ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Որոշմանս համար առատապես օրհնվել եմ
Երկինքը սկսեց լուսավորվել վաղորդյան շողերով։ Մենք մեր քարոզչական տարածքում վերջին թերթիկներն էինք մտցնում դռների տակ։ 1939 թվականն էր։ Այդ օրը տնից դուրս էինք եկել գիշերվա կեսին և մոտ մեկ ժամվա ճանապարհ անցնելով՝ եկել էինք Միսուրի նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Ջոպլին փոքր քաղաքը (ԱՄՆ)։ Մեր հանձնարարությունը լռելյայն ավարտելուց հետո նստեցինք մեքենան և ուղևորվեցինք այն վայրը, ուր պետք է գային մյուս խմբերը։ Հնարավոր է՝ ձեզ հետաքրքրի, թե ինչու էինք մինչև արևածագը գնացել ծառայության և ինչու այդքան արագ հեռացանք տարածքից։ Քիչ անց կպատմեմ։
ԱՅՆՔԱ՜Ն երախտապարտ եմ, որ մեծացել եմ քրիստոնեական ընտանիքում։ Ծնողներս իմ մեջ վաղ մանկությունից խոր սեր են զարգացրել Աստծու նկատմամբ։ Ես ծնվել եմ 1934 թ.-ին։ Դրանից 20 տարի առաջ հայրս ու մայրս՝ Ֆրեդ և Էդնա Մոլոհանները, դարձել էին Աստվածաշունչ ուսումնասիրողներ (ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները)։ Մեր ընտանիքը ապրում էր Փարսոնս կոչվող փոքր քաղաքում, որը գտնվում է Կանզաս նահանգի հարավ-արևելքում։ Մեր ժողովի գրեթե բոլոր անդամները օծյալ քրիստոնյաներ էին։ Մենք բաց չէինք թողնում ժողովի հանդիպումները և կանոնավորաբար մասնակցում էինք քարոզչական գործին։ Շաբաթ կեսօրից հետո սովորաբար գնում էինք փողոցում քարոզելու, ինչպես այն ժամանակ կոչում էինք հրապարակային վկայությունը։ Երբեմն ծառայության այդ ձևին մասնակցելը փոքր-ինչ հոգնեցուցիչ էր լինում, ուստի այն ավարտելուց հետո հայրս մեզ միշտ տանում էր պաղպաղակ ուտելու։
Մեր փոքր ժողովը ընդարձակ քարոզչական տարածք ուներ։ Այն ընդգրկում էր մի քանի փոքր քաղաքներ, ինչպես նաև մոտակա շրջանների բազմաթիվ ֆերմաներ։ Ֆերմերներին այցելելիս մենք հաճախ գրականությունը փոխանակում էինք գյուղատնտեսական ապրանքների հետ՝ բանջարեղենի, թարմ ձվի (որը հենց հավաբնից էին տալիս) և նույնիսկ կենդանի հավերի։ Քանի որ մենք համեստ միջոցներ ունեինք, իսկ հայրիկը գրականության համար վաղօրոք էր նվիրաբերություն անում, այդ մթերքի շնորհիվ մեր ճաշացանկը ավելի բազմազան էր դառնում։
ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆԵՐ
Ծնողներս մի պատեֆոն էին ձեռք բերել քարոզչական գործում օգտագործելու համար։ Ես շատ փոքր էի, որ աշխատեցնեի այն, բայց հիշում եմ, թե ինչ մեծ հաճույք էի ստանում՝ հայրիկին ու մայրիկին օգնելով միացնել եղբայր Ռադերֆորդի դասախոսությունները, երբ նրանք վերայցելություններ էին կատարում կամ Աստվածաշնչի ուսումնասիրություններ էին անցկացնում։
Հայրիկը մեր՝ 1936 թվականի «Ֆորդի» վրա մի մեծ ձայնափող ամրացրեց։ Այդ մեքենայով
