աստված կհիշի իրեն և կյանքի կվերադարձնի (Հոբ 14։7–10, 12–15

3. 1 Կորնթացիներ 15-րդ գլուխը ո՞ր հարցում կօգնի մեզ։

3 «Մահացածների հարությունը» քրիստոնեական բոլոր ուսմունքների «հիմքի», կամ՝ «սկզբնական ուսմունքների» մի մասն է (Եբր. 6։1, 21 Կորնթացիներ 15-րդ գլխում Պողոսը տրամաբանում է, թե ինչու է հարությունը իրականություն։ Նրա գրած խոսքերը պետք է որ շատ քաջալերական լինեին առաջին դարի քրիստոնյաների համար։ Դրանք մեզ համար էլ կարող են քաջալերական լինել և ամրացնել մեր հույսը, որ գուցե երկար տարիներ տածում ենք։

4. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ մեր մահացած հարազատները հարություն են առնելու։

4 Հիսուս Քրիստոսի հարությունը մեզ հիմք է տալիս հավատալու, որ մեր մահացած հարազատները հարություն են առնելու։ Դա «այն բարի լուրի» մի մասն է, որը Պողոսը հայտնում էր կորնթացիներին (1 Կորնթ. 15։1, 2)։ Նա ասաց, որ եթե քրիստոնյան չի հավատում Քրիստոսի հարությանը, նրա հավատն անօգուտ է (1 Կորնթ. 15։17)։ Իրականում քրիստոնեական հույսի հիմքը Քրիստոսի հարության հանդեպ հավատն է։

5–6. 1 Կորնթացիներ 15։3, 4 համարներում գրված խոսքերը ի՞նչ են նշանակում մեզ համար։

5 Հարության մասին գրելիս Պողոսը նշեց երեք փաստ՝ 1) «Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար», 2) «նա թաղվեց», 3) «հարություն առավ.... Սուրբ Գրքերի համաձայն» (կարդա 1 Կորնթացիներ 15։3, 4

6 Հիսուսի մահը, թաղվելը և հարությունը ի՞նչ են նշանակում մեզ համար։ Եսայիան մարգարեացել էր, որ Մեսիային «խլելու էին ողջերի երկրից», և «նրա թաղվելու վայրը ամբարիշտների հետ էր լինելու»։ Բացի այդ՝ Եսայիան ասել էր, որ Մեսիան «կրելու էր շատերի մեղքերը»։ Հիսուսը դա արեց՝ իր կյանքը որպես փրկանք տալով (Ես. 53։8, 9, 12; Մատթ. 20։28; Հռոմ. 5։8)։ Ուստի Հիսուսի մահը, թաղվելը և հարությունը մեզ ամուր հիմք են տալիս հուսալու, որ կազատվենք մեղքից ու մահից և նորից կտեսնենք մեր մահացած հարազատներին։

ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

7–8. Ինչո՞ւ են քրիստոնյաները համոզված, որ Հիսուսը հարություն է առել։

7 Հարության մեր հույսը սերտորեն կապված է Հիսուսի հարության հետ, ուստի կարևոր է համոզված լինել, որ Եհովան նրան կյանքի է վերադարձրել։ Իսկ ինչո՞ւ կարող ենք վստահ լինել դրանում։

