ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 40
«Վերջին օրերի» ավարտին զբաղված մնա Տիրոջ գործով
«Եղեք հաստատուն, անսասան և միշտ զբաղված եղեք Տիրոջ գործում» (1 ԿՈՐՆԹ. 15։58)։
ԵՐԳ 58 Փնտրում ենք խաղաղասեր մարդկանց
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Ինչո՞ւ ենք համոզված, որ ապրում ենք «վերջին օրերում»։
1914 ԹՎԱԿԱՆԻՑ հետո՞ ես ծնվել։ Եթե այո, ապա ողջ կյանքդ ապրել ես այս աշխարհի «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1)։ Դա նշանակում է, որ ականատես կամ ականջալուր ես եղել այնպիսի իրադարձությունների, որոնց մասին մարգարեացել է Հիսուսը, օրինակ՝ պատերազմների, սովերի, երկրաշարժերի, համաճարակների, անօրենության աճի, Եհովայի ժողովրդի դեմ ուղղված հալածանքի (Մատթ. 24։3, 7–9, 12; Ղուկ. 21։10–12)։ Դու նաև բազմիցս տեսել ես, որ մարդիկ իրենց պահում են ճիշտ այնպես, ինչպես մարգարեացել է Պողոսը (տես «Ինչպիսին են մարդիկ այսօր» շրջանակը)։ Ուստի մենք՝ Եհովայի ծառաներս, լիովին համոզված ենք, որ ապրում ենք «վերջին օրերում» (Միք. 4։1)։
2. Ի՞նչ կարևոր հարցեր կան, որոնց պատասխանները պետք է իմանանք։
2 1914 թ.-ից շատ ժամանակ է անցել։ Հետևաբար մենք ապրում ենք «վերջին օրերի» վերջում։ Եվ քանի որ աշխարհի կործանումն այսքան մոտ է, կարևոր է իմանալ հետևյալ հարցերի պատասխանները. ի՞նչ իրադարձություններ են լինելու «վերջին օրերի» ավարտին, և ի՞նչ է Եհովան ուզում, որ անենք նախքան այդ իրադարձությունները։
Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ» ԱՎԱՐՏԻՆ
3. 1 Թեսաղոնիկեցիներ 5։1–3 համարների համաձայն՝ ազգերը ի՞նչ հայտարարություն են անելու։
3 Կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։1–3։ Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին գրած առաջին նամակում խոսում է «Եհովայի օրվա» մասին։ Տվյալ համատեքստում այս արտահայտությունը վերաբերում է մի ժամանակաշրջանի, որը սկսվելու է այն ժամանակ, երբ աշխարհի քաղաքական ուժերը հարձակվեն «Մեծ Բաբելոնի»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության վրա, և ավարտվելու է Արմագեդոն պատերազմով (Հայտն. 16։14, 16; 17։5)։ «Եհովայի օրվանից» անմիջապես առաջ ազգերը «խաղաղություն և անվտանգություն» են հայտարարելու (ըստ որոշ թարգմանությունների՝ «խաղաղություն և ապահովություն»)։ Քաղաքական գործիչները երբեմն նմանատիպ արտահայտություններ են օգտագործում, երբ խոսում են ազգամիջյան հարաբերությունների կարգավորման մասին։ * Սակայն դա նույնը չէ, ինչ Աստվածաշնչում հիշատակված «խաղաղություն և անվտանգություն» հայտարարությունը։ Ինչո՞ւ։ Երբ այդ հայտարարությունն արվի, մարդիկ կարծելու են, թե քաղաքական գործիչներին հաջողվել է աշխարհում ապահովություն և անվտանգություն հաստատել։ Բայց անսպասելիորեն կսկսվի «մեծ նեղությունը»՝ վրա կհասնի «հանկարծահաս կործանումը» (Մատթ. 24։21)։
4. ա) «Խաղաղություն և անվտանգություն» հայտարարության առնչությամբ դեռ ինչե՞ր պետք է պարզ դառնան մեզ համար։ բ) Այդ հայտարարության վերաբերյալ ի՞նչ գիտենք։
4 «Խաղաղություն և անվտանգություն» հայտարարության մասին մեզ որոշ բաներ հայտնի են։ Սակայն կան բաներ, որ դեռ չգիտենք։ Օրինակ՝ մենք չգիտենք, թե ինչն է հանգեցնելու այդ հայտարարությանը, և թե ինչպես է այն արվելու։ Մեզ հայտնի չէ՝ այդպիսի մեկ հայտարարություն է լինելու, թե հայտարարությունների շարք։ Սակայն մի բան հաստատ գիտենք. աշխարհի ղեկավարները չեն կարող խաղաղություն հաստատել երկրի վրա, ուստի ինչ էլ ասեն, չպետք է խաբվենք։ Հակառակը, այդ հայտարարությունը պետք է մեզ համար որպես նշան ծառայի, որ «Եհովայի օրը» ուր որ է կսկսվի։
5. 1 Թեսաղոնիկեցիներ 5։4–6 համարները հաշվի առնելով՝ ի՞նչ պետք է անենք «Եհովայի օրվան» պատրաստ լինելու համար։
5 Կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։4–6։ Պողոս առաքյալը հստակ ասում է, թե «Եհովայի օրվան» պատրաստ լինելու համար ինչ է հարկավոր անել։ Մենք պետք է «արթուն մնանք», «պահպանենք մեր զգոնությունը» և «չքնենք ուրիշների պես»։ Օրինակ՝ անհրաժեշտ է զգոնություն պահպանել, որ երբեք չներքաշվենք քաղաքական հարցերի մեջ։ Եթե այդպես չվարվենք, կվտանգենք մեր քրիստոնեական չեզոքությունը և կդառնանք այս աշխարհի մի մասը (Հովհ. 15։19)։ Մենք համոզված ենք, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է խաղաղություն հաստատել երկրի վրա։
6. Մարդկանց ինչո՞ւմ պետք է օգնենք և ինչո՞ւ։
6 Մենք ուզում ենք ոչ միայն ինքներս հոգևորապես արթուն մնալ, այլև ուրիշներին արթնացնել, որ նրանք էլ պատրաստ լինեն Աստծու Խոսքում կանխագուշակված իրադարձություններին։ Հիշենք. երբ մեծ նեղությունը սկսվի, չափազանց ուշ կլինի, որ մարդիկ Եհովայի կողմը դիրք բռնեն։ Ահա թե ինչու է մեր քարոզչական գործը անչափ հրատապ։ *
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՔԱՐՈԶԵԼ
7. Եհովան ի՞նչ է ակնկալում մեզանից։
7 «Եհովայի օրվա» գալուն շատ քիչ ժամանակ է մնացել։ Ուստի նա ակնկալում է, որ այս 1 Կորնթ. 15։58)։ Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ մարգարեացել է, թե վերջին օրերում իր հետևորդները ինչով են զբաղված լինելու։ Այդ ժամանակներին բնորոշ մի շարք առանձնահատկություններ թվարկելով՝ նա նաև ասել է. «Եվ բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պիտի քարոզվի» (Մարկ. 13։4, 8, 10; Մատթ. 24։14)։ Պատկերացնո՞ւմ ես. ամեն անգամ, երբ գնում ես ծառայության, դու մասնակցում ես Աստվածաշնչի այս մարգարեության կատարմանը։
ընթացքում մենք կշարունակենք ակտիվորեն քարոզել։ Սուրբ Գրքում ասվում է, որ հարկավոր է «միշտ զբաղված լինել Տիրոջ գործում» (8. Քարոզչական գործը ինչպե՞ս է առաջ ընթանում։
8 Ի՞նչ կարելի է ասել քարոզչական գործի առաջխաղացման մասին։ Տարեցտարի ավելի ու ավելի շատ մարդիկ են լսում բարի լուրը։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե վերջին օրերի ընթացքում Թագավորության քարոզիչների թիվը ամբողջ աշխարհում որքան է աճել։ 1914 թ.-ին կար 5 155 քարոզիչ, որոնք գործում էին 43 երկրում։ Իսկ այսօր կա մոտ 8,5 միլիոն քարոզիչ 240 երկրում։ Այնուամենայնիվ, մեր գործը դեռ չի հասել ավարտին։ Մենք պետք է շարունակենք հռչակել Աստծու Թագավորությունը՝ բոլորին հայտնելով, որ միայն այդ երկնային կառավարությունն է ի զորու լուծելու մարդկության բոլոր խնդիրները (Սաղ. 145։11–13)։