քարոզելը շատ արդյունավետ էր։ Մարդկանց ուշադրությունը գրավելու համար սկզբում սովորաբար երաժշտություն էինք միացնում, իսկ հետո՝ աստվածաշնչյան թեմաներով դասախոսություններ։ Երբ դասախոսությունն ավարտվում էր, հետաքրքրված մարդկանց գրականություն էինք առաջարկում։Կանզասի Չերիվեյլ փոքր քաղաքում մի ոստիկան հայրիկիս ասաց, որ զբոսայգում, որտեղ մարդիկ կիրակի օրերին հանգստանում են, չի թույլատրվում ձայնափողով մեքենա կայանել։ Բայց զբոսայգուց դուրս այդպիսի արգելք չկար։ Ուստի հայրս առանց առարկելու մեքենան կանգնեցրեց մոտակա փողոցում և միացրեց ձայնագրությունը, որը զբոսայգում հանգստացողները հեշտությամբ կարող էին լսել։ Ես սիրում էի հայրիկիս և մեծ եղբորս՝ Ջերիի հետ այդ ձևով վկայություն տալ։
1930-ականների վերջերին սկսեցինք «կայծակնային» քարոզարշավների մասնակցել, որոնց ժամանակ պետք է հնարավորինս արագ անցնեինք այն տարածքներով, որտեղ հակառակությունը մեծ էր։ Լույսը չբացված՝ տնից դուրս էինք գալիս և հնարավորինս անձայն՝ մարդկանց դռների տակ թերթիկներ կամ գրքույկներ էինք մտցնում (ինչպես նշեցի նախաբանում)։ Ապա բոլորս հավաքվում էինք քաղաքից դուրս գտնվող մի վայրում, որպեսզի հավաստիանանք, որ ոստիկանները մեզնից ոչ ոքի չեն ձերբակալել։
Այդ տարիներին քարոզչության ևս մի հետաքրքիր ձև էինք կիրառում, որը կոչում էինք ինֆորմացիոն երթ։ Թագավորության լուրը հնարավորինս շատ մարդկանց հայտնելու համար ազդագրեր էինք կախում մեր վզից և մի շարքով քայլելով՝ անցնում էինք քաղաքի միջով։ Հիշում եմ, որ մեր քաղաքում այդպիսի մի երթ անցկացվեց։ Մասնակիցները կրում էին ազդագրեր, որոնց վրա գրված էր՝ «Կրոնը թակարդ է և խաբեություն»։ Նրանք քաղաքի միջով քայլեցին մոտ 1,5 կիլոմետր (1 մղոն), ապա վերադարձան մեր տուն։ Ուրախալի է, որ երթի ընթացքում նրանք հակառակության չէին բախվել, և շատ դիտորդներ մեծ հետաքրքրություն էին ցույց տվել։
ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ
Մեր ընտանիքը համաժողովներին ներկա լինելու համար հաճախ էր Կանզասից Տեխաս գնում։ Հայրս աշխատում էր «Միսուրի — Կանզաս — Տեխաս երկաթուղի» ընկերությունում, ուստի մենք, օգտագործելով նրա աշխատանքային անցագիրը, կարողանում էինք գնացքով միասին անվճար երթևեկել՝ այցելելով մեր բարեկամներին կամ գնալով համաժողովների։ Մորս մեծ եղբայրը՝ Ֆրեդ Ուիզմարը, և իր կինը՝ Յուլեյլին, ապրում էին Տեխասի Թեմփլ քաղաքում։ Քեռի Ֆրեդը ճշմարտությունն իմացել և մկրտվել էր 1900-ականների սկզբին, երբ դեռ պատանի էր։ Նա իր սովորածը պատմել էր հարազատ քույրերին, այդ թվում՝ մորս։ Տեխասի կենտրոնական շրջաններում եղբայրներից շատերն էին ճանաչում քեռուս, քանի որ մի ժամանակ նա այնտեղ զոնալ ծառայող էր եղել (այժմ՝ շրջանային վերակացու)։ Քեռիս բարի և կենսուրախ մարդ էր։ Նրա հետ ժամանակը միշտ ուրախ էր անցնում։ Նա նաև ճշմարտության եռանդուն քարոզիչ էր և ինձ վրա շատ լավ ազդեցություն էր թողնում։
