ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 48
«Սուրբ եղեք»
«Սուրբ եղեք ամեն ինչում» (1 ՊԵՏ. 1։15)։
ԵՐԳ 34 Անարատությամբ քայլենք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Ի՞նչ հորդոր տվեց Պետրոսը առաջին դարի քրիստոնյաներին, և դրան հետևելը ինչո՞ւ գուցե անհնար թվա։
ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ առաջին դարի օծյալ քրիստոնյաներին մի հորդոր տվեց, որից կարող ենք օգուտներ քաղել բոլորս՝ անկախ նրանից՝ երկրային կյանքի հույս ունենք, թե երկնային։ Նա գրեց. «Ձեզ կանչող Սրբի պես՝ դուք էլ սուրբ եղեք ամեն ինչում, որովհետև գրված է. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»» (1 Պետ. 1։15, 16)։ Այս խոսքերից տեսնում ենք, որ կարող ենք ընդօրինակել Եհովային, ով սրբության լավագույն օրինակն է։ Այո՛, մենք կարող ենք և պետք է սուրբ լինենք։ Բայց գուցե մտածենք, որ մեր անկատարության պատճառով դա անհնար է։ Պետրոսն էլ էր անկատար և շատ սխալներ գործեց, սակայն նրա օրինակից երևում է, որ հնարավոր է սուրբ լինել։
2. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։
2 Այս հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչ է սրբությունը։ Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում Եհովայի սրբության մասին։ Ինչպե՞ս կարող ենք սուրբ լինել։ Ի՞նչ կապ կա սուրբ լինելու և Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների միջև»։
Ի՞ՆՉ Է ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ
3. Շատերի պատկերացմամբ ի՞նչ է նշանակում սուրբ լինել, և ի՞նչը կօգնի մեզ ճիշտ տեսակետ ունենալ այդ հարցի վերաբերյալ։
3 Շատերի պատկերացմամբ սուրբ մարդը երբեք չի ժպտում, կրում է կրոնական հագուստ և բարեպաշտ արտաքին ունի։ Բայց դա այդպես չէ։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան, ով սուրբ է, «երջանիկ Աստված» է (1 Տիմոթ. 1։11)։ Նրան պաշտողները նույնպես «երջանիկ» են կոչվում (Սաղ. 144։15)։ Բացի այդ՝ Հիսուսը դատապարտեց նրանց, ովքեր հատուկ հագուստ էին կրում և իրենց արդարությունը ցուցադրում էին մարդկանց առաջ (Մատթ. 6։1; Մարկ. 12։38)։ Լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք սրբության վերաբերյալ մեր տեսակետը հիմնում ենք Աստվածաշնչի վրա։ Մենք համոզված ենք, որ մեր սուրբ և սիրառատ Աստվածը երբեք չէր տա այնպիսի պատվեր, որին չէինք կարողանա հնազանդվել։ Ուստի եթե Եհովան ասում է՝ «սուրբ եղեք», ուրեմն դա հնարավոր է։ Բայց որպեսզի սուրբ լինենք, նախ պետք է հասկանանք, թե ինչ է սրբությունը։
4. Ի՞նչ են նշանակում «սուրբ» և «սրբություն» բառերը։