9. Ինչո՞ւ պետք է շարունակենք քարոզել։
9 Մենք չենք դադարի քարոզել, մինչև որ Եհովան չասի՝ բավական է։ Իսկ դեռ ինչքա՞ն ժամանակ կա, որ մարդիկ ճանաչեն Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին (Հովհ. 17։3)։ Մենք չգիտենք։ Բայց մի բան լավ գիտենք. հավիտենական կյանքի հանդեպ ճիշտ տրամադրված յուրաքանչյուր մարդ մինչև մեծ նեղությունը դեռ հնարավորություն ունի ընդունելու ճշմարտությունը (Գործ. 13։48)։ Ինչպե՞ս կարող ենք այսպիսիներին օգնել, քանի դեռ շատ ուշ չէ։
10. Ճշմարտությունը մարդկանց սրտին հասցնելու համար Եհովան մեզ ի՞նչ է տվել։
10 Եհովան իր կազմակերպության միջոցով մեզ տալիս է անհրաժեշտ ամեն բան, որ կարողանանք ճշմարտությունը հասցնել մարդկանց սրտին։ Այդ բաների թվում են, օրինակ, մեր միջշաբաթյա հանդիպումները։ Դրանց ժամանակ մենք սովորում ենք զրույց սկսել մարդկանց հետ, վերայցելություններ կատարել, ինչպես նաև Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել։ Եհովայի կազմակերպությունը մեզ տրամադրել է նաև «Ուսուցանելու գործիքների արկղ», որում տեղ գտած նյութերը օգնում են մեզ՝
-
զրույց սկսել,
-
խթանել մարդու հետաքրքրությունը,
-
ավելին իմանալու ցանկություն առաջացնել,
-
ուսուցանել ճշմարտությունը,
-
հետաքրքրվողներին ուղղել դեպի մեր կայք և Թագավորության սրահներ։
Իհարկե, ձեռքի տակ այս գործիքներն ունենալը դեռ բավական չէ. հարկավոր է օգտվել դրանցից։ * Օրինակ, եթե մեկի հետ լավ զրույց ունենալուց հետո նրան մի թերթիկ կամ ամսագիր թողնես, նա կկարողանա ավելի լավ ծանոթանալ Աստվածաշնչին, մինչև կրկին այցելես իրեն։ Ամեն ամիս քարոզչական գործին ակտիվորեն մասնակցելը յուրաքանչյուրիս պարտքն է։
11. Ի՞նչ նպատակով է ստեղծվել Աստվածաշնչի օնլայն դասընթացը։
11 Մեկ այլ գործիք էլ կա, որի միջոցով Եհովան մարդկանց օգնում է իմանալ ճշմարտությունը։ Խոսքը jw.org® կայքում առկա Աստվածաշնչի օնլայն դասընթացի մասին է։ * Ի՞նչ նպատակով է այն ստեղծվել։ Ամեն ամիս աշխարհի տարբեր մասերից տասնյակ հազարավոր մարդիկ ինտերնետում Աստվածաշնչի դասընթացներ են փնտրում։ Մեր կայքում առկա օնլայն դասընթացի միջոցով նրանք կարող են իմանալ, թե ինչ ճշմարտություններ են պարփակված Աստծու Խոսքում։ Ուրիշ ո՞ւմ կարող է օգտակար լինել այս դասընթացը։ Ծառայության ժամանակ հանդիպում ենք մարդկանց, որոնք վարանում են ընդունել մեր օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։ Ուստի նրանց կարող ենք ցույց տալ մեր կայքի այս բաժինը կամ ուղարկել դրա հղումը։ Եթե Աստվածաշնչի օնլայն դասընթացը մեր լեզվով դեռ առկա չէ, կարող ենք հղումն ուղարկել այն լեզվով, որով այն առկա է, և որը այդ մարդը հասկանում է։
12. Աստվածաշնչի օնլայն դասերից մարդը ի՞նչ կարող է սովորել։
12 Աստվածաշնչի օնլայն դասերում շոշափվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Աստվածաշունչը և դրա Հեղինակը», «Աստվածաշնչի գլխավոր կերպարները» և «Աստվածաշնչյան բարի լուր, որը հույսով է լցնում»։ Այս դասերի շնորհիվ մարդը կգտնի հետևյալ հարցերի պատասխանները.