1941-ին մեր ընտանիքը գնացքով մեկնեց Սենտ Լուիս՝ Միսուրի նահանգ՝ մասնակցելու մի մեծ համաժողովի։ Դրա ժամանակ բոլոր երեխաներին և պատանիներին խնդրեցին նստել առանձին մի հատվածում՝ լսելու եղբայր Ռադերֆորդի՝ «Թագավորի երեխաները» վերնագրով ելույթը։ Այդ ելույթի վերջում մեզ հաճելի անակնկալ էր սպասում. եղբայր Ռադերֆորդը մի քանի այլ եղբայրների հետ յուրաքանչյուրիս
տվեց «Երեխաներ» գրքի մեկական օրինակ։ Այդ օրը ավելի քան 15 000 երեխաներ ստացան այդ նոր գիրքը։1943 թ. ապրիլին Կանզասի Քոֆիվիլ քաղաքում մասնակցեցինք ավելի փոքր, բայց նույնքան հետաքրքիր համաժողովի, որի խորագիրն էր «Գործունեության կոչ»։ Դրա ժամանակ հանդիսավոր կերպով հայտարարվեց, որ այդուհետ բոլոր ժողովներում անցկացվելու է մի նոր դասընթաց։ Այն հայտնի է «Աստվածապետական ծառայության դպրոց» անվանումով։ Նաև հայտարարվեց 52 դասից բաղկացած մի նոր գրքույկի լույսընծայման մասին, որը նախատեսված էր այդ նոր դպրոցի համար։ Մի քանի ամիս հետո ես ներկայացրի իմ առաջին ուսումնական ելույթը։ Այդ համաժողովը ինձ համար յուրահատուկ էր նաև նրանով, որ մոտակա ֆերմայի մոտ գտնվող մի սառը լճակում ես մկրտվեցի։
ԵՐԱԶԱՆՔՍ ԿԱՏԱՐՎԵՑ
1951-ին ավարտեցի ավագ դպրոցը։ Ես պետք է ապագայիս վերաբերյալ լուրջ որոշում կայացնեի։ Իմ ամենամեծ երազանքը Բեթելում ծառայելն էր, որտեղ նախկինում Ջերին էր ծառայել։ Ուստի դիմում լրացրի և ուղարկեցի Բրուքլինի գրասենյակ։ Այս որոշումը հոգևոր անսահման օրհնությունների դուռ բացեց ինձ համար։ Շատ չանցած՝ ինձ հրավիրեցին Բեթել։ Ծառայությունս սկսեցի 1952 թ. մարտի 10-ին։
Հույս ունեի, որ ինձ կնշանակեն աշխատելու տպարանում, որտեղ կկարողանայի անմիջական մասնակցություն ունենալ մեր ամսագրերի և մյուս հրատարակությունների տպագրության գործում։ Սակայն ինձ նշանակեցին աշխատելու որպես մատուցող, իսկ որոշ ժամանակ հետո գործի անցա խոհանոցում։ Դա լավ փորձառություն էր ինձ համար։ Բայց պետք է ասեմ, որ այդպես էլ տպարանում չաշխատեցի։ Խոհանոցի աշխատողների համար նախատեսված գրաֆիկը այնպես էր կազմված, որ օրվա ընթացքում ազատ ժամեր էի ունենում, ուստի գնում էի Բեթելի ընդարձակ գրադարան և անձնական խոր ուսումնասիրություն անում։ Դա ինձ օգնեց, որ հոգևորապես աճեմ և ամրացնեմ հավատս։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ վճռականությամբ լցվեցի հնարավորինս երկար ծառայելու Բեթելում։ Այդ տարիներին ինձ շատ են քաջալերել ու օգնել եղբայրս և իր կինը՝ Ջերին ու Պատրիսիան։ 1949 թ.-ին Ջերին թողել էր Բեթելը և ամուսնացել, բայց նրանք մնացել էին Բրուքլինում։
Բեթել գալուցս կարճ ժամանակ անց եղբայրները Բեթելի հռետորների ցանկը համալրելու համար լսումներ կազմակերպեցին։ Այդ ցանկի մեջ ընդգրկված հռետորներին տարվա մեջ մի քանի անգամ հանձնարարվում էր այցելել Բրուքլինից մինչև 322 կիլոմետր (200 մղոն) հեռավորությամբ գտնվող ժողովներ, հանրային ելույթ ունենալ և ժողովի հետ մասնակցել քարոզչական ծառայությանը։ Ինձ նույնպես ընդգրկեցին այդ ցուցակի մեջ։ Հիշում եմ, թե որքան էի հուզվել, երբ առաջին անգամ հանրային ելույթ էի ներկայացնում, որը