4 Ի՞նչ է սրբությունը։ Աստվածաշնչում «սուրբ» և «սրբություն» բառերը հիմնականում վերաբերում են բարոյական և կրոնական մաքրությանն ու անաղարտությանը։ Այդ բառերը նաև փոխանցում են Աստծուն ծառայելու համար առանձնացված լինելու իմաստ։ Հետևաբար մենք սուրբ կհամարվենք, եթե լինենք բարոյապես մաքուր, Եհովային պաշտենք նրան ընդունելի ձևով և մտերիմ փոխհարաբերություններ ունենանք նրա հետ։ Մի՞թե մեզ չի հիացնում այն միտքը, որ Եհովան, բացարձակ սուրբ լինելով հանդերձ, մեզ հնարավորություն է տալիս մտերիմ փոխհարաբերություններ ունենալու իր հետ։
«ՍՈ՛ՒՐԲ, ՍՈ՛ՒՐԲ, ՍՈ՛ՒՐԲ Է.... ԵՀՈՎԱՆ»
5. Ի՞նչ ենք իմանում Եհովայի մասին հավատարիմ հրեշտակներից։
5 Եհովան բոլոր առումներով մաքուր և անարատ է։ Դա հստակ երևում է հետևյալ խոսքերից, որ ասել են սերովբեները՝ այն հրեշտակները, որոնք ծառայում են Եհովայի գահի մոտ. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի Տեր Եհովան» (Ես. 6։3)։ Ինչ խոսք, սուրբ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու համար հրեշտակները նույնպես պետք է սուրբ լինեն, և իրականում այդպես էլ կա։ Աստվածաշնչից տեսնում ենք, որ միայն իրենց ներկայությամբ հրեշտակները սուրբ էին դարձնում այն վայրը, որտեղ հայտնվում էին։ Նման բան եղավ, օրինակ, երբ հրեշտակը հայտնվեց Մովսեսին կրակի բոցի տեսքով, որը վառվում էր փշոտ թփի մեջ (Ելք 3։2–5; Հեսու 5։15)։
6–7. ա) Մովսեսն ինչպե՞ս ընդգծեց այն փաստը, որ Եհովան սուրբ է (Ելք 15։1, 11)։ բ) Ի՞նչն էր հիշեցնում իսրայելացիներին, որ Աստված սուրբ է (տես ամսագրի շապիկի նկարը)։
6 Իսրայելացիներին Կարմիր ծովի միջով անցկացնելուց հետո Մովսեսը հստակ ընդգծեց, որ իրենց Աստված Եհովան սուրբ է (կարդա Ելք 15։1, 11)։ Եգիպտացիները, ովքեր կեղծ աստվածների էին պաշտում, շատ հեռու էին սուրբ լինելուց։ Նույնը կարելի է ասել քանանացիների մասին։ Նրանց պաշտամունքի մաս էր կազմում երեխաներ զոհաբերելը և սեռական բնույթի նողկալի արարքներ գործելը (Ղևտ. 18։3, 4, 21–24; 2 Օրենք 18։9, 10)։ Ի տարբերություն այդ կեղծ աստվածների՝ Եհովան երբեք չէր պահանջի անել մի բան, ինչը կբարոյազրկեր իրեն պաշտողներին։ Նա իր ողջ էությամբ սուրբ է։ Այս մասին իսրայելացիներին հիշեցնելու համար քահանայապետի խույրին ամրացված էր ոսկե մի թիթեղ, որի վրա փորագրված էր՝ «Սրբությունը պատկանում է Եհովային» (Ելք 28։36–38)։
7 Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին թիթեղի վրա փորագրված խոսքերը, հստակ հասկանում էին, որ Եհովան իսկապես սուրբ է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն իսրայելացու մասին, ով հնարավորություն չուներ տեսնելու այդ թիթեղը, քանի որ չէր կարող մոտենալ քահանայապետին։ Արդյո՞ք նա կիմանար, որ Եհովան սուրբ է։ Իհա՛րկե։ Յուրաքանչյուր իսրայելացի լսում էր այդ խոսքերը, երբ Օրենքը կարդացվում էր բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար (2 Օրենք 31։9–12)։ Եթե դու էլ այնտեղ լինեիր, անկասկած, կլսեիր հետևյալ խոսքերը. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը.... սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»։ «Սուրբ եղեք ինձ համար, որովհետև ես՝ Եհովաս, սուրբ եմ» (Ղևտ. 11։44, 45; 20։7, 26)։
8. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրեն Ղևտական 19։2 և 1 Պետրոս 1։14–16 համարները։
8 Եկեք ուշադրություն դարձնենք Ղևտական 19։2-ի խոսքերին, որը կարդացվում էր ողջ ժողովրդի առջև։ Եհովան ասաց Մովսեսին. «Խոսիր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա. «Սուրբ եղեք, քանի որ ես՝ ձեր Աստված Եհովաս, սուրբ եմ»»։ Պետրոսը հավանաբար հենց այս խոսքերը մեջբերեց, երբ հորդորեց քրիստոնյաներին «սուրբ լինել» (կարդա 1 Պետրոս 1։14–16)։ Այսօր մենք Մովսիսական օրենքի տակ չենք, սակայն Պետրոսի խոսքերը հաստատում են Ղևտական 19։2-ում գրվածը՝ այն, որ Եհովան սուրբ է, և նրան սիրողները պետք է ձգտեն սուրբ լինել։ Այս հորդորը վերաբերում է բոլորիս՝ անկախ նրանից՝ հույս ունենք ապրելու երկնքում, թե երկրի վրա (1 Պետ. 1։4; 2 Պետ. 3։13)։
«ՍՈՒՐԲ ԵՂԵՔ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ»
9. Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ քննելով Ղևտական 19-րդ գլուխը։
9 Քանի որ ցանկանում ենք հաճեցնել մեր սուրբ Աստծուն, մենք ուզում ենք իմանալ, թե ինչպես կարող ենք սուրբ լինել։ Դրա վերաբերյալ Եհովան գործնական խորհուրդներ է տալիս Ղևտական 19-րդ գլխում։ Հրեա գիտնական Մարկուս Կալիշը գրել է. «Այս ուշագրավ գլուխը թերևս ամենախոր, ամենաբազմազան և ինչ-որ առումով ամենակարևոր հատվածն է «Ղևտական» գրքում, ինչու չէ, նաև Հնգամատյանում»։ Եկեք ուշադրություն դարձնենք այս գլխից որոշ համարների, որոնք արժեքավոր դասեր են պարունակում մեր կյանքի տարբեր բնագավառների վերաբերյալ։ Այդ դասերը քննելիս հիշենք, որ Ղևտական 19-րդ գլուխը սկսվում է հետևյալ խոսքերով. «Սուրբ եղեք»։
10–11. Ըստ Ղևտական 19։3-ի՝ ի՞նչ պետք է անենք սուրբ լինելու համար, և ինչո՞ւ է դա կարևոր։
10 Սուրբ լինելու պատվերը տալուց հետո Եհովան իսրայելացիներին ասաց. «Ձեզնից ամեն մեկը թող վախենա իր մորից ու իր հորից.... Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը» (Ղևտ. 19։2, 3)։
11 Մենք պետք է լուրջ վերաբերվենք ծնողներին պատվելու վերաբերյալ Աստծու հրահանգին։ Հիշենք, թե մի մարդ ինչ հարցրեց Հիսուսին. «Ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»։ Հիսուսը մի շարք բաներ նշեց, որ նա պետք է աներ, այդ թվում՝ այն, որ պատվեր իր հորն ու մորը (Մատթ. 19։16–19)։ Հիսուսը նույնիսկ դատապարտեց փարիսեցիներին ու դպիրներին, ովքեր ամեն ինչ անում էին, որպեսզի խուսափեին ծնողներին պատվելուց։ Այդպիսով նրանք «Աստծու խոսքը անվավեր էին դարձնում» (Մատթ. 15։3–6)։ Իսկ «Աստծու խոսքի» մեջ մտնում էր նաև Տասը պատվիրաններից 5-րդը, ինչպես նաև Ղևտական 19։3-ը, որը նույնպես ծնողներին պատվելու մասին է (Ելք 20։12)։ Եվս մեկ անգամ հիշենք, որ Ղևտական 19։3-ում գրված պատվերից անմիջապես առաջ ասվում է. «Սուրբ եղեք, քանի որ ես՝ ձեր Աստված Եհովաս, սուրբ եմ»։