8 Բազմաթիվ ականատեսներ վկայել են, որ Հիսուսը հարություն է առել (1 Կորնթ. 15։5–7)։ Առաջին վկան, ում մասին նշում է Պողոսը, Պետրոսն է՝ Կեփասը։ Մի խումբ աշակերտներ նույնպես հաստատել են, որ Պետրոսը տեսել է հարություն առած Հիսուսին (Ղուկ. 24։33, 34)։ Պողոսը նաև գրել է, որ Հիսուսին տեսել են «տասներկու առաքյալները»։ Այնուհետև Քրիստոսը «միանգամից երևացել է ավելի քան հինգ հարյուր եղբայրների»։ Թերևս դա Գալիլեայում տեղի ունեցած այն ուրախալի հանդիպման ժամանակ էր, որի մասին նշվում է Մատթեոս 28։16–20 համարներում։ Հիսուսը նաև «երևացել է Հակոբոսին», ով, ըստ ամենայնի, նրա եղբայրն էր և նախկինում չէր հավատացել, որ նա է Մեսիան (Հովհ. 7։5)։ Հարություն առած Հիսուսին տեսնելուց հետո նա համոզվել էր դրանում։ Հետաքրքիր է, որ մոտ 55 թ.-ին, երբ Պողոսը գրում էր այս նամակը, ականատեսներից շատերը դեռ կենդանի էին։ Ուստի այն մարդիկ, ովքեր կասկածում էին, որ Հիսուսը հարություն է առել, կարող էին հավաստի տեղեկություններ ստանալ նրանցից։

9. Գործեր 9։3–5 համարների համաձայն՝ ի՞նչ լրացուցիչ ապացույց ուներ Պողոսը, որ Հիսուսը հարություն է առել։

9 Հետագայում Հիսուսը երևացել էր նաև Պողոսին (1 Կորնթ. 15։8)։ Պողոսը (Սողոսը) Դամասկոս տանող ճանապարհին էր, երբ լսեց Հիսուսի ձայնը և տեսիլքում տեսավ նրան երկնային փառքի մեջ (կարդա Գործեր 9։3–5)։ Պողոսի հետ տեղի ունեցածը ևս մեկ ապացույց էր, որ Հիսուսի հարությունը հորինվածք չէր (Գործ. 26։12–15

10. Պողոսն ի՞նչ մղվեց անելու, երբ համոզվեց, որ Հիսուսը հարություն է առել։

10 Ոմանց համար Պողոսի վկայությունը հատկապես ազդեցիկ կարող էր լինել, քանի որ մի ժամանակ նա հալածել էր քրիստոնյաներին։ Բայց երբ նա համոզվեց, որ Հիսուսը հարություն է առել, սկսեց ամեն ջանք թափել, որ մյուսներին էլ համոզի դրանում։ Հիսուսի մահվան և հարության մասին ճշմարտությունը քարոզելիս նա ծեծվեց, բանտարկվեց և նավաբեկության ենթարկվեց (1 Կորնթ. 15։9–11; 2 Կորնթ. 11։23–27)։ Պողոսն այնքան համոզված էր, որ Հիսուսը հարություն է առել, որ պատրաստ էր նույնիսկ մահանալ այդ ճշմարտությունը պաշտպանելու համար։ Վաղ քրիստոնյաների վկայությունը իրոք որ համոզիչ ապացույց է, որ Հիսուսը հարություն է առել մահացածների միջից։ Մի՞թե այն չի ամրացնում հավատդ հարության հույսի հանդեպ։

ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ

11. Կորնթոսի որոշ քրիստոնյաներ թերևս ինչո՞ւ սխալ պատկերացումներ ունեին հարության վերաբերյալ։

11 Հունաստանի Կորնթոս քաղաքում ապրող որոշ քրիստոնյաներ հարության վերաբերյալ սխալ պատկերացումներ ունեին։ Ոմանք նույնիսկ մտածում էին, որ «մահացածների հարություն չկա»։ Ինչո՞ւ (1 Կորնթ. 15։12)։ Մեկ այլ հունական քաղաքում՝ Աթենքում, փիլիսոփաները ծաղրում էին Հիսուսի հարության գաղափարը։ Նման վերաբերմունքը թերևս ազդել էր Կորնթոսում ապրող որոշ մարդկանց, նույնիսկ քրիստոնյաների վրա (Գործ. 17։18, 31, 32)։ Ոմանք էլ հարությունը փոխաբերական իմաստով էին հասկանում՝ ասելով, որ մարդ մի ժամանակ «մեռած էր» մեղքի մեջ, բայց «կենդանացել է» որպես քրիստոնյա։ Անկախ նրանից, թե որն էր պատճառը, եթե այդ քրիստոնյաները չէին հավատում հարությանը, նրանց հավատն իզուր էր։ Եթե Աստված հարություն չէր տվել Հիսուսին, ուրեմն փրկանք չէր տրվել, և բոլորը մնում էին մեղքի մեջ։ Ուստի նրանք, ովքեր մերժում էին հարության գաղափարը, իրական հույս չունեին (1 Կորնթ. 15։13–19; Եբր. 9։12, 14