այն ժամանակ մեկ ժամ էր տևում։ Ժողովներ այցելելու համար սովորաբար գնացքով էի երթևեկում։ Երբեք չեմ մոռանա 1954 թվականի կիրակիներից մեկը։ Ձմեռ էր։ Այդ օրը կեսօրից հետո գնացք նստեցի, որ վերադառնամ Նյու Յորք։ Երեկոյան պետք է տեղ հասնեի, սակայն հանկարծ սաստիկ ձնաբուք սկսվեց։ Գնացքի շարժիչը փչացավ, և ես Նյու Յորք հասա երկուշաբթի առավոտյան՝ մոտավորապես ժամը հինգին։ Կայարանից դուրս վազեցի և նստեցի Բրուքլին տանող մետրոն։ Այնուհետև միանգամից գնացի աշխատանքիս վայր՝ խոհանոց, բայց մի փոքր ուշացա։ Ահավոր հոգնած էի, քանի որ գիշերը գնացքում նստած էի անցկացրել։ Բայց այդ անհարմարությունները ոչինչ էին, քանի որ այցելությունների ժամանակ մեծ հաճույք էի ստանում՝ ծառայելով հավատակիցներիս և շփվելով նրանց հետ։
Բեթելի ծառայությանս վաղ տարիներին ինձ հրավիրեցին մասնակցելու WBBR ռադիոկայանի ծրագրերին։ Այն ժամանակ մեր ստուդիաները գտնվում էին Կոլումբիա Հայթս 124-ի երկրորդ հարկում։ Ռադիոկայանով ամեն շաբաթ Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր էր հեռարձակվում, որի մասնակիցներից մեկի դերը ես էի խաղում։ Այս հաղորդումներին կանոնավորաբար մասնակցում էր Բեթելի ընտանիքի բազմամյա անդամ Ալեքսանդր Մակմիլանը, որին ընկերները ջերմորեն կոչում էին Մակ։ Նա մեզ՝ Բեթելի երիտասարդ անդամներիս համար տոկունության հիանալի օրինակ էր։
1958 թ.-ին հրավեր ստացա սերտորեն համագործակցելու «Գաղաադ» դպրոցի հետ։ Պետք է շրջանավարտներին օգնեի վիզաներ ստանալ և մեկնել այն երկրներ, ուր նրանք նշանակվել էին։ Այն ժամանակ ավիափոխադրումները շատ թանկ արժեին, ուստի շրջանավարտներից քչերն էին օդանավերից օգտվում։ Աֆրիկա և Հեռավոր Արևելք գնացող միսիոներներից շատերը բեռնանավերով էին ճանապարհորդում։ Սակայն քաղաքացիական ավիացիայի զարգացմանը զուգընթաց՝ տոմսերի գները
բավականին նվազեցին, և միսիոներները մեծ մասամբ սկսեցին օդային ճանապարհով գնալ իրենց նշանակման երկրներ։ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1960 թ.-ին իմ աշխատանքը շատացավ, քանի որ հաջորդ տարի միջազգային համաժողովներ էին կայանալու, և ես պետք է նախապես չարտերային չվերթներ կազմակերպեի Միացյալ Նահանգներից Եվրոպա։ Այդ չվերթներից մեկով Նյու Յորքից մեկնեցի Գերմանիայի Համբուրգ քաղաք՝ մասնակցելու միջազգային համաժողովի։ Երբ համաժողովն ավարտվեց, ես և երեք այլ բեթելցի եղբայրներ մեքենա վարձեցինք և Գերմանիայից ուղևորվեցինք Իտալիա, որտեղ այցելեցինք Հռոմում գտնվող մեր մասնաճյուղը։ Այնտեղից գնացինք Ֆրանսիա, ապա անցնելով Պիրենեյան լեռները՝ հասանք Իսպանիա։ Այս երկրում մեր գործունեությունն արգելված էր, սակայն մեզ հաջողվեց Բարսելոնում ապրող մեր եղբայրների համար գրականություն տանել, որը փաթեթավորել էինք նվերների տեսքով, որպեսզի չբռնագրավեն։ Մեր հանդիպումը շատ հուզիչ էր։ Իսպանիայից ուղևորվեցինք Ամստերդամ, որտեղից օդանավով վերադարձանք Նյու Յորք։