12. Հաշվի առնելով Ղևտական 19։3-ում գրված պատվերը՝ ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։
12 Ծնողներին պատվելու վերաբերյալ Եհովայի հորդորը մղում է մեզ մտածելու հետևյալ հարցի շուրջ. «Արդյո՞ք պատվում եմ իմ ծնողներին»։ Եթե զգում ես, որ անցյալում չես արել այնքան, որքան պետք է անեիր, հիմա քայլեր ձեռնարկիր, որ շտկես բացթողումներդ։ Դու չես կարող փոխել անցյալը, բայց կարող ես այս պահից սկսած՝ ավելի շատ ժամանակ անցկացնել ծնողներիդ հետ և ավելին անել նրանց համար։ Գուցե կարիք կա, որ ավելի շատ աջակցես նրանց նյութապես, հոգևորապես և զգացապես։ Այդպես վարվելով՝ կհետևես Ղևտական 19։3-ում գրված պատվերին։
13. ա) Ուրիշ ի՞նչ ենք սովորում Ղևտական 19։3-ից։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին (Ղուկաս 4։16–18)։
13 Ղևտական 19։3-ից ևս մի բան ենք սովորում սուրբ լինելու վերաբերյալ։ Այնտեղ նշվում է Շաբաթը պահելու մասին։ Թեև մենք այսօր Օրենքի տակ չենք, և Շաբաթը պահելու կարիք չկա, բայց կարող ենք դասեր քաղել այն բանից, թե ինչպես էին իսրայելացիները պահում այն, և թե դա ինչ օգուտներ էր բերում նրանց։ Շաբաթ օրը նրանք հանգստանում էին իրենց աշխատանքից և զբաղվում էին հոգևոր գործերով։ * Այդ իսկ պատճառով Նազարեթում Հիսուսը ամեն շաբաթ օր գնում էր ժողովարան և կարդում Աստծու Խոսքը (Ելք 31։12–15; կարդա Ղուկաս 4։16–18)։ Շաբաթը պահելու վերաբերյալ Աստծու պատվերը պետք է մղի մեզ կտրվել առօրյա գործերից և ժամանակ հատկացնել հոգևոր գործերին։ Այս հարցում փոփոխություններ անելու կարիք ունե՞ս։ Եթե կանոնավորաբար ժամանակ հատկացնես հոգևոր գործերին, ջերմ մտերիմ փոխհարաբերություններ կզարգացնես Եհովայի հետ, ինչը սուրբ լինելու համար կարևոր նախապայման է։
ԱՄՐԱՑՐՈՒ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ
14. Ո՞ր հիմնարար ճշմարտությունն է ընդգծվում Ղևտական 19-րդ գլխում։
14 Ղևտական 19-րդ գլխում ընդգծվում է մի հիմնարար ճշմարտություն, որի օգնությամբ կարող ենք սուրբ մնալ։ 4-րդ համարը ավարտվում է հետևյալ խոսքերով. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»։ Այս միտքը 16 անգամ կրկնվում է 19-րդ գլխում։ Այն մեզ հիշեցնում է առաջին պատվիրանը՝ «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը.... Ինձնից բացի, ուրիշ աստվածներ չունենաս» (Ելք 20։2, 3)։ Փաստորեն, յուրաքանչյուր քրիստոնյա, ով ուզում է սուրբ լինել, պետք է հավաստիանա, որ իր կյանքում ոչինչ և ոչ ոք Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններից ավելի կարևոր չէ։ Բացի այդ, քանի որ կրում ենք «Եհովայի վկաներ» անունը, պետք է խուսափենք ցանկացած արարքից, որը կպղծի Աստծու սուրբ անունը (Ղևտ. 19։12; Ես. 57։15)։