-
Աստվածաշունչը կյանքի համար ի՞նչ խորհուրդներ է պարունակում։
-
Ովքե՞ր են Եհովան, Հիսուսը և հրեշտակները։
-
Աստված ինչո՞ւ է ստեղծել մարդկանց։
-
Ո՞րն է տառապանքի և չարության պատճառը։
Նաև կիմանա, որ Եհովան՝
-
վերջ է դնելու տառապանքին և մահվանը,
-
հարություն է տալու մահացածներին,
-
մարդկային անկատար կառավարությունները փոխարինելու է Իր Թագավորությամբ։
13. Աստվածաշնչի օնլայն դասընթացը փոխարինո՞ւմ է քարոզչի օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելու կարգին։ Բացատրիր։
13 Օնլայն դասերը չեն փոխարինում քարոզչի օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելու կարգին։ Չէ՞ որ Հիսուսը մեզ աշակերտներ պատրաստելու հանձնարարություն է տվել։ Մենք պարզապես հույս ունենք, որ այս օնլայն դասընթացը հետաքրքրվողի սրտում սեր կառաջացնի ճշմարտության հանդեպ, և նա կուզենա ավելին իմանալ, ուստի հնարավոր է՝ ընդունի Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։ Դրա համար էլ յուրաքանչյուր դասի վերջում ընթերցողին հորդոր է տրվում լրացնելու Աստվածաշնչի անհատական դասերի հայտը, որպեսզի իր ուսումնասիրությունը շարունակի քարոզչի օգնությամբ։ Ամեն օր jw.org կայքի միջոցով մեր կազմակերպությունը աշխարհի բոլոր ծայրերից գրեթե 230 այսպիսի հայտ է ստանում։ Քարոզչի օգնությամբ ուսումնասիրություն անելը անչափ կարևոր է։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ
14. Մատթեոս 28։19, 20 համարները հաշվի առնելով՝ ի՞նչ ենք ձգտում անել և ինչո՞ւ։
14 Կարդա Մատթեոս 28։19, 20։ Մարդկանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու մեր նպատակը աշակերտներ պատրաստելն է, ուստի մենք պետք է ձգտենք հնարավորինս լավ «սովորեցնել նրանց պահել այն ամենը», ինչ Հիսուսը պատվիրել է։ Մենք պետք է ուսումնասիրողին օգնենք հասկանալ, թե որքան կարևոր է Եհովայի ու նրա Թագավորության կողմը դիրք բռնել։ Ուստի պետք է մղենք նրան, որ ճշմարտությունը իրենը դարձնի. կիրառի սովորածը, նվիրվի Եհովային և մկրտվի։ Միայն այդ դեպքում նա կփրկվի «Եհովայի օրը» (1 Պետ. 3։21)։
15. Մենք ի՞նչ չենք կարող անել և ինչո՞ւ։
15 Ինչպես արդեն նշեցինք, վերջին օրերի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել։ Դրա համար էլ մենք չենք կարող շարունակել Աստվածաշունչ ուսուցանել այն մարդկանց, որոնք մտադիր չեն փոխելու իրենց ապրելակերպը և դառնալու Քրիստոսի աշակերտ (1 Կորնթ. 9։26)։ Մեր գործը անչափ հրատապ է։ Դեռ շատ մարդիկ կան, որոնց հարկավոր է հայտնել Թագավորության լուրը, քանի դեռ շատ ուշ չէ։
ՀԵՌՈՒ ՄՆԱ ԿԵՂԾ ԿՐՈՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՆ ԲԱՆԻՑ
16. Ըստ Հայտնություն 18։2, 4, 5, 8 համարների՝ բոլորս ի՞նչ պետք է անենք (տես նաև ծանոթագրությունը)։