Մոտ մեկ տարի հետո սկսեցի ճանապարհորդություններ կազմակերպել այն պատվիրակների համար, որոնք մասնակցելու էին երկրագնդի տարբեր մասերում կայանալիք միջազգային համաժողովներին։ Խոսքը 1963 թվականի «Հավիտենական ավետիս» համաժողովի մասին է։ Միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի 583 պատվիրակներ մասնակցեն Եվրոպայում, Ասիայում և Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում կայանալիք համաժողովներին։ Շրջագայության վերջին կետերն էին Հոնոլուլուն (Հավայի) և Փասադենան (Կալիֆորնիա)։ Պատվիրակները եղան նաև Լիբանանում և Հորդանանում, որտեղ ճանաչողական շրջագայություններ կազմակերպվեցին Աստվածաշնչում հիշատակված տարածքներով։ Բեթելի մեր բաժինը զբաղվում էր ոչ միայն չվերթներով և հյուրանոցային համարների ամրագրմամբ, այլև վիզաների ձևակերպմամբ։
ՆՈՐ ՈՒՂԵԿԻՑ
1963 թվականը մեկ ուրիշ պատճառով էլ էր ինձ համար նշանակալից։ Հունիսի 29-ին ամուսնացա Լայլա Ռոջերս անունով մի քրոջ հետ, որը Միսուրիից էր։ Երեք տարի առաջ նա դարձել էր Բեթելի ընտանիքի անդամ։ Հարսանիքից մեկ շաբաթ անց ես ու Լայլան միացանք վերը նշված շուրջերկրյա շրջագայությանը և այցելեցինք Հունաստան, Եգիպտոս ու Լիբանան։ Բեյրութից ինքնաթիռով ուղևորվեցինք Հորդանան և վայրէջք կատարեցինք մի փոքր օդանավակայանում։ Քանի որ այդ երկրում մեր գործունեությունն արգելված էր, և մեզ ասել էին, որ Եհովայի վկաներին մուտքի վիզա չեն տրամադրում, անհանգիստ էինք, թե այնտեղ հասնելուց հետո ինչ կլինի։ Սակայն որքա՜ն ուրախացանք, երբ օդանավակայանում մեզ մի բազմություն դիմավորեց։ Եղբայրների ու քույրերի ձեռքին պաստառ կար, որի վրա գրված էր. «Բարի գալուստ, Եհովայի՛ վկաներ»։ Աստվածաշնչում հիշատակված վայրերով շրջելը շատ հուզիչ էր, չէ՞ որ այնտեղ վաղեմի ժամանակներում ապրել են նահապետները, քարոզել են Հիսուսն ու առաքյալները, և այնտեղից է քրիստոնեությունը տարածվել ամբողջ աշխարհով (Գործ. 13։47)։
Արդեն 55 տարի է՝ Լայլան իմ հավատարիմ ուղեկիցն է։ Այն տարիներին, երբ մեր գործունեությունը Իսպանիայում և Պորտուգալիայում արգելված էր, մենք մի քանի անգամ այցելել ենք այդ երկրներ։ Այնտեղ քաջալերել ենք մեր ընկերներին ու նրանց համար գրականություն և այլ անհրաժեշտ բաներ ենք տարել։ Մեզ նույնիսկ հաջողվել է այցելել Իսպանիայի
Կադիս քաղաքի ռազմական հին ամրոցում բանտարկված մի քանի եղբայրների։ Շատ ուրախ էի, որ հնարավորություն ունեցա ելույթ ներկայացնելու և Աստվածաշնչով զորացնելու նրանց։1963 թ.-ից ճանապարհորդություններ եմ կազմակերպում նրանց համար, ովքեր միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով մեկնում են Աֆրիկա, Ավստրալիա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա, Եվրոպա, Հեռավոր Արևելք, Հավայի, Նոր Զելանդիա և Պուերտո Ռիկո։ Ես ու Լայլան միասին ներկա ենք եղել բազմաթիվ անմոռանալի համաժողովների, որոնցից մեկը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 1989-ին տեղի ունեցած համաժողովն էր։ Այդ բազմամարդ հավաքույթին կարողացան մասնակցել նաև Ռուսաստանի մեր հավատակիցները։ Նրանց կյանքում դա առաջին համաժողովն էր։ Այդ եղբայրներից ու քույրերից շատերը հավատի համար երկար տարիներ խորհրդային բանտերում էին անցկացրել։
