Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հարյուր տարի առաջ. 1921

Հարյուր տարի առաջ. 1921

«Ի՞ՆՉ գործ է մեզ սպասում այս տարի»։ Նման հարց էր ուղղված Աստվածաշունչ ուսումնասիրողներին «Դիտարանի» 1921 թ. հունվարի 1-ի համարում։ Ի պատասխան այդ հարցին՝ մեջբերված էին Եսայիա 61։1, 2 համարները, որոնք հիշեցրին նրանց, որ քարոզելու հանձնարարություն են ստացել. «Տէրը օծել է ինձ.... աղքատներին աւետիք տալու.... Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար»։

ԽԻԶԱԽ ՔԱՐՈԶԻՉՆԵՐ

Քարոզելու հանձնարարությունը կատարելու համար Աստվածաշունչ ուսումնասիրողները պետք է անվախ լինեին։ Նրանք պետք է հեզ մարդկանց «աւետիք» հռչակեին, իսկ չար մարդկանց զգուշացնեին «վրէժխնդրութեան օրվա» մասին։

Եղբայր Ջոն Հոսկինը, ով ապրում էր Կանադայում, անվախորեն քարոզում էր՝ չնայած հակառակությանը։ 1921 թ. գարնանը նա հանդիպեց մեթոդիստական եկեղեցու մի ծառայողի։ Եղբայրն իր զրույցը սկսեց՝ ասելով. «Մենք պետք է համերաշխորեն զրուցենք Աստվածաշնչից և եթե նույնիսկ որոշ հարցերում տարակարծիք լինենք, խաղաղությամբ կավարտենք մեր քննարկումը և ընկերներ կմնանք»։ Բայց հակառակը եղավ։ Եղբայր Հոսկինը պատմում է. «Ընդամենը մի քանի րոպե զրուցելուց հետո [ծառայողը] այնքան ուժգին շրխկացրեց դուռը, որ մտածեցի, թե դռան մեծ ապակին փշուր-փշուր կլինի»։

«Ինչո՞ւ չես գնում հեթանոսների մոտ ու նրանց հետ զրուցում»,— բղավեց ծառայողը։ Եղբայր Հոսկինը ոչինչ չպատասխանեց և այդ մարդու հեռանալուց հետո ինքն իրեն ասաց. «Ինձ թվում էր՝ ես հենց հեթանոսի հետ էլ խոսում էի»։

Հաջորդ օրը, երբ ծառայողը եկեղեցում քարոզում էր, եղբոր հասցեին վատ բաներ ասաց։ Եղբայր Հոսկինը պատմում է. «Նա իր հոտի անդամներին զգուշացնում էր, որ հեռու մնան ինձնից։ Ասում էր, որ ես այդ քաղաք երբևէ այցելած ամենախարդախ մարդն եմ, և որ ինձ սպանել է պետք»։ Բայց դա չկանգնեցրեց եղբորը։ Նա շարունակեց քարոզել և լավ արդյունքների հասավ։ Հոսկինն ասում է. «Ես երբեք այսքան մեծ ուրախություն չէի ստացել քարոզելուց։ Ոմանք նույնիսկ ասում էին՝ «Գիտենք, որ քեզ Աստված է ուղարկել», և հարցնում էին, թե ինչով կարող են օգնել ինձ»։

ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքրվող անձանց օգնելու նպատակով Աստվածաշունչ ուսումնասիրողները «Ոսկե դար» * պարբերագրում Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագրեր հրատարակեցին։ Սկսեց տպագրվել «Աստվածաշնչի ուսումնասիրություն պատանիների համար» վերնագրով խորագիր, որտեղ ներկայացված էին հարցեր, որոնք ծնողները կարող էին քննարկել իրենց երեխաների հետ։ Ծնողները պետք է «այդ հարցերը տային իրենց երեխաներին և օգնեին նրանց Աստվածաշնչում գտնել դրանց պատասխանները»։ Որոշ հարցեր երեխաներին օգնում էին տարրական գիտելիքներ ձեռք բերել, ինչպես, օրինակ, «Քանի՞ գրքից է բաղկացած Աստվածաշունչը»։ Կային նաև հարցեր, որոնք օգնում էին պատանիներին անվախ քարոզիչներ դառնալ, ինչպես, օրինակ, «Ինչո՞ւ պետք է յուրաքանչյուր քրիստոնյա պատրաստ լինի հալածվելու»։