16 Կարդա Հայտնություն 18։2, 4, 5, 8։ Սուրբգրային այս համարները ցույց են տալիս, թե ուրիշ ինչ է Եհովան ակնկալում իր ծառաներից։ Ճշմարիտ քրիստոնյաները ոչ մի կապ չպետք է ունենան Մեծ Բաբելոնի հետ։ Նախքան ճշմարտությունն իմանալը Աստվածաշունչ ուսումնասիրողը, հնարավոր է, կեղծ կրոնի հետևորդ է եղել, մասնակցել է կրոնական միջոցառումների և տարբեր արարողությունների կամ էլ դրամական նվիրաբերություններ է արել այդ կրոնի գործունեության համար։ Չմկրտված քարոզիչ դառնալուց առաջ ուսումնասիրողը պետք է խզի կեղծ կրոնի հետ ունեցած բոլոր կապերը։ Պետք է նամակի միջոցով կամ մեկ այլ ձևով իր նախկին եկեղեցուն կամ Մեծ Բաբելոնի հետ կապ ունեցող կազմակերպությանը տեղեկացնի, որ հրաժարվում է դրա անդամակցությունից։ *
17. Քրիստոնյան ի՞նչ աշխատանք չպետք է անի և ինչո՞ւ։
17 Ճշմարիտ քրիստոնյայի աշխատանքը ևս չպետք է որևէ կապ ունենա կեղծ կրոնի հետ (2 Կորնթ. 6։14–17)։ Օրինակ՝ նա եկեղեցու աշխատակից չի լինի։ Բացի այդ՝ որևէ այլ բնագավառում աշխատելիս (օրինակ, եթե ջրմուղագործ է կամ էլեկտրիկ) չի ցանկանա ծավալուն աշխատանք կատարել կեղծ երկրպագության համար նախատեսված շինություններում։ Եվ եթե քրիստոնյան սեփական բիզնեսն ունի, նա, անշուշտ, պատվեր չի ընդունի Մեծ Բաբելոնի մաս կազմող որևէ կազմակերպությունից և աշխատանքներ կատարելու պայմանագիր չի կնքի դրա հետ։ Ինչո՞ւ ենք մենք այսքան խիստ դիրքորոշում որդեգրել։ Քանի որ չենք ուզում մասնակցություն ունենալ Աստծու կողմից անմաքուր համարվող կրոնական կազմակերպությունների գործերի և մեղքերի մեջ (Ես. 52։11)։ *
18. Մի եղբայր աշխատանքի հարցում ինչպե՞ս կառչած մնաց Աստվածաշնչի սկզբունքներին։
18 Տարիներ առաջ մի երեց, որը իր բիզնեսն ուներ, առաջարկություն ստացավ ատաղձագործական փոքր աշխատանք կատարելու իր քաղաքի եկեղեցում։ Այդ գործն առաջարկողը բազմիցս լսել էր, որ եղբայրը հրաժարվում է աշխատել որևէ եկեղեցու համար։ Բայց այս անգամ նա ճարահատյալ էր դիմել եղբորը, քանի որ չէր կարողացել ուրիշ աշխատող գտնել։ Չնայած դրան՝ եղբայրը կառչած մնաց Աստվածաշնչի սկզբունքներին և հրաժարվեց այդ աշխատանքից։ Հաջորդ շաբաթ տեղի թերթում տպագրվեց մի լուսանկար, որում պատկերված էր, թե ատաղձագործը ինչպես է այդ եկեղեցու վրա խաչ տեղադրում։ Եթե եղբայրը զիջումների գնար և համաձայնվեր կատարել այդ գործը, թերթում նրա նկարն էր լինելու։ Պատկերացնո՞ւմ ես, թե հավատակիցների շրջանում նրա հեղինակությանը ինչպիսի վնաս կհասցվեր։ Իսկ որ ամենակարևորն է, ինչպե՞ս իրեն կզգար Եհովան։
Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՆՔ
19–20. ա) Ի՞նչ իմացանք այս հոդվածից։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