Ուրախ եմ նաև, որ կարողացել եմ այցելել աշխարհի տարբեր մասերում գտնվող մասնաճյուղեր և քաջալերել բեթելցիներին ու միսիոներներին։ Մեր վերջին այցելության վայրը Հարավային Կորեան էր, որտեղ Սուվոն քաղաքի բանտում հանդիպեցինք 50 ազատազրկված եղբայրների հետ։ Նրանք դրական տրամադրվածություն ունեին և անհամբերությամբ սպասում էին, թե երբ են ազատվելու և վերադառնալու իրենց ծառայությանը։ Նրանց հետ հանդիպումը շատ քաջալերական էր մեզ համար (Հռոմ. 1։11, 12)։
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՈՂ ԱՃ
Տարիների ընթացքում ես տեսել եմ, թե Աստված ինչպես է օրհնում իր ժողովրդին։ 1943 թ.-ին, երբ մկրտվեցի, աշխարհում 100 000 քարոզիչ կար, իսկ այժմ 240 երկրում ավելի քան 8 000 000 մարդ է ծառայում Եհովային։ Այս աճին մեծապես նպաստել են «Գաղաադի» շրջանավարտները։ Ինձ համար մեծ ուրախություն էր տարիներ շարունակ համագործակցել այդ միսիոներներից շատերի հետ և օգնել նրանց գնալ իրենց նշանակման երկրներ։
Երջանիկ եմ, որ վաղ հասակում որոշում կայացրի ընդլայնել ծառայությունս և Բեթելի դիմում լրացրի։ Այս բոլոր տարիների ընթացքում Եհովան առատապես օրհնել է ինձ։ Բեթելում ծառայելը ուրախություն է ինձ ու Լայլայի համար, սակայն նշեմ, որ մեզ հաճույք է պատճառել նաև Բրուքլինի մի քանի ժողովների հետ համագործակցելը։ Այնտեղ մենք բազմաթիվ իսկական ընկերներ ենք գտել։
Լայլայի ամենօրյա աջակցության շնորհիվ շարունակում եմ ծառայել Բեթելում։ Թեև 84 տարեկան եմ, բայց կարողանում եմ արդյունավետորեն աշխատել. օգնում եմ նամակագրության հարցերում։
Մեծ ուրախություն է լինել Եհովայի հրաշալի կազմակերպության մի մասը և տեսնել, թե ինչ հսկայական տարբերություն կա նրան ծառայողների ու չծառայողների միջև։ Այդ մասին կարդում ենք Մաղաքիա 3։18-ում. «Դուք կրկին կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը»։ Սատանայի աշխարհը օրեցօր քանդվում է։ Մարդիկ ապրում են առանց որևէ հույսի և կյանքում շատ քիչ ուրախություն ունեն։ Սակայն նրանք, ովքեր սիրում ու ծառայում են Եհովային, նույնիսկ այս դժվար ժամանակներում երջանիկ կյանքով են ապրում և հաստատուն հույս ունեն։ Ի՜նչ մեծ պատիվ է մարդկանց հայտնել Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14)։ Մենք փափագով սպասում ենք այն օրվան, երբ Աստծու Թագավորությունը վերջ կդնի այս աշխարհին ու կբերի նոր աշխարհ։ Այդ բաղձալի օրը շատ մոտ է։ Երբ այն գա, մենք անասելի օրհնություններ կստանանք, այդ թվում՝ կատարյալ առողջություն և անվերջ կյանք։ Այո՛, Եհովայի հավատարիմ ծառաները երկրի վրա հավիտյան կվայելեն կյանքը։