«Դարերի աստվածային ծրագրի խորացված ուսումնասիրություն» վերնագրով հոդվածաշարը նախատեսված էր այն Աստվածաշունչ ուսումնասիրողների համար, ովքեր արդեն բավականաչափ գիտելիքներ ունեին Աստվածաշնչից։ Այնտեղ քննարկվում էին մտածելու տեղիք տվող հարցեր՝ հիմնված «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի առաջին հատորի վրա։ Հազարավոր ընթերցողներ օգուտներ քաղեցին այս հոդվածաշարերից, սակայն «Ոսկե դար» պարբերագրի 1921 թ. դեկտեմբերի 21-ի համարում նշվեց, որ դրանք այլևս լույս չեն տեսնելու։ Ո՞րն էր այդ անսպասելի փոփոխության պատճառը։

ՆՈՐ ԳԻՐՔ

«Աստծու քնարը» գիրքը

Թերթիկ, որում նշված էր, թե գրքի որ էջերն է հարկավոր ընթերցել

Հարցաթերթիկ

Առաջնորդություն վերցնող եղբայրները հասկանում էին, որ մարդիկ կարիք ունեին Աստվածաշունչը ուսումնասիրելու ավելի կազմակերպված ձևով։ Այդ իսկ պատճառով 1921 թ. նոյեմբերին լույս տեսավ մի նոր գիրք, որի վերնագիրն էր՝ «Աստծու քնարը»։ Այն հետաքրքրվող անհատները, ովքեր վերցնում էին այդ գիրքը, միանում էին «Աստծու քնարը» գրքի օգնությամբ Աստվածաշունչը ուսումնասիրելու դասընթացին։ Ինքնուրույն ուսումնասիրելու այս մեթոդը օգնում էր ընթերցողներին հասկանալ, որ «Աստված նպատակ ունի օրհնել մարդկությանը՝ տալով նրանց հավիտենական կյանք»։ Տեսնենք, թե ինչպես էր անցկացվում այս դասընթացը։

Երբ անհատը վերցնում էր «Աստծու քնարը» գիրքը, դրա հետ միասին նրան տալիս էին մի թերթիկ, որի մեջ նշված էր, թե գրքի որ էջերն է հարկավոր ընթերցել։ Հաջորդ շաբաթ նրան ուղարկում էին մի հարցաթերթիկ՝ հիմնված ընթերցված նյութի վրա։ Հարցաթերթիկի վերջում նշվում էր, թե հաջորդ շաբաթ գրքի որ էջերն է հարկավոր կարդալ։

12 շաբաթ շարունակ ուսումնասիրողը ամեն շաբաթ փոստով ստանում էր նոր հարցաթերթիկ, որը նրան ուղարկում էր տեղի խմբակը, կամ՝ ժողովը։ Այդ հարցաթերթիկները հաճախ ուղարկում էին ժողովի տարեցները կամ նրանք, ովքեր հանգամանքների պատճառով չէին կարողանում տնետուն գնալ։ Օրինակ՝ Աննա Գարդները, ով ապրում էր Միլվեյլում (ԱՄՆ, Փենսիլվանիա), ասում է. «Երբ լույս տեսավ «Աստծու քնարը» գիրքը, դա հաշմանդամ քրոջս՝ Թայլին, ավելին անելու հնարավորություն տվեց. ամեն շաբաթ նա հարցաթերթիկներ էր ուղարկում մարդկանց»։ Երբ դասընթացն ավարտվում էր, ժողովից ինչ-որ մեկը այցելում էր այդ անհատին, որպեսզի օգնի նրան ավելացնել աստվածաշնչյան իր գիտելիքները։

Թայլ Գարդները՝ հաշմանդամի սայլակի վրա

ԴԵՌ ՇԱՏ ԳՈՐԾ ԿԱ ԱՆԵԼՈՒ

Տարեվերջին եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը նամակ ուղարկեց բոլոր խմբակներին։ Այնտեղ ասվում էր, որ «այս տարի Թագավորության մասին վկայելու գործը ավելի լայնամասշտաբ էր և արդյունավետ, քան հնձի նախորդ տարիներին»։ Այնուհետև նշվում էր. «Դեռ շատ բան կա անելու։ Հորդորեք մյուսներին, որ միանան այս օրհնված գործին»։ Ակնհայտ է, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները հետևեցին նրա խորհրդին։ 1922 թ.-ին նրանք անվախորեն հռչակեցին Թագավորության մասին լուրը աննախադեպ մասշտաբներով։

^ պարբ. 9 «Ոսկե դար» պարբերագիրը 1937 թ.-ին անվանվեց «Մխիթարություն», իսկ 1946 թ.-ին՝ «Արթնացե՛ք»։