12. 1 Պետրոս 3։18 և 22 համարների համաձայն՝ ինչո՞վ էր Հիսուսի հարությունը տարբերվում ավելի վաղ տեղի ունեցած հարության դեպքերից։

12 Պողոսը անձամբ էր համոզվել, որ «Քրիստոսը հարություն է առել»։ Այդ հարությունը տարբերվում էր ավելի վաղ տեղի ունեցած հարության դեպքերից։ Ի տարբերություն Հիսուսի՝ ավելի վաղ հարություն առած մարդիկ կրկին մահացել էին։ Պողոսն ասաց, որ Հիսուսը «ննջեցյալների մեջ առաջին պտուղն էր»։ Իսկ ի՞նչ առումով էր առաջին պտուղը։ Նա առաջինն էր, ով կյանքի բերվեց որպես ոգեղեն էակ, և առաջինն էր մարդկանցից, ով երկնային հարություն ստացավ (1 Կորնթ. 15։20; Գործ. 26։23; կարդա 1 Պետրոս 3։18, 22

ՆՐԱՆՔ «ԿԿԵՆԴԱՆԱՆԱՆ»

13. Ի՞նչ համեմատություն է անում Պողոսը։

13 Ինչպե՞ս կարող էր մեկ մարդու մահը կյանք նշանակել միլիոնավորների համար։ Պողոսը տրամաբանական պատասխան է տալիս այս հարցին։ Նա Ադամի արարքի հետևանքները համեմատում է այն բանի հետ, ինչը հնարավոր դարձավ Քրիստոսի տված փրկանքի շնորհիվ։ Ադամի հետ կապված Պողոսը գրում է, որ մահը «մարդու միջոցով» է։ Երբ Ադամը մեղք գործեց, նա մահ բերեց իր և իր սերունդների վրա։ Մինչ օրս մարդկությունը տառապում է նրա անհնազանդության հետևանքով։ Բայց իր Որդուն հարություն տալով՝ Աստված լավ ապագայի դուռ բացեց մեր առջև։ Պողոսը շարունակում է. «Այնպես էլ մահացածների հարությունն է մարդու [Հիսուսի] միջոցով, որովհետև ինչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթ. 15։21, 22

14. Ադամը հարություն առնելո՞ւ է։ Բացատրիր։

14 Ո՞ւմ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց, որ «Ադամով բոլորը մահանում են»։ Նա նկատի ուներ Ադամի սերունդներին, ովքեր մեղք ու անկատարություն են ժառանգել նրանից, ինչի պատճառով մահանում են (Հռոմ. 5։12)։ Ադամը նրանց թվում չէ, ովքեր «կկենդանանան»։ Քրիստոսի տված փրկանքը նրա վրա չի տարածվում, քանի որ Ադամը կատարյալ մարդ էր և իր կամքով չհնազանդվեց Աստծուն։ Նա մահացել է «հավիտենական մահով», ինչը պատահելու է նաև նրանց, ում «մարդու Որդին» կդատի որպես «այծեր» (Մատթ. 25։31–33, 46; Եբր. 5։9

Հիսուսը առաջինն էր այն բազմաթիվ մարդկանցից, ովքեր հարություն պետք է առնեին երկնքում (տես պարբերություն 15–16) *