15. Զոհեր մատուցելու վերաբերյալ Ղևտական 19-րդ գլխի համարները ի՞նչ անելու են մղում մեզ։
15 Որպեսզի իսրայելացիները փաստեին, որ ընդունում էին Եհովային որպես իրենց Աստծու, պետք է պահեին նրա օրենքները։ Ղևտական 18։4-ում ասվում է. «Իմ դատավճիռնե՛րը կատարեք և իմ կանոննե՛րը պահեք, որ դրանց հետևեք։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»։ 19-րդ գլխում նշված են այդ «կանոններից» մի քանիսը։ Օրինակ՝ 5–8, 21 և նշվում է կենդանական զոհերի մասին։ Այդ զոհերը այնպես պետք է մատուցվեին, որ «չպղծվեր այն սուրբ բանը, որը Եհովայինն էր»։ Այս համարների շուրջ խորհրդածելը կմղի մեզ հաճեցնելու Աստծուն և, ինչպես ասվում է 22 համարներումԵբրայեցիներ 13։15-ում, նրան ընդունելի գովաբանության զոհեր մատուցելու։
16. Ո՞ր սկզբունքն է օգնում մեզ հասկանալ, որ պետք է տարբերություն լինի Աստծուն ծառայողների և չծառայողների միջև։
16 Սուրբ լինելու համար մենք պետք է տարբերվենք ուրիշներից, իսկ դա կարող է դժվար լինել։ Երբեմն մեր համադասարանցիները, աշխատակիցները, ոչ Վկա հարազատները կամ ուրիշները գուցե ճնշում բանեցնեն մեզ վրա, որ անենք այնպիսի բաներ, որոնք հաճելի չեն Եհովային։ Նման դեպքերում մենք կարևոր որոշման առաջ ենք կանգնում։ Ի՞նչը կօգնի, որ ճիշտ որոշում կայացնենք։ Նկատի առնենք Ղևտական 19։19-ում գրված սկզբունքը. «Երկու տեսակ թելերից գործված հագուստ չհագնես»։ Այս օրենքի շնորհիվ իսրայելացիները տարբերվում էին շրջակա ազգերից։ Իհարկե, մենք դեմ չենք խառը թելերից պատրաստված հագուստ կրելուն, ինչպես, օրինակ, բամբակից, բրդից, մետաքսից կամ արհեստական մանրաթելերից։ Բայց չենք նմանվում այն մարդկանց, ում համոզմունքները և գործերը հակասում են աստվածաշնչյան ուսմունքներին, անգամ եթե նրանք մեր հարազատներն են, համադասարանցիները կամ աշխատակիցները։ Ինչ խոսք, մենք սիրում ենք նրանց, բայց երբ խոսքը կյանքին առնչվող կարևոր հարցերի մասին է, մենք պատրաստ ենք տարբերվելու որպես Եհովայի ժողովուրդ։ Դա անչափ կարևոր է, քանի որ սուրբ լինել նաև նշանակում է առանձնացված լինել Աստծուն ծառայելու համար (2 Կորնթ. 6։14–16; 1 Պետ. 4։3, 4)։
17–18. Ի՞նչ արժեքավոր դաս ենք սովորում Ղևտական 19։23–25 համարներից։
17 «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը» արտահայտությունը հիշեցնում էր իսրայելացիներին, որ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները իրենց կյանքում պետք է առաջնային համարեին։ Իսկ ինչպե՞ս կարող էին նրանք դա անել։ Կերպերից մեկի մասին գրված է Ղևտական 19։23–25 համարներում (կարդա)։ Նկատի առնենք, թե այս խոսքերը ինչ էին նշանակելու իսրայելացիների համար, երբ նրանք մտնեին Ավետյաց երկիր։ Եթե իսրայելացին սնունդ ունենալու համար պտղատու ծառ տնկեր, չպետք է դրա պտղից օգտվեր երեք տարի։ Իսկ չորրորդ տարում այդ ծառի ամբողջ բերքը նա պետք է նվիրաբերեր Եհովային։ Միայն հինգերորդ տարում տերը կարող էր օգտվել իր ծառի պտղից։ Այս օրենքը օգնում էր իսրայելացիներին հասկանալ, որ իրենց համար առաջնահերթ պետք է լիներ Եհովային պաշտելը, ոչ թե իրենց նյութական կարիքները բավարարելը։ Նրանք պետք է վստահեին իրենց սիրառատ Հորը՝ Եհովային, ով հոգ կտաներ, որ իրենք բավարար ուտելիք ունենային։ Այդ պատճառով Աստված հորդորել էր իր ժողովրդին, որ առատաձեռն նվիրաբերություններ անեին սրբարանում, որտեղ պաշտում էին իրեն։
18 Ղևտական 19։23–25 համարներում արձանագրված օրենքը հիշեցնում է մեզ Հիսուսի այն խոսքերը, որ նա ասաց Լեռան քարոզում. «Մի՛ մտահոգվեք.... թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք.... Ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ»։ Անշուշտ, Աստված կհոգա մեր կարիքները. չէ՞ որ նա հոգ է տանում անգամ թռչունների մասին (Մատթ. 6։25, 26, 32)։ Մենք վստահում ենք Եհովային՝ մեր հոգատար Հորը։ Ուստի ուրիշների աչքից աննկատ՝ «ողորմության նվերներ» ենք տալիս նրանց, ովքեր կարիքի մեջ են։ Մենք նաև ուրախությամբ նվիրատվություններ ենք անում ժողովի ծախսերի համար։ Եհովայի աչքից չի վրիպում մեր առատաձեռնությունը։ Նա կվարձատրի մեզ դրա համար (Մատթ. 6։2–4)։ Եթե առատաձեռն լինենք, կփաստենք, որ հասկացել ենք Ղևտական 19։23–25-ում գրվածը։
19. Ի՞նչ օգուտներ քաղեցիր «Ղևտական» գրքի այս հատվածի քննարկումից։
19 Մենք քննեցինք Ղևտական 19-րդ գլխից ընդամենը մի քանի հատված և տեսանք, թե ինչպես կարող ենք նմանվել մեր սուրբ Աստծուն։ Ընդօրինակելով նրան՝ մենք ձգտում ենք «սուրբ լինել ամեն ինչում» (1 Պետ. 1։15)։ Աստծուն չծառայող շատ մարդիկ, տեսնելով մեր լավ վարքը, մղվել են փառաբանելու Եհովային (1 Պետ. 2։12)։ Սակայն մենք դեռ շատ բան կարող ենք սովորել Ղևտական 19-րդ գլխից։ Հաջորդ հոդվածում ուշադրություն կդարձնենք այդ գլխից ևս մի քանի համարների, որոնք կօգնեն մեզ տեսնել, թե ուրիշ որ բնագավառներում կարող ենք սուրբ լինել։
ԵՐԳ 80 «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»
^ Մենք շատ ենք սիրում Եհովային և ցանկանում ենք հաճեցնել նրան։ Նա սուրբ է և ուզում է, որ իրեն պաշտողներն էլ սուրբ լինեն։ Բայց մի՞թե անկատար մարդը կարող է սուրբ լինել։ Այո՛, կարող է։ Քննելով Պետրոս առաքյալի հորդորը, ինչպես նաև իսրայելացիներին ուղղված Եհովայի պատվերները՝ կիմանանք, թե ինչպես կարող ենք սուրբ լինել ամեն ինչում։
^ Այն, թե ինչ կարող ենք սովորել Շաբաթը պահելու մասին օրենքից, տես «Կա աշխատելու ժամանակ և հանգստանալու ժամանակ» հոդվածը «Դիտարանի» 2019 թ. դեկտեմբերի համարում։