19 Համաձայն Աստվածաշնչի մարգարեության՝ շուտով երկրի վրա մի մեծ իրադարձություն է տեղի ունենալու. ազգերը «խաղաղություն և անվտանգություն» են հռչակելու։ Սակայն Եհովայից ստացած կրթության շնորհիվ մենք գիտենք, որ նրանց չի հաջողվելու իրական և տևական խաղաղություն հաստատել։ Իսկ նախքան այդ իրադարձությունը և մեծ նեղության սկիզբը ի՞նչ պետք է անենք։ Եհովան ուզում է, որ շարունակենք քարոզել Թագավորության լուրը և ձգտենք հնարավորինս շատ աշակերտներ պատրաստել։ Միևնույն ժամանակ պետք է հեռու մնանք բոլոր կեղծ կրոններից, այդ թվում՝ պետք է հրաժարվենք դրանց հետ առնչություն ունեցող կազմակերպությունների անդամակցությունից և չանենք այնպիսի աշխատանք, որը կապ ունի Մեծ Բաբելոնի հետ։
20 Վերջին օրերի ավարտին այլ ուշագրավ իրադարձություններ էլ են լինելու։ Այդ ժամանակ Եհովան ի՞նչ է ակնկալելու մեզանից։ Եվ ինչպե՞ս կարող ենք պատրաստվել գալիք իրադարձություններին։ Այս ամենի մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
ԵՐԳ 71 Մենք Եհովայի զորքն ենք
^ պարբ. 5 Շուտով աշխարհի առաջնորդները «խաղաղություն և անվտանգություն» կհռչակեն։ Դա նշան կլինի, որ մեծ նեղությունը ուր որ է կսկսվի։ Իսկ մինչ այդ հայտարարությունը մենք ի՞նչ պետք է անենք։ Եհովան ի՞նչ է մեզնից ակնկալում։ Պատասխանները կգտնենք այս հոդվածում։
^ պարբ. 3 Օրինակ՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում ասվում է, որ այդ կազմակերպության նպատակներից է՝ «պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»։
^ պարբ. 6 Տես այս համարում տպագրված «Աստծու դատաստանները. նա միշտ ինչպես հարկն է նախազգուշացնո՞ւմ է դրանց մասին» հոդվածը։
^ պարբ. 23 Այս գործիքներից օգտվելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես «Ճշմարտությունը սովորեցնենք» հոդվածը «Դիտարանի» 2018 թ. հոկտեմբերի համարում։
^ պարբ. 11 Օնլայն դասընթացը ներկայումս առկա է միայն անգլերենով և պորտուգալերենով։ Հետագայում այն կլինի նաև այլ լեզուներով։
^ պարբ. 16 Մենք նաև չենք կարող դառնալ, օրինակ, երիտասարդական ճամբարներ հիմնող կամ ժամանցի կենտրոններ աշխատեցնող այնպիսի կազմակերպությունների անդամ, որոնք կապ ունեն կեղծ կրոնի հետ։ Դրանցից են Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիան (YMCA) և Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիան (YWCA)։ Անգամ եթե ձեր տեղանքում նման կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, թե իրենց գործունեությունը կրոնական բնույթ չի կրում, դրանք, ըստ էության, կրոնական արմատներ ունեն և կրոնական նպատակների են ծառայում։
^ պարբ. 17 Ավելին իմանալու համար, թե քրիստոնյայի աշխատանքը որքանով կարող է առնչություն ունենալ կրոնական կազմակերպությունների հետ, տես «Դիտարան», 1999, ապրիլի 15, «Ընթերցողների հարցերը», անգլ., ռուս.։
^ պարբ. 83 ՆԿԱՐ։ Սրճարանի հաճախորդները անակնկալի են գալիս, երբ լուրերի հրատապ թողարկմամբ լսում են, որ աշխարհում «խաղաղություն և անվտանգություն» է հռչակվել։ Այս լուրը մոլորության մեջ չի գցում Վկա ամուսնական զույգին, որը քարոզչական ծառայության ժամանակ մտել է սրճարան՝ ընդմիջում անելու։