15. Ովքե՞ր են մտնում այն «բոլորի» մեջ, որ կենդանանալու են։

15 Պողոսը նաև ասաց, որ «Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթ. 15։22)։ Նրա նամակն ուղղված էր Կորնթոսի քրիստոնյաներին, ովքեր երկնային կյանքի հարություն էին ստանալու։ Նրանք «սրբացվել էին իբրև Քրիստոս Հիսուսի աշակերտներ և կանչվել էին սրբեր լինելու»։ Պողոսը իր նամակում նշել է նաև այն օծյալների մասին, «ովքեր ննջել էին մահվան քնով» (1 Կորնթ. 1։2; 15։18; 2 Կորնթ. 5։17)։ Իսկ մեկ այլ նամակում նա գրել է, որ նրանք, ովքեր «միավորվեցին [Հիսուսի] մահվան նմանությամբ», «կմիավորվեն նաև նրա հարության նմանությամբ» (Հռոմ. 6։3–5)։ Հիսուսը հարություն առավ որպես ոգեղեն արարած և գնաց երկինք։ Ուստի նույն բանը տեղի կունենա նաև նրա՝ ոգով օծված բոլոր աշակերտների հետ։

16. Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ Հիսուսին կոչելով «առաջին պտուղ»։

16 Պողոսը գրեց, որ Քրիստոսը հարություն է առել որպես «ննջեցյալների մեջ առաջին պտուղ»։ Հիշենք, որ մյուսները, ինչպես, օրինակ, Ղազարոսը, հարություն էին առել երկրի վրա, բայց Հիսուսը առաջինն էր, որ հարություն առավ որպես ոգեղեն էակ և ստացավ հավիտենական կյանք։ Նրան կարելի է համեմատել բերքի այն առաջին պտղի հետ, որը որպես զոհ իսրայելացիները մատուցում էին Աստծուն։ Բացի այդ՝ Հիսուսին կոչելով «առաջին պտուղ»՝ Պողոսը նկատի ուներ, որ նրանից հետո հարություն առնողները երկնային կյանք էին ստանալու։ Առաքյալներն ու Քրիստոսի ոգով օծված մյուս աշակերտները հետևելու էին նրան, և որոշված ժամանակին նրա պես հարություն էին առնելու՝ երկնքում ապրելու համար։

17. Քրիստոսի՝ ոգով օծված աշակերտները ե՞րբ էին ստանալու իրենց երկնային վարձատրությունը։

17 Այն ժամանակ, երբ Պողոսը գրում էր կորնթացիներին, Քրիստոսի՝ ոգով օծված աշակերտների երկնային հարությունը դեռ չէր սկսվել։ Պողոսը ապագայի մասին էր խոսում, երբ գրեց. «Ամեն մեկը՝ ըստ իր կարգի. նախ՝ Քրիստոսը՝ առաջին պտուղը, իսկ հետո՝ նրա ներկայության ժամանակ, նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում» (1 Կորնթ. 15։23; 1 Թեսաղ. 4։15, 16)։ Այսօր մենք ապրում ենք Քրիստոսի «ներկայության ժամանակ», որի մասին մարգարեացվել էր։ Առաքյալներն ու ոգով օծված մյուս քրիստոնյաները, ովքեր մահացել էին, պետք է սպասեին այդ ժամանակին, որպեսզի ստանային իրենց երկնային վարձատրությունը և «[Հիսուսի] հետ միավորվեին.... նրա հարության նմանությամբ»։

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՒՅՍ

18. ա) Ինչո՞ւ կարող ենք եզրակացնել, որ երկնային հարությունից հետո մեկ այլ հարություն է լինելու։ բ) 1 Կորնթացիներ 15։24–26 խոսքերի համաձայն՝ ի՞նչ է տեղի ունենալու երկնքում։

18 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն հավատարիմ քրիստոնյաների մասին, ովքեր Քրիստոսի հետ երկնքում չեն ապրելու։ Նրանք նույնպես հարության հույս ունեն։ Աստվածաշունչն ասում է, որ Պողոսը և մյուսները, ովքեր երկնային կյանքի հույս ունեն, բաժին են ունենում «մահացածների վաղ հարությանը» (Փիլիպ. 3։11)։ Արդյո՞ք սա չի հուշում, որ դրանից հետո մեկ այլ հարություն է լինելու։ Դա համահունչ է այն խոսքերին, որ Հոբն ասաց իր ապագայի վերաբերյալ (Հոբ 14։15)։ «Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում», «նրա ներկայության ժամանակ» նրա հետ երկնքում կլինեն, երբ նա կործանի ամեն կառավարություն, ամեն իշխանություն, զորություն, և նույնիսկ «վերջին թշնամուն»՝ մահին։ Ինչ խոսք, մահը այլևս ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ երկնքում հարություն առածների վրա։ Իսկ ի՞նչ կլինի մյուսներին (կարդա 1 Կորնթացիներ 15։24–26

19. Ի՞նչ կարող են ակնկալել նրանք, ովքեր երկրի վրա են ապրելու։

19 Իսկ ի՞նչ կարող են ակնկալել նրանք, ովքեր երկրի վրա են ապրելու։ Պողոսի հետևյալ խոսքերը նրանց հույսով են լցնում. «Ես հույս ունեմ.... որ թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործ. 24։15)։ Հստակ է, որ անարդար մարդիկ չեն կարող երկինք գնալ, ուստի այս խոսքերը վերաբերում են այն հարությանը, որը տեղի է ունենալու երկրի վրա։

Հարության հույսը մեզ վստահությամբ է լցնում ապագայի հանդեպ (տես պարբերություն 20) *

20. Ինչպե՞ս ամրացավ հարության հանդեպ հավատդ։

20 Ոչ մի կասկած չկա, որ «հարություն պիտի լինի»։ Նրանք, ովքեր կյանքի կվերադարձվեն երկրի վրա, հավիտյան ապրելու հեռանկար կունենան։ Համոզված եղիր, որ այս խոստումը կիրականանա։ Հարության հույսը կարող է մխիթարական լինել քեզ համար, քանի որ քո մահացած հարազատները կյանքի կվերադարձվեն։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Քրիստոսը և իր թագավորակիցները «թագավորեն հազար տարի» (Հայտն. 20։6)։ Դու էլ կարող ես հաստատուն հույս ունենալ, որ անգամ եթե մահանաս նախքան Հազարամյա իշխանության սկսվելը, հարություն կառնես։ Այս «հույսը չի հիասթափեցնի» (Հռոմ. 5։5)։ Այն կարող է զորացնել քեզ և օգնել, որ ավելի շատ ուրախություն գտնես Աստծուն ծառայելու մեջ։ Բայց սա դեռ ամենը չէ, ինչ կարող ենք սովորել 1 Կորնթացիներ 15-րդ գլխից։ Հաջորդ հոդվածում կշարունակենք քննել այս գլուխը։

ԵՐԳ 147 Խոստացված հավիտենական կյանքը

^ պարբ. 5 1 Կորնթացիներ 15-րդ գլխում հիմնականում խոսվում է հարության մասին։ Ինչո՞ւ է հարության մասին ուսմունքը կարևոր մեզ համար, և ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը հարություն է առել։ Հոդվածում տրվում են այս և այլ կարևոր հարցերի պատասխանները։

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Հիսուսը առաջինն էր, որ երկնային հարություն ստացավ (Գործ. 1։9)։ Հետո նրան միանալու էին իր աշակերտները, որոնց թվում էին Թովմասը, Հակոբոսը, Լիդիան, Հովհաննեսը, Մարիամը և Պողոսը։

^ պարբ. 58 ՆԿԱՐ։ Եղբոր սիրելի կինը, ում հետ նա երկար տարիներ ծառայել էր, մահացել է։ Եղբայրը վստահ է, որ նա հարություն կառնի և միասին կշարունակեն հավատարմորեն ծառայել Եհովային։